Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



ՆՈԵԼ ԲԱՐԲԸՐ

 

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»Հատվածներ գրքից

Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի եւ Արմինե Մանուկյանների մեկենասությամբ:

Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան

 

Ասեմ ձեզ՝ զի եթէ դոքա լռեսցեն,

քարինքդ աղաղակեսցեն…

(Ղուկաս, ԺԹ. 40)

 

Անգլիացի հանրաճանաչ գրող Նոել Բարբըրը սերում է նշանավոր ընտանիքից: Գրել է 22 գիրք, որոնցից շատերի առանցքում պատմության խնդիրներն են: Նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են: Վերջին` «Վազող շների պատերազմը» գիրքը Անգլիայում ամենից շատ վաճառված գրքերի շարքում է: Իսկ «Չարագույժ վերջալույսը» ստեղծագործությունը թարգմանվել է ութ լեզուներով:

Նոել Բարբըրի հեղինակած «Ոսկեղջյուրի տիրակալները» պատմական գիրք է: Աշխատությունը հրատարակվել է 1973 թվականին, Անգլիայում: Գրքի սյուժեն ընդգրկում է Օսմանյան 10-րդ գահակալ Սուլթան Սուլեյմանի օրերից մինչև 1920-ական թվականները` Քեմալ Աթաթուրքի իշխանության պատմական ժամանակաշրջանը, որը հեղինակը բնորոշում  է որպես Օսմանյան կայսրության անկման ու քայքայման շրջան: Գիրքն իր բնույթով պատմական վավերաթուղթ է. այդ են վկայում ինչպես օգտագործված աղբյուրները, այնպես էլ կից ներկայացվող բազմաթիվ փաստաթղթերն ու լուսանկարները: «Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատությունն ընդարձակ տեղեկություններ է պարունակում Համիդյան ջարդերի` 1894-1896 թթ., Երիտթուրքերի և Մուստաֆա Քեմալի իշխանության գալու և Մեծ եղեռնի մասին: Էնվերից ու Թալեաթից բերված ծավալուն մեջբերումները, ըստ հեղինակի, ապացուցում են Հայոց ցեղասպանության  կանխամտածված ու ծրագրված լինելը:

♦♦♦

«Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատության հայերեն թարգմանիչը Հարություն Եղնազարյանն  է: Ծնվել է 1946 թվականին Իրանի Խուզեստան նահանգի Հավգել քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի պետական դպրոցում: Հայերեն սովորել է մասնավոր դասընթացներում: Փոխադրվելով Թեհրան` ավարտել է Քուշեշ Դավթյան հայկական միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն ստացել է Լոնդոնի Թեմզ համալսարանում: Անդամակցում է Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական ժողովին: Հ.Եղնազարյանը Նոել Բարբըրի «Ոսկեղջյուրի տիրակալները» գիրքը դեռ  30 տարի առաջ` 1985-ին թարգմանել է պարսկերեն և դարձրել իրանցի բազմամիլիոն ընթերցողների սեփականությունը:

«Ոսկեղջյուրի տիրակալները» աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության Երեցների միության հանդիպման ժամանակ:

…Այլ ազգերի դեմ անհանդուժողականությամբ համակված Օսմանյան պետությունն իրեն ենթակա երկու միլիոն հայ ժողովրդին բոլոր ազգերից առավել շատ կոտորեց ու սպանդի ենթարկեց: Հայերը երկարատև ու աղետալի պատմության տեր ժողովուրդ են:

19-րդ դարում Թուրքիայում նրանք բացառիկ ընդունակություն էին ցուցաբերում առևտրի և ֆինանսական գործերում: Հայ ժողովրդի  մեծամասնությունը ապրում էր Թուրքիայի հյուսիսարևելյան վեց նահանգներում` որպես աշխատասեր գյուղացիներ, ու նաև քաղաքներում` որպես ընդունակ առևտրականներ: Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Լամարտինը հայերին կոչում էր «արևելյան շվեյցարացիներ, որոնք կանոնավոր կերպով կատարում են իրենց սովորություններն ու տնտեսական հաշվարկները: Առևտուրը նրանց աստվածն է, և նրանք զբաղված են առևտրական տարբեր ոլորտներում»:

Խելառ սուլթանը «հայ» բառի գործածումը արգելեց բոլոր թերթերում և նույնիսկ դպրոցական դասագրքերում, որոնք մեծ մասամբ պարտադրաբար վերահրատարակվեցին: Մի օր սուլթանը պատահմամբ տեղեկանում է, թե Ելդըզի հարյուրավոր ժամացույցների ստուգողը և կարգավորողը հայազգի մի անհատ է: Լսելուն պես նա անհապաղ վերցնում է ատրճանակը, ու եթե խեղճ ժամագործը իր կյանքը փրկելու համար անմիջապես փախուստի չդիմեր, սուլթանը անկասկած կրակելու ու սպանելու էր նրան:

Որոշ անկեղծ մահմեդականներ իսկապես ամոթահար և անհարմար էին զգում հայերի դեմ այդպիսի վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Բրիտանիայի հյուպատոս սըր Ալֆրեդ Բիլլիոտտին հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել մահմեդական մի անհատից. «Անկարելի է շրջանի իրավիճակը ճիշտ բացատրել: Հայերը ճնշված ու թալանված են կառավարության պաշտոնյաների ձեռքով, քշված-վռնդված են իրենց սեփական հողերից: Մահմեդականներն էլ քրիստոնյաների նման արյուն-արտասուք են թափում: Երկիրը ամայացած է: Պարտեզները պահպանելու կամ վերականգնելու համար ոչ մի ուշադրություն չի դարձվում: Գյուղերն ընդամենը ցեխի տնակների կույտ են դարձել ու բացարձակապես զուրկ են որևէ ծառից, ջրից, այգուց կամ բանջարանոցից: Գյուղի բնակիչների սնունդն ու հագուստը անմխիթար վիճակում են: Ճանապարհներն ու կամուրջները նորոգման կարիք ունեն: Հազվագյուտ կարելի է գտնել մի պետական շինություն, որը ներսից ու դրսից ավերված չլինի: Բնակելի տարածաշրջաններն էլ քոչվորներն են զավթում ու բնակվում»:

♦♦♦

Հավանաբար, թուրք ժողովուրդը հայերին սիրում էր, քանի որ նրանք իրենց արևելյան սովորույթներով ավելի մոտ էին թուրքերին, քան հույներն ու բալկանցիները: Ուստի, նրանք գերմանացի Վոն Մոլթքեի նման մտածում էին, թե՝ «Հայը մկրտված թուրք է»:

Թուրքիայից դուրս ապրող հայերը, որոնց մեծ մասը հեղինակավոր մարդիկ էին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Անգլիայում և Ռուսաստանում սկսել էին պահանջներ ներկայացնել Օսմանյան կայսրությունում ապրող իրենց եղբայրների կենսամակարդակի բարելավման համար: Նրանք ինքնավարություն չէին պահանջում: Թուրքիայում ապրող բազմաթիվ հայեր բավարարված էին կայսրության քաղաքացի մնալով, քանի որ կայսրության տարածքի հյուսիսարևելյան անկյունը իրենց ազգի բնօրրանն էր: Նրանք հայցում էին միայն վարչական բարեփոխում, ապահովություն և հարգանք` հանդեպ իրենց կանանց և սեփականության:

♦♦♦

1894 թվին մի շարք ծանր ժողովրդական բռնկումներից հետո, սուլթանը որոշեց հայերին մի լավ դաս տալ, ինչպես որ մի խորհրդավոր ընթրիքից հետո ասել էր պրոֆեսոր Վամբերին` «Ես հայերին շուտով իրենց տեղը կնստեցնեմ, ես այնպիսի բռունցք կհասցնեմ նրանց ականջներին, որ խելոքանան և այլևս հրաժարվեն հեղափոխական նկրտումներից»:

Նա բոլոր հայաբնակ շրջանները ողողեց իր գաղտնի գործակալներով: Նրանք զինված էին հրատապ հրահանգով` մահմեդականներին ասելու, որ նրանց թույլատրված է իրենց շրջաններում թալանելու հայերի սեփականությունը և դիմադրելու պարագայում՝ սպանելու նրանց:

Սա անբարյացակամ, միտումնավոր և հաշվարկված քարոզարշավի դեռ սկիզբն էր, որի արդյունքում 100.000 տղամարդ, կին և երեխաներ գլխատվեցին:

Կոտորելը Օսմանյան կայսրության տարածքում միշտ ընդունված է եղել՝ որպես ռազմավարական օրինական գործոն, սակայն հայերի կոտորածի ամենաանտանելի դաժան հանգամանքը (բացի սպանություններից) սպանդի կազմակերպված ցնցիչ մեթոդն էր, որը սկսվում էր ոչ թե թուրքերի վայրագ կրքերի բորբոքումով, այլ մի կոտրված շեփորի միանվագ ու աղավաղված ճչոցով, որ հնչում էր առ ի ազդանշան` գործարանի սուլիչի նմանվող միապաղաղ հնչողությամբ, և որին անմիջապես ենթարկվում էին մասնագիտացած սառնասիրտ մարդասպանները:

Մայրամուտին կրկին լսվում էր մի այլ շեփորի ձայն, հայտարարելով գործողությունների ավարտը:

Գործարաններում աշխատողների նման հերթափոխության ժամի վերջում օսմանյան զորքերը ճամբարներն էին վերադառնում և սպասում հաջորդ օրվա առավոտ նույն շեփորի զինակոչին:

Կոտորածները վերջին մեխը գամեցին Աբդուլ Համիդի դագաղի վրա: Դրանց նշանակալիությունը Օսմանյան կայսրության պատմության մեջ այն էր, որ այդ բոլոր անպատվությունների ղեկավարն ու կազմակերպիչը ինքը Աբդուլ Համիդն էր, և ինքն էլ տիրապետում էր բոլոր գործողությունների մանրամասներին:

Բոլոր շրջաններից նրա լրտեսները զեկուցում էին առօրյա ջարդերի մասին: Նա տեղյակ էր բոլոր իրողություններից, սակայն երբեք, նույնիսկ մեկ անգամ կարեկցության չնչին վիշտ չհուզեց նրան այն խեղճ հայ գյուղացիների համար, որոնց միակ մեղքը իրենց խղճուկ ու զգույշ բողոքն էր մահմեդականների թալանի ու կեղեքումների դեմ:

Շատ նշանակալից էր նաև սուլթանի բազմաթիվ հետևորդների միանալը դրսի աշխարհի տեսակետներին, որոնք դատապարտում էին նրա բնաջնջումների գործողությունները: Երեք տարվա միջոցում մերթընդմերթ կատարված կոտորածներից զայրացած աստվածապաշտ մահմեդականները պատսպարել էին իրենց հարևան հայերին:

 

Շարունակելի

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Հոգևոր-մշակութային


18/04/2019