ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ
Մեծ ցանկություն ունեի զրուցելու ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ:
Ուրախ էի, որ առիթ ստեղծվեց, և ես հանդիպեցի նրանցից երկուսին՝ Արմենին և Դավիթին:
ՍՊԱ ԴԱՎԻԹ ԽԱՏԱՅԱՆԸ
«Պատիվ ունեմ զրուցելու սպայի հետ»,- ասում եմ, բայց Դավիթը հպարտ կեցվածքով ուղղում է ինձ. «Առաջին հերթին՝ զինվոր, հետո՝ սպա: Մենք բոլորս հայրենիքի զինվոր ենք…
Մենք էնքան բան տեսանք, որ երևի ամբողջ կյանքը չհերիքի պատմելու համար: Երբ ցնցումներից ու պայթյուններից բացեցի աչքերս, չէի հասկանում՝ երա՞զ է, թե՞ իրականություն: Անցյալին նայելիս ինձ չեմ ճանաչում, դա ուրիշ մարդ էր, մի ուրիշ կյանք՝ իրականությունից հեռու…»:
«Պատրա՞ստ էիք այդ կռվին»,- տալիս եմ հարցս ու նույն րոպեին հասկանում, որ Դավիթին տալու հարց չէր… «Երբ ընկերդ զոհվում է կողքիդ, էդ ժամանակ չես մտածում՝ պատրա՞ստ ես, թե չէ: Քեզ անբացատրելի մի ուժ տանում է դեպի կռիվ …»:
Վաշտի ու դասակի հրամանատարների՝ Արգիշտի Գաբոյանի ու Հրաչ Գալստյանի զոհվելուց հետո սերժանտ Խատայանն իր վրա է վերցրել հրամանատարությունը. «Իմ պարտքն էր՝ տղերքը չպետք է զգային, որ մենակ են, առանց հրամանատարի»:
Այդ ժամանակ Դավիթի կողքին է եղել ընկերը՝ Գոռ Ավագյանը: Ճիշտ և գրագետ մարտավարության շնորհիվ Խատայանի զինվորները կարողացել են պատշաճ կատարել իրենց խնդիրները:
Ի դեպ, Դավիթն ու Գոռն այն հինգ ժամկետային զինծառայողներից են, որոնք ապրիլյան պատերազմից հետո ստացել են լեյտենանտի կոչում:
«Մտքովս չէր էլ անցնի, թե սպայի կոչում կտան: Բայց երբ արդեն ստանձնել էի սպայի կոչումը, սկսեցի մեծ պատասխանատվությամբ մոտենալ դրան: Երբ գիտակցում ես, որ դու պատասխանատու ես զինվորներիդ համար, առաջնային է դառնում զինվորիդ կյանքն ու անվտանգությունը, որը քեզ է վստահված…»:
Դավիթ Խատայանն այժմ ծառայում է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ բրիգադում:
ՄԻ ԵՂԲԱՅՐԸ ԹԱԼԻՇՆ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄՅՈՒՍԸ՝ ՄԱՏԱՂԻՍԸ
«Ես իմ զրահաբաճկոնը լցրել էի փամփուշտներով: Ինձ էդ պահին ոչինչ չէր հետաքրքրում, կարևորը՝ փամփուշտներս չպակասեին»:
Արմեն Մկրտչյանը երեք տարի առաջ ապրիլյան մարտական գործողությունների օրերին Թալիշի դիրքերից մեկի պաշտպանողներից էր: Շատերի նման Արմենի համար էլ այդ օրը սովորական էր, մինչև կլսվեին առաջին պայթյունի ձայները: «Միշտ էլ եղել են կրակոցներ, բայց այդ օրն ամեն ինչ այլ էր, չէինք պատկերացնի, որ մեծածավալ գործողություններ կլինեն»,-հետո հիշողություննեը հասնում են առաջնագիծ, որտեղ ամեն մի թիզ հողում մի հերոսական պատմություն կա, մի սխրանք ու մի անմահություն,- բոլորիս ուղեղում միայն մի միտք էր առաջնորդում՝ դիրքը չհանձնել հակառակորդին»:
Երբ ականի պայթյունից վիրավորվում է ընկերը՝ Շանթ Ղազարյանը, Արմենն է առաջինը հասնում, տանում է նրան ապահով տարածք, որտեղ օգնություն են ցուցաբերում: Ընկերոջն այդ վիճակում տեսնելով՝ օրեր շարունակ շոկի մեջ է եղել:
«Բայց պատերազմ էր, թուլանալ չէր կարելի, ամեն ինչ արեցի, որ կարողանամ վերագտնել սառնասրտությունս»:
Այդ օրերին ծառայության մեջ է եղել նաև Արմենի եղբայրը: Մեկը Թալիշն էր պաշտպանում, մյուսը՝ Մատաղիսը:
-Ծնողներդ կրկնակի անհանգստանալու պատճառ են ունեցել:
-Հա, նրանց համար շատ դժվար է եղել, լավ գիտեմ: Ամեն ինչ անում էի, որ մի քանի վայրկյան գտնեմ ու զանգեմ ծնողներիս:
Երբ հարցրի, թե պատերազմից հետո իր կյանքում ի՞նչն է ամենից շատ արժևորում, Արմենը պատասխանեց.
-Ընտանիքս. երբ հասկանում ես, որ հարազատ մարդկանց տեսնելու հնարավորություն կարող է էլ երբեք չունենաս, նրանք բազմապատիկ թանկ են դառնում…:
ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Բանակ և հասարակություն