Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ



ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որ նշանակում է զատում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ. 5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Սուրբ Հարության կամ Զատիկի տոնը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, այսինքն` մարտի 21-ից ապրիլի 25-ն ընկած այն կիրակի օրը, որը կհաջորդի առաջին լուսնի լրմանը:  Զատիկի տոնի 35-օրյա շարժականությամբ են պայմանավորված տոնացույցի մյուս շարժական տոները, ինչպես Համբարձման, Պայծառակերպության (Վարդավառ) և այլն: Տոնի եկեղեցական անունը՝ Հարություն, լիարժեք արտահայտում է գարնանային այս տոնի թե՛ եկեղեցական եւ թե՛ ժողովրդական բովանդակությունը: Ըստ եկեղեցական  տոնացույցի՝ այդ օրը նշվում է Քրիստոսի հարություն առնելու հրաշքը: Ժողովրդական տոնահանդեսի հիմքում ընկած է այն իրողությունը, որ հայ ժողովուրդը, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, վաղնջական ժամանակներից գարնանային գիշերահավասարին նշել է ձմռան ցրտերին հաջորդող բնության «հարությունը», վերազարթոնքը ու հավերժության ամենամեծ խորհուրդը։ Հետագայի տոմարական փոփոխությունները փոփոխություններ են բերել նաև տոնացույցում, սակայն բնության երևույթը նշելու ավանդականությունը գոյատևել է։ Զատիկին նախորդող Ծաղկազարդի և Ավագ շաբաթվա տոնական հանդիսությունները հարություն առնող կյանքի խորհրդանշական հավաստումն էին, իսկ բուն Զատիկն արդեն զարթոնքի ու հարության կատարված փաստի արձանագրումը։ Մեծ պասի ինքնամաքրումով մարդիկ նոր որակով, ֆիզիկապես ու բարոյապես մաքրված, նոր կյանք էին սկսում, և այդ նոր կյանքի խորհրդանշական մուտքը կատարվում էր հավերժության խորհրդանիշ ձվի ճաշակումով։ Զատիկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն Հարության և նոր կյանքի խորհրդանիշն է: Թելերով փնջվող, ուլունքազարդ, նկարազարդվող և այլ ձևերով զարդարվող ձվերը ժողովրդական ստեղծագործության, անսպառ երևակայության դրսևորման լավագույն ձևերից էին։

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿԿարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի»:

Զատկի հետ առնչվող գլխավոր արարողություններն սկսվում են շաբաթ եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ՝ նվիրված Քրիստոսի հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Կիրակի առավոտյան պատարագ էր մատուցվում, որի ընթացքում հավատացյալները Սուրբ Հաղորդություն էին ստանում: Այդ ժամանակ էլ կատարվում էր զատկական մատաղի հանդիսությունը:

Ձուն ամենակարևոր տեղն էր գրավում զատկական տոնի սեղանին: Տարածված էին նաև այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսիք էին ածիկը, ջլբուրը, եղնջապուրը, թանապուրը, չորաթանը, տապակած բանջարը, չամիչով փլավը, ձկով և զիրայով պատրաստված փլավները:

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, իսկ պատասխանն է. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հայաստան աշխարհի տարբեր գավառներում Զատկի տոնը տարբեր կերպ էին նշում: Մեծ տարածում ունեին ձվախաղերը: Զատկին ձու էին կռվեցնում գրեթե բոլորը:

Ջավախքում, օրինակ, Զատիկը շնորհավորելուց հետո, երեխաներն ու երիտասարդները հավաքվում էին տանիքների վրա և ձու կռվեցնում: Զանգեզուրում, երբ քահանան «Այսօր յարեաւ ի մեռելոց» շարականն էր երգում, մեծ ու փոքր, տղամարդ և կին զուռնա-դհոլի ուղեկցությամբ երգում էին, պարում, երիտասարդները կոխ էին բռնում: Լոռիում ամեն թաղ իր համար փահլևան էր ընտրում, որոնք նաև կոխի մրցումներ էին կազմակերպում: Լոռի-Գուգարքում զատկական ձվախաղերը կոչվում էին «կրկտանուկի» (կամ՝ «ձվի կրկտի»):

Վաղարշապատի գյուղերում, Զատիկի կիրակի օրը, տղաների խմբերը զատկական երգերի (ավետիսների) ուղեկցությամբ տնետուն այցելելով, ձվեր էին հավաքում:

Այս տարի Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշելու է ապրիլի 21-ին:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


18/04/2019