Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆԲա՛րև, քա՛ջ  զինվոր: Քեզ գրում է մեր հայրենիքի ապագա  զինվորներից  մեկը: Վաղուց քեզ  չեմ  գրել: Վերջինը  երեք  տարի առաջ էր՝ Ապրիլյան  քառօրյա  պատերազմի  օրերին:

Թշնամին  ինչքան  արագ  սողոսկել էր  մեր հայրենիքի սահմաններից ներս, այդքան  արագ էլ դուրս  շպրտվեց  քո շնորհիվ: Այդ  օրերն  արդեն անցնում են, իսկ սահմանին  համեմատաբար  խաղաղ է: Բայց  միշտ  պետք է  զգոն  լինել  և  պատրաստ  թշնամու  յուրաքանչյուր  ոտնձգության: Չպետք է  թեկուզ  մեկ  թիզ հող զիջել  թշնամուն: Ես  գիտեմ, որ  այս  ամենը  քո  մարտական  խնդրի  առանցքն է…

Քեզ  պես  քաջերի  շնորհիվ է, որ  Հայաստանում  կյանքն  ընթանում է  բնականոն  հունով: Նաև քո  շնորհիվ է, որ  այսօր  Արցախը  մերն է:

Հայրենիքի  սահմանը  պահելը  ամենամեծ  առաքելությունն է  յուրաքանչյուր  մարդու  համար:

Մաղթում եմ քեզ խաղաղ ծառայություն:

Քո եղբայր՝ Հրայր:

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջո´ւյն հայրենիքի քաջ պաշտպան: Ինչպե՞ս ես: Գիտեմ՝ դժվար է ապրել ծնողներից, ընկերներից, տանից հեռու: Բայց դու կհաղթահարես` վստահ եմ: Հավատա՝ հայրենիքում բոլորը գնահատում և արժևորում են քո հայրենանվեր գործը: Ապագայում քո սերունդները հպարտանալու են քեզանով, ինչպես դու՝ քո նախահայրերով: Շուտով իմ եղբայրն էլ է համալրելու ձեր շարքերը, և ես հպարտ եմ:

Միշտ հիշիր, որ ամբողջ հայ ազգի և Հայաստանի հույսն ու ապավենը դու և քո քաջ ընկերներն եք:

Ձեզ բարի ծառայություն, տղե՛րք…

Ձեր քույր՝ Անուշ:

 

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջունում եմ Արամին` իմ եղբորը, և մյուս բոլոր եղբայրներին, որոնք ծառայում են հայոց բանակում։

Իմ զինվո՚ր եղբայր, դու կրում ես ահռելի մեծ պատասխանատվություն`  ծառայելով բանակում: Դու պաշտպանում ես քո ընտանիքը, քո գյուղը, քո հայրենիքը։ Ես՝ որպես ապագա զինվոր, կարծում եմ, որ սահմանում զենք բռնելը չափահաս տղամարդու առաջին ամենամեծ պատասխանատու գործն է։

Քա՚ջ զինվոր, մաղթում եմ քեզ ամուր առողջություն, խաղաղ ծառայություն, ծնողներիդ էլ` համբերություն։

Չէ՞ որ մեծագույն հայրենասեր Մոնթե Մելքոնյանը դեռ ժամանակին ասել է. «Շատ լավ է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը»։

Քո եղբայր՝ Սենիկ:

♦♦♦

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆՈղջո´ւյն հայոց բանակի քաջ  զինվորներին…

Բազմիցս լսել եք, որ ձեզանով հպարտանում են և այլ նմանատիպ արտահայտություններ։ Գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև առաջին հերթին դուք քաջություն եք ունեցել գիտակցաբար զինվոր դառնալու։

Երկու տարի։ Քիչ չէ։ Երկար ու դժվարին ճանապարհ եք անցնում։ Բայց միշտ իմացեք, որ ձեզ սպասելով, ձեզ հետ հավասար այդ ապրումների միջով անցնում են ձեր հարազատները, ձեր ընկերները, մենք…։

Ես էլ կուզեմ ծառայել։ Չեմ կարող բացատրել, թե այդ ցանկությունն ինչու է առաջացել։ Երևի շատ հայրենասեր լինելուց է։ Դուք ինձ կհասկանաք։

Կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ մերօրյա իրականության մեջ դուք հայրենիքի և պետության բարձրագույն արժեքների կրողն եք։

Ձեր քույր՝ Սառա:

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Բանակ և հասարակություն


18/04/2019