ԲԱՆԱԿՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է
Զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի կապակցությամբ շարքային ՀԱՄԼԵՏ ԳԱԳԻԿԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
-Համլետ, դու միակ ժամկետային զինծառայողն ես, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվեցիր «Մարտական ծառայություն» մեդալով, եւ մեդալը կրծքիդ ամրացրեց երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, դու զինված ուժերի լավագույն զինվորն ես։
-Մեր զինված ուժերում լավագույնները շատ-շատ են, հենց մեր գումարտակում ու մեր վաշտում բազմաթիվ օրինակելի զինվորներ կան, որոնք ծառայում են անմնացորդ նվիրումով, բարեխղճորեն, ուժերի գերլարումով։ Նրանք քաջ են, տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, պարտաճանաչ են ու լիովին պատրաստ` կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ, հարյուրավոր լավագույններից ինձ են ընտրել՝ որպես հայ զինվորի հավաքական կերպար, որ ստանամ «Մարտական ծառայության» մեդալը եւ այն «կիսեմ» ընկերներիս եւ ազգային բանակի այն զինվորների հետ, որոնք մինչ օրս պահպանել են Արցախյան պատերազմի նվաճումներն ու մեր երկրի սահմանները։
Ես մեր անկախության տարեկիցն եմ. օրեր առաջ տոնեցի 20-ամյակս։ Մինչ բանակ գնալս Անկախությունն ինձ համար նույնքան բնական, օրինաչափ ու սովորական էր, որքան խաղաղ, անվտանգ ու պաշտպանված մանկությունս։ Ու միայն բանակում, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հասկացա, թե ինչ ասել է պատերազմ, հակառակորդ եւ պայքար` անկախ պետականության համար։ Անկախությունից բարձր ու կարեւոր ոչինչ չկա։ Ոչ մի պարգեւ, ոչ մի շնորհ անկախության հետ չի համեմատվի։
Երբ մեր երկրի նախագահը մեդալը ամրացնում էր կրծքիս, հուզմունքս ու հպարտությունս անսահման էին։ Երբեք այդ պահը չեմ մոռանա։
-Եթե կենսագրությանդ ծանոթ չլինեի, խոսվածքիցդ կհասկանայի, որ գյումրեցի ես։ Կասե՞ս ինձ, ի՞նչ ասել է գյումրեցու թասիբ, որով այդքան հպարտանում եք դուք՝ գյումրեցիներդ։
-Գյումրեցու թասիբը հայի թասիբն է, հայի ավանդական կերպարի առաքինությունները պահպանելու, հայավարի ապրելու թասիբը։ Գյումրեցին հայրենասեր է, ամուր կպած իր հողին, աշխատող, քարից հաց քամող։ Գյումրեցին առատաձեռն է, բարեկամասեր, օգնող։ Գյումրեցին բարձր է պահում իր ազգանվան պատիվը, իրեն պատասխանատու է զգում իր ազգակցի համար։ Գյումրեցին տաղանդավոր է։ Գյումրին արվեստի, արհեստի ու սպորտի քաղաք է։ Ես հպարտ եմ, որ գյումրեցի եմ ու անչափ սիրում եմ իմ քաղաքը։
-Կպատմե՞ս ընտանիքիդ մասին։
-Ապրում եմ հորս, մորս եւ երկու եղբայրներիս հետ։ Հայրս մասնագիտությամբ վարորդ է։ Կյանքում ինձ ամենից շատ դաստիարակել են հորս խորհուրդները՝ նրա դիպուկ ու խորիմաստ խոսքերը։ Ես մեր ընտանիքի առաջին երեխան եմ, երկու պապերիս առաջին թոռը, ու ինձ տեղը տեղին երես են տվել, երբեք ու ոչինչ չեն մերժել։ Չեն պատժել։ Ես դաստիարակվել եմ ինձ շրջապատող մարդկանց վարքով, օրինակով։ Սիրում էի լսել մեծերին։ Երբ հորս ընկերները հավաքվում էին, նստում էի նրանց կողքին ու լսում, թե ինչ են խոսում։
Միջնեկ եղբայրս՝ Գոռը, նույնպես զինվոր է։ Նա ավելի խիստ դաստիարակություն է ստացել, թերեւս այդ էր պատճառը, որ դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով, մեծ հաջողություններ ունեցավ սպորտում։ Նա վառ անհատականություն է՝ ինքնուրույն, հաստատակամ ու օրինավոր։ Փոքր եղբայրս՝ Դավիթը, դեռ դպրոցական է։
-Ավանդույթների քաղաք Գյումրիում ինչպիսի՞ն է զինվորանալու ավանդույթը։
-Բոլորն էլ գիտեն, որ արու զավակը զինվոր է, ու հայրենիքի պաշտպանությունը պատվի գործ են համարում։ Տղան բանակում է տղամարդ դառնում, հայրը որդուն բանակ է ճանապարհում ուժեղ, քաջ զինվոր դառնալու եւ հայրենի հողը անձնվիրաբար պաշտպանելու խորհուրդներով։ Ընտանիքը հպարտությամբ է սպասում իր զինվոր զավակին։ Երբ փոքր էի, հայրս ինձ խորհուրդ էր տալիս մարտաֆիլմերի փոխարեն նայել հայոց պատմությանը, ռազմական հաջողություններին նվիրված կինոնկարներ։ Ես ու պապս լսում էինք ռազմի ու հայրենասիրական երգեր։ Հետո ես սկսում էի մտածել մեր կորցրած հողերի, փառահեղ ճակատամարտերի, զորավարների մասին։ Հայրենիքի ճակատագիրը, հայրենիքի ցավը մանկուց է հուզել սիրտս, բայց երբ զինվորական համազգեստ հագա ու կանգնեցի սահմանին, զգացի հայրենիքի իսկական արժեքն ու կշիռը, հասկացա` ինչ ասել է թշնամի ու վտանգված հայրենի հող։ Անձամբ ես ոչ մի ատելություն չունեմ ադրբեջացի զինվորի հանդեպ, քանի դեռ նա իր հողի վրա է կանգնած։ Իմ թշնամին իմ հողը մտած հակառակորդ զինվորն է, նրա հանդեպ ես դաժան եմ, անզիջում ու վրիժառու։
-Համլետ, հրամանատարներիդ գնահատմամբ՝ դու օրինակելի զինվոր ես, իսկ զինվորի գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է օրինակելի հրամանատարը։
-Լավ հրամանատարն այն հրամանատարն է, որն ունի լավ զինվորներ, որովհետեւ հրամանատարներից է կախված զինվորի վարքը, ծառայությունը։ Ուրիշ հրամանատարների ձեռքի տակ հնարավոր է, որ ես վատ զինվոր լինեի։ Մեր զորամասի հրամանատար գնդապետ Բուդաղյանը փակել է զորամասի պատժախուցը` ասելով. «Ես վատ զինվոր չունեմ ու ինձ պատժախուց հարկավոր չէ»։ Այս վստահությունը, այս հարգանքն ու սերը, այս հոգատարությունը չի կարող չվարձատրվել զինվորների կողմից։ Մեր գումարտակը գնդի լավագույն գումարտակն է (հրամանատար՝ փոխգնդապետ Քոչարյան), մեր վաշտը գումարտակի լավագույն վաշտն է (հրամանատար՝ կապիտան Զեյնալյան), մեր դասակը վաշտի լավագույն դասակն է (հրամանատար՝ ավագ լեյտենանտ Թադեւոսյան)։ Այսինքն՝ յուրաքանչյուր զինվորի հաջողության հետեւում սպաներ են կանգնած, հրամանատարներ, եւ զինվորի բարձր ցուցանիշներն առաջին հերթին նրանց աշխատանքի արդյունքն է։ Լավ հրամանատար լինելու առաջին չափանիշը, իմ կարծիքով, հոգատարությունն է զինվորի հանդեպ։ Հրամանատարն ու զինվորը պետք է մի ամբողջություն լինեն, այդ դեպքում՝ նրանց ոչ ոք չի հաղթի։
-Ո՞րն է քո ամենամեծ ձեռքբերումը բանակում։
-Ես բանակում եմ ձեւավորվել՝ որպես անհատ, բանակում է ձեւավորվել իմ բարոյական արժեհամակարգը՝ ճշտի ու սխալի պատկերացումը, բանակում են արմատավորվել իմ սկզբունքները, իմ հայացքները, բանակում է ամբողջացել իմ մտածելակերպը։ Հիմա անհնար է ինձ ենթարկել որեւէ ազդեցության, ես հաստատուն եմ ու հոգեպես ամուր։ Ես անցել եմ դժվարությունների միջով, ես ճանաչել եմ կյանքը, մարդուն, մարդկային փոխհարաբերությունները։ Սովորել եմ երկար մտածել քայլ անելուց առաջ, չվախենալ ճշմարտությունն ասելուց, կանգնել արդարության կողքին ու հարգել կողքինիս իրավունքները, կարծիքն ու զգացմունքները։ Բանակն ինձ սովորեցրել է մտածել կողքիս մարդու մասին, կիսել նրա ցավը, հոգալ հոգսերը, այսինքն՝ ընկեր լինել։ Բանակը չի հանդուրժում սուտը, որովհետեւ խոսքը հաջորդ պահին դառնում է գործ, բանակում ընկերասիրությունը սիրուն բաժակաճառ չէ, այլ գործով ապացուցվող նվիրում։
-Ո՞րն է լինելու քո ամենակարեւոր խորհուրդը կրտսեր եղբորդ բանակ ճանապարհելիս։
-Ասելու եմ՝ բանակում հեշտ չի լինելու քեզ համար, բանակը բարոյականության, կամքի, տղամարդկային արժանապատվության, քաջության փորձություն է լինելու քեզ համար։ Պատվով կհաղթահարես փորձությունը։
-Ո՞ւմ կշնորհավորեիր անկախության տոնի առթիվ։
-Առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր նրանց, ում հայրենասիրության, քաջության ու ինքնազոհության գնով ձեռք բերվեց անկախությունը։ Շնորհավորում եմ սահման պահող զինվորին ու սպային։ Շնորհավորում եմ բոլոր հայ մայրերին ու ամբողջ հայ ժողովրդին։ Մաղթում եմ, որ անկախությունը բոլորիս համար լինի ամենաթանկ արժեքը, ու մենք մեր անկախությունը սիրենք գործով։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում