Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՍՐՏՈՒՄ



ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ, ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՍՐՏՈՒՄՀարցազրույց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ՄՀԵՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ հետ

 

-Պարոն Մկրտումյան, համառոտ անդրադառնանք Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքին, ե՞րբ է ձեւավորվել, որքա՞ն է հայերի մոտավոր թվաքանակը, երկրի հասարակական-քաղաքական կյանքում  ի՞նչ դերակատարում ունեն…

-Էմիրությունների հայ համայնքը Սփյուռքի համեմատաբար երիտասարդ համայնքներից է,  ձեւավորվել է 50-ականների վերջերին: Երկրի նավթի հարուստ պաշարները շատերին էին ձգում, եւ այստեղ մարդիկ հաստատվում էին մեծ մասամբ աշխատանք գտնելու հեռանկարով:

Հայերն այս երկիր  հիմնականում ներգաղթել են Մերձավոր Արեւելքի երկրներից՝ Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իրաք, Եգիպտոս…

Մոտավոր հաշվարկներով՝ 7 հազար հայ է ապրում ԱՄԷ-ում: Նրանք այստեղ ներգրավված են տարբեր ոլորտներում՝  ե՛ւ բանկային, ե՛ւ սպասարկման, ե՛ւ բարձր տեխնոլոգիաների, սակայն գերական՝ ճարտարապետաշինարարական ոլորտն է:

Մեր ազգակիցներն իրենց աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել երկրի զարգացման  ու բարգավաճման գործում, ուստի եւ վաստակել են պետության բարեհաճ եւ բարյացակամ վերաբերմունքը. այստեղ մեծ դրվատանքով են խոսում հայ համայնքի մասին  եւ  կարեւորում  նրա ներկայությունը հասարակական, տնտեսական կյանքում:

-Օտար հողում, օտար բարքերի մեջ  սովորաբար դժվար է պահպանել ազգային դիմագիծը:

-Տեղի հայ համայնքը նույնպես կանգնած է այն մարտահրավերների առջեւ, որոնք բնորոշ են հայկական սփյուռքին: Արաբական Միացյալ Էմիրություններում ավելի քան 200-220 ազգություն է ապրում եւ, բնականաբար, հեշտ չէ էթնիկ եւ  կրոնադավանական այս բազմազանության-բազմաշերտության մեջ պահպանել  ուրույն դիմագիծը:

Ինչպես արդեն նշեցի՝ համայնքը ձեւավորվել է  հիմնականում Մերձավոր Արեւելքի ավանդապահ  հենք ունեցող համայնքներից եկածներով, որոնք իրենց հետ բերել են ազգապահպանության փորձառությունը ու հնարավորության սահմաններում ջանում են պահպանել ազգային կենսակերպը:

Համայնքային իշխանություններն էլ ամեն միջոց, ամեն առիթ  օգտագործում են արթուն եւ կենսունակ պահելու հայկականությունը, մի խոսքով՝ հայրենիքից հեռու են, հայրենիքը՝ սրտում…

-Ինքնության պահպանման գործում առանցքային դերակատարում  ունի եկեղեցին:

-ԱՄԷ-ում գործում է երկու եկեղեցի՝  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Շարժայում եւ Սրբոց Նահատակացը՝ Աբու-Դաբիում: Եկեղեցիներին  կից գործում են մեկօրյա վարժարաններ:

-Ապրիլի 24-ին համայն հայությունը կնշի Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:

-Այստեղ եւս, ինչպես եւ ամեն տարի, հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն, եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ: Տեղի եթերն ու լրատվամիջոցները եւս Հայոց ցեղասպանությանը վերաբերող հեռարձակումներով եւ հրապարակումներով են հանդես գալիս:

-Պարոն Մկրտումյան, քանի որ մեր հանդեսը զինվորական ուղղվածություն ունի, կցանկանայի անդրադառնալ նաեւ  փետրվարի 17-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած  «IDEX -2019» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որին մասնակցում էր աշխարհի 95 պետություն, այդ թվում` Հայաստանը: ԱՄԷ-ի բազմաթիվ լրատվամիջոցներ`«The National», «Ittihad», «Gulf News» լայնորեն լուսաբանեցին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը:

-«IDEX»-ը համաշխարհային մակարդակի ցուցահանդես է, որտեղ առաջատար ռազմարդյունաբերություն ունեցող երկրները իրենց նվաճումներն են ներկայացնում: Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում առանձին տաղավարով, ներկայացված էր հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը: Բավական շատ հետաքրքրվողներ կային մեր տաղավարով:

«IDEX-2019» միջազգային համաժողովին  մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը հանդիպում ունեցավ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաեւ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

«IDEX-2019» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը չափազանց տպավորիչ կատարումներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախումբն ու զինվորական նվագախումբը՝  շեշտադրված  ազգային տարրերով:

Մինչ օրս էլ դիվանագիտական շրջանակներում չեն դադարում  խոսել ուշագրավ,  բարձր մակարդակի կատարողականության մասին, թե որքան  դիտարժան ներկայացավ Հայաստանը:

Շատերը  հետո խոստովանում էին, որ երբ տեղեկացել էին, որ Հայաստանը պետք է բացման արարողությանը հանդես գա, տարակուսանքը չէին թաքցրել՝ Հայաստանը ռազմական գերհզոր ներուժ ունեցող երկիր չէ, ի՞նչ պետք է ցուցադրի: Բայց պատվո պահակախմբի ու նվագախմբի փայլուն ելույթներն ապշեցրել էին բոլորին, չմարող ծափերի տեղատարափ էր:

Անսահման մեծ էր ոգեւորությունը նաեւ տեղացիների շրջանում: Ու եթե հայերին, Հայաստանը մինչ այդ այստեղ ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների մեծ մասը հիմնականում  ճանաչում էր զուտ համայնքի միջոցով, սա մի բացառիկ հնարավորություն էր մեր երկիրն ավելի  ճանաչելի  դարձնելու առումով: Ու կարող եմ վստահաբար շեշտել՝ Հայաստանը ինչ համբավ, ինչ հեղինակություն ուներ մինչ այդ, կրկնապատկվեց ու բազմապատկվեց:

-Պարոն Մկրտումյան, մարտի 5-ին Դուք  հանդիպեցիք ԱՄԷ պաշտպանության պետնախարարի՝ Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդիի հետ:

-Հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմանն ու դրանց շարունակականությանն էր վերաբերում, քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բովարդին եւս բարձր գնահատեց ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, անսքող հիացմունքով խոսեց  պատվո պահակախմբի  եւ զինվորական նվագախմբի ելույթների մասին՝ ընդգծելով կատարումների բացառիկությունը. «Շատ երկրներ էին ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը  ելույթներով հանդես եկել, բայց  հայկականն անհամեմատելի էր եւ առանձնացավ  ոչ միայն  բարձր կատարողականությամբ. որակի հետ կար նաեւ բովանդակություն»:

Ինչ խոսք՝ անասելի է հպարտությունը, երբ օտար հողում գովաբանում են քո երկիրը, դրվատանքով արտասանում Հայաստան անունը: Հայաստանը իր ներուժով կարողացավ ցույց տալ, բացահայտել իր հնարավորությունները, որակական հատկանիշները:

…Հայկական համայնքը եւս մեծ ոգեւորությամբ ընդունեց հայրենիքից եկածներին: Զինվորական նվագախումբը  համերգային ծրագրով հանդես եկավ նաեւ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում: Հնչում էին մեր ազգային նվագարանները՝ հոգեպարար դուդուկն ու զիլ զուռնան…

Հոծ զանգված էր հավաքվել,  օտարազգիները եւս հիացած ունկնդրում էին հայկական մեղեդիները:

-Մեր զրույցն ավարտենք հայ-էմիրաթական ներկայիս հարաբերությունների մասին հպանցիկ անդրադարձով:

-Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1998 թվականին: Քսան եւ ավելի տարիների ընթացքում արձանագրվել է լուրջ  առաջընթաց,  այժմ էլ երկու երկրներն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական եւ կրթական բնագավառներում: Այս ամենը հարկ է  ամրագրել եւ առավել համընդգրկուն դարձնել՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների բարօրության:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Ռազմաքաղաքական


25/04/2019