Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»



ՆՈԵԼ ԲԱՐԲԸՐ

«ՈՍԿԵՂՋՅՈՒՐԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ»

Հատվածներ գրքից

 

Գիրքը տպագրվել է Թեհրանում՝ Անի եւ Արմինե Մանուկյանների մեկենասությամբ:

Թարգմանիչ՝ Հարություն Եղնազարյան

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

Չնայած խիստ ու դաժան հսկողությանը և գրաքննությանը, երկրում կատարվող վայրագությունների, չարչարանքների, բանտերում սպանությունների և ողջակիզումների մասին որոշ լուրեր սկսեցին ի հայտ գալ աննախընթաց ու զարմանալի ձևերով: Հայերին ճանաչող մահմեդականները հաճախ ապօրինի ճանապարհներով նրանց նամակները արտերկիր էին հասցնում: Սակայն, երբեմն էլ դեռ ավելի դաժան պայմաններում բախտն էր նրանց օգնության հասնում: Տրապիզոնի կոտորածի հստակ լուրը (որտեղ ամբողջ քաղաքում նույնիսկ մեկ քրիստոնյա ողջ չթողեցին) տեղ հասավ ավստրիական «Լոյդզ» նավի կապիտանի միջոցով, որը ականատեսն էր եղել թուրք նավաստիների ձեռքով ծովով փախչող հայերին ձերբակալելու և նրանց ջրահեղձ անելու գործողություններին: Անգլիայի դեսպանատան աշխատողներից Ջերալդ Ֆիտզմորիսը ներկայացրեց առաջին զեկույցը աշխարհին, թե ինչպես 3000 տղամարդ, կին ու երեխա ողջ-ողջ վառվել են թուրքերի ձեռքով Ուրֆայի մայր եկեղեցում: Ըստ նրա` Ուրֆայի հայ համայնքը կոտորածներից զարհուրած, համախմբվել է (մի քանի հազար մարդու տարողություն ունեցող) քաղաքի մայր եկեղեցում՝ հավատալով, որ իրենք  և հատկապես երեխաները Աստծու տան մեջ զերծ կմնան մահմեդական հավատացյալների սեռական բռնաբարումներից: Սկզբում թվում էր, թե նրանց հիմնավորումը ճիշտ է: Նրանք շրջապատվեցին զինվորների երկու օղակով: Շաբաթօրյա աղոթքից (նամազից) հետո մի հոգևորական ծածանեց իսլամի խորհրդանիշ կանաչ դրոշը առ ի համընդհանուր հարձակում քաղաքի վրա: Այդպիսով՝ քաղաքի հայկական թաղի բոլոր տները թալանվեցին, ապա սկսվեցին մորթազերծման ու կոտորածի սոսկալի կանոնավոր գործողությունները: Ֆիտզմորիսի բառերով ասած` «Մի շեյխ հրամայեց իր հետևորդներին հավաքել, ինչքան կարելի է, հայ քաջ և առողջ երիտասարդների: Բերեցին մոտ 100 հոգու, որոնց հատ-հատ պառկեցնում էին մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը բռնում և հետո մոլեռանդ շեյխը դաժանորեն, Ղուրանից ինչ-որ աղոթք շշնջալով, կտրում էր խեղճ զոհերի կոկորդը: Դա նույնությամբ կրկնում էր Մեքքայում գառներ զոհաբերելու արարողությունը: Նախքան մայրամուտը մի շեփոր հնչեց, և գլխատումները դադարեցին: Հաջորդ օրը` կիրակի, դեկտեմբերի 29-ին, շեփորի կանչով զինվորները դարձյալ դուրս եկան: Այս անգամ մայր եկեղեցու մեջ պատսպարվածների հերթն էր, որոնք ակներևաբար արդեն իսկ սպասում էին զարհուրելի ճակատագրին: Ֆիտզմորիսը եկեղեցու սյուներից մեկի վրա գտել էր հայ քահանայի ձեռքով գրված հետևյալ գրությունը, թե՝ շաբաթ գիշեր 1800 հոգու համար նա վերջին սուրբ հաղորդությունն էր կատարել:

Թուրքերը սկսեցին կրակել պատուհաններից ներս և ջարդելով երկաթյա դուռը` սպանեցին նախ բակում գտնվող ժողովրդին: Կանայք ու երեխաները փախուստի էին դիմում դեպի եկեղեցու մեծ վերնասրահը և սարսափահար վազում պատերի տակ: Եկեղեցու հատակին ցրված էին ներքնակներ ու փռվածքներ, որոնց վրա գիշերել էին խեղճ ապաստանյալները: Երեսուն գալոն բենզին լցրին փռվածքների վրա ու լուցկով վառեցին: Ովքեր ողջ էին մնացել, բոլորը ոտքի վրա վառվեցին: Կեսօրից հետո՝ ճիշտ ժամը 3:30-ին, դժոխային շեփորը հնչեց, ու մահմեդական զորքը նահանջեց: Ավելի փոքրաթիվ սպանություններ տեղի ունեցան այլ քաղաքներում:

Երկու հայ պրոֆեսորներ, որոնք աշխատում էին Մարզվանի ամերիկյան միսիոներների քոլեջում, մեղադրվեցին հակապետական խռովարար թռուցիկներ  բաժանելու մեջ: Նրանց շղթայած Անկարա տեղափոխեցին, որտեղ դատաքննությունից հետո մահվան դատապարտեցին: Օսմանյան պետության մեջ առաջին անգամ Աբդուլ Համիդը ոչ միայն Եվրոպայի սաստիկ հակազդեցության, այլև ամերիկացիների ցասումի ու թշնամության դեմ հանդիման կանգնեց:

Այդ ժամանակ Կ.Պոլսում Ամերիկայի դեսպանը Ջաջ Տերելն էր, կոպիտ ու անտաշ Տեքսասի բնակիչ, որին սուլթանը ատում էր ծխախոտը ծամելու և ապա ցանկացած տեղ թքելու համար, բայց և այնպես, սուլթանը մտածեց, թե լավ կլինի նրան հանդիպել և «բացատրել» իրականությունը: Ուստի` Տերելի ընտանիքին Ելդըզ հրավիրեց և ընթրիքի ընթացքում համբերատար ունկնդրեց մեկ ժամ տևած դեսպանի քարոզը պետական վարչագիտության մասին: Տերելը համոզված էր, որ Աբդուլ Համիդը հասարակ մարդ է և որ չի արդարացնում պալատականի վարկը, բայց և այնպես, ինքը վստահ է, թե իրականությունը հազվադեպ է հասնում սուլթանի ականջին:

Ընթրիքի անցուդարձը Տերելը մանրամասն պատմեց դեսպանատան անդամ` երիտասարդ անգլիացի Արթուր Նիկոլսոնին (սըր Հարոլդ Նիկոլսոնի հայրը), թե, իր կարծիքով, կարողացել է իր մտքերը փոխանցել, քանզի՝ «Խոսքերից ազդված սուլթանը գլուխը կախ անվերջ հառաչում և հոգոց էր հանում»: Անշուշտ, Տերելը հիմա արդեն  համոզված էր, որ «Աբդուլ Համիդը ամենալավ մարդն էր, և որ նրա գործակալներն էին տհաճ ու զզվելի»: Երիտասարդ Նիկոլսոնի բնորոշումը ավելի «հաճելի» ստացվեց: Նա գրեց. «Միացյալ Նահանգների նախարարը մեծարվել է սուլթանի կողմից»:

Այդուհանդերձ, ամերիկացիների վրդովմունքը այնքան զայրալից էր ու խիստ, որ սուլթանը ստիպված աշխարհի ամենահայտնի թերթի հրատարակչին («Նյու Յորք Հերալդ»-ի Գորդդըն Բանետին) իր մոտ հրավիրեց և համոզեց նրան, որ «Հերալդի» մի լրագրողի հայկական նահանգներ գործուղի: Սուլթանը համաձայնեց, որ նաև անկախ քաղաքական կուսակցություններից մի գործիչ ուղեկցի նրան, և ընտրյալ մարդը եղավ Րևերենդ Ջորջ Հեփորթը, որը Երիցական եկեղեցուն կապված լրագրող էր և անկեղծության ու անաչառության օրինակ էր: Նրանք այսպես զեկուցեցին. «Ամեն պարագայում կարելի է միջին հաշվով սպանվածների թիվը 50.000 գնահատել»՝ առանց հաշվի առնելու արևահարվածներին և ցրտահարվածներին:

Մեկ տարվա ընթացքում մի խումբ հայ հեղափոխականներ, որոնք կորցնելու էլ ոչինչ չունեին, ոտքի  կանգնեցին: Կ.Պոլսի բոլոր թաղամասերում պայքար սկսեցին և մայրաքաղաքի ամենանշանավոր բանկը գրավեցին, որի գործողությունը նման էր արդի օրերի անակնկալ ու ցնցիչ գործելակերպին:

1896թ. օգոստոսի վերջին շաբաթվա մի պայծառ օր հուսահատ, անհանգիստ ու ամեն ինչի պատրաստ քսան տղաներ, զինված ռումբերով, գրավեցին Օտտոմանյան բանկը: Նրանք ոչ մի նյութական ակնկալիք չունեին, այլ ցանկանում էին Ամերիկայի և Անգլիայի ուշադրությունը դարձնել հայերի ծանր ու դժվարին իրավիճակին:

Երեք ժամ անդադար տղաները ձեռնառումբեր էին նետում դրսում շենքը շրջապատած ոստիկանության վրա, մինչև եվրոպական դեսպանները, որոնց ֆինանսական հարստությունները այնտեղ էին կենտրոնացած, բանակցություններ սկսեցին հեղափոխականների հետ և խոստացան անվնաս հեռացնել երկրից: Բանկի անգլիացի ղեկավար Էդգար Վինսենտը առաջնակարգ դեր ունեցավ այս՝ «անամոթ ու լկտի, սակայն էությամբ գործնական քաղաքականության» մեջ:

Տագնապի առաջին նշաններից գլխի ընկած, նա սողալով տանիքի ապահովության աստիճաններով ցած իջավ և ճիգեր գործադրեց` դեսպաններին ուղարկելու և իրենց ազդեցությունը գործադրելու սուլթանին համոզելու ուղղությամբ: Փափագը սրտներին քսան տղաներին պահակախմբով ուղեկցեցին մինչեւ սըր Էդգարի նավը: Սակայն նավը Կ.Պոլսից դեռ չհեռացած՝ 7000 հայեր կոտորվեցին առ ի վրեժխնդրություն:

Գուցե և «բանկի կողոպտիչները» հասան իրենց նպատակին. այն ժամանակ Տրապիզոնը և Ուրֆան թերևս անծանոթ անուններ էին որոշ ազգերի, սակայն, երբ ջարդն ու արյունահեղությունը սկսվեց, Կ.Պոլսի փողոցներում դիվանագետներ, մեծահարուստներ և նույնիսկ զբոսաշրջիկներ հանկարծ դեմ հանդիման դուրս եկան թուրք ոճրագործների սարսափելի մարդասպանություններին: Անգլիացի Արտուր Նիկոլսոնի կարծիքով` «միջնադարյան այն սև օրերի դաժան Վենետիկը այսօրվա Ստամբուլի համեմատությամբ ավելի շնորհալի էր ու ազատամիտ»:

Այս վերջին կոտորածի ազդեցությունը շատ արագ եղավ: Դիվանագետները հրատապ զեկույցներով դիմեցին Լոնդոնին: Մի քանի օրվա ընթացքում բոլոր եվրոպական երկրները հեռագրերով ազդարարեցին Աբդուլ Համիդին՝ «անհապաղ վերջ տալ կոտորածին: Ու եթե շարունակվեն նույն իրադարձությունները, թե՛ սուլթանի գահը և թե՛ գահատոհմը վտանգի կենթարկվի»:

Փաստորեն, մի վերջին հարված էր հարկավոր տապալելու օսմանյան վերջին միահեծան ինքնակալին: Եվ դա իրականացավ հենց ներքին շարժման արդյունքում:

 

Շարունակելի

Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Հոգևոր-մշակութային


25/04/2019