ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՄ ՆԿԱՐՈՒՄ
Կապանցի երիտասարդ նկարիչ Էրիկ Դավթյանի կտավներին ծանոթ էի համացանցից: Սյունիքի շքեղ ու շռայլ բնության պատառիկները լուսանկարչական ճշգրտությամբ, բայց գույների աներեւակայելի նրբերանգներով կտավին փոխադրող նկարիչը ապշեցնում էր իր անսահման նվիրումով ու աշխատասիրությամբ՝ անընդմեջ մի նոր գեղանկար մատուցելով երկրպագուներին: Էրիկ Դավթյանին «Հայ զինվորի» ընթերցողներին ներկայացնելու միտքը ծագեց ինձ ուղղված նրա նամակից հետո.
«Ցանկանում եմ իմ կտավները նվիրել 170 դիրքը պաշտպանելիս քաջաբար զոհված զինվոր Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին, 170 դիրքի հետգրավման գործողությունը ղեկավարած փոխգնդապետ Արտյոմ Գեւորգյանին եւ մեր հողը մտած թշնամու դեմ խիզախորեն մարտնչած զինվոր Հարություն Բադալյանին: Որպես խոնարհում, երախտագիտություն ու մեծարանք՝ մտադիր եմ պարբերաբար կտավներ նվիրել ապրիլյան պատերազմը հաղթած քաջերին ու զոհվածների հարազատներին: Խնդրում եմ՝ օգնեք կտավները հասցնել իրենց տերերին»:
…Կտավները քառօրյա կռվի հերոսներին ու նրանց ծնողներին նվիրեցինք հենց ապրիլի 2-ին՝ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում կազմակերպված «Կյանք՝ հանուն կյանքի» վերտառությամբ միջոցառման ժամանակ:
-Էրի՛կ, ինչպե՞ս ծնվեց ապրիլյան պատերազմի հերոսներին ու զոհվածների ծնողներին կտավներ նվիրելու հրաշալի միտքը: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե յուրաքանչյուր արվեստագետ իր արարումից ինչ-որ բան ընծայեր նրանց, ովքեր ամենաթանկ գնով պաշտպանեցին մեր հայրենիքի անդորրն ու մեր ազգային արժանապատվությունը՝ մի երգ, մի կտավ, մի քանդակ , մի բանաստեղծություն, մի ներկայացում… Սիրո, մեծարումի, հպարտության ի՜նչ վեհացնող մթնոլորտ կձեւավորվեր երկրում…
-Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է պատերազմը, եւ ինչ անգնահատելի պարգեւ է խաղաղությունը: Տասնյակ գիշերներ եմ լուսացրել ապաստարաններում՝ ռումբերի ոռնոցի տակ: Ու այնքան փոքր չէի, որ չհասկանայի, թե ինչով կարող էր ավարտվել գետինը ցնցող հերթական պայթյունը: Ես տեսել եմ, թե ինչպես է իմ հարազատ քաղաքը բզկտվում արկերից: Տեսել եմ այն ազատամարտիկներին, որոնք հաղթանակած վերադարձան Կապան ու խաղաղություն բերեցին սահմանից: Նրանք իմ մանկության հերոսներն էին: Ցավոք, երիտասարդ սերնդին նույնպես վիճակվեց անցնել պատերազմի արհավիրքով: Ու նրանք՝ մանկությունը նոր-նոր թոթափած այդ տղաները, հայրենասիրության, անձնվիրության ու քաջության ինչպիսի՜ գեղեցիկ ասքերով հարստացրին մեր փառքի պատմությունը, հոգու ի՜նչ մեծ ուժ հանեցին ապրիլյան հարձակումը տարիներ շարունակ խնամքով նախապատրաստած ադրբեջանցիների դեմ, հայրենիքի հանդեպ սիրո ի՜նչ մեծ պաշարով փակեցին նրանց ճանապարհը:
Յուրաքանչյուր հայ պարտք է նրանց: Եվ այդ պարտքը պիտի մարենք ամբողջ կյանքում:
…Երբ համացանցում տեսա, որ Անդրանիկ Զոհրաբյանի մայրը իմ նվիրած կտավը՝ «Երիցուկները», դրել է որդու մեծադիր նկարի կողքին, անասելի հուզվեցի:
-Էրի՛կ, Ձեր մասին տարբեր հոդվածներ եմ կարդացել ու իմացել եմ, որ նկարչական կրթություն չունեք: Նկարելու շնորհը հասուն տարիքո՞ւմ է ի հայտ եկել:
-Ո՛չ, մանկուց նկարել եմ, բայց իմ ընտանիքում, իմ գերդաստանում նկարիչներ չկային, ու հայրս մտածում էր, որ իր միակ որդին պիտի «լուրջ» գործով զբաղվի: Հայրս պատմաբան էր, դպրոցի տնօրեն: Նա շատ հմտորեն «ուղղորդում» էր իմ վարքն ու երազանքները: Ինձ ուղղորդելը առանձնապես դժվար չէր. ես հնազանդ, պարտաճանաչ, աշխատասեր ու համեստ երեխա էի: Առաջին անգամ ներկեր տեսա մեր հարեւանի՝ նկարիչ Անդրեաս Օհանջանյանի արվեստանոցում: Այնպես էի տպավորվել. ներկերի հոտը, գույնզգույն կտավները հեքիաթի էին նման: Ամեն օր գնում էի արվեստանոց ու նայում, թե ինչպես է Անդրեաս հորեղբայրը նկարում, իսկ գիշերները քնելուց առաջ ինձ պատկերացնում էի ոչ թե վրձինը ձեռքիս, այլ հրամանատարի զինվորական համազգեստով ու զենքով… Հայրս ուզում էր, որ ես մեծ մարդ դառնամ:
-Նկարիչը չէ՞ր կարող մեծ մարդ լինել՝ հորդ պատկերացմամբ:
-Երբ ես հասակ էի առնում, երկրում տնտեսական ճգնաժամ էր: Պատերազմ, հետո հետպատերազմյան ցրտի, խավարի, սովի տարիներ… Այդ պայմաններում փոխվում են մեծի չափանիշները: Եվ մեծ նա էր, ով առաջ կմղեր երկիրը, բարեկեցություն կբերեր մարդկանց, կյանքի գույները կփոխեր իրականում, ոչ թե կտավի վրա:
-Հասկացա: Դուք պիտի զինվորական, քաղաքական գործիչ կամ պաշտոնյա դառնայիք:
-Այո՛: Դպրոցում լավ էի սովորում պատմություն առարկան, հորս օրինակով, ու տարված էի գրականությամբ:
…Բանակը փոխեց ամեն ինչ:
-Բանա՞կը… Տարօրինակ կլինի, եթե ասեք, որ բանակը Ձեզ մղեց դեպի նկարչությունը:
-Որքան էլ տարօրինակ լինի, այդպես էլ կա: Ես պարտաճանաչ ու օրինակելի զինվոր էի: Երբ պապս եկավ ինձ տեսության, զորամասի հրամանատարի տեղակալը նրան ընդունեց մեծ հարգանքով, սրճարան հրավիրեց: Պապս արցունքն աչքերին ասաց. «Ինձ հարգեցին, ապրե՛ս, տղամարդավարի ես ծառայել»: Մեր զորամասում լավ զինվոր լինելը այնքան էլ հեշտ չէր, քանի որ ռեժիմը շատ խիստ էր, ու զինվորական օրենքներին զինվորներն ու սպաները ենթարկվում էին անվերապահորեն. զինվորի իրավունքները պաշտպանված են, բայց պարտականություններդ էլ պիտի կատարեիր անթերի: Մի օր էլ ասացին, որ բարձրաստիճան զինվորականներից մեկը պիտի գա զորամաս, եւ անհրաժեշտ է թարմացնել ներկերը, ինչ-որ բաներ նկարել: Ես ու արտաշատցի ընկերս գերազանց կատարեցինք նկարելու հետ կապված բոլոր հանձնարարությունները: Դրանից հետո ես դարձա մեր զորամասի նկարիչը. Ծառայության ընթացքում սիրով գունազարդում էի զորամասի ամեն անկյունը՝ կտավներ, պլակատներ, ցուցանակներ..
-Միայն նկարո՞ւմ էիք:
-Իհարկե, ո՛չ, ես զորամասի լավագույն նշանառուներից էի: Դուք մոռանում եք, որ ես սյունեցի եմ, եւ հայոց պայքարը մեր արյան ու գենի մեջ է:
…Մոտ երկու տարի պարբերաբար նկարելուց հետո այլեւս չկարողացա վայր դնել վրձինը: Ու նկարում եմ մինչ օրս: Նկարում եմ ամեն օր, կարելի է ասել՝ առավոտից իրիկուն…
-Ի՞նչ եք նկարում, Էրի՛կ, ի՞նչն է Ձեզ ներշնչում ամենից շատ:
-Ես հայրենիք եմ նկարում: Ինձ խորթ են զանազան վերացարկումները, ես նկարում եմ այնպես, ինչպես արարել է Աստված, ու վստահ եմ, որ հենց նա է տիեզերքի լավագույն եւ հանճարեղ նկարիչը: Մարդու եւ իր հայրենիքի կապը աներևակայելի խորն է: Աշխարհը լի է գեղեցիկ բնապատկերներով, բայց ես հենց իմ ծննդավայրի բնության՝ տերեւի, խոտի, ցողի, քամու մասնիկն եմ. դա զգացողություն է, որ բառերով չես կարող բացատրել: Իմ արվեստը երկխոսություն է մարդու հետ. դուք խոսում եք բառերով, ես՝ գույներով, երրորդը՝ հնչյուններով… Կտավի հետ ես հոգուցս մի մասնիկ եմ նվիրում մարդուն՝ մի հղում, մի պատմություն, մի արարում… Իմ կտավները պատմություն են մարդկային հոգու մասին: Սեր, քնքշանք, վեհություն, գթասրտություն, կարոտ, երազանք, հրճվանք, թախիծ… Ու այս ամենը՝ Գեղեցիկի ու Ներդաշնակության ընդգրկուն տիրույթներում:
-Էրի՛կ, իմ կարծիքով՝ հայրենիքը բոլորն են սիրում, բայց քչերը գիտեն, թե ինչպես պետք է դրսեւորել հայրենիքի հանդեպ սերը:
-Սյունիքն այնքան տաղանդավոր երիտասարդներ ունի՝ նկարիչներ, բանաստեղծներ, երգահաններ… Հարկավոր է փնտրել-գտնել նրանց, կանաչ լույս վառել նրանց արվեստի ճանապարհին: Հոլանդիայում բնակվող մի հրաշալի հայ կա՝ Հրայր Մովսիսյանը: Տեր Աթանես Մովսիսյանի որդին է: Նա պարբերաբար Հոլանդիայից արկղերով որակյալ ներկեր ու վրձիններ է ուղարկում Հայաստան ու նվիրում է նկարիչներին: Ինձ էլ է բաժին հասել նրա ներկերից, եւ վերջին մի քանի տարիներին դրանցով եմ նկարում: Հրայրը իր հայրենակիցներին օգնում է անաղմուկ, առանց այդ մասին հարցազրույցներ տալու ու տեսախցիկների առաջ պաթետիկ տեքստեր արտասանելու:
-Էրի՛կ, շնորհակալություն զրույցի համար: Թող Ձեր նկարները երախտագիտության ու հպարտության, սիրո ու ջերմության փոքրիկ լույսեր վառեն հայրենիքի ազատության համար քաջաբար կռված մեր հերոս տղաների օջախներում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Հոգևոր-մշակութային