ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ
Կրթությունը հնարավոր չէ պատկերացնել առանց առաքելության գիտակցման: Առավել ևս, եթե խոսքը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական կրթության մասին է:
Երբ առաջին անգամ ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2018թ. հրապարակված տեսլականը, ինձ անմիջապես գրավեց հետևյալ միտքը.
«Պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ»:
Չնայած առաջին հայացքից այդ միտքն անմիջական կապ չունի կրթության հետ, սակայն, համոզված եմ, որ այս գաղափարի արմատավորումը ենթադրում է նոր մոտեցում նաև ռազմական կրթության կազմակերպման գործում: Գաղափարը պրոյեկտելով կրթության կազմակերպման հարթության վրա՝ կարելի է հետաքրքիր զուգահեռներ տանել ՀՀ բարձրագույն կրթական դաշտում ներկայիս բարեփոխումների շրջանակներում առկա միջազգային պահանջների հետ:
Այսպես, «պարտականության զգացողությամբ» մոտեցումը կարելի է նույնացնել կրթության կազմակերպման՝ այսպես կոչված «գործընթացային մոտեցման» հետ, երբ կարևորվում են ուսումնական պլանով նախատեսված առարկայացանկը, հատկացված դասաժամերը, ներառված թեմաների ցանկը, կատարողականի գնահատումն՝ ըստ հաստատված ծրագրերի և այլն: Այնինչ՝ «առաքելության զգացողությամբ» մոտեցումը կապվում է կրթության բնագավառում «վերջնարդյունքային մոտեցման» հետ: Այս պարագայում, բացի վերը նշված բաղադրիչներից, դրվում են այլ առանցքային հարցեր. արդյո՞ք ժամանակը ծախսվել է նպատակային, արդյո՞ք պարապմունքների կազմակերպման ձևը, մեթոդաբանությունը, ռեսուրսային ապահովումը բխում է հենց առարկայի առանձնահատկություններից, արդյո՞ք թեմաները արտացոլում են տվյալ մասնագետի պատրաստման պահանջները, արդյո՞ք նախանշված վերջնարդյունքները (կրթական ծրագրի, դասընթացների) ի վերջո ձեռք են բերվում և այլն:
Այլ կերպ ասած՝ դասախոսի տեսանկյունից պարտականությունը տվյալ դասընթացը հաստատված պլանի համաձայն դասավանդելն է, իսկ առաքելությունը այդ դասընթացի վերջնարդյունքների ձևավորումն է ուսանողների շրջանում: Որակյալ աշխատանքի գնահատման ցուցանիշն այս դեպքում արդեն ուսումնառողի զարգացումն է իմացական և գործնական տեսանկյունից: Այսինքն՝ երբ կարևոր է ոչ թե անցկացվող դասընթացը, այլ դրա արդյունքում ձևավորված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք նախանշված են որպես դասախոսի աշխատանքի արդյունք դասընթացի ծրագրում: Այս մոտեցումը թույլ է տալիս նաև գնահատել դասընթացների արդյունավետությունը և այն դարձնել չափելի:
Այս ամենն ըստ էության բխում է կրթության որակի ապահովման համակարգի և, ինչպես ընդունված է ասել միջազգային մակարդակում, որակի մշակույթի ներդրման պահանջներից:
Վերլուծելով ՀՀ-ում ռազմական կրթության մասին հրապարակումները և ուսումնասիրությունները՝ կարելի է նկատել, որ ռազմական կրթության մասին խոսելիս հիմնական անդրադարձը կատարվում է ռեսուրսային ապահովման և կադրային քաղաքականության իրականացմանը՝ համապատասխան թվաքանակով սպայական կադրերի պատրաստում, ժամանակի հստակ բաշխում, պարապմունքների պլանավորված իրականացում, պրոֆեսորադասախոսական կազմի ու ռեսուրսային բազայի համալրվածություն և այլն: Սակայն, հաշվի առնելով մեր երկրի կադրային քաղաքականության փոքրաթիվ, բայց որակյալ կադրեր պատրաստելու հրամայականը, առերեսվում ենք շատ կարևոր մի խնդրի՝ ռազմական կրթության բովանդակության համապատասխանեցմանը ժամանակակից կրթության պահանջներին: Այլ կերպ ասած՝ ռազմական կրթության բովանդակության որակի խնդիրը պետք է դարձնել համակարգային ուսումնասիրման առարկա՝ նպատակ ունենալով ժամանակակից զարգացումներին համաքայլ ռազմական կրթության որակ ապահովել: Ընդ որում, կարևոր է, որ ուսումնասիրություններն իրականացվեն ոչ միայն մինչ այժմ կիրառված մեթոդներով, որոնք հիմնականում վերահսկման մեխանիզմների գործարկում էին, այլ նաև որակի ապահովման և վերլուծության նոր մեթոդաբանությամբ: Մասնավորապես՝ նոր մեթոդաբանության սկիզբ կարող է լինել ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում կարևորվող PDCA (Plan, Do, Check, Act) շրջափուլի պարտադիր կիրառումը ռազմաուսումնական հաստատություններում: Այն իր մեջ ներառում է պլանավորում, իրականացում, ստուգում (գնահատում), բարելավում փուլերը: Կրթական յուրաքանչյուր գործընթացում այդ շրջափուլի արմատավորումը ապահովում է շարունակական գնահատման, խնդիրների վերհանման և բարելավման հնարավորություն: Գաղափարն ըստ էության նոր չէ: Նորույթը վերջինիս կիրառումն է կրթության կազմակերպման բոլոր աշխատանքային ծրագրերում՝ բաղադրիչ փուլերի հստակ սահմանմամբ, տարանջատմամբ և փոխկապակցվածությամբ:
Այս ամենի համատեքստում առաքելության գիտակցմամբ ռազմական կրթության կազմակերպումը հանգում է որակի նկատմամբ պատասխանատվության գիտակցմանը: Այսինքն՝ առաջնային են դառնում կրթության որակն ու արդյունավետությունը:
ԳԱԳԻԿ ՔԹՐՅԱՆ
Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Ռազմական