Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՄՈՐ ՍԻՐՏԸ…



ՀԵՐՈՍԻ ՄՈՐ ՍԻՐՏԸ...Ապրիլը մոտենում է ավարտին… Այսուհետև բոլորիս հիշողության մեջ այն զուգորդվելու է նաև հակառակորդի հանդեպ հերթական կարևոր հաղթանակի հետ: Մեր զինվորականների` հերոս զինվորների ու սպաների բացառիկ սխրանքի շնորհիվ չեզոքացվեցին ոսոխի հեռագնա ծրագրերը: Հպարտությունից զատ, այդուհանդերձ, այս օրերը նաև բոլորիս կորստի ցավի օրերն են. հարյուրից ավելի լուսեղեն հոգիներ երեք տարի առաջ ապրիլին զոհվեցին` որպես ազգի ու հավատքի համար կռվող ոգեղեն մարտիկներ ու կշարունակեն ապրել բոլորիս հոգիներում ու սրտերում…

 

Ապրիլյան այն օրերը մտերմացրել, մեկ ընտանիք են դարձրել իրենց հերոս-զավակների կարոտով ապրող մայրերին: Նրանք մխիթարություն են գտնում իրար հետ շփումից, նեցուկ են լինում միմյանց, փոխադարձ այցելություններ են կատարում, հիշում ու խնկարկում են իրենց զավակների վառ հիշատակը: Հերոսի մոր սիրտն ուրիշ է…

Երեք տարի է անցել. երեք դանդաղասահ տարիներ: Ժամանակն ինչ-որ կետում կանգ է առել ու առաջ չի շարժվում… Հիշողությունները ցավ են պատճառում, նորոգում վերքերը: Ու թերևս ամենամեծ մխիթարանքն այս կանանց համար այն է, որ իրենց հերոսացած տղաները քաջության ու նվիրվածության օրինակ դարձան հազարավոր իրենց ետևից եկող երիտասարդների համար: Հայրենիքը մեկն է, այն պետք է ամուր ձեռքերով պահել-պահպանել:

ՀԵՐՈՍԻ ՄՈՐ ՍԻՐՏԸ...Հերոս մայրերին այցելողներն այս օրերին շատ են, նրանց մեջ շատ են հատկապես դպրոցահասակ երեխաները, որոնք, հերոսների շիրիմների առջև կանգնած, թաքցնելով ամենաանկեղծ ու ջինջ արցունքները, երդվում են…

Միանում եմ հերոս հրամանատար Արմենակ Ուրֆանյանի մորը` տիկին Համեստին, որը որդու անվան հիմնադրամի միջոցներով արդեն շատ ու շատ զոհվածների ընտանիքների է այցելել, նեցուկ եղել: Ուղևորվում ենք Ոսկեհատ համայնք` հետմահու ՀՀ «Արիություն» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով պարգևատրված շարքային Արամայիս Միքայելյանի հայրենի օջախը: Մեքենայում մեզ հետ են նաև ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի ու Տիգրան Վերակչյանի մայրերը` Նարինեն ու Եվգենիան: Ճանապարհին նրանք իրենց որդիների կյանքից առանձին դրվագներ են հիշում: «Ի՜նչ ուրախությամբ էր մեկնում զինծառայության,- պատմում է Տիգրանի մայրը` Եվգենիան,- մինչև այդ, երբ դեռ նոր էր 17-ը լրացել, ասաց. «Մա՛մ, ասում են` օրենք կա, եթե դեռ զինծառայողի 18-ը չի լրացել, ծնողների համաձայնությամբ կարող է ժամանակից շուտ անցնել ծառայության»: Ասացի` «Ժամանակը կգա` կգնաս»: Բազմաթիվ դեպքեր է պատմում քաղաքացիական կյանքից…

Բագրատի մայրն է պատմում. «Երբ մյուս որդիս պիտի ծառայելու մեկներ, ուզում էինք, որ նույն զորամասում ծառայության անցներ, Բագրատը թույլ չտվեց. «Մեզանից մեկը պիտի բարձրանա դիրքեր, մյուսը` իջնի, մա՛մ: Հավատա՛, դուք ինձնից շատ չեք եղբորս սիրում»: Հիմա եմ մտածում, որ երևի մի բան նախազգում էր…»:

Արամայիս Միքայելյանի տանն ենք:

…Երբ ծանոթանում ես հերոսների կյանքին, հարազատներից լսում ես նրանց հետ կապված վկայությունները, հասկանում ես` նրանցից յուրաքանչյուրն, անկասկած, եզակի էր իր տեսակի մեջ:

Արամայիսը խաչքարի, փայտագործության իսկական վարպետ էր: Նրա Պատվո անկյունում` լուսանկարի երկու կողմերում, մեծադիր խաչքարերն են, որոնք ապշեցնում են իրենց բազմաշերտ հյուսվածքներով ու հորինվածքով: Ասես ոչ թե 17 տարեկան մի երիտասարդ, այլ հասուն ու փորձառու վարպետ է փորագրել: Այստեղ է նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը, որը կիսատ էր թողել` «Հենց արձակուրդ գամ` կավարտեմ»: Որոշել էր զորամասին նվիրել:

Արամայիսի երկու պապերն էլ արհեստավորներ են եղել` շինարար ու քանդակագործ: Տիկին Լիլիթը` Արամայիսի մայրը, գորգագործ-նկարիչ է: «Վերջերս ուզում էի կարմիր կակաչներ նկարել ու… Արամայիսիս: Բայց, չստացվեց, չհաջողվեց հուզմունքս հաղթահարել: Խզբզեցի, գցեցի մի կողմ:  Մեր այս տան տեղում մի փոքրիկ հյուղակ էր ընդամենը,- շարունակում է տիկին Լիլիթը:- Տունն ամբողջովին իր ձեռքերով վերանորոգեց որդիս, դիզայնը մտածեց, հարմար լուծումներ գտավ: Այնքան ուշադիր էր բոլորիս հանդեպ: Միշտ ինչ-որ առիթով իր ձեռքով փայտից մի բան էր փորագրում, նվիրում: Իր ծառայակից ընկերների նվերներն էլ փայտե խաչքարեր էին: Գիտեինք` տնեցիներին անպայման կհիշի, կզանգի, կշնորհավորի»:

Այգու ծաղկած ծիրանենիներից մեկի տակ Լիլիթը կանգ է առնում, ձեռքերի շարժումով գծագրում անտեսանելի սեղանը: «Ա՛յ, այստեղ էր դրված նրա աշխատանքային սեղանը, վրան փորագրում էր ու հետն էլ բարձր արտասանում. «Գո՛րծն է անմահ, լա՛վ իմացեք…»»:

Արամայիսը թաքուն սիրահարված էր մի աղջկա. չէր ուզեցել նրա հետ իր զգացմունքների մասին խոսել բանակ մեկնելուց առաջ…Այդ մասին մայրը չէր իմացել: Ապրիլի 2-ին, երբ զանգել էր մորը, որ այդ աղջկա հարսանիքին էր հրավիրված, ասել էր. «Մի լա՛վ կուրախանաս, ինձ էլ  ժպիտով նկար կուղարկես… Ինչ բանակում եմ, ժպիտդ երեսիցդ իջել է»: Հաջորդ օրն էլ` ամսի երեքին, էլի էր զանգել: Միայն զուսպ հարցրել էր. «Մա՛մ,  սիրուն հարս է՞ր…»: «Հա՛, տղե՛ս, նկարը կուղարկեմ»: «Չէ՛, մի՛ ուղարկիր: Թող բախտավոր լինի…»:

«Մեր տղաները չնահանջեցին անգամ, երբ արդեն օդային մարտ էր սկսվել…»,- կամացուկ մտորում է տիկին Լիլիթը:

Մոտակա գյուղի մյուս հերոսի տունն ենք ուղևորվում` Արամ Աբրահամյանի: Քաղաքացիական կյանքում մտերիմ ընկերները` Արամայիսն ու Արամը, ճակատագրի բերումով նույն զորամասում են ծառայել: Ընկերներն անբաժան էին. անբաժան էին նաև այդ օրը: Նույն պահին, նույն խրամաբջջում էլ նրանց գտավ ականը… Նրանցից երեք մետրի վրա էլ այդ պահին մյուս շարքայինը` Գևորգ Խուդոյանն էր, որ ականի պայթյունից բեկորային լուրջ վնասվածք էր ստացել ճակատի հատվածում և կորցրել էր գիտակցությունը: Մի կերպ հաջողվել էր նրան ողջ դուրս բերել մարտի դաշտից:

ՀԵՐՈՍԻ ՄՈՐ ՍԻՐՏԸ...Երիտասարդն այդ օրը մեզ հետ զոհված զինակիցների տներն էր այցելում: Պատմում է Գևորգը. «Պատերազմը միանգամից սկսվեց. հերթափոխը հանձնել ու իջել էինք, այդ օրը գնդում էինք, երբ իմացանք, որ հակառակորդը մեր դիրքերից մեկը գրավել է: Նախորդ գիշերը դիվերսիաներով էր սկսվել: Շատ դժվար էր եղել դիրքերում գտնվող տղաների համար: Մինչև այդ, ամեն ինչ սովորականից հանգիստ էր, ու դա տարօրինակ էր թվում մեզ: Ավելի լավ կլիներ, ինչպես միշտ, կրակոցներ լինեին, քան այդ խորհրդավոր լռությունը:

«Իսկ այդ օրերին` 2-ից 4-ը, ինչի՞ն ես ականատես եղել»,- հարցնում եմ Գևորգին: «Պատերազմ էր… Այն, որ ֆիլմերում եք տեսնում, մենք իրականում էինք ապրում: Մեր վաշտի հրամանատարի` ավագ լեյտենանտ Ռոման Գալստյանի ղեկավարությամբ գիշերը ամբողջ վաշտով սողալով բարձրացանք այն դիրքի կողմը, որը մեզ հրամայված էր ետ վերցնել: ԱԹՍ-ները երկու օր շարունակ պտտվում էին մեր գլխավերևում. պետք էր հնարավորինս աննկատ անեինք մեր գործը: Խրամատ փորեցինք, դիրքավորվեցինք: Սպասում էինք դիրքը ետ վերցնելու հրամանին: Գրադն ու ականանետները աշխատում էին մեր ուղղությամբ: Հետո եղավ չարաբաստիկ պայթյունը… Երկու զոհ, մեկ վիրավոր…»:

«Մարտի երեսունին զանգեց, ասաց` իջել ենք դիրքերից,- պատմում է Գևորգի մայրը՝ տիկին Ասյան:-  Ապրիլի մեկին էլի զանգեց. շատ լավ էր հնչում ձայնը: Ամսի երկուսին աշխատանքի գնալուս ճանապարհին դեռ չէի լսել պատերազմի մասին: Աշխատակիցներիցս մեկը երթուղայինում ասաց. «Ասյա՛, այս գիշեր կարծես թե խառն է եղել վիճակը»: «Հենց այդ պահին զանգ եկավ` գրվեց` «Գևորգ». «Մա՛մ, ո՞ւր ես: Ինչ որ հեռուստացույցով տեսնես կամ կողքից լսես, չհավատաս: Մեզ մոտ չէ, մա՛մ»: Երթուղայինից իջա, ու դպրոցի մոտով անցնելիս տեսա, որ երեխաները, ծնողները շատ անհանգիստ քննարկում են. «Պատերա~զմ է»: Որդիս դիպուկահար էր. մտածեցի` ինչ էլ լինի, նրան հո կտանեն… Ու այդտեղ միայն հասկացա իրավիճակի լրջությունը:

Հաջորդ օրերին Գևորգի հետ խոսելիս հեռախոսով լսում էի պայթյունների ձայներ: «Ի՞նչ ձայներ են»: «Տղաները ցախ են կոտրում, խրամատ ենք փորում»:

«Այս պահին դիրքերում կանգնած մեր տղաներին ուժ ու եռանդ եմ ցանկանում,- շարունակում է Գևորգը,- ամենալավն ու բարին: Իհարկե, խաղաղություն եմ ցանկանում: Թող իմանան, որ ամեն մանրուք կարևոր է: Թող զգույշ ու զգոն լինեն, կարևորը` ոգով ուժեղ: Ապրիլյան քառօրյայի ընթացքում, դրանից առաջ` Արցախյան պատերազմում, այնքան զոհ ու արյուն ենք տվել, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանա, որ երբևէ թեկուզ մի կտոր այդ դիրքերից թշնամուն բաժին հասնի»:

…Հետմահու ՀՀ «Արիություն» և ԱՀ  «Մարտական ծառայություն» մեդալներով պարգևատրված շարքային Արամ Աբրահամյանի տանն ենք: Երբ մտնում ես տիկին Նարգիզի մարդաշատ ու հյուրընկալ տուն,  որտեղ խաղաղության ու լույսի ալիքներ են թևածում, հասկանում ես, որ նրա ամենամեծ մխիթարանքը իր հինգ երեխաներն ու ինը թոռներն են. «Չեմ աշխատում, թոռներովս եմ զբաղվում, դրանից կարևոր ու հաճելի գո՞րծ»,- և իր ժպտուն աչքերով «շոյում է» գրկում տեղավորված, հրեշտականման թոռնուհուն: Երեխաներն ու թոռները բոլորը գեղեցկադեմ են, ժպտուն աչքերով, Արամի պայծառ դիմագծերը գտնում ես յուրաքանչյուրի պատկերում: «Երբ ինձ հարցնում են` ինչպե՞ս ես դիմանում, ասում եմ` թոռներովս, իհարկե: Մի երկու անգամ չդիմացա, նրանց ներկայությամբ որդուս Պատվո անկյունը հարդարելիս հուզվեցի: Անմիջապես նկատեցին: Ինքս ինձ խոսք տվեցի` այլևս չեմ լացի:

ՀԵՐՈՍԻ ՄՈՐ ՍԻՐՏԸ...Նոյեմբերի 28-ին Արամիս ծնունդն էր: Սպասում էինք, որ Նարգիզիկս հենց այդ օրը կծնվի, անկեղծ ասած, տղայի էինք սպասում: Ծնվեց նոյեմբերի 26-ին»:

«Կրկնօրինակ երբեք չի լինում. բնօրինակը միշտ էլ ուրիշ է»,- նկատում է տիկին Համեստը` Արմենակ Ուրֆանյանի մայրը, որն էլ իր մյուս որդու դստրիկի` Էդիտայի մեջ է մխիթարություն գտնում:

Տիկին Նարգիզը մեզ է մեկնում որդու լուսանկարների ալբոմը, որում Արամայիսի ու Արամի լուսանկարները կողք կողքի են: Լուսավոր ու պայծառ ժպտում են հերոսները…

Հիշենք ու մեր սրտերում միշտ վառ պահենք ապրիլյան հերոսամարտի բոլոր զինծառայողների պատկերները: Խոնարհվենք նրանց մայրերի առջև, մեծարենք նրանց` ոչ միայն ապրիլի առաջին օրերին, այլեւ միշտ, քանի որ նրանց ցավն անանց է, իսկ սիրտը` մեծ…

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Բանակ և հասարակություն


25/04/2019