ՈԳՈՎ ՈՒԺԵՂՆԵՐԸ
…Անտառամիջյան ոլորապտույտ ճանապարհը ձգվում է դեպի վեր, և քեզ թվում է, թե այն անվերջանալի է: Անձրևն իր գործն արել էր, տեղ-տեղ քանդելով այն, ճանապարհին առաջացնելով խորխորատներ, ինչն ավելի էր դժվարացնում վերելքը: Զիվորական «Ուազիկը» ծառս էր լինում և ուժգին տարուբերվում մերթ աջ, մերթ ձախ, թվում էր, ուր որ է՝ կթռչես մեքենայի խցից: Միայն վարորդի փորձառության ու արհեստավարժության շնորհիվ հաղթահարվեց վերելքը: Մայիսի նյարդերն ավելի ամուր դուրս եկան, քան մերը: Մտահոգության ոչ մի նշույլ չնկատեցի նրա դեմքին, ասես՝ ղեկին ինքը չլիներ: Երբ հասանք հենակետ, հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանն ասաց.
-Հանձնարարել էի՝ շղթաներ վերցնել, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք ամրացնեինք դողերին, սակայն Մայիսի շնորհիվ պետք չեկան:
Հենակետի դիմաց մեզ դիմավորած պայմանագրայինը ներկայացավ՝ սերժանտ Հովհաննես Պետրոսյան:
-Ո՞նց ես, Հովհաննե՛ս,- փոխգնդապետի հարցին պայմանագրայինը դիրքապահին հատուկ հաստատակամությամբ պատասխանեց.
-Մարտական և ոգով ուժեղ:
-Կեցցե՛ս,-նրա ձեռքը սեղմելով՝ ասաց փոխգնդապետը:
-Հովհաննեսը ուղնուծուծով սահմանապահ է: Ժամկետային ծառայությունն էլ է այս կողմերում անցկացրել: Այնքան է սիրել զինվորական գործը, որ զորացրվելուց հետո որոշել է անցնել պայմանագրային ծառայության: Եթե թույլ տանք՝ դիրքերից էլ չի իջնի, շաբաթներով, ամիսներով կմնա այնտեղ,-ծառայակցին է ներկայացնում դիրքի ավագը:
-Մեր Հովհաննեսին քաշի պատճառով նույնիսկ չեն ցանկացել բանակ տանել, իսկ հիմա, տեսե՛ք, թե ինչ տղա է դարձել, առյուծի սիրտ ունի,- զրույցին է միանում պայմանագրային Գարիկ Մադոյանը:
Չնայած բարդ ու դժվարին բնակլիմայական, ռելիեֆային պայմաններին և թշնամու հենակետերի մոտիկությանը, մեր պայմանագրայինները ծառայությունն իրականացնում են հստակ և աներկյուղ: Բնակլիմայական պայմանները նրանց ավելի են կոփել ու զորացրել:
Մոտենում եմ դիտակետին: Դիտարկում կատարող պայմանագրայինը Հայկ Ավագյանն է: Նա դիտակետի բարձունքից լուռ ու անվրդով սահմանի իր բաժինն է հսկում: Հետաքրքրվում եմ, թե որտեղ են տեղակայված թշնամու հենակետերը:
-Մառախուղը մի քիչ քաշվի, անզեն աչքով էլ է երևում,- ասում է Հայկն ու հեռադիտակը մոտեցնում աչքերին: Այդ խոսքի վրա, զարմանալի զուգադիպությամբ, քամի սկսեց խաղալ, ու մառախուղը դանդաղ քաշվեց դեպի վերև, այնքան, որ ամբողջովին բացվեց անտառի մեզ հետաքրքրող հատվածը՝ ի ցույց դնելով թշնամու հենակետերը: Դիտորդը ձեռքն ուղղում է դեպի դիմացի բարձունքը:
-Ա՜յ, այն խորշի մեջ են ծվարել: Մենք դրանց ամեն շարժը դիտարկում ենք, մեր աչքից ոչինչ չի վրիպում,- վստահեցնում է նա:
-Հեռավորությունն ինչքա՞ն կլինի,- հետաքրքրվում եմ:
-Հազիվ հազար մետր:
Դիտորդ Ավագ Չոբանյանը Վերին Կարմիրաղբյուրից է, ինչպես ասում են՝ այս կողմերում ծնված ու մեծացած, ամեն քար ու թփին էլ լավ ծանոթ:
Կայտառ ժպիտը դեմքին Ավագն ինձ ծանոթացնում էր անտառաշատ այս տարածքին, ներկայացնում իրավիճակը: Երբ Ավագը խոսում էր, անհնար էր չնկատել այն մեծ սերը, որ նա տածում է իր ծննդավայրի, իր փոքրիկ հայրենիքի նկատմամբ:
-Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր զարմանահրաշ ու չքնաղ երկրի այս փոքրիկ հողակտորի պահպանությունն ու պաշտպանությունը մեր սրբազան պարտքն է: Մե՛նք պետք է պահպանենք մեր փոքր հայրենիքը,- հաստատակամ ասում է փորձառու պայմանագրայինը:
Իջնում ենք գետնատնակ և սուրճի սեղանի շուրջ ջերմ ու անկաշկանդ զրուցում հերթափոխից ազատ պայմանագրայինների հետ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ընտանիքը, առօրյա հոգսերը: Սակայն մեր զրույցի ընթացքում նրանցից ոչ մեկը չտրտնջաց ու չդժգոհեց, թեև նրանցից շատերի համար կյանքն ու մահը հաճախ քայլել են կողք կողքի, իսկ ինչպես Անդրանիկ Բաբայանը նկատեց, ոմանց համար էլ մեռնելու և ապրելու հնարավորությունը եղել է հավասար…
Ամեն անգամ գործուղումից վերադառնալիս, երբ հարցնում են, թե ինչ զգացողություններ եմ ունենում առաջնագծում, պատասխանում եմ մեկ բառով՝ փառահեղ: Այո՛, գոտեպնդված և ուժեղացած եմ վերադառնում առաջնագծից, քանզի այնտեղ հանդիպում եմ մեր երկրի սահմանները մշտարթուն հսկող հայորդիներին` մեր երկիրը անսահման սիրող, առյուծասիրտ ու ոգով ուժեղ տղաներին:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում