ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍ
«Հայաստանը դո՛ւ ես». Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի այս կարգախոսով տոգորված` սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան Հանրապետության հրապարակում հպարտ շարասյուներով կանգնել էին զորախմբեր եւ զինված ուժերի ստորաբաժանումներ, այստեղ էին շտապում նաեւ ձեռքերն ու այտերը եռագույն ներկած քաղաքացիներ` տոնելու ՀՀ անկախության 20-ամյակը եւ մասնակիցը լինելու բացառիկ ու նշանակալի իրադարձության` տոնական զորահանդեսին:
Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իրականացրեց անձնակազմի զորատեսը: Տրիբունա բարձրացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին կառավարության շենքի ժամացույցի զարկերը` ազդարարելով ժամը 11-ը:
«Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են»,- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց Յու. Խաչատուրովը: Նախարարը ողջունեց եւ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորեց զորքին, որը շնորհավորանքին պատասխանեց որոտընդոստ «ուռաներով», իսկ ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորները նախարարի ողջույնին ի պատասխան վանկարկեցին` «Աստված պահպանի մեր անկախությունը»:
Այնուհետեւ պաշտպանության նախարարը զորահանդեսին պատրաստ լինելու մասին զեկուցեց ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը հանդես եկավ շնորհավորական ուղերձով:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո մեկնարկեց զինվորական շքերթը, որին հարթակից հետեւում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, օրենսդիր եւ գործադիր մարմնի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, զինվորականներ եւ հոգեւորականներ:
Հանդիսավոր երթով անցան ՀՀ զինված ուժերի բանակային կորպուսները, ռազմական ոստիկանության, խաղաղապահ բրիգադի, առանձին հատուկ նշանակության բրիգադի, ԼՂՀ պաշտպանության բանակի, ոստիկանության զորքերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները:
Զորահանդեսին մասնակցում էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Առաջին անգամ զորահանդեսին մասնակցում էին Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների եւ զինված ուժերի հոգեւոր սպասավորների շարասյուները:
Հայկական բանակի հարձակողական եւ պաշտպանողական ներուժի մասին կարելի էր դատել երկինքը հայոց եռագույնի գույներով ներկած գրոհային ինքնաթիռների խմբից, դրանց հետեւած ինքնաթիռների մարտակարգերից, «ՄԻ 24» եւ «ՄԻ 8» ուսումնական ուղղաթիռներից, հետախուզական եւ մոտոհրաձգային ստորաբաժանումներից, ծանր զրահատեխնիկայից, որը հրապարակ բերվեց հատուկ քարշակների վրա: Նրանց հետեւեցին հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումները, հրապարակ բերվեցին հայկական արտադրության անօդաչու թռչող «Կռունկ» ինքնաթիռները, որ նորանկախ հանրապետության ռազմարդյունաբերության համարձակ ծրագրերի արդյունքն են եւ, ինչպես վստահեցնում են փորձագետները, ոչնչով չեն զիջում այլ երկրների համանման սարքերին. դրանք կարող են հակառակորդի տարածքի ամբողջ խորությամբ նկարահանել եւ կարճ ժամանակում հրետանային, հրթիռային, հատուկ նշանակության եւ հետախուզական ստորաբաժանումներին փոխանցել գերճշգրիտ տվյալներ: Անօդաչու թռչող սարքերից բացի, ցուցադրվեցին նաեւ հայրենի ռազմարդյունաբերության ձեռնարկություններում արդիականացված զենիթահրթիռային համալիրները, հրետանային հետախուզության եւ կրակի կառավարման ավտոմատացված համակարգերը: Ծանր հրետանու ցուցադրությունն ավարտեցին C-300 հակաօդային պաշտպանության համակարգերը:
Հայկական զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ ցուցադրեցին նաեւ իրենց շարային բարձր պատրաստվածությունը, մարտական զենքով իրականացրին բարդ հնարքներ: Զորահանդեսը եզրափակեց ԶՈՒ միացյալ փողային նվագախումբը` հրապարակից դուրս գալով «Էրեբունի-Երեւան» երգի հնչյունների ներքո:
Հպարտության զգացումը համակել էր զորահանդեսը Հանրապետության հրապարակում դիտելու եկած մեր երկրի հազարավոր քաղաքացիների, հայրենակիցների` Արցախից և սփյուռքից, օտարերկրյա հյուրերի: Սվետա Արաբաջյանը եկել էր որդու ռազմական քայլերթին հետեւելու. նրան համակել էր հուզմունքն ու ուրախությունը. «Կեցցե՛ անկախությունը: Ես որդուս լույս աշխարհ եմ բերել հանուն հայրենիքի, եւ այսօր նա ու նրա ընկերները ապացուցեցին, որ իրենց սրտերը ամուր, իսկ սրերը սուր և կուռ են»:
Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահի տեղակալ Էդվարդ Միրզոյանը տեսավ եւ համեմատեց անցյալն ու ներկան. «Մեր հարձակողական եւ պաշտպանողական ներուժը չի զիջում թշնամու ունեցածին: Եթե այս ամենը մեր տղաներն ունենային Արցախյան պայքարի օրերին, համոզված եմ` կհասնեինք Բաքու: Հայաստանին մաղթում եմ, որ խաղաղ պայմաններում անցկացնի բոլոր զինվորական շքերթները, եւ մեր սերունդները խաղաղ պայմաններում մեծանան»:
«Մեր զինված ուժերը ստեղծված չեն միայն զորահանդեսի համար. նրանք այս ամենը կարողանում են գործնականորեն ապացուցել,- տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ շեշտեց,- զորահանդեսով ներկայանում ենք մեր հասարակությանը, ցույց տալով ե՛ւ հակառակորդին, ե՛ւ միջազգային հանրությանը, որ մենք այն բանակների շարքում ենք, որոնք առաջադիմական են եւ ունակ ոչ միայն ապահովելու իրենց երկրի անվտանգությունը, այլեւ երկրագնդի տարբեր վայրերում բազմաթիվ խնդիրներ կատարելու»:
Ս.Օհանյանն ընդգծեց` Հայաստանում այսօր իշխանության բոլոր թեւերն իրենց ներդրումն են ունենում երկրի անվտանգության ապահովման գործում, «իսկ թե ինչպիսին են մեր զինված ուժերը, երևաց զորահանդեսի ժամանակ»:
Պաշտպանության նախարարը նշեց, որ Ադրբեջանի հետ ուժերի հավասարակշռությունը մենք պահպանում ենք առանց որեւէ երրորդ ուժի ներգործության. «Կարեւորը ոչ թե քանակական առավելությունն է, այլ, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ ցույց տվեցինք, որակական չափանիշները` զինվորի պատրաստվածությունից մինչեւ ստորաբաժանումների եւ զորամասերի ներդաշնակումը, նաեւ մեր մարտական ոգին, այն, որ մեր զինվորն իր ուժերը լիարժեքորեն ներդնում է մեր երկրի սահմանների պաշտպանության գործում»:
Ս.Օհանյանը համոզված է, որ եւս 20 տարի անց հայկական զինված ուժերը կլինեն ավելի մարտունակ, ավելի կարգապահ, կանոնակարգված եւ ավելի մեծ հնարավորությունների տեր` «թե՛ զինվորների պատրաստության, թե՛ սպառազինության ու արդիական, նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում