Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովում
(
Մոսկվա, 25 ապրիլի)

 

Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և անձամբ պաշտպանության նախարարին` բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին, արդեն ավանդական դարձած՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Միջազգային հարաբերություններում կանխատեսելիության մակարդակի բարձրացման համատեքստում չափազանց կարևոր է ամենաարդիական՝ գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների և հարցերի քննարկումը, միջազգային անվտանգության ձևավորման վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

Այսօրվա լիագումար նիստի թեման անցած տարվա համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման մոտեցումների քննարկման, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնության` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցության ակտիվացման ուղղությամբ, այսպես կոչված՝ A4P-ի տրամաբանական շարունակությունն ու հետագա զարգացումն է: Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական ​​հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը (անկումը), հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ​​ճգնաժամերի սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա:

Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ամբողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է:

Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական ​​փոփոխությունները:

Ասվածը ենթադրում է առաքելության օրինականության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում:

Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը):

Մասնավորապես՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին.

  1. Միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ:
  2. Խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ:

Առաքելության տարբեր գործընկերների կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է տարբեր դերակատարների միջև համագործակցության կամ գործողությունների համակարգման գործոնը, ինչը ցանկացած խաղաղապահ գործողության բարեհաջող իրականացման և ավարտի կարևորագույն պայմաններից է:

Վերջապես, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում: Ավելին, այսօր ավանդական խաղաղարարությունն առավել բազմակողմանի է դառնում. երբ զուտ ռազմականի փոխարեն առանցքային են բազմաբնույթ խնդիրներ, զինվորական անձնակազմն իր տեղը զիջում է զինվորական-ոստիկանական-քաղաքացիական անձնակազմին, իսկ խաղաղապահ ուժերի անուղղակի դերը քաղաքական գործընթացներում փոխարինվում է դրանցում առավել անմիջական ներգրավմամբ։

Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում եմ, որ միջազգային խաղաղապահ ուժերի զարգացման հիմնական ուղղությունները պետք է լինեն․

  • յուրաքանչյուր առանձին ​​առաքելության համար խաղաղապահների իրավական կարգավիճակի հստակեցումը,
  • բոլոր ներգրավված կողմերի գործողությունների համակարգման, այսինքն՝ սինխրոնացման կամ, առնվազն, այսպես կոչված՝ ապահակամարտեցման (դեկոնֆլիկտացիա) մեխանիզմների ստեղծումը,
  • ինտեգրված զինվորական-ոստիկանական-քաղաքացիական թիմերի ձևավորումը, վերապատրաստումը, վերազինումը և գործառնական համակարգումը,
  • խաղաղապահների արհեստավարժության և էթնո-մշակութային-կրոնական իրազեկության շարունակական բարելավումը,
  • խաղաղարար ուժերի ներգրավման կանոնների համար ճկուն հնարավորությունների ստեղծումը,
  • թափանցիկությունը և նրանց գործունեության շարունակական մշտադիտարկումը (մոնիտորինգ),
  • ազգային խմբակազմերի համար նյութատեխնիկական ապահովման համակարգումը՝ երկրորդական դերերի բաշխման և տեղական կապալառուների ծառայություններից օգտվելու սկզբունքների առավելագույն կիրառմամբ,
  • խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման ֆունկցիոնալ և ծախսային ցուցանիշների թափանցիկության բարձրացումը,
  • առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը:

Միջազգային անվտանգության ապահովման ոլորտում շահերի և նպատակների համընկնումը թելադրում է անհատական և հավաքական ​​ ներուժի շարունակական զարգացում խաղաղություն և կայունություն պահպանելու համար` ինչպես համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, այնպես էլ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրների կողմից: Հայաստանը նույնպես հավատարիմ է այդ մոտեցմանը:

Արդեն ավելի քան երկու տասնամյակ լինելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները:

Հայաստանը լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում: Ներկայումս հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում:

Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամային իրավիճակում հայտնված տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև  Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը:

Մասնավորապես՝ այս տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ` հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը:

Մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը:

Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակելու իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործելու մեր ամբողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին:

Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Հայաստանը ջատագովն է միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական ​​մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա:

Ինչպես ասում էր միջազգային հարաբերությունների առաջատար մասնագետներից մեկը՝ «Փորձելով իրականացնել իրենց իդեալիստական ​​և իրատեսական նպատակներն արտաքին քաղաքականության մեջ, պետությունները պետք է իրենց ուժը համատեղեն բարոյական սկզբունքների հետ, իսկ սեփական արդարությանը հավատը ՝ չափավորել ողջամտությամբ»:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


26/04/2019