ՆՇԱՆ ԲՌՆԻՐ 10-ԻՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆԸ դարձավ 95 տարեկան
-Պարոն Բալյան, պիտի խնդրեմ, որ գնանք ակունք ու տեսնենք, թե որտեղի՞ց է բխում Ձեր մեղեդին, ի՞նչ ապրումներից, ի՞նչ հիշողություններից, ի՞նչ խտացումներից է գոյանում Ձեր ասելիքը…
-Մայրս միայնակ է մեծացրել ինձ։ Նա հրաժարվել է երգչուհի դառնալու մտքից, որպեսզի կարողանա ամբողջ ժամանակը, հոգատարությունն ու խնամքը նվիրել ինձ։ Մայրս, պապս ու քեռիս երգում էին ինձ համար։ Մանկություն ասելիս առաջին հուշ-պատկերը, որ արթնանում է իմ մեջ, նրանց գեղեցիկ, զուլալ ձայնն է, մեր ազգային հիասքանչ մեղեդիները։
… 42 թիվն էր, ավարտական երեկոյին մենք ընկերներով կատարեցինք իմ հորինած երգը: Պատերազմի մասին էր։ Ավելի ճիշտ՝ կամավոր կռիվ գնալու, կյանքը հայրենիքին նվիրելու, թշնամուն հաղթելու ու հերոսանալու մասին։ Իմ ընկերները չվերադարձան ճակատից։ Նորայր եւ Ալբերտ Դավթյան եղբայրները մայր չունեին, եւ իմ մայրը մի ուրիշ գորովանքով էր խնամում նրանց։ Երկուսն էլ զոհվեցին: Վարդգեսը մնաց անհայտության ճամփեքին։ Զոհվեց նաեւ Սուրեն Անժելովը։
-Պարոն Բալյան, մի զրույցի ժամանակ ասացիք, որ երեք ուսուցիչ եք ունեցել՝ Կոստանդին Մելիք-Վրթանեսյանը, Թաթուլ Ալթունյանը եւ Գրիգոր Եղիազարյանը։ Ենթադրում եմ, որ նրանք մեծ դերակատարում են ունեցել Ձեր կյանքում։
-Ես երաժշտական կրթություն չունեի, բայց երգեր էի հորինում, մեղեդիներ՝ վալս, տանգո, զանազան պարեղանակներ։ Մի օր էլ երաժշտագետ Սամսոն Գասպարյանն իմ ստեղծագործությունները ցույց տվեց մի ճանաչված երաժշտի։ Վերջինս խորհուրդ տվեց ինձ ուրիշ ճանապարհ ընտրել՝ հասկացնելով, որ երաժշտությունն ինձ համար չէ։ Սակայն ճակատագիրը բարեհաճ եղավ, ու իմ մեղեդիները լսեց նաեւ ֆիլհարմոնիկի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոստանդին Մելիք-Վրթանեսյանը։ Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտած մեծ երաժիշտը ոչ միայն խրախուսեց իմ ընտրած ճանապարհը, այլեւ օգնեց, որ ես ընդունվեմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական բաժին։ Շատերը տարակուսած էին՝ ինչպես կարելի է նոտաները չիմացող պատանուն ընդունել կոմպոզիտորական բաժին, բայց Կոստանդին Մելիք-Վրթանեսյանը համոզված էր, որ ինձ մեծ ապագա է սպասում։ Կոնսերվատորիայի խմբավարական բաժնում ուսանելիս Թաթուլ Ալթունյանն իմ ուսուցիչն էր։ Ու հենց նա ինձ համար բացեց հայոց ազգային, ժողովրդական երգի հմայքն ու խորությունը, հանճարեղ պարզությունն ու բազմաշերտ փիլիսոփայությունը։
Ես ավարտել եմ նաեւ կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Նա ասում էր՝ կոնսերվատորիայում կարելի է ամեն ինչ սովորեցնել՝ հարմոնիա, պոլիֆոնիա, սովորեցնել երաժշտությունը՝ որպես գիտություն, բայց անհնար է սովորեցնել մեղեդի հորինել։ Դա բնատուր է, Աստվածատուր։ Կարծում եմ՝ բոլոր բնագավառներում է այդպես, իսկ արվեստում՝ առավել եւս։
-Բոլոր մարդիկ էլ ծնվում են որեւէ տվածուրիկ տաղանդով՝ մեկի մեջ «նստած» է լավ դերձակը, մյուսի մեջ՝ լավ երաժիշտը, երրորդի մեջ՝ լավ լրագրողը, վարորդը, ճարտարապետը, շինարարը…
-Դժբախտություն է, երբ դերձակը դառնում է լրագրող, հյուսնը դառնում է երաժիշտ, կամ վարորդը դառնում է ճարտարապետ… Չի կարելի դեմ գնալ Աստծուն, խախտել բնության օրենքները։ Սա ամենամեծ դասն է, որ տվել են ինձ իմ երեք ուսուցիչները՝ Կոստանդին Մելիք-Վրթանեսյանը, Թաթուլ Ալթունյանը, Գրիգոր Եղիազարյանը։ Ես էլ նույն հորդորը հղում եմ իմ երիտասարդ բարեկամներին՝ մի՛ մտեք ուրիշի տիրույթ, որպեսզի մի ամբողջ կյանք չապրեք ստվերում, գտեք Ձեր տարածքը։ Լավ դերձակը ոչնչով վատ չէ լավ լրագրողից, լավ վարորդը ոչնչով վատ չէ լավ երաժշտից։ Մի՛ արեք այն, ինչին կոչված չեք:
-Թաթուլ Ալթունյանն ասում էր՝ միշտ պետք է նշան բռնես 10-ին։
-Նա հորդորում էր, որ իր սաներն ապրեն այդ հավատամքով։ Անհամեստ չհնչի՝ որտեղ էլ աշխատել եմ, ինչ-որ մնայուն, կարեւոր արժեք եմ թողել ինձնից հետո։ Պարարվեստի ուսումնարանը ղեկավարելիս հիմնադրեցի ժողովրդական պարերի բաժինը, ֆիլհարմոնիան ղեկավարելիս ստեղծեցի դպրոցականի ֆիլհարմոնիան։ Երաժշտական ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիր աշխատելիս կազմակերպեցի երիտասարդ կատարողների փակ մրցույթ, որի ժամանակ էլ առաջին անգամ լսվեց Ռուբեն Մաթեւոսյանի ձայնը։ Մարինա Սպենդիարյանի աջակցությամբ հիմնեցի Սպենդիարյանի տուն-թանգարանը… Ասածս այն է՝ իրոք, միշտ պետք է 10-ին նշան բռնես, առավել ևս՝ երբ գործ ես անում երկրիդ, ազգիդ, հայրենակցիդ համար։
-Պարոն Բալյան, երգը արվեստի երկու բացառիկ, գեղեցիկ ճյուղերի հյուսվածք է՝ պոեզիայի եւ երաժշտության, երգը կրկնակի արվեստ է, որովհետեւ ծնվում է այս երկուսի ներդաշնակումից։ Այսօր այնքան են շատացել երգ գրողները, որ իսկական, բարձրարվեստ երգի չափանիշները մնացել են ստվերում։
-Երգը թռչուն է, որը թռչում է երկու թեւով՝ խոսքով եւ մեղեդիով։ Եթե երկու թեւերից մեկը չլինի, չի կարող թռչել։ Ընդ որում՝ խոսքն է հուշում մեղեդին։ Իսկական պոեզիան օժտված է ե՛ւ ռիթմով, ե՛ւ տրամադրությամբ, ե՛ւ մեղեդայնությամբ։ Պարզապես պիտի լսել կարողանալ բանաստեղծության մեջ հնչող մեղեդին։ Ես երբեք առանց խոսքերի երգ չեմ գրել, ինչը համարում եմ կեղծիք, անհեթեթություն։ Ես չեմ հորինում երգը, ես լսում եմ այն բանաստեղծությունը կարդալիս։ Երգը ծնվում է, ոչ թե «սարքվում»։ Այսօր սարքովի երգերը շատ են, դրա համար էլ չեն հուզում, թեւ չեն տալիս։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է վերականգնել ստեղծագործական խորհուրդները, որոնք կփակեն անճաշակ, անարվեստ երգերի մուտքը հեռուստատեսություն, ռադիո, համերգասրահներ եւ կանաչ լույս կվառեն իսկական արվեստի ճանապարհին։
-Դուք բազմաթիվ գեղեցիկ երգերի հեղինակ եք, որոնք մնացել ու մնալու են հայոց երաժշտական արվեստի ոսկե ֆոնդում։ Գրել եք սիմֆոնիկ ստեղծագործություններ, «Հազարան բլբուլ» բալետային սյուիտը, երկու կամերային օպերա, «Ամբոխները խելագարված» պոետորիան, որը հրաշալի մեկնաբանել է ակադեմիական կապելան՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Սակայն պիտի խնդրեմ, որ այսօր անդրադառնանք հատկապես Ձեր երկու երգերին։ Էդվարդ Միրզոյանը մի առիթով ասաց. «Եթե Վլադիլեն Բալյանը գրեր միայն «Սերս գաղտնի թող մնա» եւ «Գյումրի-Լենինական» երգերը, նրա անունը կմնար հայոց երաժշտարվեստի պատմության մեջ, եւ նրա վաստակը կարժանանար ամենաբարձր գնահատականի։ Ահա այդ երկու երգերի մասին էլ կուզենայի լսել։
-1946 թիվն էր։ Պատերազմը նոր էր ավարտվել։ Ձեռքս ընկավ մի փոքրիկ կանաչ պրակ՝ վրան գրված՝ «Լիրիկա»։ Հեղինակը Հովհաննես Շիրազն էր։ Կարդացի բանաստեղծությունները, եւ մեկը անչափ տպավորվեց.
Սերս գաղտնի թող մնա,
Սերս՝ յարիս պես,
Ճամփեն պիտի չիմանա,
Թե ուր կերթամ ես։
Ինչպես բոլոր բարձրարվեստ բանաստեղծությունները, ինչպես իսկական պոեզիան, այս տողերը առինքնում էին։ Մեղեդին ծնվեց միանգամից. ես գրի առա այն, ինչ լսեցի։ Երգն ապրում է ավելի քան 70 տարի եւ, համոզված եմ, դեռ կապրի։
Պատմեմ նաեւ «Գյումրի-Լենինական» երգի մասին։ Ինձ կանչեց Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը եւ հանձնարարեց երգ գրել Լենինականի մասին։ Ասացի, որ առանց խոսքերի չեմ կարող երգ գրել։ Խոսքերը Շիրազը կգրի՝ պատասխանեց։ Անկեղծ ասած՝ չհավատացի։ Մի օր էլ՝ հեռախոսազանգ։ Ընկալուչը վերցրի՝ Շիրազն էր։ Առանց բարեւ-բարլուսի, առարկություն չընդունող տոնով ասաց՝ երգի բառերը գրել եմ, արի տար։ Տան տեղը բացատրեց, գնացի։ Շիրազը պատշգամբում կանգնած էր։ Հենց ինձ տեսավ, սկսեց մի թուղթ թափահարել։ Դեռ չէի հասել մուտքին, թուղթը բաց թողեց։ Բանաստեղծությունն սկսեց սավառնել օդում։ Քամին քշում էր թուղթը, ես վազում էի անցորդների զարմացած հայացքների ներքո, իսկ Շիրազը երեխայի պես հրճվում էր:
… Երգը չէր գրվում։ 12 տարբերակից ոչ մեկը սրտովս չէր։ Մի օր էլ փողոցում Շիրազի ձայնն եմ լսում, ավելի ճիշտ՝ գոռգոռոցը. «Ինչո՞ւ ես ուշացնում…», ու՝ լուտանքներ։ Լեզուս պապանձվել էր։ Այդ գիշեր երազ տեսա՝ իբր փողոցում կրկին Շիրազին եմ հանդիպել ու… վախից վեր թռա։ Լուսադեմ էր։ Երգը միանգամից գրվեց։
-Իմ վերջին հարցը ավանդական է՝ ի՞նչ կասեք սահման պահող զինվորին։
-Հեռու հեռավոր Գրենլանդիայում, սառույցների, սառնամանիքի մեջ ապրող մարդկանց ամերիկացիներն առաջարկեցին տեղափոխվել դրախտավայր Կալիֆորնիա, որտեղ տարին 12 ամիս կանաչ է։ Գրենլանդացիները մերժեցին՝ մենք պիտի ապրենք այնտեղ, որտեղ մեր սիրտն է, իսկ մեր սիրտն այս սառույցների մեջ է։ Հա՛յ զինվոր՝ սիրելի՛ տղաս, քո սիրտը ապրում է Հայաստան աշխարհում, որտեղ էլ լինես։
-«Հայ զինվորը» շնորհավորում է Ձեր ծննդյան տարեդարձը, մաղթում, որ դեռ երկար վայելեք իսկական մտավորականի, ազգային արվեստագետի այն փառքը, որը մի ամբողջ անձնվեր կյանքի արգասիք է:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում