Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ…



ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ...Հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է գնդապետ Ա. Թադեւոսյանը: Փորձառու սպան անցել է ծառայական գրեթե բոլոր սանդղակներով, առաջնագծում ծառայության մեծ փորձ ունի: Հրամանատարի հետ զրուցեցինք սահմանին տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող աշխատանքների մասին:

 

-Պարոն գնդապետ, որո՞նք են զորամասի առօրյա գործունեության առաջնահերթությունները:

-Զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում սահմանի բավական մեծ, բարդ ու պատասխանատու հատվածում: Մեր առօրյա աշխատանքները հիմնականում միտված են այս կարևորագույն խնդրի անթերի ու անխափան իրագործմանը: Արդեն տևական ժամանակ է՝ մարտական հերթապահությանը ներգրավվում են միայն զորամասի պայմանագրային զինծառայողները: Մենք հնարավորություն ենք ստացել առավել խորացված կարգով կազմակերպել ժամկետայինների մարտական ուսուցումը, կենտրոնանալ նրանց կրակային, մասնագիտական պատրաստության վրա: Անձնակազմի ռազմական ունակությունների կատարելագործումն առաջնահերթություն է, քանի որ անհրաժեշտության դեպքում նաև ժամկետայիններն են մեկնելու առաջնագիծ մարտական խնդիր կատարելու:

-Պայմանագրայինների թվաքանակը բավարա՞ր է ժամկետայիններին փոխարինելու համար, թե՞ համարվում է, որ նրանք ավելի փորձառու են և կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ ծառայել:

-Պայմանագրային զինծառայողների ներգրավման գործընթացն սկսել ենք՝ նախապես համադրելով մեր առջև դրված խնդիրների կատարման բնույթն ու առկա մարդկային ռեսուրսը: Մեր ուժերը լիովին բավարար են՝ մարտական խնդիրը առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու համար: Բացի այդ, նախորդ տարվանից մեր պաշտպանական թևերից մեկի հենակետերում մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զինծառայողները: Նրանք ամբողջությամբ «գործի մեջ են մտել», մեր փորձառու պայմանագրայիններին հավասար պահպանում են սահմանի անվտանգությունը:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ...-Բոլորին է հետաքրքրում՝ ինչպիսի՞ իրավիճակ է այսօր սահմանին:

-Վերջին շրջանում սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եզակի են: Հազվադեպ անկանոն կրակոցներ են լինում: Սկսվել են հողագործական աշխատանքները, իսկ գյուղացիներից շատերի հողակտորները սահմանագծին մոտ են, հակառակորդի անմիջական նշանառության տակ: Մինչ այդ էլ գյուղացիները պաշտպանված են եղել, սակայն այժմ առավել վստահ են հող մշակում: Ամեն դեպքում, մեր դիրքապահները զգոնությունը չեն թուլացնում՝ պատրաստ ամեն պահի ապահովելու խաղաղ գյուղացիների անվտանգությունը:

-Ձեզ հետ միասին եղանք հենակետերից մի քանիսում: Մեծ մասում ինժեներական աշխատանքներ են իրականացվում:

-Սահմանագծի ամբողջ երկայնքով ինժեներական կահավորման լայնածավալ աշխատանքներ ենք նախաձեռնել: Առայժմ առավել խորացված աշխատանքներ են իրականացվում պաշտպանական մեկ ուղղությամբ, բայց աստիճանաբար անցնելու ենք մյուս թևերին: Ընդհանրապես, առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործումն անընդհատ է: Նոր, բարեկարգված հենակետերում առկա են հաստ պաշտպանիչ պատեր, հաղորդակցման լրացուցիչ ուղիներ, թաքստոցներ և այլն: Անում ենք ամեն ինչ, որ մեր զինծառայողը պաշտպանված, ապահով խրամաբջջից դիտարկում կատարի և անհրաժեշտության դեպքում՝ կրակ վարի: Մարտական հերթապահություն կատարող զինծառայողի անվտանգության ապահովումն առաջնահերթ է:

-Նաև նոր կառուցված հենակետեր տեսանք:

-Հակառակորդը տեղում չի դոփում, նույնպես ամրաշինական աշխատանքներ է իրականացնում: Մենք պետք է ժամանակին հակազդենք նրանց գործողություններին, ավելին՝ թելադրող լինենք այս հարցում, որ կարողանանք հենակետերի առավել նպաստավոր դիրք զբաղեցնել, ապահովել հակառակորդին վերահսկելու լայն տեսադաշտ: Հակառակորդի տեղաշարժման ուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները միշտ հասանելի են մեզ համար: Վստահ կարող եմ ասել՝ ինժեներական աշխատանքների շնորհիվ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ...-Նման պայմաններում անհրաժեշտ է ավելացնել նաև կրակային խոցման հնարավորությունները: Որքանո՞վ է առաջնագիծը համալրված անհրաժեշտ զինատեսակներով:

-Զորամասի զինանոցը պարբերաբար համալրվում է նոր զինատեսակներով: Դիրքերում տեղադրված են տարբեր տրամաչափի կրակային խոցման միջոցներ: Դրանց կիրառման անհրաժեշտությունը որոշվում է իրավիճակին համապատասխան: Ունենք կռվելու, մարտ վարելու բոլոր հնարավորությունները: Կան գնդացրային փակ խրամաբջիջներ, հրետանային կրակից պատսպարվելու թաքստոցներ, ապահով և պաշտպանված քողարկված կրակակետեր և այլն:

-Հարաբերական անդորրի պայմաններում ինչպիսի՞ն է ստորաբաժանումների մարտունակությունը:

-Մեր ստորաբաժանումները պարբերաբար մեկնում են առաջնագիծ, տեղում վարժանքներ անցկացնում՝ սովորելով կիրառման շրջանում անցնել պաշտպանության, տեղանքը ճիշտ օգտագործել ու գրագետ մարտ վարել: Արդեն նշեցի, որ զորամասի մշտական տեղակայման վայրում հատկապես ժամկետային զինծառայողների մարտական պատրաստության առավել շատ ժամանակ ու հնարավորություններ ենք ստացել: Այնպես որ, մարտունակության խնդիր չունենք: Առաջնագծի մեր զինվորը հստակ հասկանում է սահմանի հուսալի պահպանության կարևորությունը: Հարաբերական խաղաղության պայմաններում էլ պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Իսկ եթե հակառակորդը փորձի սրել իրավիճակը, մենք կզսպենք նման քայլերը…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/05/2019