ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2019Թ. ԾՐԱԳԻՐԸ
Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.:
2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունները խթանելն է՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը: Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցությանը, կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ:
Խորագիր՝ Նորություններ