ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(1992-1993թթ. հունիս)
1992
Հունվարի 6 – Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձբալթյան հանրապետությունների, Հայաստանի ներկայացուցիչներ, լրագրողներ: Գերագույն խորհուրդը, 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակագիրը: Հաջորդ օրը Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվում 32-ամյա Արթուր Մկրտչյանը, իսկ Օլեգ Եսայանը` ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահ:
Հունվարին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ձեռնամուխ են լինում ադրբեջանական կրակակետերի ոչնչացմանը: Դրանք տեղակայված էին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում և ամեն օր հրթիռահրետանային գնդակոծության էին ենթարկում քաղաքը: Այս գործողությունների արդյունքում 1992թ. հունվար-փետրվար ամիսներին ազատագրվում են Մալիբեյլի, Ղուշչիլար, Կրկժան, Խոջալու բնակավայրերը:
Հունվարի 28 – Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հունվարի 30 – ԱՊՀ երկրները, այդ թվում` Հայաստանը, դառնում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի անդամ: 1995թ. հունվարի 1-ից կառույցը կոչվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ):
Փետրվարի 23 – ԼՂՀ ԳԽ նախագահությունն ընդունում է «ԼՂՀ զինված կազմավորումների իրավական կարգավիճակի մասին» որոշումը: Արցախի պաշտպանությունն ապահովող բոլոր ջոկատները միավորվում են ԼՂՀ Ինքնապաշտպանական Բանակի շտաբի հրամանատարության ներքո: Շտաբի պետ է նշանակվում գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը:
Փետրվարի 28 – ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց խորհուրդը դիմում է Ռուսաստանին և Ղազախստանին` Բաքվին միջնորդելու, որպեսզի դադարեցվի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
Մարտի 5-6 – Խոջալուի անկումից հետո Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը սրվում է: ԱՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից ազատվում է Է. Կաֆարովան: Հաջորդ օրը Ժողճակատի ճնշման տակ հրաժարական է տալիս Ադրբեջանի նախագահ Մութալիբովը: Նախագահի պարտականությունների կատարումը ստանձնում է Ադրբեջանի ԳԽ նորընտիր նախագահ Յաղուբ Մամեդովը:
Փետրվար – մարտ ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնություն է ցույց տալիս Իրանը: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին ներկայացնում է հակամարտության կարգավորման ծրագիր, որով տարածաշրջանում պետք է տեղակայվեին խաղաղարար բազմազգ ուժեր, այդ թվում` իրանական: Իրանի նախաձեռնությունն արժանանում է Ռուսաստանի աջակցությանը:
Այդ նույն ժամանակ ակտիվացել էր նաև Թուրքիան. ԱԳ նախարար Չեթինը ներկայացրել էր հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի տեղաբաշխման ծրագիրը, սակայն այն չէր ընդունվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից:
Մարտի 16 – Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ստորագրում են, այսպես կոչված, Թեհրանի համաձայնագիրը, որով մեկշաբաթյա զինադադար էր հաստատվում հակամարտության կողմերի միջև:
– Երևան է ժամանում Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը: ՀՀ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նա հայտարարում է, որ Թուրքիան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԽ շրջանակներում:
Մարտի 21 – Մարդասիրական միջանցք բացելու նպատակով Ստեփանակերտ է ժամանում Ֆրանսիայի սոցիալական և մարդասիրական հարցերով նախարար Բերնար Քուշները: Նա իր հետ բերել էր դեղորայք, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, սակայն Աղդամում ադրբեջանցիները բռնագրավել էին մարդասիրական բեռի մեծ մասը` թողնելով միայն դեղորայքը:
Մարտի 24 – Հելսինկիում ԵԱՀԽ խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվում Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկում խորհրդաժողով հրավիրել, որի կազմում էին Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխոսլովակիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Շվեդիան, Թուրքիան և ԱՄՆ-ն:
Մարտի 26 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ ձեռնպահ է մնում հակամարտության գոտում խաղաղարար առաքելությունից, սակայն պատրաստ է ամեն գնով աջակցել ԵԱՀԽ-ին:
– ԼՂՀ նախարարների խորհրդի որոշումով ստեղծվում է ԼՂՀ պաշտպանության կոմիտեն, որի նախագահ է նշանակվում Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 3 – ԼՂՀ ԳԽ նախագահության որոշումով ստեղծվում է ԼՂՀ պաշտպանության խորհուրդը, որի նախագահ է դառնում Արթուր Մկրտչյանը:
– Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:
Ապրիլի 10 – Ադրբեջանական ստորաբաժանումները գրավում են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և ոչնչացնում այնտեղ մնացած ծերերին, կանանց ու երեխաներին. սպանվում է 50-ից ավելի մարդ, ավելի քան 100 մարդու տանում են անհայտ ուղղությամբ:
Ապրիլի 29 – Ադրբեջանական բանակի շուրջ 2 հազար զինվորներ երկու ուղղություններով հարձակվում են Ստեփանակերտի վրա: Ինքնապաշտպանական բանակի մարտիկները մեծ դժվարությամբ կարողանում են կասեցնել հակառակորդի հարձակումը և ետ շպրտել նրանց:
Մայիսի 1 – ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն Հելսինկյան խորհրդաժողովում քննարկում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը և որոշում դիտորդներ ուղարկել հակամարտության գոտի:
Մայիսի 2 – Բաքու է ժամանում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը (Ապրիլի 27-ից մայիսի 3-ը նա այցելել էր նախկին ԽՍՀՄ թուրքալեզու հանրապետություններ): Բաքվում Դեմիրելը հայտարարում է, որ ինքը մշտապես լինելու է Ադրբեջանի կողքին. «Մենք ունենք նույն լեզուն, նույն արյունը, նույն մարմինը»,- ասում է նա:
Մայիսի 5 – Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է միջնորդել բանակցային գործընթացում և ԼՂ հակամարտության կարգավորման համար ստեղծում է միջնորդական հատուկ առաքելություն:
Մայիսի 8 – Իրանի նախագահ Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան են մեկնում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահ Յաղուբ Մամեդովը` քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ:
– ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը սկսում են Շուշիի ազատագրման գործողությունը: Ոչնչացնելով քաղաքի մերձակա ադրբեջանական կրակակետերը` հայկական ուժերը մայիսի 9-ին մտնում են Շուշի:
Մայիսի 14-15 – Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովը իշխանությունը զավթելու փորձ է անում, սակայն 1 օր անց ստիպված է լինում փախչել Մոսկվա:
Մայիսի 15 – Տաշքենդում ԱՊՀ երկրները ստորագրում են Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը:
Մայիսի 18 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը, զարգացնելով հաջող հարձակումը, ազատագրում են Լաչինը (Բերձոր) և վերականգնում Հայաստանի հետ ցամաքային ճանապարհը: Մի քանի օր անց Հայաստանից սկսում են Արցախ ուղարկվել մարդասիրական առաջին բեռները:
Մայիսի 19 – ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն Մինսկի խորհրդաժողովի անցկացման համար հատուկ նախապատրաստական հանդիպում է կազմակերպում, որը տեղի է ունենում հունիսի 1-6-ը Հռոմում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել, քանի որ նրանք հրավիրված էին որպես Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Հունիսի 7 – Ադրբեջանի նախագահ է ընտրվում Ժողճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը:
Հունիսի 12 – Ադրբեջանական բանակը, օգտագործելով նախկին ԽՍՀՄ ստորաբաժանումներն ու սպառազինությունը, լայնածավալ հարձակում է սկսում ԼՂՀ-ի դեմ: Հունիս ամսվա ընթացքում նրանք գրավում եմ Շահումյանի շրջանն ամբողջությամբ ու Մարտակերտի և Ասկերանի շրջանների մի մասը:
Հուլիսի 5 – Ադրբեջանական զինյալները գրավում են ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Հուլիսի 26 – Ստեփանակերտ է ժամանում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը` ներկայացնելով ռազմական գործողությունները դադարեցնելու նախնական ժամանակացույց: Այդ փաստաթղթով նախատեսվում էր շփման գծից հեռացնել ռազմական ծանր տեխնիկան և հրետանային կայանները, հատուկ սահմանված վայրերում տեղակայել միջազգային դիտորդներին, որից հետո բանակցությունները պետք է ընթանային ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդությամբ: Այս ծրագիրը չի ընդունում Ադրբեջանը:
Հուլիսի 28 – Հռոմ է մեկնում ԼՂՀ պատվիրակությունը (Բ. Առուշանյան, Հ. Խաչատրյան)` մասնակցելու ԵԱՀԽ քննարկմանը: ԼՂՀ ներկայացուցիչները հուլիսի 5-ին հրաժարվել էին մասնակցել քննարկմանը, քանի որ ԼՂՀ կարգավիճակը հստակեցված չէր: Երկրորդ հանդիպման ժամանակ Մարիո Ռաֆայելլին ուղարկել էր հատուկ նամակ-հրավեր, և հայկական պատվիրակությունը ներկայացված էր որպես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն:
Օգոստոսի 5 – ԵԱՀԽ 11 երկրների ներկայացուցիչների` Հռոմի խորհրդակցությունը ավարտվում է անարդյունք: Որոշվում է սեպտեմբերին նոր հանդիպում կազմակերպել:
Օգոստոսի 11 – Ադրբեջանում հայտարարվում է 1991-92թթ. զորացրվածների զորահավաք:
– ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունում է 907 բանաձևը, որով դատապարտվում էր Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում և արգելում էր ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին (2001թ. հոկտեմբերին ԱՄՆ սենատը դադարեցնում է այս բանաձևի գործունեությունը):
Օգոստոսի 13 – ԼՂՀ ԳԽ նախագահության որոշումով հանրապետության ողջ տարածքում հայտարարվում է ռազմական դրություն և 18-ից 45 տարեկան տղամարդկանց զորակոչ:
Օգոստոսի 15 – ԼՂՀ ԳԽ որոշումով կազմավորվում է Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ), որի նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը:
Օգոստոսի 16 – Հայկական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում Վազգեն Սարգսյանը և կոչ անում ստեղծել Մահապարտների գումարտակներ, որոնք կռվելու են ռազմաճակատի ամենադժվարին մասերում: Երկու օր անց կամավորների առաջին խմբերը մեկնում են Արցախ: Մահապարտները մարտնչում են ամենաթեժ կետերում և կարողանում են կանգնեցնել թշնամու առաջխաղացումը:
Օգոստոսի 29 – Ալմաթիում տեղի է ունում Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որտեղ ստորագրվում է կրակի դադարեցման համաձայնություն, որը, սակայն, անմիջապես խախտում են ադրբեջանցիները: Հունիս-սեպտեմբեր ամիսների բանակցային գործընթացում նկատվում է ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշումը, որը պայմանավորված էր ռազմաճակատում ձեռք բերված հաջողություններով:
Սեպտեմբերի 3 – Էլչիբեյը հայտարարում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանը գերադասում է համագործակցել ոչ թե առանձին պետությունների, այլ` կազմակերպությունների հետ: Նա բարձր է գնահատում ԵԱՀԽ նախաձեռնությունը:
Սեպտեմբերի 7 – Բաքու է ժամանում «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության ներկայացուցիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մագարեթ Թետչերը: Սկսվում է «նավթային քաղաքականությունը»:
Սեպտեմբերի 7-9 – Հռոմում տեղի է ունենում Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական հերթական խորհրդակցությունը, որը ոչ մի որոշում չի ընդունում: Ադրբեջանը բանակցությունների նախապայման էր համարում Շուշիի և Լաչինի վերադարձն իրեն:
Սեպտեմբերի երկրորդ կես – Ադրբեջանական լայնածավալ հարձակումը սկսում է խեղդվել: Բաքվում և այլ խոշոր քաղաքներում տեղի են ունենում բողոքի հանրահավաքներ, որտեղ քննադատում են Էլչիբեյին` Ղարաբաղյան ռազմաճակատում հազարավոր երիտասարդների մահվան համար: Զուգահեռաբար ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը կարողանում են կայունացնել իրավիճակը ռազմաճակատի գծում: Որոշ տեղերում հայերն անցնում են հակահարձակման: Հյուսիսային Արցախում` Շահումյանի անտառներում, ստեղծվում են պարտիզանական ջոկատներ:
Սեպտեմբերի 19 – Սոչիում տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպում, որի ժամանակ ստորագրվում է երկու ամսով կրակի դադարեցման համաձայնագիր, որը նույնպես չի իրականանում:
Սեպտեմբերի 27 – Բաքվում Մեծ Բրիտանիայի առևտրի և արդյունաբերության նախարար Մայքլ Էզլտանը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի հետ, որից հետո նա հայտարարում է, որ Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մասը և ճանաչում է վերջինիս տարածքային ամբողջականությունը:
Հոկտեմբերի 10 – ԼՂՀ ՊՊԿ-ի որոշումով հանրապետությունում սկսում են զորակոչել նաև 18 տարին լրացած ուսանողների:
Նոյեմբերի 4-6 – Հայաստանից, ԼՂՀ-ից և Ադրբեջանից հեռանում են Սոչիի համաձայնագրով այնտեղ գտնվող ռուսական ռազմական դիտորդները:
Նոյեմբերի 17 – ԼՂՀ ԳԽ-ն հաստատում է ԼՂՀ զինանշանը և օրհներգը:
Դեկտեմբերի 12 – Ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը: Ռումբի պայթյունից 19 մարդ է զոհվում:
1993
Հունվարի 8 – Կողմերին առաջարկվում է ԼՂ հակամարտության կարգավորման նոր ձևաչափ` 5+1 (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան + ԼՂՀ): Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կտրականապես մերժում է Թուրքիայի մասնակցությունը, քանի որ վերջինս անթաքույց աջակցում էր Ադրբեջանին:
Հունվարի 18-24 – Մարիո Ռաֆայելլին այցելում է Բաքու և Երևան:
Հունվարի 28 – Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև, որով Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը որակում է որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում:
Փետրվարի 6-8 – Շվեյցարիայում հանդիպում են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն I-ը և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն: Նրանք կոչ են անում երկու երկրների ղեկավարներին ամեն կերպ աջակցել ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի միջնորդական նախաձեռնություններին:
Փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը աստիճանաբար ուժեղացնում են ճնշումն ադրբեջանական ստորաբաժանումների վրա: Ազատագրվում են Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրեր: Միաժամանակ, հայկական հրամանատարության համար ակնհայտ է դառնում, որ առանց Քարվաճառի ազատագրման անհնար է Մարտակերտի պաշտպանությունը:
Փետրվարի 23 – Մարտակերտի ճակատից նահանջում են Սուրաթ Հուսեյնովի ստորաբաժանումները: Սա առիթ է դառնում, որպեսզի Հուսեյնովին մեղադրեին ռազմական անհաջողությունների համար և հեռացնեին ռազմաճակատի հրամանատարի պաշտոնից:
Մարտի 1 – Հռոմում տեղի է ունենում Մինսկի խմբի հերթական` չորրորդ հանդիպումը:
Մարտի 31 – Ապրիլի 6 – Ադրբեջանը տապալում է Ժնևում ընթացող «5+1» ձևաչափով բանակցությունները` միակողմանի հրաժարվելով հետագա մասնակցությունից:
Մարտի 27 – Ապրիլի 5 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի իրականացրած փայլուն գործողության արդյունքում ազատագրվում է Քարվաճառի շրջանը:
Ապրիլի 21 – Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է ԼՂ հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակ, սակայն ապրիլի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ 822 բանաձևի ընդունումից հետո այդ տարբերակն այլևս չի քննարկվում:
Ապրիլի 30 – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է 822 բանաձևը, որով պահանջում էր հայկական զինված կազմավորումներին դուրս գալ «ադրբեջանական օկուպացված տարածքներից»: Հարկ է նշել, որ բանաձևի ամբողջական իրագործումը ձեռնտու չէր Ադրբեջանին. նրանք ցանկանում էին հասնել այն բանին, որ միջազգային ճնշման տակ հայկական ուժերը դուրս բերվեին Քարվաճառից, իսկ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը չէր համապատասխանում ադրբեջանցիների մտադրություններին:
Մայիսի 18 – Կողմերին առաջարկվում է հակամարտության կարգավորման նոր ձևաչափ` 3+1 (Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա), սակայն Լեռնային Ղարաբաղը մերժում է այն` նշելով, որ նախաձեռնությունը չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Հունիսի 3-4 – Հռոմում Մինսկի խմբի 9 երկրների (Գերմանիա, ԱՄՆ, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Շվեդիա, Չեխոսլովակիա, Թուրքիա) ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ կողմերին է ներկայացվում ՄԱԿ-ի ԱԽ 822 բանաձևի իրականացման անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը:
Հունիսի 11 – ԼՂ-ն մերժում է ժամանակացույցի ընդունումը` պատճառաբանելով այն մտավախությամբ, որ Ղարաբաղի ժողովուրդը հերթական անգամ կարող է խաբվել:
Հունիսի 13 – Հրաժարական է տալիս Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Իսա Ղամբարը:
Հունիսի 14 – Գանձակում հանդիպում են Հ. Ալիևը և Ս. Հուսեյնովը: Վերջինս պահանջում է Էլչիբեյի հրաժարականը:
Հունիսի 17 – Ադրբեջանի Ժողճակատի նախկին անդամ Ալիքրամ Գումբատովը հռչակում է Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետությունը:
Հունիսի 18 – Հ. Ալիևը ստանձնում է երկրի ղեկավարությունը:
Հունիսի 27 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ազատագրում են Մարտակերտ քաղաքը, որը նախորդ տարվա ամառվանից գտնվում էր ադրբեջանական բանակի վերահսկողության տակ:
(շարունակելի)
ՄԻՔԱՅԵԼ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ