Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻՆ ՆԱՅԵՆՔ ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԶԱՎԱԿԻՆ



Հարցազրույց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։

-Պարոն գեներալ-լեյտենանտ, «Հայ զինվոր» թերթը թեպետ ուշացումով, սրտանց շնորհավորում է Ձեր ծննդյան 55-ամյա տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուժ ու կորով: Ձեր ծննդյան օրը բոլորը խմել են Ձեր կենացը, հետաքրքիր է իմանալ, Դուք ի՞նչ կենաց եք խմել:

-Մաղթանքների համար շնորհակալ եմ: Ես բաժակ եմ բարձրացրել մարտնչած եւ հաղթած հայ ժողովրդի համար, խաղաղություն եւ միասնություն եմ մաղթել իմ ժողովրդին:

-Որպես հայաստանցի, Հայաստանում ապրող մարդ, բանակի ստեղծման ակունքների մոտ կանգնած ու պատերազմի քուրայով անցած զինվորական, այսօր ի՞նչն է Ձեզ մտահոգում:

-Մտահոգություններ շատ կան: Այն ամենը, ինչ վերաբերում է մեր անկախությանն ու երկրի հզորացմանը, հայ ժողովրդի միասնությանը` մտահոգում է ինձ: Իսկ բանակի առումով մտահոգությունս խորքից է գալիս: Բանակը օդի մեջ չի կազմավորվում: Բանակը կազմավորվում է ընտանիքից, դպրոցից, ողջ հասարակությունից: Հասարակության մեջ եղածը անպայման արձագանք է ստանում բանակում:

Մենք բանակին պիտի նայենք, ինչպես նայում ենք մեր զավակներին, մենք պարտավոր ենք հոգատար եւ արդարադատ լինել մեր բանակի հանդեպ, ինչպես որ մեր զավակների հանդեպ ենք եւ ոչ թե բանակում սխալ, թերություն գտնենք, այլև մեր մեջ, մեր վերաբերմունքի մեջ գտնենք սխալը, թերացումը բանակի հանդեպ: Բանակը մեր զավակն է, մեր երեխան է: Սպարապետ Վազգեն Սարգսյանը բանակի մասին խոսելիս ասում էր. «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»: Մենք պետք է մեր զավակի պես սիրենք մեր բանակը, նրա լավն ու վատը մերը համարենք:

-Ղարաբաղի հարցի լուծման առնչությամբ Ձեր մոտեցումները չե՞ն փոխվել:

-Իհարկե, մոտեցումներս չեն փոխվել, ես դեմ եմ թեկուզ մի թիզ հող հետ տալուն: Այդ մի թիզ հողի համար արյուն կա թափված: Մենք չենք նվաճել: Մենք ընդամենը ազատագրել ենք այն, ինչ դարերով պատկանել է մեզ: Եթե տարածքների փոխանակման խնդիր կա, դա դիվանագետների հարցն է: Բայց, եթե հող ես տալիս, ուրեմն` արյունդ ես տալիս, ուրեմն` խոստովանում ես, որ չես կարող այն պաշտպանել: Ես ո՞նց կարող եմ համաձայնել արյան գնով ազատագրված հողերը հանձնելուն:

Եվ, ընդհանրապես, ձեզ չի՞ թվում, որ բոլորից շատ լրագրողներն են խոսում հողերը հանձնելու մասին: Հանեք այդ հարցը: Մենք ոչ մեկին տալու ոչ մի բան չունենք: Արցախի անկախ պետությունն արդեն 20 տարեկան է: 20 տարի է` խոսում են, բայց տեսնո՞ւմ եք` Արցախը մնում է իր սահմաններին տեր: Առանձնահատուկ շնորհավորում եմ իր 20-ամյա անկախությունը վայելող արցախահայությանը:

-Երկու բառով ի՞նչ կպատասխանեք ադրբեջանցիների ռազմական ուժի հզորացման մասին խոսակցություններին:

-Ես մի քանի անգամ տարբեր առիթներով արդեն ասել եմ, նորից եմ ասում. մեզ չի վախեցնում ադրբեջանցիների քանակը եւ ոչ էլ իրենց զինվածության մասին հայտարարությունները: Պատերազմի ժամանակ էլ էր այդպես, նրանք քանակով շատ էին եւ մինչեւ ատամները զինված: Բայց դա նրանց չօգնեց: Հիմա էլ թող փորձեն: Եթե էն ժամանակ մեկին տասն են կորցրել, հիմա մեկին քսան կկորցնեն: Թող փորձեն: Շատ ունեցողը` շատ է կորցնում: Շատ խոսողը` շատ էլ տուժում է:

-Տեսնում եմ` առաջվանն եք, բնավ չեք փոխվել։ Ձեզ տեսել եմ պատերազմի տարիներին, այսօր էլ նույնն եք՝ խրոխտ կեցվածքով ու վստահ։

-Այո՛, չեմ փոխվել։ Մանվել Գրիգորյանը երբեք չի փոխվել ու չի փոխվի։ Իմ տեսակը փոխվող տեսակ չէ։

-Այսօր ի՞նչ է անհրաժեշտ հայ մարդուն` ճիշտ ու արժանապատիվ ապրելու համար:

-Սեր` սեփական երեխայի հանդեպ, սեր` ընտանիքի հանդեպ, սեփական ժողովրդի, երկրի ու պետության հանդեպ: Այսօր մեզ խանգարում է համատարած ատելությունը, իրար չհանդուրժելը, իրար չսիրելը, իրարից պահանջելը: Եթե ամեն ինչի մեջ սեր լինի, ատելությունը կպակասի, երկրում կայունություն կլինի, ու յուրաքանչյուրս կապրենք արժանապատիվ, կգնահատենք մեր անկախությունը, կվստահենք նոր սերնդին եւ ազգովի, առողջ մտածողությամբ կաշխատենք երկրի ապագայի համար:

-Պարոն Գրիգորյան, Էջմիածինն այսօր իրավամբ համարվում է հանրապետության ամենամաքուր քաղաքներից մեկը…

-Քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր գործը գիտի: Նա սիրում է իր քաղաքը եւ ջանում է ամեն ինչ անել: Ես ե՛ւ վստահում եմ նրան, ե՛ւ երբեմն էլ խորհուրդներ եմ տալիս, որովհետեւ Էջմիածինը բոլորիս քաղաքն է: Քաղաքապետին ժողովուրդն է ընտրել, նա էլ աշխատում է ժողովրդի համար:

Էջմիածինը հայ ժողովրդի քաղաքն է: Եվ այսօր բոլորը միասնաբար հոգում են քաղաքի հոգսերը:

-Պարոն գեներալ, ԵԿՄ-ն ստեղծվեց եւ կազմավորվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով: Արդյոք ԵԿՄ-ն շարունակո՞ւմ է գործել այն ոգով, որը նրան հաղորդել էր Սպարապետը, եւ արդյոք կառույցն իր գործունեությամբ երբեւէ չի՞ շեղվել Վազգեն Սարգսյանի մատնանշած ուղեգծից:

-Հայ ժողովրդի պատմությունն սկսվում է երկրապահից: Առաջին երկրապահը Հայկ Նահապետն է եղել: Երկրապահը երբեք չի շեղվել իր պատմությունից: Տարբեր ժամանակներում տարբեր անվանումներ է ունեցել, բայց նպատակը, պայքարը` չի փոխվել: Մեր ժամանակներում ԵԿՄ-ն ստեղծվեց եւ կազմավորվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով: Եվ ԵԿՄ-ն Սպարապետին հռչակեց իր հավերժ նախագահը, իր հավերժ առաջնորդը:

ԵԿՄ-ն միշտ էլ ընթացել եւ ընթանում է Սպարապետի մատնանշած ուղեգծով, այլ ճանապարհ չկա: Ես միշտ պահել ու պահելու եմ Սպարապետի նշած ուղին: Եթե ուսումնասիրեք, կզգաք, կտեսնեք, որ մեր ամեն մի քայլի մեջ, ամեն մի միջոցառման ժամանակ Սպարապետը միշտ ներկա է:

-ԵԿՄ կողմից ստեղծված «Պատանի» եւ «Երիտասարդ» երկրապահների կառույցները ի՞նչ նպատակ են հետապնդում:

-Ի տարբերություն հանրապետությունում գործող հազարավոր կազմակերպությունների` ԵԿՄ-ն չծերացող, միշտ թարմացող, երիտասարդացող կառույց է, որովհետեւ երկրապահի առաքելությունը նույնն է, ինչ հայ ժողովրդի առաքելությունը: Ինչպես ժողովուրդը չի կարող ծերանալ, այդպես էլ երկրապահը չի կարող ծերանալ: Երիտասարդ երկրապահները, պատանի երկրապահները գալիս են շարունակելու մեր սերնդի երկրապահի գործը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը: Տեր են կանգնելու մեր սերնդի երկրապահների գործին եւ անպայման եղածին ավելացնելու են նոր ձեռքբերումներ: Ահա այս նպատակով էլ երիտասարդ եւ պատանի երկրապահների կառույցները իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Մենք պիտի վստահենք նրանց, մենք պիտի սերունդ դաստիարակենք եւ այդ դաստիարակված սերնդին երկիր հանձնենք, որովհետեւ երկրի ապագան նրանք են:

-Պարոն գեներալ, Ձեր կողմից դեպի Արցախ եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններ կազմակերպվող ավանդական ուխտագնացությունը մեծ ոգեւորությամբ ընդունվում է ժողովրդի կողմից: Ո՞րն է ուխտագնացության գլխավոր նպատակը:

-Ճիշտ եք նկատել, հայ ժողովուրդն ամենուրեք ոգեւորությամբ է ընդունում երկրապահ-ուխտագնացներին: Ուխտագնացությունը մեզ համար չավարտված պատերազմի շարունակությունն է, ձեռք բերած խաղաղության ամրապնդումն է, նահատակ հերոսների փառավորումն է, սահմանապահ գյուղերում, ազատագրված գյուղերում ապրող ժողովրդի մեծարումն է, որովհետեւ սահմանի բերանին ապրող մարդը ե՛ւ երկրապահ է, ե՛ւ սահմանապահ է, ե՛ւ պետության հզորությունը պահող քաղաքացի է: Ուխտագնացության բուն նպատակը ժողովրդին ոգեւորելն է, ժողովրդին հավատացնելը, որ երկրապահը միշտ նրա կողքին է, որովհետեւ սահմանապահ գյուղից է պաշտպանվում Երեւանը, Երեւանից է պաշտպանվում սահմանը:

-Ժամանակ գտնու՞մ եք «Հայ զինվոր» թերթն աչքի անցկացնելու համար, եթե այո, ապա ինչի՞ մասին կուզենայիք, որ բանակի թերթը շատ գրի:

-Իհարկե, երբեմն-երբեմն թերթում եմ «Հայ զինվորը»: Բանակի թերթը պիտի գրի բանակի մասին, ձեռք բերած հաղթանակի մասին, պիտի գրի հարազատի գրչով, ցավը ապրողի, խնդրի լուծումը առաջարկողի մոտեցմամբ: «Հայ զինվոր» թերթը պետք է լինի հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի եւ զինվորի ծնողի թերթը, բոլորի թերթը: «Հայ զինվոր» թերթը պետք է լինի հաղթանակի թերթը: Գոնե մեր թերթում զորակոչիկը, զինվորը, նոր սերունդը պիտի կարդա, թե մեր սերունդը ինչպես կարողացավ Արցախյան ազատամարտում մեկը հարյուրի դեմ մարտնչելով` հաջողություն ու հաղթանակ ապահովել հայ ժողովրդին: «Հայ զինվոր» թերթը մագաղաթ է, պատմություն:

-Ձեր մաղթանքները հայ ժողովրդին ու զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

-Մաղթում եմ խաղաղություն: Խաղաղություն հայ ժողովրդին: Խաղաղություն հայոց բանակին: Տարածաշրջանի խաղաղության գրավականը, ինչպես նաեւ հայ ժողովրդի խաղաղության գրավականը հայոց բանակն է: Շնորհավորում եմ հայոց բանակին եւ հայ ժողովրդին` անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Անկախության տոնը ամբողջ աշխարհում սփռված հայության տոնն է: Մեր ուժը մեր միասնության եւ հանդուրժողականության մեջ է: Մաղթում եմ միասնություն հայ ժողովրդին:

Զրույցը վարեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
մայոր
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/09/2011