Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՅՈ՛», ՈՐ ԿՀԻՇՎԻ ԵՎ ԿՓԱՌԱԲԱՆՎԻ ԴԱՐԵՐՈՒՄ



Հայոց ճանապարհն է դա՝ վերելքներով եւ վայրէջքներով, սլացքներով եւ անկումներով, ու թեեւ պարտություններ էլ ունեցանք, դառը կորուստներ, բայց հաղթանակն էլի մերը եղավ՝ հինավուրց ազգն ապրեց, որովհետեւ չուզեց մեռնել։ Ճյուղակոտոր արեցին հայոց ծառը, բայց զորընդեղ էին արմատները, եւ ծառը վերընձյուղվեց։ Մաքառեց ազգը եւ ապրեց, որովհետեւ դեռ ճանապարհ ուներ անցնելու, եւ այդ ճանապարհը, վաղնջական ժամանակներից իր սկիզբն առնելով, հաղթահարելով ճակատագրի հազարումի կեռման, վիհ ու անդունդ, բերելու-հասցնելու էր մեզ 20-րդ դար, որը 1991 թվականի սեպտեմբերի 21 էր ունենալու՝ հայոց նոր, անկախ պետականության ծննդյան փառահեղ տարեթիվն ու օրը։ Մեր ազգային օրացույցի ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենափափագելի էջն է դա, ազատության եւ անկախության մեր դարավոր իղձի իրականացման հավերժական, անժամկետ վավերացումը, մեր անցած ճանապարհի ամենաբարձր նշաձողը։

Ամեն ինչ օրինական էր լինելու՝ հանրաքվեով, որի հնարավորությունն ընձեռում էր Սահմանադրությունը, եւ դա այդպես էլ եղավ՝ ժողովրդի հավաքական որոշմանը ներկայացվեց մեկ հարց. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»։

Ժողովուրդն այս հարցին տվեց իր հաստատակամ պատասխանը՝ «այո՛», որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քվեաթերթիկի հարցը, միայն թե հարցականին փոխարինած շեշտով. «Համաձա՛յն ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»։

Դա ժողովրդի հավաքական որոշումն էր, որով վճռում էր իր երկրի ապագան, իր իսկ ապագան։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո, իր որոշումն ընդունեց նաեւ երկրի բարձրագույն իշխանությունը՝ Գերագույն խորհուրդը։

«Հավատարիմ մնալով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին,

հենվելով մարդու իրավունքների եւ ազգերի ինքնորոշման միջազգային նորմերի վրա,

նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ,

հիմք ունենալով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները,

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն»։

Նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, ամենուր հնչեց եւ տարածվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հայրապետական խոսքը.

«Հայեր, որ ի Հայաստան եւ որ ի սփյուռս աշխարհի, արթնացեք եւ ուխտեցեք մնալ հավատարիմ ազատն Հայկ Նահապետին եւ մեր հոգիների Լուսավորչին ամենասուրբ։

Ողջույն եւ օրհնություն Հայաստանի ինքնիշխան անկախ մեր հանրապետության։

Օրհնություն եւ փառք մեր ազատատենչ ու հավատարիմ անմահ ազգին»։

Համաժողովրդական խանդավառություն էր, եւ ժամանակը վավերացրել է դրա առանձին դրվագներ։

Աշուն էր, սեպտեմբեր, ավանդաբար՝ հարսանիքների ամիս, եւ հանրաքվեի անցկացման Սիսիանի շրջանային հանձնաժողովը որոշեց ընդառաջել այդ սեպտեմբերի 21-ին ամուսնացող զույգերի ցանկությանը՝ իրենց օրհնությունն ստանալ անմիջապես հանրաքվեի տեղամասերում։ Ինքնաբուխ ծնված նման արարողությունները, որ տեղի ունեցան հանրապետության բազմաթիվ գյուղերում ու քաղաքներում, իսկական տոնախմբությունների վերածվեցին՝ յուրովի արտահայտելով ամենուր տիրող համընդհանուր ուրախությունն ու ոգեւորությունը։

Նման տրամադրության արտահայտությունն էր Մարտունու շրջանի Լիճքի գյուղապետի որոշումը՝ դրամական պարգեւ տալ հանրաքվեից եւ անկախության պաշտոնական հռչակումից հետո գյուղում լույս աշխարհ եկած առաջին չորս նորածիններին։ Դա պատվո յուրօրինակ քայլ էր ազատ հանրապետության առաջին նորածնունդ քաղաքացիների հանդեպ։

Քվեարկության տեղամասերում ջահելների հետ նաեւ ծերերն էին, հաճախ՝ թոռների, ծոռների ուղեկցությամբ։ Նույն Մարտունու շրջանի Ձորագյուղում տեղամաս՝ քվեարկելու էր եկել 93-ամյա Աբգար Զաքարյանը կնոջ հետ։ Հավաքվածները նրանց ծափերով դիմավորեցին…

Գորիս քաղաքի թիվ 2 տեղամասում 90-ամյա Շուշան Հովսեփյանին անսովոր նվեր էր սպասում՝ եռագույն գլխաշոր…

Եղան նաեւ այլ դրվագներ։ Շատ ազատամարտիկներ, կամավորականներ չկարողացան մասնակցել քվեարկությանն իրենց բնակության վայրերում, հօգուտ անկախության նրանք «քվեարկում էին» զենքը ձեռքներին, մարտական «տեղամասերում»։ Եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեին՝ Սամվել Վարդանյանը քվեարկությանը կմասնակցեր իր հայրենի Կոտայքի շրջանի Բյուրեղավան գյուղում, բայց, ավա՜ղ, այդպես չեղավ՝ հանրաքվեից մեկ շաբաթ առաջ քաջաբար ընկել էր Մանաշիդի կռվում… Լավ ասացին համագյուղացիները. «Նրա այո-ն արճճի ծանրություն էր ունենալու…»։

Ժողովրդի մասնակցությունը հանրաքվեին զանգվածային էր, եւ ԱՄՆ-ի կոնգրեսական Մայքլ Մըքնոտին, որ Հայաստան էր ժամանել որպես արտասահմանյան դիտորդ, լրագրողներին ասաց. «Ինձ զարմացրեց, թե ինչքան շատ ժողովուրդ է մասնակցում հանրաքվեին, ինչպես նաեւ մարդկանց ոգեւորության աստիճանը»։

Ուշագրավ զուգադիպություն. սեպտեմբերի 22-ին Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձին նվիրված ավանդական տոնախմբությունը եւ նախորդ օրվա տրամադրությունը համակել էր բոլորին, այդ թվում՝ արտասահմանից ժամանած հին մուսալեռցիների սերունդների ներկայացուցիչներին։ Թնդաց մուսալեռցի Բալաբանյան գերդաստանի կողմից Մուսալեռ բերված 105 տարեկան թմբուկը, եւ հավաքվածները, իրար աչքալույս տալով, խմեցին ազատության, անկախության կենացը։ Հիշվեց հերոսամարտի մասնակիցներից մեկի մարգարեական դարձած պատգամը՝ «Մի՛ տարակուսեք վերջնական հաղթանակի վրա, մերը պիտի ըլլա այն»։

Մուսալեռցիները կռվում էին հանուն ազատության ու անկախության, եւ ամենայն իրավամբ այդ վերջնական հաղթանակի վավերացումն էր հանրաքվեի «այո»-ն, որ ասվեց ազգովի, միահամուռ եւ միասնական։ Դրանք՝ այդ միահամուռությունը եւ միասնականությունը, մեր ազգային զարթոնքի ամենագեղեցիկ, ամենավառ դրսեւորումներն էին։

Անկախության հռչակումը մեծագույն իրադարձություն էր մեր ազգային կյանքում, եւ, անկասկած, սեպտեմբերի 21-ն ամենագլխավորը, ամենանշանակալիցն է նորանկախ պետության բոլոր տոների մեջ, այդպիսին կմնա նաեւ հետագա ժամանակներում։ Եվ, այնուամենայնիվ, դժվար է սեպտեմբերի 21-ը միայն տոն համարել։ Անկախությունը գործընթաց է, որն ունի սկիզբ, բայց ոչ ավարտ։ Այն դժվարին, պատասխանատու եւ պատվաբեր աշխատանք է, որը չի կարող մեկ օրում վերջանալ, հանուն իր նվիրական նպատակների իրականացման ազգն այդ աշխատանքը կատարում է ամեն օր, ամեն ժամ։

1991-ի սեպտեմբերի 21-ով, ուրեմն, դրվեց անկախության գործընթացի սկիզբը, տրվեց հայոց նոր, անկախ պետականության մեկնարկը։ Իր նշանակությամբ աննախադեպ մի քայլ էր դա հայոց պատմության մեջ, որով աշխարհի հինավուրց ժողովուրդներից մեկը, որ հրաշքով հասել էր 20-րդ դար, շքեղ եւ իմաստալից մուտքով մտավ միջազգային հանրության մեջ, համայն մարդկության ընտանիք, բայց արդեն իր դրոշի ներքո եւ իր պետական օրհներգով։

Դարասկզբին բզկտված, արյունաքամ եղած ազգը դարավերջին կանգնեց ազատ, ինքնիշխան եւ անկախ պետություն ունենալու քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա։ Դա վերադարձ էր դեպի իր ինքնության ակունքները, որ այդպես էլ չխցանվեցին, չպղտորվեցին՝ որքան էլ դաժան եղան ճակատագրի խաղերը։

Դա վերադարձ էր դեպի իր եկեղեցին, առաջին քրիստոնյա պետության հավատը, որ կործանել ուզեցին, բայց չկարողացան, ի զորու չեղան, որովհետեւ առաջին մարտիրոսների եւ Վարդանանց պատերազմի նահատակների արյունը շարունակեց հոսել հայոց երակներում, եւ այդ արյան կենսավիշը փոխանցվեց սերնդեսերունդ՝ թարմանալով նորովի։

Անկախ պետություն ունենալն ամենավստահելի գրավականն է որեւէ ազգի հարատեւման, հայոց ազգի համար՝ առավել եւս, որովհետեւ նրա զավակները ճակատագրի հարվածով սփռված են աշխարհով մեկ եւ մշտապես ենթակա են ուծացման վտանգին։ Այլեւս ազատ, անկախ Հայաստանն է ազգապահպանման ամենամեծ ուժը, նա է տալիս ազգային միասնության ամրապնդման, համախմբման ամենաստույգ հնարավորությունը։

Ազատ, անկախ պետությունն է, որ կարող է դիմադարձ կանգնել ազգին նետված մարտահրավերներին, պաշտպանել ազգը ոտնձգություններից, նրա հենարանն ու զորավիգը լինել դժվար ժամանակներում։

Քսան տարի է անցել հանրաքվեից, եւ անկախության այդ քսան տարիներն ապացուցեցին ժողովրդի ընտրանքի ճշմարտացիությունը։ Քիչ չեղան եւ այսօր էլ կան բազմաթիվ դժվարություններ, չլուծված հարցեր, նորանկախ պետության առաջին քայլերը չեն կարող չհանդիպել խոչընդոտների, բայց համազգային ճիգը, ջանքը չեն կարող չհանգեցնել ցանկալի արդյունքների։ Մեր դարավոր փորձը դա է վկայում։

Մենք ունեցանք վիթխարի ձեռքբերումներ անցած քսան տարիներին, եւ մեր ամենամեծ ձեռքբերումը եղավ հայոց բանակը։

Ազգն իր բանակին տվեց այն ամենը, ինչ ուներ, ոչինչ չխնայեց նրա համար, որովհետեւ գիտեր՝ ինչ է բանակը։ Որովհետեւ գիտեր՝ ում է ծնել, ինչ պայմաններում՝ մարտադաշտում, կռիվների մեջ, ինչ գնով՝ իր զավակների թափած արյամբ։

Հրաշամանուկ էր հայոց բանակը՝ խանձարուր չունեցավ, որովհետեւ ծնվեց զենքը ձեռքին… Ծնվեց հաղթանակով…

Շատ բան տվեց ազգն իր բանակին, բայց տվեց ամենագլխավորը՝ իր կամքը, համառությունը, սերը հայրենիքի նկատմամբ, նվիրվածություն հայրենյաց հող ու ջրին։ Դա է բանակ պահում, զորացնում, դա է նրան ուժ տալիս։

Անկախության քսան տարուց հետո դար է անցնելու, ավելին է անցնելու, եւ բոլոր ժամանակներում հնչելու, փառաբանվելու է այն «այո»-ն, որ ազգովի ասվեց 1991-ի սեպտեմբերի 21-ին։

«Այո՛»՝ Հայաստանի անկախությանը։

«Այո՛»՝ մեր բարգավաճող հայրենիքին։

«Այո՛»՝ մեր ազգային մեծ իղձերի իրականացմանը։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #37 (902) 22.09.2011 – 28.09.2011, Բանակ և հասարակություն


28/09/2011