Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՆ` ԵՐԿՆՔԻՑ…



ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՆ` ԵՐԿՆՔԻՑ...Արցախյան ազատամարտում իրենց անուրանալի վաստակն են ունեցել նաեւ  օդաչուները: Այդ դժվարին ու ծանր ժամանակահատվածում, իրենց կյանքը վտանգելով, գիշեր թե ցերեկ, եղանակային  անբարենպաստ պայմանները հաշվի չառնելով, լեռնային տեղանքի բազում անհաղթահարելի խոչընդոտներ հաղթահարելով, նրանք Արցախ էին  տեղափոխում  կամավորական ջոկատներ, վառելանյութ, մարդասիրական օգնություն, Արցախից՝ վիրավոր, զոհված ազատամարտիկների, բռնագաղթվածների…

Մեր գործն ենք արել՝ ասում են համեստորեն:

Նրանցից ամեն մեկի կյանքը գեղարվեստական վեպի, ֆիլմի փայլուն սյուժե կարող է լինել:

 

-Փոքր տարիքից երազում էի օդաչու դառնալ,- պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, օդաչու-հրամանատար, ինքնաթիռային սպորտի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Միքայել (Միխայիլ) Անդրեասյանը: -Հորեղբայրս օդաչու էր, Մեծ հայրենականի ժամանակ էր զոհվել, պատերազմի հենց առաջին օրերին, ու մերոնք կտրուկ դեմ էին, որ ես երկնքում փնտրեմ իմ ապագան, բայց…

Միխայիլն ընդունվեց Վոլչանսկի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարան:

-Առաջին թռիչքս եմ հիշում պլաներով: Աննկարագրելի զգացողություն էր: Երանությունը սովորաբար համեմատում են յոթերորդ երկնքում լինելու հետ, հենց էդպես էր… Հրճվանքից, ուրախությունից սիրտս ցնծում էր, ու գոռալով, ոգեւորված երգում էի եւ երեւի էնքան բարձր, որ ներքեւում էլ էր ձայնս լսելի….

Հետաքրքիր, զավեշտալի, տխուր ու ուրախ օրերով լիուլի է օդաչուի կյանքը,-շարունակում է Միխայիլը: -Մեզ հաճախ համեմատում են գնչուների հետ՝ սովոր չենք մի տեղ երկար մնալ, երկնքի անհունը միշտ ձգում է մեզ…

Չորս զավակ ունի Միխայիլը՝ երեք որդի եւ մեկ աղջիկ: Երեք զավակների ծնվելու լուրը երկնքում է իմացել…

-Ես եւ երկրորդ օդաչուն՝ անունը նույնպես Միխայիլ, թռչում էինք Լվով: Երկուսիս կանայք էլ հղի էին: Մեկ էլ օդում լսում ենք շնորհավորանք՝ աչքդ լույս, Մխո՛, տղա ես ունեցել: Երկու Մխոներով իրար ենք նայում ու մինչեւ վայրէջք փորձում գուշակել, թե մեզնից որ մեկի երեխան է ծնվել: Իմն էր…

 

♦♦♦

 

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՆ` ԵՐԿՆՔԻՑ...…Հայաստանում իրավիճակը գնալով սրվում էր: Միխայիլի եղբայրը՝ Գեւորգը, կամավորական ջոկատներից մեկի կազմում էր կռվում (հետո անցավ նորաստեղծ բանակի շարքերը, հետախույզ էր: Գեւորգը զոհվել է 1994թ. Մարտակերտում՝ մարտական առաջադրանք կատարելիս):

«Մի եղբայրը ցամաքում է կռվում, մյուսը՝ օդում», կատակում էին ծանոթները:

Մինչ հայկական բանակի ռազմական ավիացիայի ստեղծումը, Հայաստանի քաղավիացիայի օդաչուները հսկայածավալ աշխատանք կատարեցին: Նրանցից շատերն են մասնակցել մեր սահմանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին, թշնամու բազմաթիվ հենակետեր ոչնչացրել:

-Ստեփանակերտի օդանավակայանում խորհրդային զորքերն ու ադրբեջանցիները խիստ հսկողություն էին սահմանել, ու մենք հազարումի հնարքով փորձում էինք գաղտնի զենք-զինամթերք հասցնել կռվողներին: Մարդկային հնարամտությունը չափ ու սահման չունի. մեկ կարտոֆիլի ու ալյուրի պարկերի մեջ էինք տեղավորում զինամթերքը, մեկ՝ մածունով լի հսկայական կաթսայի…

Ամեն րոպե բռնվելու-ձերբակալվելու վտանգը աչքների առաջ էր, ու թռչում էին՝ չգիտենալով՝ կվերադառնան, թե ոչ: Քանի՞ անգամ են զգացել մահվան շունչը, քանի՞ անգամ մահից փրկվել…

Միխայիլն իր ծնունդը տարվա մեջ երեք անգամ է նշում: Մեկը՝ իսկականը՝ ծննդականովը, փետրվարի 3-ին է, մյուսները՝ մարտի 27-ն ու մայիսի 9-ը, համարում է վերածնունդ՝ շահած կյանք…

-1992թ. մարտի 27-ին ինքնաթիռի բեռը տեղ էինք հասցրել ու վերադառնում էինք Հայաստան, երբ մեր օդանավը սկսեց անհասկանալիորեն տարուբերվել: Բորտ-մեխանիկ Լյովային ասացի, որ ստուգի շարժիչը: Քիչ անց վերադարձավ. «Գրադը» թխալ ա…»:

Ինքնաթիռի ձախ շարժիչը շարքից դուrս էր եկել, մեջտեղի շարժիչն էլ շուտով խափանվեց: Օդանավում 40 երեխա կար: Պատերազմ տեսած երեխեք էին, աչքերի մեջ վախ ու սարսափ: Երեւանից նրանք այնուհետեւ պիտի թռչեին Սոչի:

-Հավատացե՛ք, միայն ու միայն մտածում էինք՝ փոքրիկներին ողջ-առողջ, անփորձանք տեղ հասցնենք: Մահվան բերանից նոր էին փրկվել էդ մատղաշ երեխեքը, ու նոր պատուհաս….

Սակայն փորձառու անձնակազմը մի շարժիչով, խափանված արգելակներով կարողացավ բարեհաջող վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Հրաշք էր…

-Մեկ-մեկ մտածում եմ. տեսնես՝ ինչպե՞ս դասավորվեց էդ երեխեքի հետագա ճակատագիրը, ի՞նչ բախտի արժանացան, հիմա որտե՞ղ են…

Օդաչուի մյուս ծնունդ-վերածնունդն էլ մայիսի 9-ին է:

-1992թ. մայիսի 8-ն էր, երեք թռիչք էի կատարել: Կոմանդոսն ասաց. «Չորրորդն էլ թռեք, զենք պետք է տեղափոխենք, մի չվերթ էլ անեք` Շուշին վաղը մերը կլինի»: Ով կարող էր չհավատալ նրա խոսքին: Մութն ընկել էր արդեն, բայց թռանք…

Մայիսի 9-ին ազատ էի՝ իմ հանգստյան օրն էր, կանչեցին օդանավակայան, ասեցին՝ Շուշին վերցրել ենք, արի մի կտոր հաց ուտենք, միասին նշենք: Խաշլաման նոր-նոր էին բերել, դեռ մի պատառ էլ չէինք կերել, Աստվածատուր Պետրոսյանը եկավ՝ տղերքից 15 հոգու պետք է հասցնեք Արցախ:

Ու ազատագրված Շուշին տեսա վերեւից՝ հուզմունքս, հպարտությունս, ուրախությունս խառնվել էին, այսօր էլ, այսքան տարիներ անց, բառերն անզոր են նկարագրելու ապրումներս…Շուշիի կողքին գտնվող Ջանհասան ադրբեջանական գյուղը կրակների մեջ էր… Իրենք էդտեղից մեզ էնքան ցավ էին պատճառել, անընդմեջ գնդակոծել մեր խաղաղ բնակավայրերը: Շուշիի ազատագրումը չափազանց վճռորոշ էր, հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրման ոգեւորությունը հետագա հաղթանակների ազդակ հանդիսացավ, առաջմղիչ ուժ… Շուշիի ազատագրումով ադրբեջանցիների մեջքը ջարդվեց, ու չեմ կարող չհպարտանալ՝ մեր ավիացիան էլ այդ օրերին գերազանց կատարեց իր աշխատանքը: Շուշիի ազատագրումից մի քանի օր առաջ ինքնաթիռով հատուկ ռետինե փուչիկներով տասը վագոնի չափ վառելանյութ էինք տեղափոխել: Եթե մի կայծ լիներ, մի կայծակ խփեր, ինքնաթիռը տեղում կփոշիանար:

Ոգեւորված-խանդավառ վերադարձանք Երեւան, ու ասացին՝ նորից պետք է թռչել: Քարվաճառի մոտ հակառակորդը զենիթային հրթիռով խոցեց մեր ինքնաթիռը: Ծակված բաքից նավթը թափվել էր, ու ձախ թեւն այրվում էր:

Փորձեցինք քամու ուժով մարել հրդեհը, բայց ապարդյուն: Հերթով շարքից դուրս էին գալիս մյուս սարքերը, ինքնաթիռն աստիճանաբար դառնում էր անկառավարելի: Որոշեցինք վայրէջք կատարել Սիսիանի օդանավակայանում: Մի կերպ, փորի վրա քսվելով, ինքնաթիռն ուժգին զարկվեց գետնին ու կանգ առավ, ուղեւորներից ոչ ոք չէր վնասվել:

«Հիմա կպայթի, արագ դուրս արի խցիկից»,- շտապեցնում էր բորտ-մեխանիկ Արտոն, բայց զգացի, որ չեմ կարողանում շարժվել: Արտոն շալակեց ու ինձ դուրս հանեց այրվող ինքնաթիռից: Կյանքս փրկեց Արտոն…

Ուժգին հարվածից Միխայիլի ողնաշարը վնասվել էր, մի տարի կորսետով էր շրջում:

-Վիրավոր պառկած էի հիվանդանոցում, էնքան շատ մարդ էր գալիս տեսակցելու,-օդաչուի աչքերում ժպիտն է խաղում. -բաքվեցի փախստական աղջիկներ էին եկել, ասացին` ի՞նչ եք ուզում, որ բերենք, ասացի՝ ոչինչ էլ հարկավոր չէ: Իսկ ծաղիկ սիրո՞ւմ եք, հարցրին, ասացի՝ շատ, հատկապես յասաման: Նրանց հետ էլ լրագրողներ կային, ու երեւի նյութ էին տպագրել իմ մասին: Մի քանի օր հետո իմ հիվանդասենյակը յասամանների մեջ կորել էր՝ ինչ գույնի ասես, ինչ տեսակի …մանուշակագույն, կաթնագույն, մուգ թանաքագույն… Բերում էին ու բերում… Յասամանի բուրմունքն ամբողջ հիվանդանոցն էր բռնել…

 

♦♦♦

 

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՆ` ԵՐԿՆՔԻՑ...…Հայրենանվեր ծառայության համար հետագայում Միխայիլ Անդրեասյանը պարգեւատրվեց ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Արիության համար» մեդալներով: Վաստակաշատ օդաչուն այժմ թոշակի է անցել:

-Առաջին մի քանի տարիները երազումս անընդհատ թռչում էի: Դժվար է երկնքից վայր իջնելը, թեեւ կինս կատակում է՝ երբ թոշակի անցար, նոր միայն հասկացա, որ ամուսին ունեմ ու իսկական ընտանիքի համուհոտը նոր զգացի…

Միխայիլի երեք որդիներն էլ ծառայել են բանակում, ծառայել են իրենց հայրիկի պես՝ արժանապատիվ, բաց ճակատով:

Մոտենում է մայիսի 9-ը: Հայ ժողովուրդը մայիսյան եռատոնը կնշի. իրենց տանը քառատոն է…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/05/2019