Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼԸ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ



  1. ԳԵՆԵՐԱԼԸ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿԸԿրկնապատկվող սեր

 

ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԸ

Թե ինչ էր մտածում ծեր ու փառավոր գեներալը այն իրիկուն, երբ Կենտրոնական պողոտայով ներքեւ էր իջնում, ինձ հիմա էլ կարեւոր է թվում։ Նա անցնում էր ծաղկավաճառների շարքի առջեւով, եւ ծաղկավաճառ մի կին կողքինին ասաց՝ նայի՛ր գեներալին։ Գեներալը վաղուց կորցրել էր զինվորական քայլքը, եւ պարեկություն անող երկու զինվորներ հոյակապորեն ձգվեցին նրա առջեւ։ Այդ օրը, երբ ես քայլում էի գեներալի ետեւից, առաջին անգամ ինձ անհայտ զինվոր զգացի։ Դա սքանչելի զգացում էր, եւ ես հաստատորեն ասացի՝ սա է իմ քաղաքը ճակատագրի նման։

Ես գնում էի գեներալի ետեւից եւ չէի մոռանում, որ նրա ետեւից գիշեր-ցերեկ քայլել է հայրս, երբ տասնինը տարեկան էր։

Դա իմ առաջին հանդիպումը չէր գեներալի հետ։ Քսանվեց տարի առաջ, մի կիրակի օր քիչ մնաց տեսնեի նրան։ Նա մեր գյուղն էր եկել, բայց մինչեւ իմացանք, նրան տանող մեքենան Երեւանի ճանապարհով հեռանում էր։ Մենք միայն տեսանք, թե ինչպես մի խարխուլ բեռնատար ետեւում թողեց նրա մեքենան։

¬Բեռնատարի վարորդն այդ բանը չէր անի, եթե իմանար, թե ով է մեքենայում նստած,¬ ասաց ինձնից չորս տարով մեծ հորեղբայրս։

ճիշտ է՝ գեներալին չտեսանք, բայց հաջորդ օրը հարեւան Կաքավաձորում ջախջախեցինք տեղի ֆուտբոլային թիմը, իսկ մի շաբաթ անընդհատ քլունգներով ու լինգերով շրջում էինք ձորերում՝ մեր անջուր գյուղի համար խցանված աղբյուր գտնելու։

Մեզ համար միեւնույն չէր, թե ո՛ր գեներալին ենք տեսնելու։ Նվեր Սաֆարյանը մեր հայրերի գեներալն է, իսկ մենք նրա զինվորների մեծ տղաներն ենք։ Մի անգամ Խումարը, որը պատերազմից առաջ անմոռաց գեղեցկությամբ ամուսին է ունեցել, հորս ասաց, թե ճակատից վերադառնալուց հետո զինվորները պետք է որ կարգին տղաներ ունենան։

Այդպես էլ չտեսանք գեներալին։ Մեզ թվում էր, եթե հանդիպեինք նրան, նա կասեր. «Դու Անդրանիկի տղան ես։ Դու՝ Հմայակի։ Դու՝ Աղասու, դու՝ Խաչիկի»։

Այդ օրը, երբ պահակը կուժը ձեռքին քայլում էր դեպի աղբյուր, մտա կոլտնտեսության կալերը եւ մեր բրիգադի դեզի տակ սպասեցի, մինչեւ հայրս դաշտից վերադարձավ։ Ուրիշ երեք սայլորդների հետ նա օրան էր տեղափոխում, եւ ոչ մի անգամ նրա սայլը առջեւից չէր գալիս, չնայած մյուս սայլորդներից երկուսը պատերազմ չէին գնացել, իսկ երրորդը հասել էր մինչեւ Մոզդոկ։ Արեւն արդեն մայր էր մտել, երբ սայլերը հասան աղբյուրին ու թեքվեցին։ Այս անգամ առջեւից գալիս էր հորս սայլը, եւ ես զարմացա, թե հայրս որտեղի՞ց գիտի, որ գյուղ է եկել գեներալը: Նա չասաց, թե ինչ գործ ունեմ այդտեղ, երբ եզների սամթելերն արձակելիս տեսավ ինձ։

-Ի՞նչ է եղել քեզ,¬ ասաց նա։

-Տեսա գեներալին։ Նա ասաց. «Դու Աղասի Թորոսյանի տղա՞ն ես»։

-Դասերիդ քիչ ես ուշադրություն դարձնում,¬ ասաց հայրս։

Կենտրոնական պողոտայով ես գնում էի գեներալի ետեւից եւ մտածում, որ պատերազմն սկսվեց գիշերով, որ մութը լույսի բացակայությունն է:

Պատերազմի դեմ մեզնից յուրաքանչյուրի հազարամյա քենն արտահայտելու համար կարելի է նկարագրել նաեւ ցորենի շեղջը, ուր հատիկն ապահով հանգչում է հատիկի վրա, եւ ոչ մի բան այնպես իր տեղում չէ, ինչպես ցորենի հատիկը շեղջում։

Բայց ես պիտի հանդիպեի գեներալին, հանդիպեի ու լսեի նրան։

Նա հիվանդ էր ու ծեր եւ խոսում էր դանդաղ, կարճ ու ճիգով։ Նրա խոսքն անշեղ էր հրամանի նման։

Այդպես ես տեսա եւ լսեցի հորս գեներալին։

 

ԱՐՃԵՇ

Արճեշը հին քաղաք է։ Մենք ապրում էինք Հուրիեթ մահլասի թաղում։ Հետո իմացա, որ Հուրիեթ մահլասի նշանակում է Սահմանադրության փողոց։ Մենք լավ այգի ունեինք։ Այգու դռնակի ճռինչը դեռ հիմա էլ հնչում է իմ ականջում։ Լիճը հեռու չէր, եւ լիճը մայրամուտին ավելի գեղեցիկ էր։ Այդ ժամանակ հայրս տուն էր դառնում, եւ մայրս ասում էր՝ եկա՞ր։ Հետո հայրս մտնում էր այգի։ Ես վազում էի նրա ետեւից եւ այգու դռնակը հասցնում էի բռնել ծածկվելու պահին։ Դռնակը նորից էր ճռնչում, եւ մեծ խնձորենու տակ ես կանգնում էի հորս կողքին։

Զորանոցը գտնվում էր մեր փողոցում։ Հայրս զորանոցի կողմ երբեք չէր նայում։ Ամեն օր ես տեսնում էի, թե ինչպես են զինվորները պառկում, վազում, բղավում, եւ այդ բոլորը ինձ մի քիչ խենթավուն էր թվում։ Ես չգիտեի, թե ինչի համար էին զինվորներն իրենց այդպես չարչարում։ Հետո, երբ ճամփա ընկանք, եւ ո՛չ Արճեշն էր երեւում, ո՛չ լիճը, ամեն ինչ հասկացա։ Մնացել էինք ես եւ քույրս։ Գիտեինք, որ Արճեշից ենք գալիս, բայց թե ո՞ւր ենք գնում՝ չգիտեինք։

 

ԿԱՌԱՊԱՆԸ

Օշականում ենք։ Մշակություն եմ անում մեծահարուստ Սարգիս Փաշինյանի մոտ։ Նա արտեր ու այգիներ ուներ։ 1919 թվականն էր։ Հետո քույրս բախտավորվեց մի օշականցու հետ, իսկ ես արդեն սպա էի։

Տարիներ էին անցել։ Գնացի քրոջս տեսության։ Այդ օրը Օշականից պիտի հասնեի Էջմիածին։ Փեսայիս հետ մոտեցա կառքերից մեկին։ Կառապանը… Սարգիս Փաշինյանն էր։ Նա ինձ չճանաչեց։ Երբ Օշականից դուրս եկանք, ճանապարհն անցնում էր այն արտի մոտով, ուր Փաշինյանը սովորաբար գարի էր ցանում։ Ես այդ արտում մանգաղաքաղ էի արել եւ հիշեցի, որ մի օր մանգաղս քարին առավ ու կտրեց աջ ցուցամատս։

Կառապանն արտի կողմը չէր նայում։

-Ծերո՛ւկ, դու պետք է որ շատ արտեր ունեցած լինես,¬ ասացի կառապանին։

Կառապանը թափով մտրակեց ձիերին։

Հետո, երբ Օշականի ձորից դուրս եկանք, ասացի.

-Դու զենք ունեցած մարդ ես երեւում։

Կառապանը շրջվեց, նայեց ինձ ու նորից մտրակեց ձիերին։ Փեսաս քթի տակ ժպտում էր։

-Իջնենք, մի քիչ հանգստանանք,- ասացի ես, երբ ճանապարհը կես էինք արել։

-Իջե՛ք, ձիերին էլ խոտ կտամ,- ասաց կառապանը։ Մոտիկ բանջարանոցից սեխ եւ ձմերուկ գնեցի։

-Ես քեզ նմաններին գիտեմ, դուք մի տղա ու մի աղջիկ ունենալուց հետո ձեր արտը վարած եք համարում,- ասացի ես։

Կառապանը սեխի շերտը շպրտեց ու բռնեց փեսայիս փողկապը։

-Ի՞նչ է ուզում ինձնից, ո՞վ է այդ երիտասարդը,- գոռաց նա։

-Լա՛վ նայիր։

-Ո՞վ է այդ երիտասարդը՝ ասում եմ։

-Մեր Նվերն է,- ասաց փեսաս։

Կառապանը թողեց նրան, նետվեց իմ կողմը։ Փաթաթվեց ինձ ու լաց էր լինում։

-Դու այն ժամանակ էլ խելոք տղա էիր,- ասաց նա։

Հասանք Էջմիածին։ Վերջին պահին կառապան Սարգիս Փաշինյանն ասաց.

-Իսկ դու իմ մասին ի՞նչ ես մտածում։

 

ԵՐԳԸ

Սկսվեց պատերազմը։ Վաղուց մոռացել էի, որ որբ եմ մեծացել։ Պատերազմի դեմ քեն ունեի թաքցրած։ Հրաժեշտի մի քանի խոսք ասացի մերոնց ու մտա կռվի մեջ։ Գիտեի, որ մի բան պիտի անեմ։

Հայկական դիվիզիան տեղավորվել էր Կարասու Բազարում։ Տեղանքն անձամբ ուսումնասիրելուց հետո վերադառնում էի։ Շատ էի հոգնած։ Անցնում էի շուկայի մոտով, երբ երգի ձայն լսեցի։ Մեկը «Որսկան ախպերն» էր երգում։ Շատ լավ էր երգում։ Շտապում էի։ Իջա ձիուց, գլխարկս հանեցի եւ մինչեւ վերջ լսեցի «Որսկան ախպերը»։ Իրիկուն էր, հեռվում երեւում էր ծովը, կռվի գնալուց առաջ հայ զինվորը երգում էր «Որսկան ախպերը»։ Թե ինչու էր հենց այդ երգը երգում, դժվարանում եմ ասել։ «Ինչ էլ լինի, մենք կհաղթենք»,- ասացի ես։ Լսում էի «Որսկան ախպերը» եւ մտածում նրանց մասին, ովքեր հեռվից լսում էին այդ երգը: Գիտեի, որ երգից հետո շատերը նամակ կգրեն տուն, եւ դա ամենահուզիչ նամակը կլինի։

Ձի նստեցի ու շարունակեցի ճանապարհս։ Շտաբ հասնելուց հետո հետաքրքրվեցի, թե ով էր երգողը: Պարզվեց, որ գնդի հրամանատարի օգնական Համո Դիլանյանն էր: Լավ տղա էր: Մինչեւ այսօր էլ  լսում եմ «Որսկան ախպերը», բայց  դա ինձ համար մնաց որպես Համո Դիլանյանի երգ: Այդ գիշեր ես շատ մտածեցի բանաստեղծի, ժողովրդի, Հայրենիքի եւ երգի մասին: Առավոտյան գրոհեցինք:

 

 

ՆԱՄԱԿԸ

Սեւաստոպոլն ազատագրելուց մի օր առաջ էր: Այս անգամ հայկական դիվիզիան դիրքավորվել էր Բալակլավայի հարավային մասում: Իմ դիտակետը խոնավ էր: Գիշերը դուրս եկա թարմանալու: Ամենուրեք ծաղիկներ էին: Պատերազմի տարիներին, կարծես դիտմամբ, հողն ավելի հուռթի էր ծաղկում կռվողներին մեղմացնելու միամիտ բնազդներով: Ծովը մոտիկ էր, եւ ինձ էր հասնում նրա հազարամյա հառաչը: Վերեւում հավիտենական աստղերն էին, իսկ գիշերվա մեջ թեթեւորեն  ուրվագծվել էին սարերը: Ես անսահմանորեն խաղաղվեցի, եւ իմ մեջ համարյա հանգավ կռվելու կիրքը: Պատերազմը, ընդհանրապես,  եւ իմ անքնությունը դարձան նորից անհասկանալի, ինչպես տարիներ առաջ Արճեշում, երբ չգիտեի, թե ինչու են զինվորները պառկում, վազում, սողում, բղավում: Երբ մեջքիս վրա փռվեցի ծաղիկների մեջ, ափսոսացի, որ հեռադիտակը հետս չեմ վերցրել: Ինձ թվում էր, որ մինչեւ լույս այդպես կպառկեի ծաղիկների մեջ եւ հեռադիտակով կնայեի աստղերին: Իհարկե, դա ծիծաղելի կլիներ, բայց այդ գիշեր վերեւ նայելու ցանկությունից այրվում էի: Իմ մեջ զգում էի խանգարված հովվին, խանգարված այգեպանին, խանգարված բանաստեղծին, բոլորին:

Հինգ հարյուր մետրի վրա մեր դիրքերն էին, ուր զինվորներն էին իբրեւ թե քնել, ես գիտեի, որ նրանք քնում են միայն այն բանի համար, որ երազում տանը լինեն: Հիշեի այն փոքրիկ տղային, որ Երեւանից ինձ նամակ էր գրել. «Սաֆարյան պապիկ, ե՞րբ կհաղթենք թշնամուն, որ հայրս տուն դառնա: Ես նրան շատ եմ կարոտել»: Իմ վիճակն աննախանձելի էր: Առավոտյան ես նրան պիտի պատասխանեի: Վերադարձա դիտակետ ու մինչեւ լույս հակվեցի վաղվա ճակատամարտի պլանի վրա:

Օրը բացվեց, եւ մենք ազատագրեցինք Սեւաստոպոլը:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ

1943 թվականին մենք նամակ ստացանք հայ ժողովրդից: Ստորագրել էր 335 հազար հոգի:

«Հայաստանի դռները փակ են յուրաքանչյուր հայ զինվորի առաջ, քանի դեռ վերջին թշնամին…»:

Դա պատմական նամակ էր ոչ միայն իր նշանակությամբ: Ինձ թվում էր, որ այդ նամակը առաջինն ստորագրել են Մեսրոպ Մաշտոցը, Վարդան Մամիկոնյանը, Մովսես Խորենացին, Հովհաննես Թումանյանը… Այդ նամակը նաեւ մեր նախնիների ձայնն էր: Մեր գոտիները մինչեւ վերջ ձգեցինք:

1944 թվականին, Ղրիմն ազատագրելուց հետո եկա Երեւան` Հայաստանի կառավարությանը, հայ ժողովրդին եւ այն փոքրիկ տղային զեկուցելու մեր դիվիզիայի մարտական սխրանքների մասին: Եկա զեկուցելու, որ ոչ մի հայ զինվոր չի դառնա հայրենյաց գիրկը, քանի դեռ վերջին թշնամին…

Ինձ հետ Երեւան էի բերել Բաբիկ Ավալյանին: Նա իմ ամենասիրելի զինվորն էր, եւ շատերն այդ մասին գիտեին: Բաբիկը զոհվեց Ֆրանկֆուրտի հարավային մատույցներում: Ես վերջին շնչում հասա նրան: Աչքերը փակելուց առաջ ասաց. «Գեներա՛լ, դուք գո՞հ եք ինձանից` որպես հայրենիքի պաշտպանի»: Ի՞նչ կարող էի ասել: Դա շատ ծանր օր էր ինձ համար: Բայց քանի որ իմ հիշողությունները կապված են հաղթանակի եւ հերոսության հետ, հպարտությամբ եմ մտածում այդ օրերի մասին:

Ես գոհ եմ հայ թամանցիներից:

 

Շարունակելի

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


10/05/2019