ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մայիսի 8-ին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Միջոցառմանը հրավիրված էին 4-րդ զորամիավորման հրամանատարական կազմը և Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները:
Դպրոցականները ներկայացրին Հայոց բանակի կազմավորման տարեգրությունը, պատմությունը, անցած մարտական ուղին, Հայաստանի Ազգային և Արցախի հերոսներին, ինչպես նաև՝ ռազմահայրենասիրական երգեր ու պարեր:
Միջոցառման ավարտին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ- մայոր Վ. Քոչարյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենին, միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և նշեց. «Նման միջոցառումները լրացուցիչ խթան են հայրենասիրության ձևավորման համար, իսկ հայրենասիրությունն սկսվում է հենց այս բեմից, և մենք դրա վառ օրինակը տեսանք այսօր՝ այս միջոցառման ընթացքում…»: Նա վստահեցրեց բոլորին, որ 4-րդ զորամիավորումը հստակ կատարում է առաջադրված մարտական խնդիրները, և տարածաշրջանի բնակչության անվտանգությունն ապահովված է…
♦♦♦
Բանակ-հասարակություն կապի շրջանակներում 5-րդ զորամիավորման վարչակազմի մի շարք սպաներ մայիսի 8-ին այցելել են կցագրված ուսումնական հաստատություններ: Զորամիավորման ԲՀԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանը այցելել է Ռ. Աբաջյանի անվան N 147 դպրոց, որտեղ անցկացվել է «Արիության դաս»՝ նվիրված Շուշիի ազատագրմանը և Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ հերոսներին:
♦♦♦
Մայիսի 9-ին 1-ին զորամիավորման Կապանի հրետանային զորամասը մեծ հանդիսավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակում անցկացրեց միտինգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձներին: Միտինգին ներկա էին Սյունիքի փոխմարզպետը, Կապանի քաղաքապետը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, քաղաքացիներ: Միտինգի ավարտից հետո անձնակազմը հարգանքի տուրք մատուցեց զոհված հերոսների հիշատակին, որից հետո տեղի ունեցավ զորամասի սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրման արարողություն:
♦♦♦
Մայիսի 9-ին Գորիսում «Անմահ գնդի» երթով մեկնարկեցին Եռատոնի միջոցառումները, որոնց մասնակցեցին նաև զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումները, բարձրաստիճան սպաներ ու զինվորականներ: Հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրին ցուցադրական պարապմունքներ՝ ձեռնամարտի հնարքներով: Ելույթով հանդես եկան 1-ին զորամիավորման բարձրաստիճան սպաները, իսկ միջոցառումն ավարտվեց անձնակազմի հանդիսավոր քայլերթով:
Խորագիր՝ Նորություններ