ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ՝ ԳԵՐԽՆԴԻՐ
Հոկտեմբերի 22-ի կոլեգիայի նիստից հետո, որը նվիրված էր պաշտպանական բարեփոխումներին, հավելյալ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հետ
-Պարոն Տոնոյան, ի՞նչ մոտեցումներ են որդեգրվել ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների հաջող իրականացման համար: Եվ ինչո՞ւ ենք փոփոխություններն անվանում հենց բարեփոխում եւ ոչ թե վերափոխում կամ արդիականացում:
-«Բարեփոխումը» առավելապես ամենօրյա ու երկարաժամկետ բնույթ կրող գործողությունների ամբողջություն է` ուղղված գերխնդրի եւ դրան առնչվող հիմնական նպատակների իրականացմանը` աստիճանական, կազմակերպված ու փոխկապակցված գործողությունների միջոցով: Իր երկարաժամկետ բնույթի պատճառով բարեփոխումներին մշտապես սպառնում է առօրեականությունը, ընդհանուր նպատակի ձգտման եւ գերխնդրի գիտակցման թուլացումը: Մինչդեռ բարեփոխումների համար անհրաժեշտ են առկա խնդիրների լուծման նոր մեթոդների համակարգ եւ այդ մեթոդների իրագործմանն աջակցող միջոցների հատկացում ու կիրառում: Իրական կյանքում սա ենթադրում է հնի լավագույն մասի համադրում լավագույն նորի հետ:
Այսպիսով՝ ՀՀ կողմից որդեգրված պաշտպանական բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է հետեւյալ հիմնական մոտեցումների կիրառումը`
* մշտապես նպատակի եւ հիմնական խնդիրների գիտակցում,
* իրատեսականություն,
* աստիճանականություն,
* գործողությունների փոխկապակցվածություն,
* գործընթացն առաջ տանելու ունակ անձնակազմի զարգացում,
* որոշումների կայացման ճկունություն եւ արդյունքների անընդհատ վերլուծություն,
* հասարակության իրազեկում, պետության եւ հասարակության աջակցություն բարեփոխումների իրականացմանը:
Այս առումով «վերափոխումը» թվում է առավել հեշտ իրականանալի, քանի որ քաղաքական որոշման դեպքում այն ենթադրում է կտրուկ եւ համարձակ փոփոխություններ` կարճ ժամկետներում հնի վերացում եւ նորի ստեղծում, ինչի համար պահանջվում են նաեւ հսկայական միջոցներ ու ներդրումներ: Վերափոխումը, միաժամանակ, մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ հնարավոր սխալների հետեւանքները կարող են թանկ լինել պետության համար, ինչը մեր հանրապետության համար անընդունելի է:
«Արդիականացումը», որը ենթադրում է ռազմական կարողությունների ընդլայնում` պայմանավորված զորքերի եւ սպառազինության տեխնիկական ու տեխնոլոգիական առաջընթացով, նույնպես չի կարող ինքնին ապահովել ՀՀ ԶՈՒ զարգացմանն առնչվող համակարգային խնդիրները:
-Որո՞նք են պաշտպանական բարեփոխումների հիմնական նպատակները եւ խնդիրները:
-Բարեփոխումների նպատակներին եւ խնդիրներին մենք բազմիցս անդրադարձել ենք, այդ մասին շատ խոսել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը: Նշեմ միայն, որ զորակոչային համալրման համակարգով ցանկացած երկրի զինված ուժեր ունեն հետեւյալ գերխնդիրները.
* Երկրի տարածքի եւ բնակչության պաշտպանությունը ցանկացած արտաքին ագրեսիայից,
* Օրենքով սահմանված դեպքերում աջակցությունը քաղաքացիական իշխանություններին արտակարգ դրությունների կամ աղետների ժամանակ,
* ՀՀ մոբիլիզացիոն ռեսուրսների նախապատրաստումը եւ պահեստազորի շարունակական վարժանքն ու պատրաստությունը,
* Միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն աջակցելու պատրաստակամությունից բխող մասնակցությունը բազմազգ գործողություններին,
* Զորակոչված պատանիների դաստիարակումը որպես հասարակության լիարժեք ու պատասխանատու քաղաքացիներ:
Բարեփոխումների գլխավոր նպատակը այս 5 խնդիրների լիարժեք ապահովումն է հնարավորինս քիչ միջոցներով, արագ ու օպերատիվ կերպով` գլխավոր չափորոշիչ ունենալով «Արդյունավետությունը»: Արդյունավետությունն ապահովելու համար պետք է հրատապություն ու արագություն ցուցաբերել գործողություններում, իսկ առաջարկությունների ներկայացման եւ որոշումների կայացման գործում շտապողականությունը նպատակահարմար չէ:
-Պարոն Տոնոյան, իրականացման ո՞ր փուլում են պաշտպանական բարեփոխումները, եւ ի՞նչ ընթացիկ խնդիրներ ի հայտ եկան:
-Բարեփոխումների առաջին փուլը, որն արդեն շուրջ մեկ տարի է համարվում է ավարտված, կարելի է պայմանականորեն անվանել «իրավական», քանի որ այդ շրջանում իրականացվեցին բոլոր անհրաժեշտ իրավական կարգավորումները: Դրան բնականաբար պետք է հաջորդեր «անցումը իրավականից ռազմականի»: Սակայն այս փուլում արդեն առաջ եկավ մի խնդիր: Մասնավորապես. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ գործառույթների տարանջատման եւ ՀՀ ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության սկզբունքների ներդրումից, ՀՀ կառավարության որոշումներով եւ ՀՀ նախարարի հրամաններով ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի, ՊՆ քննչական ծառայության, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատվելուց հետո ստորաբաժանումների ղեկավարների մի մասը, սովորույթի համաձայն, շարունակեց իրականացնել այն նույն գործառույթները, որոնք իրականացնում էին նախկինում: Սա գնահատում եմ բնական, նման երեւույթները հաշվի են առնված նաեւ «Կառավարման փոփոխման» տեսության մեջ. այսինքն՝ պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի նոր համակարգը կարողանա հասունանալ եւ լիովին աշխատել: Այդ հիմնավորմամբ էլ հատկացված է եղել նման ժամանակ (2009-2010թթ.): Նոր համակարգի փորձարկումը բավականին հաջող է ընթանում, արդյունքներն ընդհանուր առմամբ դրական են: Փորձարկման համար հատկացված ժամանակը կավարտվի սույն տարվա վերջին, այսինքն՝ երկու ամիս անց, որից հետո վերջնականապես կամրագրվեն բոլոր օղակների ֆունկցիոնալ պարտականությունները եւ կառուցվածքային տարրերը:
-Որո՞նք են առաջիկա ձեռնարկվելիք կարեւոր քայլերը:
-Ներկայումս հատուկ կարեւորություն են ստանում ՀՀ ԶՈՒ կադրային քաղաքականության եւ դրան սպասարկող ռազմական կրթության համակարգի բարեփոխումները, որոնք պետք է համապատասխանեցվեն պաշտպանական քաղաքականության նպատակներին:
Հաշվի առնելով բարեփոխումների արդյունքում մասնագիտական պատրաստվածության եւ որակական առումով անձնակազմին ներկայացվող նոր պահանջները՝ անհրաժեշտություն է առաջանում կադրերի կառավարման եւ ռազմական կրթության համակարգի օպտիմալացման վերաբերյալ հայեցակարգային եւ սկզբունքային մոտեցումների որդեգրումը` ի դեմս ՀՀ ԶՈՒ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության: Կարծում եմ, արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա 3-5 տարիների ընթացքում կգրանցվի ՀՀ ԶՈՒ անձնակազմի զգալի որակական առաջընթաց, ինչը նախադրյալներ կստեղծի արտերկրից կրթական կախվածության նվազեցման համար:
Եվ քանի որ ռազմական կրթությունը սկսվում է զորակոչվողի կամ ՀՀ ԶՈՒ շարքերում ծառայության անցնելու մասին պայմանագիր ստորագրողի ճիշտ ընտրությունից, աշխատանքը հասարակության հետ եւ այդ կերպ երիտասարդության ներգրավումը ՀՀ ԶՈՒ շարքերում ստանում են կարեւորություն, երբ նախ եւ առաջ շեշտը պետք է դնել հասարակության աչքերում ՀՀ ԶՈՒ վարկանիշի եւ վստահության է՛լ ավելի մեծացման վրա:
-Ե՞րբ կարող ենք արձանագրել բարեփոխումների հաջող ավարտը:
-Երկու տարվա աշխատանքի արդյունքում այսօր ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ունենք մշակված ռազմավարական պլանավորման հիմնական փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաեւ մի շարք օժանդակ գործողության ծրագրեր:
Դրանց մի մասի իրականացման համար դեռեւս պետք է ապահովել համարժեք ֆինանսավորում: Նման ֆինանսավորում ունենալու դեպքում մեր հաջորդ խնդիրը լինելու է ձեռքբերվող նոր պաշտպանական կարողությունների յուրացումն ու արդյունավետ կիրառումը, ինչն ապահովում է պլանավորված աշխատանք ապագա 4 տարիների համար: Այնուհետեւ առաջ է գալու այդ ծրագրերի իրականացումն ապահովող ընթացակարգերի մշակումը, մարտական կանոնադրությունների վերանայումը, զորային չափորոշիչների մշակումը եւ այլն. աշխատանք՝ ապագա 10 տարիների համար: Միեւնույն ժամանակ հնարավոր են փոփոխություններ նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների ցանկում, որն իր հերթին փոփոխությունների անհրաժեշտություն կբերի նաեւ մնացած բոլոր պլաններում: Այսօր անընդհատ փոփոխվող ու զարգացող աշխարհում դրանից խուսափելն անհնար է, եւ որպեսզի ՀՀ զինված ուժերը մշտապես պատրաստ լինեն արձագանքելու տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության միջավայրի փոփոխություններին, պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացման այլընտրանք չկա: Փոխարենը կարող ենք վստահ լինել, որ բարեփոխումների այս փուլն ավարտելուց, այսինքն՝ հաստատված ծրագրերը համապատասխան միջոցներով ապահովելուց եւ կյանքի կոչելուց հետո ՀՀ ԶՈՒ անձնակազմի համար բարեփոխումները կլինեն առավել դյուրին:
Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ
գնդապետ