ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ
ՀՀ զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի ղեկավարությամբ, վարչության սպաների, զորամիավորումների, զորամասերի հրամանատարների՝ ԲՀԱ գծով տեղակալների, ավագ սպա-իրավաբանների մասնակցությամբ մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փախհարաբերություններին նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս:
Կոնֆերանսի ընթացքում հանգամանալից վերլուծվել են առօրյա ծառայության ու մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների շրջանում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների դրսևորման և բռնության կիրառման դեպքերը, դրանց առաջացման սոցիալ-հոգեբանական խնդիրները, նախապայմաններն ու նախադրյալները, արտահայտման ձևերը: Ելույթ ունեցողներն անդրադարձել են նաև զինծառայողների բարոյական դաստիարակության հիմնահարցերին, ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելման ուղիներին, ինչպես նաև կարգազանցության հակում ունեցող զինծառայողների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերին:
Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետն ընդգծել է անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության էական բարձրացման առաջնահերթության պահանջը, տվել կոնկրետ հանձնարարականներ: