Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է АК-74 ԻՆՔՆԱՁԻԳՆԵՐԻՑ



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է АК-74 ինքնաձիգների գնումներից: Զինվորականներին այսուհետ պետք կգա միայն ավելի ժամանակակից և հեռահար զենք: Ինքնաձիգներն արտադրող «Իժմաշ» ձեռնարկությունից գնումներ կկատարվեն նոր հրաձգային զենք ստեղծելու դեպքում:

Զինապահեստներում АК-74 ինքնաձիգների բազային տարբերակի մեծ պաշար է կուտակվել: Ներկայումս «Իժմաշ»-ը արտադրում է АК-74М մոդիֆիկացիան, որը բազային տարբերակից տարբերվում է օպտիկական և էլեկտրոնային-օպտիկական նշանոցների համար նախատեսված ամրակներով: Այդ նշանոցները հնարավորություն են տալիս թիրախը դիպուկ խոցել մինչև 600 մետր հեռավորության վրա բազային տարբերակի 300-400 մետր արդյունավետության փոխարեն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ձեռնարկությունը սկսում է մշակել նոր սերնդի ինքնաձիգ, որը սկզբունքորեն կտարբերվի Կալաշնիկովի ինքնաձիգի սխեմայից և կկարողանա մրցակցել աշխարհի ամենաժամանակակից հրաձգային զենքերի հետ:

Ինքնաձիգի գնումներից հրաժարվելու հետ կապված մամուլում շրջանառվող լուրերը պարզաբանելու նպատակով «Իժմաշ» ձեռնարկությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ ինքնաձիգը աշխարհում ամենալայն կիրառում ունեցող հրաձգային զենքն է: Ներկայումս ձեռնարկությունն արտադրում է Կալաշնիկովի համակարգին պատկանող չորրորդ սերնդի АК-100 ինքնաձիգներ, նաև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերով նախատեսված այլ նմուշներ:

Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ արտադրվող զենքերի բնութագրերը մշտապես արդիականացվում են: ՌԴ պաշտպանության նախարարությունը արդի բանակին անհրաժեշտ սպառազինության նոր պահանջներ է ներկայացրել, որոնց համապատասխան մինչև այս տարվա վերջ կմշակվեն հրաձգային զենքի նոր նմուշներ և կներկայացվեն զինվորական հրամանատարությանը:
Հավելենք, որ АК-74-ը սպառազինության է վերցվել 1974թ.և այժմ հանդիսանում է ռուսական բանակի հրաձգային հիմնական զինատեսակը: Մինչ այժմ արտադրվել է ավելի քան 6 միլիոն ինքնաձիգ:

Խորագիր՝ Նորություններ


28/09/2011