Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼԸ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ



ԳԵՆԵՐԱԼԸ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿԸՍԱՍՈՒՆԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

 

  1. Խամբարձե

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ԳՅՈՒՂՈՒՄ

 

Պատերազմն ավարտվեց։ Գիտեի, որ կհաղթենք։ Պատերազմից հետո չէի կարող Հայաստանում չշրջագայել։ Բայց՝ պարզվեց, որ դա թեթեւ զբոսանք չէ, ոչ էլ հաղթական։ Դա հանդիպում էր պատերազմի հետ, պատերազմից հետո՝ մարդկանց հարկի տակ։

Գյուղերից մեկում հանդիպեցի մի պառավ կնոջ, որն ամեն իրիկուն գցում էր պատերազմից չվերադարձած երկու որդիների անկողինը եւ առավոտյան հավաքում։

Իսկ մի գյուղում կոշկակարը վերադարձել էր կռնատ, նախրապանը՝ հենակով: Նախկին կոշկակարը նախիրն էր քշել, իսկ նախկին նախրապանը սկսել էր կոշիկներ կարել: Նախկին նախրապանը, որն արդեն կոշկակար էր, ասում էր, որ իր ժամանակ կովերը մինչեւ ուշ աշուն կթվում էին, իսկ նախկին կոշկակարն ասում էր, որ իր կարած կոշիկները մարդիկ հարսանիքներին էին հագնում։ Եվ ամբողջ գյուղն ասում էր, որ երկուսն էլ ճիշտ են։ Սա, անշուշտ, զվարճալի պատմություն չէ, եւ ես այդ մասին մտածել եմ երկար։

Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում մի ծերուկ երկար ինձ էր նայում։

-Դու, որ մտել ես Բեռլին, ո՞րտեղացի ես,- ասաց նա։

-Արճեշից։

-Արճեշցիներն էլ քաջ մարդիկ են,- ասաց ծերուկը։ -Հինգ օրվա ճանապարհ էր մեր մոտից։

Հետո ինձ նստեցրեց իր մոտ եւ հարցրեց, թե ո՞վ է հայրս, ի՞նչ է նրա անունը, տղա ունե՞մ։ Այդ բոլորը նրա համար նշանակություն ուներ։

-Ապրե՛ս, գա՛ռ ջան,- վերջում ասաց նա։

Հետո իմացա, որ նրա որդին չէր վերադարձել։

Բայց այդ շրջագայության ժամանակ, երբ տեսա, թե ինչ էի կորցնելու, Հայաստանն իմ աչքին գեղեցիկ երեւաց խելքահան անելու չափ։ Ես կանգնում էի ծառի տակ եւ դողում էի նրա համար եւ սիրում էի ամեն ինչ ու բոլորին։ Գիշերով իմ ականջն էր ընկնում կալերից եկող քամհար մեքենայի ձայնը, եւ դողում էի գիշերվա համար եւ սիրում էի ամեն ինչ ու բոլորին։ Արեւմուտին նայում էի լանջերից իջնող սայլուղուն եւ նորից դողում էի եւ նորից սիրում էի ամեն ինչ ու բոլորին։

Այդ դողն անցել է, բայց սերը կրկնապատկվում է ամեն օր։

1944 թվականին տասներկու զինվորների հետ Նվեր Սաֆարյանը եկավ՝ հայ ժողովրդին զեկուցելու։ Տասներկուսից մեկը Համբարձում Հանոյանն էր։

 

ՀԵ՜Յ, ՎԱ՜Խ, ԲԱՂԵՇ ՔԱՂԱՔ

 

Ներող կլինես, ես քեզ Բիթլիսի մասին ոչինչ չեմ կարող պատմել։ Տարիուկեսկան եմ եղել, բայց հետո մայրս այդ քաղաքը նորից կառուցեց: Կառուցեց ու տվեց ինձ, ինչպես  լաթի մի հատիկ խնձոր։ Խնձորենու ճյուղը կռացրեց ձեռնահասի չափ, եւ ես պոկեցի այդ անթառամ խնձորն ու դրեցի այստեղ՝ ծոցս, պահեցի գոտուս մեջ։

Գուլպա գործելիս մայրս մեկնիմեկեն ասում էր. «Հե՜յ, վա՜խ, Բաղեշ քաղաք։ Տեսա՞ր, Խամբարձե, տեսա՞ր ինչ եղավ։ Գուլպայի կրունկը մի կարգ շուտ կտրեցի: Հեյվա՜խ, Սառա` Աստծո ծառա: Սառան ինքն էր։ Ասում էր. «Հայրդ հացթուխ էր։ Գալիս էր՝ թեւքերը քշտած, Խամբարձե, գալիս էր ալրոտ եւ ասում.

-Տարա՜ն։

-Չորս հոգի էին, Ալեքսա՛ն,-ասում էի ես։

Հայրդ գալիս էր այդպես, ամբողջ հասակով կանգնում իմ դիմաց եւ արար աշխարհն ինձ տալուց հետո ասում՝ տարա՞ն։ Հայրդ, Խամբարձե, իրենից բացի մեկ էլ Աստված գիտեր՝ որտեղից զենք էր բերում ու պահում մեր ցորենի ամբարում։ Ամբար մի ասա՝ հասնում էր մինչեւ առաստաղ։ Գիշերը լեռներից մարդիկ էին իջնում զենքի ետեւից։ Դու նրան չքաշեցիր, Խամբարձե, ես ի՞նչ անեմ։ Երբ անցնում էր փողոցով, որպեսզի գա ու ամբողջ հասակով կանգնի իմ դիմաց, հայ ու թուրք հարեւանուհիները ներս էին մտնում՝ հայելիները սրբելու։ Գալիս էր՝ թեւքերը քշտած, Խամբարձե, գալիս էր ալրոտ, գալիս էր ուժեղ, հաստատ, վերջնական, եւ կատուն նրա ոտքերի արանքից դուրս էր նետվում։ Բաղեշ քաղաքի ձեր տան ոչ մի կատու չտեսա գողություն աներ։ Հե՜յ, վա՜խ, Բաղեշ քաղաք, հե՜յ, վա՜խ, իմ ալրոտ թագավոր»։

Հետո ասում էր. «Խամբարձե, գառ, Աստված սիրես՝ ինձ չխոսեցնես։ Չխոսեցնես՝ ասում եմ։ Թե ուզում ես՝ մի քանի տարի էլ ապրեմ՝ չխոսեցնես։ Ի՞նչ ես ուզում ինձանից, ասացի՝ չխոսեցնես։ Այդքան ո՞ւշ ես հասկանում, քեզ քանի՞ անգամ ասեմ՝ չխոսեցնես։ Ա՛յ Ալեքսանիս մինուճար, ա՛յ հոգի, ա՛յ աչքի լույս, վերջ, վերջ, վերջ»։

Եղբայրներս ապրել են մինչեւ մեկ տարեկան ու մեռել։ Ծապրկորի մեր թաղի եկեղեցու տակից աղբյուր է բխել։ Թե ինչպես է կոչվել եկեղեցին, չգիտեմ, կարծեմ հենց այդպես՝ Ծապրկոր։ Հավատացել են, թե ով լողանա այդ աղբյուրի ջրերում, կմաքրվի վերքերից ու հիվանդություններից։ Մայրս ծոցվորության վերջին օրերին մտնում է աղբյուր եւ աղբյուրի ջրերում՝ ակունքին մոտիկ, ծնվում եմ ես՝ Համբարձում Ալեքսանի Հանոյանս։ Իմ ծնունդն ու մկրտությունն այդպես են լինում՝ համբարձման երկուշաբթի օրը։

Բիթլիսցիները Համբարձումին ասում են Խամբարձե, հացին՝ խաց, հային՝ խայ, աքլորին՝ ճետ, սերին` սավդա, աստիճանին՝ թարանջա։

Հայրս, մինչեւ կացնահարվելը, ինձ ու մեծ քրոջս հասցնում է թաքցնել թուրք հարեւանի տանը։ Հարեւանի ապաստարանը գնահատվում է տասը ոսկեդրամ։ Հարեւանը սակարկելու ժամանակ էլ է գտնում։

-Աստված գիտե, թե ժամացույցդ ում բաժին է դառնալու, դու խելոք հայ ես, կտաս ինձ, ես էլ կհիշեմ Ալեքսան քիրվային։

-Քեզ լինի, բայց այդպես էլ չսովորեցիր մի բան, օձը որ օձ է՝ բույն մտնելիս ուղղվում է։

-Ես ժամացույցից օգտվել էլ նոր պիտի սովորեմ։

-Դժվար է, բայց մինչեւ ձմեռ կսովորես։

-Անզոր արհամարհանքն էլ մի բան չէ, Ալեքսան քիրվա։

-Ոչ էլ՝ նվիրելու նման թալանվելը։

-Ես ու դու թաց աղունը գցել ենք ջրաղացի վրա։

-Հոգաչափ գոհ եմ քեզնից, հարեւան։ Թույլ ես տալիս այս ժամացույցը, որ հորս նվերն է, ընծայել քեզ նման մի մարդու, որին շունս հաչոցի չէր արժանացնում,-ասում է հայրս, եւ մայրս այն է տեսնում, որ հարեւանը փռված է գետնին, սանդղաքարի մոտ՝ ուշագնաց։ «Ասացի՝ մեռավ»,- պատմում էր մայրս։ Բայց, չէ՛, ուշքի է գալիս եւ ասում.

-Ոչինչ, դարդ մի անիր, ջարդվածք չունեմ։ Դու այդ բանը պիտի անեիր։ Քեզ խաղաղվել է պետք։

-Շատ լավ գիտես,- ասում է հայրս,- որ իմ աչքն ու քո աչքն ասես իրար չեն կպնելու, բայց, խնդրում եմ, երեխաներիս չվնասես: Մեր տան հացը քեզ վրա կհալալվի։

-Ինը երեխա չունեմ, տասնմեկն ունեմ, Ալեքսան քիրվա։

«Հետո հայրդ ինձ ասաց. «Աառա, երեխաներիդ նրա տանը չթողնես։ Այս գիշեր, երբ ոտքն ու ձեռքը կտրվեն գետնից, մի հնարքով նրանց կգողանաս եւ կթաքցնես վստահելի տեղում»,- հորս այդ պատվիրանը անընդհատ հիշում էր մայրս։ Հարեւանի գնալուց հետո հինգ-վեց հոգի մտնում են մեր բակ։ Պատմությունը հենց հասնում էր այստեղ, մայրս ձեռքերով աչքերը փակում էր։ «Կուրանային աչքերս, կուրանային աչքերս՝ չտեսնեի,- ասում էր նա։ -Այդ օրը հագել է իր պահունի զգեստները։ Մեկ էլ քո ծնունդին էր այդպես հագնվել»։

Ո՞ր օրվա համար էին զենքը մեր տնից տանում դեպի լեռները, ե՞րբ էր որոտալու այդ զենքերը, չգիտեմ։ Բայց, թե ինչ որբանալ էր, որ որբացա՝ անմոռանալիորեն գիտեմ։

Ներքնահարկից մորս, քրոջս եւ ինձ արեւերես հանեց մի ռուս զինվոր։ Թե ինչպես են մորս ուրիշ կանանց հետ փակում եկեղեցում, ինչպես են կանայք, միմյանց ուսերին կանգնելով, մորս հասցնում լուսամուտին, ինչպես է մայրս գտնում մեզ եւ թաքցնում ներքնահարկում, սովորական ու երկար պատմություն է։ Այդ ներքնահարկն արդեն ես էլ եմ հիշում եւ երբեք չեմ մոռանա զինվորի աչքերը նույնպես։ Առաստաղի տակ պատուհանանման անցք կար, եւ մի կտոր երկինք էր երեւում։ Զինվորից ծխախոտի թանկագին հոտ էր գալիս եւ նրա մի ականջի բլթակը չկար։ Փաթաթվեցի նրա վզով, եւ լացս հանկարծ բռնեց։ Մայրս մի կերպ ինձ պոկեց զինվորից։ «Հինգ օր ներքնահարկում սոված, ծարավ, ծպտուն չհանեցիր։ Դու շատ էիր որբ, դրա համար էլ ճանաչեցիր ռուս զինվորին»,- ասում էր մայրս։

Իսկ մորս Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կորցրի։

 

ՄԻ ԱՆԳԱՄ ՉԿՐԱԿԱԾ ՀՐԱՑԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՐԱԿԵՑ

 

1941 թվականի հունիսի 22-ից ամեն օր եղել եմ Մեծ հայրենականի առաջին գծում, մի բան էլ ես ասեմ՝ պարգեւատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նեսկու եւ Բոգդան Խմելնիցկու երրորդ աստիճանի շքանշաններով։ 1945 թվականի ապրիլի 30-ին աջ ձեռքից վիրավորվեցի Բեռլինում։ Կռվի դաշտում աջ ձեռքից վիրավորվելը ճիշտ է այնքան, ինչքան սափորի ջարդվելն աղբյուրի ճանապարհին։ Դու չգիտես, թե ինչքան երանելի բան է, երբ զինվորը կարողանում է հպարտանալ իր վերքով։ Քամուց ամենաշուտ օրորվողը ծառի ամենաբարձր ճյուղն է։ Փողոցային հեշտ, ավելորդ ու վտանգավոր մարտերից մեկում, երբ աջ ձեռքով ավտոմատը բարձրացրի այսպես եւ պիտի ապահովեի իմ վաշտի տղաներից մի քանիսի թռիչքային անցումը խաչմերուկով, մոտիկ շենքից մեկը դիպուկ կրակ բացեց։ Ձեռքիս ավտոմատը երեք մետրի չափ շպրտվեց մի կողմ։ Աջս կախվեց, բայց մատներս ու մկաններս շարունակում էին մնալ պրկված։ «Կապիտան Խամբարձե,- ասացի,- աջով բզբզում ես պիծակների բույնը եւ ուզում ես պիծակը սրո՞ւնքդ խայթի։ Այդպիսի բան չկա»։

Զինվորի իմ ճակատագրից գոհ եմ. վիրավորվեցի չափազանց ճիշտ, վիրավորվեցի ամենացանկալի տեղում, վիրավորվեցի ապրիլի 30-ին, երբ դրանից հետո վիրավորվելն այլեւս ցավալի մի բան կլիներ։

Բեռլինից այն կողմ գնալու տեղ չունեի եւ տուն վերադարձա։

«Հայրդ, Խամբարձե, գալիս էր՝ թեւքերը քշտած, գալիս էր ալրոտ։ Դու հորդ չես քաշել, Խամբարձե, ես ի՞նչ անեմ»։

Ոչ մի օր չմոռացա՝ իմ ձեռքի հրացանն այն հրացաններից է, որ Բիթլիսի մեր տնից տանում էին լեռները, եւ որը Բիթլիսում հորս ձեռքերի մեջ չորոտաց։ Լիքը հրացանից մեկ մարդ է վախենում, դատարկից՝ երկուսը։ Այդպես է։

 

ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆԸ

 

Ամբողջ գիշեր քայլել ես ծնկահաս ձյան միջով՝ կրծքով հենվելով ոտքերիդ տակից հետքերդ թռցնող դիմահար քամուն եւ արտաշնչելու համար ստիպված շրջվել ու շրջվել ես անընդհատ։ Իսկ առավոտյան պարզվում է, որ քեզ հասցեագրված ամենակարոտալի նամակը մի ամիս հետքերդ կորցրել է։ Այն է՝ քանդել ես եռածալը, որ կարդաս քո աղջկա ծնունդի մասին, մեկ էլ՝ դուք այդ ինչո՞վ եք զբաղված, թշնամին լցվել է ձեր դիրքերը, կապիտան։ Հետո, երբ միջոց է լինում, նամակը բոլոր գրպաններում փնտրելուց հետո գտնում ես սապոգիդ ճտքում՝ ճմրթված ու թաց չընթերցվելու չափ։ Եվ քեզ թվում է, թե մինչ այդ այնպես չես ատել թշնամուն՝ ինչպես հարկն է։

Թշնամու աննպատակ գնդակը սուլելով՝ քո ձեռքից թռցրել է ալյումինե գավաթն այն պահին, երբ մոտեցրել ես շուրթերիդ։ Դու ճոխ ու պինդ մի հայհոյանքով նախշում ես թշնամուն, եւ քեզ հանկարծ բռնում է ցնցող խնդուքը։ Դու ծիծաղում ես միայն նրա համար, որ թուլություն ունեցար խռովել թշնամուց մի բաժակ ջրի համար։ Իսկ քեզ ո՞վ է իրավունք տվել թշնամուց խռովել։ Միշտ էլ խռովքին հաջորդողը հաշտությունն է։ Մանր ջղայնությունները վաղանցուկ են, կանցնեն եւ, մինչեւ տեսնես, իրենց հետ կտանեն այն այրող ատելությունը, որ այնքան պետք է հայրենիքի պաշտպանին։

Կողքիդ խփվել է քո ամենակտրիճ զինվոր Աղասի Քեշիշյանը։ Դու գիտես, որ նա ռոստովցի մի աղջկանից սիրակարոտ նամակներ է ստանում, բայց, եթե անփորձ ես ու ատել չգիտես, շնորհակալության թաքուն զգացումով կմտածես թշնամու մասին, որ ռումբը կես մետր դեպի քեզ չպայթեցրեց։ Հավատաս թե չհավատաս՝ դրանից հետո հարվածդ իր հաղթական ուժգնությունը կկորցնի։ Մանր ջղայնություններն ու խռովքները զինվորին մարտադաշտում պոկում-առանձնացնում են ընկերներից եւ նրան մենակ են թողնում թշնամու դիմաց։ Զինվորին միաժամանակյա համատարած ատելությունն է առաջ տանում՝ հրացանից առավել։ Այդ ատելությունից է, որ նա ծարավում է այն ժամանակ միայն, երբ ջուր է լինում, չի քաղցում, որովհետեւ ռմբակոծվել է խոհանոցը, քնում է մի ժամ, որպեսզի երեք գիշեր արթուն մնա, հոգնություն չի զգում, քանի որ առջեւում դեռ չնվաճված Դոլգայա բարձունքն է:

Ռազմի դաշտում մարտական մեծ ու փոքր հաջողությունները բթացնում են զինվորի վրեժխնդրությունը, եթե այդ վրեժխնդրության աստառը համաժողովրդական ատելությունը չէ, այլ հրդեհված հայրենի գյուղի կամ սպանված ընկերոջ համար կնքած անխոս ուխտը։ Երբ նա կարողանում է դրանց համար վրեժխնդիր լինել, մտածում է, որ անելիք չունի, եւ ժամանակն է այլեւս զենքը ցած դնելու։ Լսիր, թե հիմա ես ինչ պիտի ասեմ։ Հաստատորեն գիտեմ, որ թիկունքում մնացած ծերուկը թշնամուն ավելի շատ է ատում, քան ճակատային զինվորը։ Որովհետեւ այդ ծերուկը հնարավորություն չունի հասցնելու թշնամու վզակոթին, ինչպես ինքը կուզեր։ Զինվորը իր մեջ պետք է կրի թիկունքի անհագուրդ վրեժը։ Այդ բանը պարտադիր է։ Աղասի Քեշիշյանը, օրինակ, կրում էր այդ վրեժը։ Ես, որ քիչ բաների ականատես չեմ եղել, նրա նման զինվոր չեմ տեսել։ Խենթ էր՝ էպոսի հինգերորդ ճյուղից թռած ծուռ։

Մի անգամ, ավազի մարդաբոյ պարկը գրկած, գնաց դեպի թշնամու գնդացիրը։ Հարյուր մետր մնացել կամ չէր մնացել, գնդացրորդը զենքը թողեց ու փախավ։

Աղասին ռոստովցի այն աղջկան չէր տեսել՝ նամակներով էին սեր խոստացել իրար։ Երբ խփվեց, աղջկա հասցեն տվեց տղաներին եւ խնդրեց հանդիպել նրան՝ իր երազների պերճուհուն։ Տղաներից մեկը գնաց այդ հասցեով, եւ պարզվեց, որ ռոստովցի աղջիկը երիտասարդ տարիքից վաղուց դուրս եկած կին է եւ սիրային նամակներ է գրում հարյուրավոր ճակատայինների։ Շուրթներս կծեցինք, բայց մեր վիրավորանքը սպանված ընկերոջ համար կարճ տեւեց։ Կինը սիրո միջոցով ժողովրդի ատելությունն էր հասցրել ճակատ։ Կինը ժողովրդի ատելությունն էր բոցավառել սիրով։ «Տեսնելիք բան չէր այն ողբն ու վայնասունը, որ բարձրացրեց, երբ ասացի, որ Աղասի Քեշիշյանը զոհվել է,-պատմում էր կնոջն այցի գնացած զինվորը։ -Գիտեի, որ Աղասին խիզախ է, բայց չգիտեի, որ այդքան խիզախ է, այդքան առյուծորդի, այդքան թառլան եղբայր։ Պատերազմի ժամանակ մահն առաջին անգամ տեսա, մոռացել էի, թե ինչ ահավոր բան է»:

Բայց քիչ էր մնացել մի անգամ հաշտություն կնքեի թշնամու հետ։

Շարունակելի

Խորագիր՝ #18 (1289) 15.05.2019 - 21.05.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


16/05/2019