ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԱԶՄԱՆԱՎԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՄՆ ԱՓԵՐԻ ՄՈՏ
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար գերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է ռազմական ներկայություն ապահովել ԱՄՆ ափերի մոտ: Նա նշել է, որ եթե ամերիկյան նավերը գտնվում են Իրանի ծովային սահմանների մոտ, ապա իրանական նավերն էլ կարող են հզոր ռազմական ներկայություն ապահովել ԱՄՆ սահմանների մոտ:
Օրեր առաջ Սայարին ասել էր, որ Պարսից ծոցում Արևմուտքի զինված ուժերի ներկայությունը միայն նպաստում է տարածաշրջանում անկայունության առաջացմանը, և որ Պարսից ծոցի երկրները ի վիճակի են ապահովել իրենց անվտանգությունը:
Գերծովակալը նաև ասել է, որ իրանական ռազմանավերը Պարսից ծոցից բացի նավարկում են նաև Ադենի ծոցում և Կարմիր ծովում և առաջիկայում ուժեղացնելու են իրենց ազդեցությունը միջազգային ազատ ջրերում:
Արձագանքելով այս հայտարարություններին` ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ավելի լավ է Իրանը կենտրոնանա տարածաշրջանային խնդիրների լուծման վրա և ոչ թե ռազմանավեր ուղարկի ԱՄՆ ափերի մոտ:
Հաշվի առնելով ռազմածովային ուժերի սահմանափակ հնարավորությունները` Իրանը պետք է առավելապես երկրի տարածքին մոտ տեղանքում առկա խնդիրներ լուծի, ինչպես, օրինակ` ծովային միջադեպերի կանխարգելում և նավարկության ազատության ապահովում, Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարին մասնակցություն և այլն:
Իրանցի ծովակալի հայտարարություններին թերահավատորեն են մոտեցել նաև ամերիկացի զինվորականները: Նրանց կարծիքով իրանական նավատորմը զգալիորեն հնացել է և արդիականացման կարիք ունի: Նման սահմանափակ հնարավորություններով նրանք հազիվ թե կարողանան ցուցադրել իրենց ռազմական հզորությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական