Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ



ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸԱյս տարի լրանում է  ԽՍՀՄ-ում  ատոմային զենքի փորձարկման 70-ամյակը: Կարևորագույն այդ գործի ակունքներում կանգնած էին 5 հայազգի գործիչներ՝  Հայկ Հովակիմյանը, Կիրակոս Մետաքսյանը /Շչոլկին/, Սամվել Քոչարյանցը, Աբրահամ  և Արտեմ Ալիխանյանները: Շարքի առաջին «հյուրը» սոցիալիստական աշխատանքի միակ հայ եռակի հերոս,  հայազգի ատոմագետ Կիրակոս Մետաքսյանն է (Կիրիլ Շչոլկին), որի ծննդյան 108-ամյակը լրացավ մայիսի 17-ին:

 

Երբ 1949 թվականի օգոստոսի 29-ին Շչոլկինը զեկուցեց Կուրչատովին, որ ատոմային ռումբը լիցքավորված է, պատրաստ փորձարկման, խորհրդային ատոմային ռումբի հայրը կատակով նետեց. «Դե, ինչ, ռումբն արդեն անուն ունի, թող ունենա նաեւ կնքահայր՝ Շչոլկին ազգանվամբ»։ Ասենք, որ ռումբի՝ «ՀԺհ» անվանումը հապավում էր եւ նշանակում էր Ստալինի ռեակտիվ շարժիչ (реактивный двигатель Сталина):

Ո՞վ էր Շչոլկինը, որին այդպես մեծարում էր ԽՍՀՄ խոշորագույն գիտնականը։

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի ազգային արխիվներում պահպանվող փաստաթղթերը վկայում են, որ Կիրիլ Շչոլկինը, նույն ինքը Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանն է, ծնված 1911 թվականի մայիսի 17-ին Թիֆլիսում, հողաչափ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքում։ Մետաքսյան ազգանունը նա ժառանգել էր մետաքսի առեւտրով զբաղվող գողթնեցի պապից, որը գաղթել էր Ղրիմի Կարսու-բազար (Բելոգորսկ) քաղաք եւ շարունակում էր պապերի արհեստը, եւ որին լավ էին ճանաչում հատկապես Ղրիմի բնակիչները, որտեղ հայ առեւտրականներն ազատ ու շահավետ առեւտուր էին անում։ Ի դեպ, վերը նշված հիմքերով «մետաքսե» ազգանուն էր կրում նաեւ մեկ ուրիշ նշանավոր հայ՝ Ղրիմի պատերազմի նշանավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեյբութ Շելկովնիկովը։

Չնայած պահպանված կենսագրական տվյալներին, հայերենով ազատ հաղորդակցվելուն, Շչոլկինի հայկական ծագումը երկար տարիներ թաքցվում էր այնպես, ինչպես գերգաղտնի էին մնում ատոմային զենքի ստեղծողներն ու նրանց գտնվելու վայրը։ Իսկ նրա օտարահունչ անուն-ազգանունը պարզապես համահունչ թարգմանություն է հայերենից։

Խորհրդային տարիներին այդ վերաբերմունքը պատահական չէր ազգությամբ ոչ ռուս նշանավոր մարդու նկատմամբ, որը երիտասարդ տարիքում զբաղեցնում էր կայսրության ամենապատասխանատու եւ կարեւորագույն ռազմական պաշտոններից մեկը. միակ մարդն էր, որ ամեն ինչ գիտեր ատոմային ռումբի պայթյունի, դրա մանրամասների մասին, 35 տարեկանում պաշտպանած դոկտորական թեզն էլ հենց ատոմային ռումբի պայթուցիչների մասին էր։

Պատանեկան տարիներին կորցնելով հորը, Կիրակոս Մետաքսյանը վերադառնում է ծնողների ծննդավայր՝ Ղրիմի Բելոգորսկ հայաշատ քաղաք, աշխատում է պետական տնտեսությունում, միաժամանակ սովորում ու ավարտում է միջնակարգ դպրոցը:1928թ. ուսումնատենչ պատանին ընդունվում է Ղրիմի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետ: Այնուհետեւ մեկնում է Լենինգրադ, շարունակում ուսումը քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: Երիտասարդ գիտնականը, որին արդեն ամուր «կպել» էր Շչոլկին Կիրիլ ազգանուն-անունը, փորձեր էր կատարում նոր, նախադեպը չունեցող ինքնուրույն մեթոդներով եւ մեծ ճշգրտությամբ, ինչն էլ իր վրա սեւեռեց խորհրդային եւ արտասահմանյան մասնագետների ուշադրությունը: Մետաքսյան-Շչոլկինով հետաքրքրվեց Կուրչատովը, երբ 1938թ. նրան շնորհվեց ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մետաքսյանը 1940թ. ինստիտուտի դոկտորանտ էր: 1941թ. հունիսի 22-ին նա կամավոր մեկնեց ռազմաճակատ, սակայն մի քանի ամսից հետ կանչվեց: Նրան ուղարկեցին Կազան՝ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Շչոլկինի կատարած փորձերը հույժ կարեւոր եւ հրատապ էին ռազմական արդյունաբերության համար: Պատերազմական պայմաններում նրա ամենաժամանակակից` այրման ու պայթյունի ֆիզիկայի ասպարեզում կատարած փորձերը դարձան վճռորոշ ԽՍՀՄ-ում միջուկային զենքի ստեղծման գործում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գերմանիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում ընթացքի մեջ էր միջուկային զենքի նախապատրաստությունը: ԽՍՀՄ-ում նույնպես սկսվել էին աշխատանքներ այդ ուղղությամբ: Ակադեմիկոս Ա. Ալիխանովը ԽՍՀՄ ուրանային նախագծի, միջուկային ռումբի գիտական հիմքերի մշակման ղեկավարն էր: Կուրչատովն ու նա ստեղծեցին առաջին ցիկլոտրոնը: Արագած լեռան վրա կառուցված փակ լաբորատորիայում ուսումնասիրվում էին տիեզերական ճառագայթների կազմում պրոտոնների գոյության հարցերը: Միջուկային զենքի նախապատրաստման նպատակով 1942 թ. Ա. Ալիխանովը հետ կանչվեց Մոսկվա, եւ 1943թ. սկզբին նրան ուղարկեցին «Օբյեկտ» կամ, ինչպես ընդունված էր ասել, «Փոստարկղ համար…»։

1945 թ. Ա. Ալիխանովը ստեղծեց նոր լաբորատորիա: Նրա ղեկավարությամբ լաբորատորիան իրականացրեց ջրի դանդաղեցուցիչով աշխատող ռեակտորի կառուցումը: Այդ ժամանակ ԱՄՆ-ում ընթացքի մեջ էին ատոմային ռումբի ստեղծման լարված աշխատանքները: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ատոմային ռումբ նետեց Ճապոնիայի Նագասակի եւ Հիրոսիմա քաղաքների վրա, ԽՍՀՄ-ում արագացվեցին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով կազմվեց հատուկ ատոմային կոմիտե եւ գիտական խորհուրդ, որի կազմում ընդգրկվեցին ակադեմիկոսներ Ա. Իոֆֆեն, Ի. Կուրչատովը, Պ. Կապիցան, Ա. Ալիխանովը, գիտխորհրդի նախագահ Բ. Վաննիկովը: Կուրչատովի պահանջով Մետաքսյան-Շչոլկինը «Օբյեկտում» զբաղվում էր ատոմային ռումբի հետ կապված աշխատանքներով: «Օբյեկտի» գլխավոր ուժերի առաջին շարքերում էր մեր մյուս հայրենակիցը՝ նորբայազետցի (այժմ՝ Գավառ) սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Սամվել Քոչարյանցը, տնտեսության գծով ղեկավարն էր Խ. Կոստանդյանը: Այդ կառուցվածքում Շչոլկինը ե՛ւ գիտահետազոտական սեկտորի ղեկավարն էր, ե՛ւ գլխավոր կոնստրուկտորի առաջին տեղակալը, Ս. Գ. Քոչարյանցը` ռումբի ավտոմատիկայի համակարգի մշակման ղեկավարը:

1949թ. օգոստոսի 29-ին ատոմային ռումբի փորձարկումը Սեմիպալատինսկի զինափորձարանում փայլուն իրագործվեց։ Այդ պահին էր, որ պետական հանձնաժողովի նախագահի պահանջով Կուրչատովը հայտարարեց. «Կնքահայրը Շչոլկինն է», եւ ատոմային առաջին ռումբի փորձարկումը կրեց Շչոլկինի անունը: Շչոլկինին շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Խորհրդային զինված ուժերի սպառազինման մեջ ներդրած ավիառումբի համար 1951թ. 2-րդ անգամ Շչոլկինին շնորհվեց սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: 1955թ. կազմակերպվեց «Արզամաս-16»-ի կրկնօրինակը՝ «Չելյաբինսկ-70»-ը, որի գիտական ղեկավարը եւ գլխավոր կոնստրուկտորը դարձավ Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը, իսկ գլխավոր կոնստրուկտորը եւ գլխավոր ղեկավարը` Ս. Գ. Քոչարյանցը:

Այնուհետեւ մինչեւ 1958թ. հետեւողական աշխատանքներ ծավալվեցին, եւ «Արզամաս-16»-ի կողմից ստեղծվեց առաջին ջրածնային ռումբը:

1958թ. սեպտեմբերի 12-ին ջրածնային ռումբի հաջող փորձարկումից հետո Մետաքսյան-Շչոլկինը երրորդ անգամ արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մեր տաղանդավոր հայրենակիցը նաեւ չորս անգամ արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի եւ մեկ անգամ՝ Լենինյան մրցանակի: 1958թ. Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինն ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Մետաքսյանը խիստ գաղտնի պայմաններում եղել է Թբիլիսիում, Սամվել Քոչարյանցի հետ՝ նրա հայրենի Գավառում:

1960թ. Մետաքսյան-Շչոլկինի առողջությունը վատթարացավ (1957թ. սկսել էին ի հայտ գալ հիվանդության նշաններ): Նա վերադարձավ Մոսկվա` նախկին ծառայության վայրը` քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, հրապարակեց մի շարք գիտական ծավալուն հոդվածներ ու գրքեր: 1960թ. 49 տարեկանում նրան նշանակվեց միութենական անհատական թոշակ: Ծանր հիվանդ Մետաքսյանին այցելեց Կուրչատովը: Սակայն երկու օր հետո Մետաքսյանին հայտնեցին Կուրչատովի մահվան լուրը: Նա ցնցվեց, սակայն չէր կարող մասնակցել թաղմանը:

1968թ. նոյեմբերի 12-ին Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան-Շչոլկինը կնքեց իր մահկանացուն։ Ծննդյան 60-ամյակի օրը Ղրիմի Բելոգորսկ քաղաքի թիվ 1 դպրոցի պատին փակցվեց նրա բրոնզե հուշաքանդակը, Ղրիմի նորաստեղծ քաղաքներից մեկն անվանվեց Շչոլկինո։

Ցավոք, Հայաստանում քչերը գիտեն մեր մեծ հայրենակցի մասին, նրա հիշատակը որեւէ կերպ չի անմահացվել։ Հիշենք և ըստ արժանվույն գնահատենք հայազգի սոցիալիստական աշխատանքի միակ եռակի  հերոս Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյանին…

 

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական վերլուծաբան-փորձագետ

Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


23/05/2019