Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՈՒՍԻ ԽՈՒԹԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



ԹՈՒՐՈՒՍԻ ԽՈՒԹԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸՇուշիի ազատագրումից հետո Հայոց ջոկատները շարժվում էին առաջ՝ բացելու կյանքի ճանապարհը, իրականացնելու մեր ժողովրդի երազանք-միացումը: Լաչինի և Գորիսի շրջանի սահմանամերձ Տեղ, Արահուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր և այլ բնակավայրեր նույն ժամանակ թշնամու հրետակոծության տակ էին: Օրախնդիր էր դարձել լռեցնելու թշնամու կրակակետերը և աջակցելու Արցախից շարժվող հայկական ջոկատներին, որ թուրքը հեռանա Բերդաձորից, Լաչին-Բերձորից, Զաբուղ-Աղավնոյից: Խորհրդային տարիներին ադրբեջանցիներին հաջողվել էր տիրանալ Տեղ գյուղին շատ մոտ բարձունքներից մեկին, որը ժամանակին Տեղ գյուղի տարածքում էր: Թուրուսի խութ բարձունքը 1988-92թթ.  թշնամին դարձրել էր ռազմական հենակետ, և այստեղից էին հիմնականում հրետակոծվում Տեղն ու Արահուսը, շրջակա բնակավայրերը, նույնիսկ՝ Գորիս քաղաքը: 1992թ. մայիսի 16-ին Տեղ գյուղի ջոկատից 34 ազատամարտիկ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի հրամանատարությամբ ազատագրեց Թուրուսի խութը, որը ռազմավարական նշանակություն ունեցավ Լաչինի միջանցքի ազատագրման համար։ Այս կարևոր հենակետի լռեցման 27-ամյակի առթիվ Տեղ գյուղում կայացավ տոնական միջոցառում, որին ներկա էին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, մարզային խորհրդի ղեկավարներ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, տարածքի համայնքների ղեկավարներ, ազատամարտիկներ, հյուրեր: Գյուղի կենտրոնում Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողն է, որի մոտ զրահամեքենան է՝ Թուրուսի խութի ազատագրումը հիշատակող գրությամբ: Երրորդ քարակերտ հուշակոթողին Գորիսի շրջանից Հայրենականի մասնակից ԽՍՀՄ հերոսների անուններն են՝ Արամայիս Սարգսյան (Տեղ), Սուրեն Առաքելյան (Տաթև), Գուրգեն Արզումանյան (Խնձորեսկ) և Գրիգոր Գալստյան (Քարահունջ): Մինչ միջոցառման հանդիսավոր մասը, հյուրերը եղան Տեղ գյուղի ջոկատի Փառքի սրահում: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահը գրառում կատարեց սրահի հուշամատյանում: Հանդիսավոր մասի սկզբում ՀՀ ԵԿՄ վարչության և Սյունիքի մարզպետարանի կողմից ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողին: Այնուհետև միջոցառումը շարունակվեց Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դպրոցի սաները պատրաստել էին գեղեցիկ հանդես: «Հայրենիք» երգի հնչյունների տակ պարեցին եռագույն հագուստով աշակերտուհիները, հնչեց ռազմահայրենասիրական երգ, ասմունք: Այնուհետև բեմադրությամբ ներկայացրին Թուրուսի խութի ազատագրումը «Մելիք Բարխուդար» ջոկատի 34 քաջերի կողմից: Պատմեցին դրվագներ հերոսական այդ գործողությունից: Դպրոցի տնօրեն Դավիթ Շեգունցը, շնորհավորելով ներկաներին և խոսելով հերոսական քայլի մասին, ասաց.

-Հայրենի բնակավայրի, երկրի պաշտպանության ուժն էր, որ անձնազոհության մղեց ու առաջնորդեց ջոկատի տղաներին գիշերվա ժամը 4-ին: Խելամիտ ու վճռական գործողությունը եղավ հաղթական: Տեղը՝ Գորիսի դարպասը, արդեն անվտանգ էր՝ շնորհիվ իր քաջ զավակների: Շնորհակալություն հերոսներին, խոնարհում՝ մարտիրոսներին:

ԹՈՒՐՈՒՍԻ ԽՈՒԹԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Միքայելյանը նույնպես շատ կարևորեց այդ հաղթանակը: Նշեց՝ այդ բարձունքը դեռևս խորհրդային տարիներին ուներ ռազմավարական նշանակություն, և տրվել էր ադրբեջանցիներին:

-Մեր ջոկատներն Արցախյան պատերազմի ընթացքում ազատագրեցին 8400ք/կմ տարածք: Եվ դա եղավ միավորվելու շնորհիվ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ միավորվեցին հայկական ջոկատները, և կայացավ Հայոց բանակը: Նման հաղթանակները սերնդի ոգու դաստիարակությունն են,-հավելեց Ս.Միքայելյանը՝ փառաբանելով բոլոր հերոսներին, մեր ժողովրդին, Տեղ գյուղի բնակիչներին, որ կարողացան դիմակայել բազում փորձությունների, ունեցան զոհեր հրետակոծման պատճառով: -Ինչքան հզոր լինենք, այնքան պատերազմը մեզնից հեռու կլինի:

«Մելիք Բարխուդար»-«Թուրուսի արծիվներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Մ.Պողոսյանը՝ Մելոն, խոսելով 27 տարի առաջ տեղի ունեցածի մասին, կարևորեց այն, որ զոհ չունեցան. վիրավորվեց 2 ազատամարտիկ՝ Մարտունը և Գնելը:

-Դժվար էր որոշում կայացնելը՝ համագյուղացիներին դեպի մահ էի տանում, բայց պարտադրված էինք: Գնում էի առջևից, նախապես հետախուզել էինք տարածքը, գիտեինք ճանապարհը: Բետոնապատ ամրություն էր, և թշնամին օղակաձև պաշտպանություն էր իրականացնում: Հարձակվեցինք գիշերով՝ հանկարծակի և հաղթեցինք: Թշնամուն նահանջի ճանապարհ տվեցինք, որպեսզի խուսափենք կորուստներից: Տասնյակ զոհեր տալով՝ փախան ադրբեջանցիները՝ թողնելով նաև մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, անդրադառնալով Թուրուսի խութի ազատագրմանը, ասաց. «Առանց զոհերի եւ առանց մասնագիտական լուրջ գիտելիքների, տեղում ընտրելով մարտավարությունը՝ հայրենիքի կանչով տղաները ազատագրեցին մի տարածք, որը հետագայում Արցախյան ազատամարտի համար մեծ մարտավարական նշանակություն ունեցավ: Երբ նայում ենք ազատամարտի ամբողջ ընթացքին, տեսնում ենք, որ այն կազմված է հենց նման հերոսամարտերից»:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Պատմության էջերից


23/05/2019