ՍԵՎ ԳԾԵՐԻ ԾԱԼՔԵՐՈՒՄ ԳՈՒՅՆ ՈՒ ԼՈՒՅՍԵՐ ԵՆ ԹՐԹՌՈՒՄ
Նկարները անսովոր բույր ունեն: Նրանք ծնվել են առաջնագծում, անցել են քառօրյա պատերազմը, ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի վերջ չեն իջել դիրքերից:
…Նկարներն անգույն են, սեւ գրիչով. ինչ-որ անհարթ, մանր գծիկներով տարօրինակ թղթի վրա: «Սնարյադի թուղթ է»՝ ասում է Ալիկ Կոստանյանը: Նա մոտ երկու տասնյակի հասնող այս նկարների հեղինակն է: Ես մի կերպ գլխի եմ ընկնում, որ «սնարյադի թուղթ» ասվածը այն թուղթն է, որով փաթեթավորված էին պատերազմի արկերը: Ալիկը հրետանավոր էր մարտադաշտում: Քառօրյա կռվի ժամանակ արկերը ազատել է թղթից: Արկերը նետել է թշնամու վրա՝ ոչնչացնելով հակառակորդի ակտիվ նշանակետերը, իսկ թղթերի վրա… պատերազմ նկարել: «Իսկ ինչո՞ւ գրիչով»,- հարցնում եմ: «Որովհետեւ մատիտը հրետանային հաշվարկի համար էր պետք, չէի կարող օգտագործել»,- պատասխանում է:
Ես եկել եմ դիտելու Ալիկ Կոստանյանի նկարները՝ տեսնելու պատերազմի դաժան դեմքը, բայց կողք կողքի դրված նկարները քնքշանք, մտերմություն, սեր ու կարոտ են բուրում: Ինքս էլ չգիտեմ՝ ինչո՞ւ է այսպես հուզում գետնատնակի մի անկյունում քնած զինվորի պատկերը: Գուցե նկարի հեղինակի՝ մարտական ընկերոջ հանդեպ սերն ու գորովն է կտավից փոխանցվում ինձ, նրա ուրախությունը, որ ընկերը ողջ է մնացել ու դաժան ճակատամարտից հետո հոգնած քնել է գետնատնակի հատակին: Մեկ ուրիշ նկարում վառարանի վրա զինվորական թեյնիկ է, զենքերը շարված են կողք կողքի: Ինչ-որ անբացատրելի հրճվանք ու խաղաղություն է ծորում նկարից, որն ասում է՝ այս զենքերի տերերը ողջ են: Ես համոզված եմ, որ նրանք ողջ են, որովհետև անգամ ցեխը, անձրեւը, հոգնությունը, անտառի դավադիր մութը պարուրված են ինչ-որ անբացատրելի ջերմությամբ: Ու սեւ գծերի ծալքերում գույն ու լույսեր են թրթռում: Ու վառոդի բույրը սիրո, մտերմության, կարոտի քաղցր վերհուշ ունի:
-Ալիկ, սովորաբար նկարիչները ոչ թե պատմում, այլ պատկերներ են ներկայացնում՝ լրագրողի հարցերին ի պատասխան: Դպրոցական տարիներից մի պատկեր գծիր, անցնենք բանակին:
-Մենք վեց ընկեր էինք՝ չորս տղա, երկու աղջիկ: Առաջին դասարանից ընկերություն էինք անում: Միասին էինք պեղում կյանքը, միասին էինք գծում լավի ու վատի սահմանները, միմյանց պատմում էինք մեր երազանքները, խոսում մեր ուրախությունների ու հիասթափությունների մասին: Էնքան տարբեր էինք մեր խառնվածքով, մտածողությամբ, շատ հարցերում նույնիսկ համախոհներ չէինք, բայց մեր կապն անբաժանելի էր, որովհետեւ վեցս էլ անկեղծորեն սիրում էինք իրար: Դա անշահախնդիր ընկերություն էր, հեռու եսասիրությունից ու լի նվիրումով:
-Մտածում էի՝ ինչ-որ բան կպատմես նկարչության հետ կապված:
-Ես միշտ գծել եմ թղթին՝ գրիչով, մատիտով, գուաշով, ջրաներկով: Երբ արդեն մեծ էի, ուզում էի հասկանալ՝ ինչո՞ւ է մարդը նկարում, որտեղի՞ց է գալիս քեզ շրջապատող աշխարհը կտավի վրա փոխադրելու մղումը: Սկզբում մտածում էի, որ նկարչությունը Աստծո արարչագործությունը «կրկնելու» խիզախություն է: Հետո մտածում էի, որ անկանգ ժամանակն ու անցողիկ բնությունը կտավի վրա «անմահացնելով»՝ դու հավերժության խաբկանք ես ստեղծում: Ու դա մարդու անհավասար կռիվն է ժամանակի ու մահվան դեմ: Հետո հասկացա, որ նկարելով դու մոռացումից փրկում ես քո ապրած ակնթարթը, քո պահը, քո ապրումը, քո կյանքը:
-Իսկ ի՞նչ ապրումներով եկար բանակ, ինչպիսի՞ն էին քո նախաբանակային պահերը:
-Դպրոցում իմ չսիրած առարկաների ցանկը գլխավորում էր ռազմագիտությունը: Թեեւ ուսուցչին շատ էի հարգում. պատկառելի զինվորական էր՝ փոխգնդապետ: Ես օրինավոր մարդ եմ ու ինչպես բոլոր պարտականություններս, հայրենիքը պաշտպանելու պարտքս նույնպես պիտի կատարեի ամենայն պատասխանատվությամբ ու անթերի: Այդ պատճառով էլ, երբ պահը եկավ, զորակոչվեցի: Առանց խանդավառության ու առանց տրտունջի: Բանակի ամենադիպուկ կրակողներից էի, սիրում էի ընկերներիս, ծառայողական պարտականություններից բացի, նկարում էի զորամասի համար: Մրցանակ էի շահում համաբանակային նկարչության մրցույթում… Եվ ծանոթ-անծանոթ զինվորների մայրիկների ու երբեմն էլ սիրած աղջիկների համար նկարում էի: Զինվորը գալիս է, թե՝ մամայիս ծննդյան տոնի համար մի բան նկարիր, ուղարկեմ տուն: Երկուսս էլ գիտեինք, որ այդ նկարը զորամասից հասնելու է Հայաստանի մի ծայրից մյուսը: Մայրը բացելու է այն՝ որդու ամբողջ սերը, կարոտը ամփոփած այդ փոքրիկ նկարը, որը մոր համար մի աշխարհ արժե: Մայրը նկարը սեղմելու է կրծքին, հոտոտելու, համբուրելու է…
– Շատ պատկերավոր ու հուզիչ ես նկարագրում:
-Պատկերացրեք: Զինվորը նստած է քո առջեւ, ու դու նրա մոր համար նկարում ես: Նայում ես զինվորին ու նկարում ես: Զինվորի դեմքին գրվածը փոխանցում ես նկարին: Իսկ զինվորի դեմքին էնքան ապրում կա, էնքան սեր ու կարոտ կա մոր հանդեպ:
-Ապրիլի 1-ը հրաշալի անցավ՝ կատակներով, հումորով, զվարճալի անցուդարձով: Բայց գիշերը չէինք կարողանում քնել: Անհանգիստ էինք: Անկողնում պառկած՝ տղաներով զրուցում էինք, մեկ էլ՝ դրսից ձայներ լսեցինք, իրարանցում սկսվեց: Զորամասի հրամանատարը, շտաբի պետը զորամաս եկան կեսգիշերին: Հերթապահին հարցրինք, ասաց՝ սահմանին լարված է: Լուսադեմին նոր էին աչքներս կպել, հերթապահը արթնացրեց, թե՝ շարվեք: Արդեն շարվել էինք, երբ մարտական տագնապը ոչնչացրեց պատերազմից խուսափելու բոլոր հույսերը: Զենք ստացանք, տեղավորվեցինք «Ուրալներում» եւ ուղեւորվեցինք սահման: Չուլու գյուղի մոտ, երբ տեսանք դիրք բարձրացող տանկերի շարասյունը, հասկացանք, որ ծանր օրեր են սպասվում: Ես հրետանավոր եմ, կրակի ղեկավարման սարքը մի ձեռքիս, մյուս ձեռքիս ԱԿ-71 ավտոմատը՝ տղաների հետ իջա «Ուրալից»: Թուղթն ու մատիտը առա, սկսեցի աշխատել:
-Նկարե՞լ…
-Չէ՛, ի՞նչ նկարել: Հրաման ստացանք, որ պիտի խփենք հակառակորդի նշանակետերին: Ես հրետանու հաշվարկողն էի, թուղթն ու մատիտը դրա համար էր պետք: Երբ արկակոծությունը շատ էր ուժեղանում, վազում էինք գետնափոր ապաստարանները, երբ թուլանում էր, դուրս էինք գալիս ու սկսում կրակել: Մի անգամ այնքան ուժեղ խփեցինք, որ նահանջի հրաման ստացանք: Արկերի պայթյունները ճեղքելով՝ հետ քաշվեցինք, որովհետեւ տարածքում մնալն ավելի վտանգավոր էր:
-Վախենո՞ւմ էիր:
-Լռությունից էի վախենում: Երբ ժամերով ականջներդ սովորում են արկերի ոռնոցին, ու հանկարծ ձայները լռում են, քեզ թվում է` լռությունը կյանքիդ վերջին նվերն է: Հազիվ թե կարողանամ բացատրել: Լռությունը լարում էր: Ու ես այդ լռությունը նկարներով լցրի:
-Հա, քո նկարներում լռություն կա: Ոչ մի աղմուկ: Դա ակնհայտ է, բայց վախդ շատ լավ ես թաքցրել:
-Ոչինչ չեմ թաքցրել, երբ նկարում ես, ի՞նչ վախ: Երբ կողքիդ ռազմաճակատից փառքով վերադարձած ընկերդ է ննջում, էլ ի՞նչ վախ: Երբ տղաների կասկաներն են կախված պատից, իսկ վառարանը երգում է, վախը չի կարող չհեռանալ:
…Ես շատ ընկերներ ունեի բանակում, բայց երկուսի հետ ավելի մտերմացա: Իմ նկարները պատերազմի դաշտում են ծնվել, բայց դրանք ոչ թե պատերազմի նզովք են, այլ խաղաղության ներբող: Իմ նկարներում ես չեմ ասում՝ ինչ դաժան է պատերազմը, ես ասում եմ՝ ինչ լավ է, որ ընկերներդ ողջ են, ինչ բախտավորություն է, որ պահել ենք հողը, ինչ հուզիչ է, որ պատրաստ ենք սեփական կյանքը զոհել ընկերոջ համար: Ինչ անուշ է կռվից վերադարձած ընկերոջ խաղաղ շնչառությունը: Ինչ քաղցր ապրում է արթնացնում գետնատնակում վառարանի վրա բլթբլթացող թեյնիկը, որը քիչ անց մեզ՝ ողջերիս, փրկվածներիս, հաղթածներիս, հող չզիջածներիս կհավաքի սեղանի շուրջ, ու գետնատնակը կլցվի տղաների հարազատ ձայներով:
-Ալիկ ջան, շնորհակալ եմ ե՛ւ նկարների, ե՛ւ այս սրտառուչ զրույցի համար: Շնորհակալ եմ, որ ողջ-առողջ վերադարձել ես ապրիլյան կռվից: Ես անպայման կգամ քո նկարների ցուցադրությանը: Տղաները պատմում էին, թե ինչ դժվարությամբ ես չորացրել արկերի թաց թղթերը, ինչքան ես չարչարվել դրանց ճմռթված մակերեսը հարթելիս: Ասում էին՝ ապաստարանից ապաստարան վազելիս երբեմն չես հասցրել անգամ հագուստդ վերցնել, բայց նկարները չես թողել ռմբակոծության տակ: Ու այսօր դրանք քաղցր բույրով են լցնում մեր հոգիները:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում