Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼԸ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ



ԳԵՆԵՐԱԼԸ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿԸՍկիզբը՝ նախորդ համարներում

 

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ

 

Կուբանում ձյունը մեր մեջքին արդեն հալչում էր, եւ ձեռքներս տաքացնում էինք հրացանափողերով, երբ թշնամին թիկունք ցույց տվեց։ Իմ հանձնակատարի հետ գնում էի Վերխնի Բագանսկ գյուղը: Դա առաջին ազատագրվող գյուղն էր, ուր ես պիտի մտնեի։ Ազատագրվելը գիտեի դեռ բիթլիսյան ներքնահարկից եւ գնում էի ինձ համար անսովոր քայլքով։ Մարդու քայլքը կախված է այն բանից, թե ուր է նա գնում եւ ինչու։ Վարսավիրանոց գնալիս դու այնպես չես քայլում, ինչպես այն ժամանակ, երբ թոռանդ բերում ես մանկապարտեզից։ Իսկ եթե դու հիշում ես բիթլիսյան ներքնահարկը, խանձվել ես Մեծ հայրենականում, եւ այդ թոռդ մեծ տղայիդ տղան է, ոտքերդ գետնին չեն կպչի, չնայած արդեն 67 տարեկան ես։ Վերխնի Բագանսկ գնալիս՝ զգում Էի, որ իմ մեջ շատ բան Է փոխվել։ Լուսաբացին, ճանապարհ ընկնելուց առաջ նայել էի հայելու մեջ, եւ աչքերս ինձ մի քիչ կապտավուն Էին թվացել։ Երբ երեք տարի կռվել ես Լեոնիդ Սմիռնովի կողքին՝ ռուսական տափաստաններում կռվել ես նրա մոլեգնությամբ ու երազանքներով, հնարավոր է, որ աչքերդ կապտավուն դառնան։

Վերխնի Բագանսկն ազատագրելուց մեկ ամիս հետո, Սմիռնովի խնդրանքով, հարվածի ուղղությունը փոխեցինք, եւ մեր վաշտը գրոհեց դեպի նրա հայրենի գյուղը։ Սմիռնովն իրենց տան տեղը գտավ միայն այն ժամանակ, երբ ճանաչեց մի թխկի։ «Այստեղ էր մեր տունը»,¬ ասաց նա։ Սմիռնովն աշակերտական տետրի մի թերթ գտավ, նայեց երկար, շրջեց՝ նորից նայեց երկար, հետո զգուշորեն ծալեց, դրեց գրպանն ու գրպանը դանդաղորեն կոճկեց։ Թերթի վրա ոչինչ չկար գրված, բայց նա մի բան կարդաց։ «Բավական է, անցավ։ Հանգստացի՛ր, կապիտա՛ն»,- ասաց նա, եւ մենք շարժվեցինք առաջ։

Դա մի ամիս հետո էր, իսկ այդ օրը իմ հանձնակատարի հետ գնում էի Վերխնի Բագանսկ։ Հայելու առաջ սանրվել էի մազ առ մազ ու ծայրեծայր, սափրվել ու օծվել էի» փայլեցրել էի սապոգներս, կապելուց առաջ ստուգել ատրճանակիս փամփուշտներն ու փչել փողի մեջ եւ մի շարժումով ուսել ավտոմատը։ «Տեսնողը կկարծի, թե սպայական պարահանդեսի եք շտապում»,- ասաց հանձնակատարը։ Չհասկացա, թե ինչու այդպես զուգվեցի։ Իմ կյանքում առաջին անգամ գնում էի ազատագրելու եւ զուգվելու ցանկությունից շիկնել Էի։ Նախկին ազատագրվածը գնում է ազատագրելու եւ չգիտե, թե ինչ է կատարվում իր հետ։ Երեւի առաջին անգամ էի գիտակցում իմ երջանկությունը եւ ուզում էի գեղեցկորեն երջանիկ լինել։ «Գեղեցիկ սպան արաբական նժույգից էլ գեղեցիկ է»,- ասում էր մայրս, երբ պատմում էր, թե ինչպես է ինձ ու քրոջս Մարգարայի կամուրջ հասցրել։

-Ձեզ հետ այսօր մի բան լինելու է,- ասաց հանձնակատարս։

-Այս անգամ զուգվելը մահվան հետ կապ չունի,- ասացի ու ավտոմատը ուսիցս իջեցրի մի շարժումով։

Մտնում էինք Բագանսկ, երբ մեզ ընդառաջ եկան երկու կին։ Նրանք աղ ու հաց էին բերում։

-Գերմանացիները երկու ժամ առաջ փախան,- ասացին նրանք։ Հացը թաթախեցի աղի մեջ ու դրեցի բերանս։

-Ձեզ տուն ենք հրավիրում,- ասաց նրանցից մեկը:

-Հետո։

Մեր ետեւից գալիս էր վաշտը։ Կանայք ետ դարձան։ Նրանք երգում էին մի հրաշալի երգ եւ գլխաշորերը ծածանում։ Գյուղի տարածքը սանրելով ուսումնասիրելուց հետո՝ հյուր գնացինք նրանց։ Բակը չափազանց մաքուր էր։ Փայտորմին կացին էր խրված գլխիվայր։ Միշտ էլ, ուր գնում եմ, առաջինը կացինն եմ նկատում։ Շեմքից քիչ հեռու փետուրների հետ արյուն կար թափված։ Մի գեր շուն պոչը կոխեց ոտների արանքն ու չփախչելով դանդաղ փախավ։ Փայտորմի ետեւից մի բերան վնգստալով հաչեց եւ պառկեց դեզի տակ։ Եղանը հենված էր դեզին։ «Գարնանը գյուղացու դռանը խոտի դեզն ի՞նչ գործ ունի, եթե նրա կովին մի բան չի պատահել»,- մտածեցի ես։ Դռան մեջ հանդիպեցի այն երկու կանանցից մեկին։ Նա տանտիրուհին էր։

– Երկար սպասեցինք ձեզ,- ասաց նա։ Բացված սեղանի շուրջ նստել էին չորս կին։ Իջեցված երկու նկարի տեղերը կարելի էր նկատել պատի վրա։ Սենյակում գյուղական լվացարան կար։ Ջուրը կաթկթում էր կոնքի մեզ հազիվ լսելի աղմուկով։ Լվացարանի գլխին չօգտագործված կանաչ օճառ տեսա։ ժամացույցը կանգնել էր 17-ն անց 15-ի վրա։ Լուսամուտները բարձր չէին, եւ վարագույրներից մեկը թրթռաց։ Կանայք վեր կացան, մի պահ մնացին կանգնած ու նետվեցին դեպի մեզ։ «Արծիվներ,- ասում էին նրանք,- արծիվներ»: Համբուրում էին մեր ճակատները, համբուրում էին մեր աչքերը, սեղմում էին իրենց կրծքին ու սեղմվում էին մեզ։ Ետ էին քաշվում, ոտից-գլուխ նայում մեզ եւ՝ նորից, եւ՝ էլի ու էլի։ Ես աջ ձեռքս ազատում էի սրանց շրջափակումից եւ մի քիչ ետ պահում։

-Նրանք չեն եկել, որ դուք ուզածներիդ չափ համբուրվեք,- ասաց տանտիրուհին։- Կապիտան, կատարիր իմ հրամանը։

Լվացարանի տակից հեռացրի կոնքը, հետո աթոռը, հետո աթոռի տակի մոմլաթը եւ երեւաց ներքնահարկ տանող մի դռնակ։

Դռնակը բացեցի, եւ չորս աղջկա աչքեր ինձ էին նայում։ «Աղջիկնե՛ր, տեսե՛ք, թե ով է նա, որին սպասում էինք, տեսեք, թե ինչպիսին Է նա»,- ասաց տանտիրուհին։

Աղջիկների գրկի մեջ ես հանկարծ զգացի ծխախոտի այն թանկագին հոտը, որ շնչել էի Բիթլիսում եւ ձեռքս կպցրի ականջիս բլթակին։

Տանտիրուհու ուխտադրությամբ այդ չորս աղջիկներին ներքնահարկից պիտի հաներ Վերխնի Բագանսկ մտնող առաջին խորհրդային զինվորը։ Իմ բախտը բերեց եւ արժանացա պատիվներից մեծագույնին։

-ժամացույցը մոռացանք,- ասաց կանացից մեկը, երբ արդեն սեղան էինք նստել։

-Կապիտա՛ն, հարգիր իմ ուխտը մինչեւ վերջ։ ժամացույցն էլ դու պիտի գործի գցես,- ասաց տանտիրուհին ինն անց քառասունվեց րոպեին։

Մենք կվաս էինք խմում, կանայք ու աղջիկները երգում էին եւ մեկ-մեկ էլ հարկ էին համարում արցունքներով թրջել ուրախության սեղանը: Ես նայում էի ինձ նրանց աչքերով եւ տեսնում Բիթլիս մտած այն ռուս զինվորին, որի մի ականջի բլթակը թռցրել էր թշնամու գնդակը։ Մենք մեր սեղանակիցներից չհարցրինք՝ ո՞ւր են ձեր մայրերը, ո՞ւր են ձեր հայրերը, ամուսիններն ու եղբայրները, որդիներն ու քույրերը։ Պարզ երեւում էր, որ նրանց համար մենք ամեն ինչ ենք։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէր մեզ համար։ «Այս կանայք ողբալու են հետո, երբ նրանցից յուրաքանչյուրը կմտնի իր անձնական կյանքի մեջ։ Այդ ժամանակ միայն նրանք կհասկանան ուշ գիշերին իրենց ննջասենյակի պատուհանի տակ պայթած ռումբի ահավորությունը։ Հենց այսօր, մեզ ճանապարհ դնելուց հետո, սրանք լաց են լինելու բարձերը գրկած, իսկ վաղվանից կմտածեն լուսանկարներն ամենամեծ չափսերով մեծացնելու մասին։ Մայր Ռուսիան ազատագրվում է, եւ առայժմ ուրիշ բան նրանց աչքին չի երեւում։ Նրանք հետո են ասելու՝ «Հե՜յ, վա՜խ…»,- մտածում էի ես։

-Կապիտան, դուք մռայլվել եք,- ասաց տանտիրուհին:- Չեք ուրախանում, ինչպես հարկն է։

-Այդպիսի պատվի արժանանալուց հետո սովորաբար լրջանում են,-  ասացի ես։

-Իմ տանը, կողքի սենյակում ապրում էր մի գերմանացի սպա։

-Այո՛, կանաչ օճառը տեսա։

-Ես նրա համար ճաշ էի եփում։ Հիմա նրանից մի շուն է մնացել իմ դռանը։

-Քիչ չէ։ Այդպես էլ է լինում, ոչինչ։

-Մի օր գերմանացի սպան ներս մտավ այն պահին, երբ բացել էի ներքնահարկի դռնակը եւ ջուր էի իջեցնում աղջիկներին։

Տանտիրուհին պատմեց, թե ինչպես սպան շփոթված, ոտնածայրերի վրա անցնում է իր սենյակը եւ քիչ անց վերադառնում մի լուսանկար ձեռքին։ Լուսանկարում երկու զավակներն են եղել, ինքը եւ կինը։ «Դուք ինձ կներեք, ես ձեզ վախեցրի։ Խնդրում եմ՝ չանհանգստանաք։ Ես ռուս Ժողովրդին հասկանում եմ։ Ձեր ժողովուրդը կհաղթի, տիկին։ Ես վաղուց նկատել էի, որ դուք մարդ եք թաքցնում։ Չկարծեք, թե պատահաբար ներս մտա։ Ձեր մեջ շատ-շատ է ատելությունը, դուք պետք է մոտիկից ճանաչեք գոնե մի գերմանացու, որին արժանի կհամարեք ձեր հարգանքին։ Ուրախ կլինեմ, եթե այդ գերմանացին ես եմ, տիկին»,- ասել է սպան:

-Ուզում եմ նրա լուսանկարը տեսնել,¬ ասացի ես։

-Սպան ներողություն խնդրեց, որ ընտանեկան լուսանկարը չի կարող նվիրել եւ ասաց, որ այն մարդիկ, ովքեր ընտանիք ունեն ու սիրում են առանձին նկարվել, խոզից էլ վատն են։

-Այդ էլ այդպես։

-Եթե դու նրան ճանաչեիր, լավ կլիներ։

-Այդ սպան կռվի մեջ է մտել եւ թշնամի չունի։ Դժվար կռիվ է նրա կռիվը,- ասացի ես։

«Իսկապես, ես շատ կուզեի նրան ճանաչել, որպեսզի հանկարծ մի օր չսպանեի։ Պատերազմ է, մեկ էլ տեսար՝ հազարների մեջ հենց նրան սպանեցիր։ Իսկ նա այսքան մահերի, խոշտանգումների ու բռնությունների մեջ որպեսզի փրկի իրեն ներքին կոշտուկներից, չմոռանա, թե ինչ բան են սերն ու կարեկցանքը, շուն է պահում` շրջապատելով չորքոտանուն հոգատարությամբ։ Իմ հաշտությունը թշնամու հետ արդեն կայանում էր, բայց հանկարծ «չորքոտանի» բառը ինձ ինչ-որ բան հուշեց։ Այդ գերմանացի սպան մի՞թե այն մարդը չէ,- մտածում էի ես,- որ ձմեռ օրով հրդեհել է իմ տունը եւ բարեկիրթ մարդու սահուն շարժումներով թույլ է տալիս նրա կրակների վրա սառած ձեռքերս տաքացնեմ։ Սոսկանք եւ նողկանք՝ ուրիշ ոչինչ։ Պակաս խոզություն չէ նաեւ այն, երբ մարդուն լլկելուց հետո գալիս ես եւ քո սպայական օրապահիկի մի մասը սիրով ու սկուտեղով մատուցում ես շանը սովալլուկ, իրենց բերանների տեղը մոռացած երեխաների աչքի առջեւ։ Նույնիսկ թշնամուն այդպիսի վիրավորանք չպետք Է հասցնես, եթե ուզում ես նրան հաղթել։ Մինչեւ Կուբան քիչ ճանապարհ չէ, որպեսզի գերմանացի սպան վերջապես հասկանար այդ բանը, եւ նրա աչքերին ռուսական եղանը՝ նույնիսկ կանանց ձեռքում, ահավոր զենք երեւար։ Դրանից հետո նա պետք է որ ռուս մուժիկի տանը քայլեր ոտնածայրերի վրա եւ, շանը թողած, փախչեր։

Ճանաչեցի քեզ, բարեկիրթ սպայիկ, կճանաչեմ քեզ նաեւ քո թիկունքից»։

Հաշտությունն այդպես էլ չկայացավ։

 

ԲԵՌԼԻՆՅԱՆ ԱՆՑՈՒՄ

 

Բեռլինի ճանապարհին հայկական դիվիզիան կանգ առավ Օդերի արեւմտյան ափին։ Մինչեւ Բեռլին վերջին հեռացատկի համար հրվելու տեղ էր պետք՝ մի ոտքի չափով։ Դժվարը մի ոտքի տեղն ամրացնելն է։ Մեր դիվիզիան այդ ուղղությամբ գրոհող խորհրդային զորքի համար ամուր հող ստեղծեց, որ մի հայտնի անուն ունի՝ «Հայկական հող»։

Դժվար է փոքր տարածության վրա ամրանալ, երբ թշնամին գրոհում է լայն ճակատով, գրոհում 160 գիշեր եւ 60 ցերեկ անընդհատ, գրոհում է ամեն օր, ամեն ժամ ալիք առ ալիք։ Եվ յուրաքանչյուր գրոհից հետո կարծում է, թե «մոտիկ տեղիս եկավ», թե «իր ձիու մանգզիլը քիչ էր, թափ չը մնաց մեջ իր գուրզին», եւ նորից ու նորից է գրոհում կատաղի ուժգնությամբ, նորից ու նորից է գրոհում վերջին մոլեգնությամբ։ Ամեն անգամ խաբվում էր եւ խաբված մարդու վիրավորանքով մարտի նետվում։ Նրանց թվում էր, թե մի ափաչափ հողակտորի վրա տեղավորված դիվիզիային չորս կողմից կալմեջ կանեն, հրելով կլցնեն Օդեր ու ջրի մեջ կխեղդեն առանց մի հատիկ կրակոցի։ Տեղի իմաստով մենք, իսկապես, նեղվում էինք, ճիշտ եւ ճիշտ մեկ նստարանին նստած այն չորս աշակերտների նման, որոնք ստուգողական աշխատանք են գրում կետադրական դադարների հետ հաշվի չնստող ուսուցչի թելադրությամբ։

Վերջում, ամենավերջում մեր դեմ նետեցին հարբեցրած պատժապարտ զինվորներից կազմված մի դիվիզիա։ Ստացվեց այնպես, որ նրանց ուղարկել էին, որպեսզի գերմանական արտակարգ դատարանի վճիռն ի կատար ածվի։ Թշնամու բարձրախոսները դրանից անմիջապես հետո հայտարարեցին, թե գեներալ Սաֆարյանի դիվիզիան վայրենի դիվիզիա է։ «Վայրենի» բառը մեզ չվիրավորեց, մենք նույնիսկ հպարտ էինք, որովհետեւ դա նշանակում էր ծուռ։

Թե հայ զինվորն ինչպես է կպչում հողին, ինչպես է կառչում հողից, տեսա Օդերի արեւմտյան ափին։ Դա տեսնելիք բան էր՝ հիանալի եւ հուզիչ։

Մենք, որ Օդեր էինք հասել Հայաստանից եւ գիտեինք, թե ինչ բան են տարածությունն ու գործողությունների լայնությունը, սեղմվել էինք մի ափաչափ տեղում։ Հասել էինք մեծ արագությամբ եւ կանգնել տեղում՝ մեր մեջ զսպելով այդ արագության թափը։

Սկսվես գրոհը Բեռլինի վրա։ Ինչպես կբացվի այն պողպատե զսպանակը, որը 60 գիշեր ու 60 ցերեկ սեղմվել է ահռելի ուժից։

Մեր վաշտն ուշքի եկավ այն ժամանակ միայն, երբ մեզ գտանք բաց տարածության մեջ։ Մենք կտրել-անցել էինք Բեռլինը ծայրեծայր։ Ուղղակիորեն ծակել էինք Բեռլինը։ Թշնամին խաչմերուկներում ամրացված կրակակետերում եւ իշխող դիրքերում մեզ սպասում էր փողոցի երկարությամբ։ Նրա մտքով չէր անցնում, որ Բեռլինում մենք մեզ զգում ենք ինչպես ձուկը ջրում։ Դիմել էինք լողորդի ամենասովորական խաղին՝ սուզվել եւ հայտնվել։ Ծակում էինք շենքի պատը՝ մտնում էինք ներս, ծակում էինք հակառակ պատը՝ հայտնվում բակում։ Նետվում էինք դեպի մյուս շենքը։ Պատերը աղյուսից էլ չլինեին, էլի կքանդեինք։ Այդպես ծակելով՝ անցնում էինք մի ամբողջ թաղամաս, «ետնամուտքից» դուրս գալիս փողոց եւ փորձանքի անսպասելիությամբ հայտնվում թշնամու կողքին։ Լռեցնում էինք նրա կրակակետերը եւ մտնում մյուս թաղամաս։ Ծակելով ու անցնելով, սուզվելով, հայտնվելով ու լռեցնելով՝ անցանք երեսունութ թաղամաս։ Բեռլինն ավարտվեց։ Ետ դարձանք նույն ճանապարհով։ Անցել էինք երեք թաղամաս, երբ տեսանք, որ մեր «թունելով» գալիս է ինքը՝ գեներալը։

-Ի՞նչ գործ ունեք այստեղ, գեներա՛լ,- հարցրինք։

Գեներալը ժպտաց ամենահպարտ ժպիտով։ Ասաց, որ բարձր հրամանատարությունից զանգահարել են, թե՝ հետեւակների մի խումբ, տանկերից առաջ անցած, գնում է։ «Նրանք քո զինվորները կլինեն, Սաֆարյան»,- ասել են հեռախոսով։

-Եկա, տեսա, համոզվեցի,- ասաց գեներալը։- Դուք նորից ձեր ծռությունն արեցիք։

Հետո վիրավորվեցի աջ ձեռքից, չնայած ինձ անընդհատ թվում էր, թե թշնամու գնդակը կթռցնի ականջիս բլթակը։ Հաղթանակի բաժակը լեհական Լովիչի քաղաքի հիվանդանոցներից մեկում բարձրացրի ձախ ձեռքով։

Խորագիր՝ #19 (1290) 22.05.2019 - 28.05.2019, Ճակատագրեր


23/05/2019