ԳԵՐԳԱՂՏՆԻ ՀԱՅԸ
Օգոստոսի 29-ին լրանում է Խորհրդային Միությունում առաջին ատոմային ռումբի փորձարկման 70-րդ տարին։ Համաշխարհային նշանակության այդ գործում կարևոր դերակատարություն ունեին նաև շատ հայեր։ Ներկայացնում ենք Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս Սամվել Քոչարյանցի մասին ակնարկը։
1987 թվականի հոկտեմբերի 3-ի անձրևոտ այդ օրը հանիրավի Կամո վերանվանված Նոր Բայազետ-Գավառի բնակիչները երկար կհիշեն։ Այդքան բարձրաստիճան պաշտոնյա, շքեղաշուք մեքենա տարածաշրջանի մասշտաբներով այդ խոշոր քաղաքը երբեք չէր տեսել։ Քաղաքում բացվում էր հայրենակցի՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան ու Պետական մրցանակների բազմակի դափնեկիր, ֆիզիկոս, ատոմային տեխնիկայի կոնստրուկտոր Սամվել Գրիգորի Քոչարյանցի հուշարձանը։ Բացմանը ներկա էին 78-ամյա գիտնականը, Խորհրդային Հայաստանի բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները։ Դեռ առավոտից քաղաքի՝ լվացված ու մաքրությամբ փայլող հրապարակը լեփ-լեցուն էր մարդկանցով։ Եկել էին ոչ միայն տեղացիները, այլև հյուրեր հարևան շրջաններից, հանրապետության մյուս քաղաքներից, գիտնականին ուղեկցում էին նաև գործընկերները՝ իր ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյից, ԽՍՀՄ հատուկ ծառայության մի խումբ աշխատակիցներ։ Անվտանգության ծառայության Հայաստանի մարմինները, որ այդպիսի դեպքերում կիպ կպած են լինում մեծ ու փոքր պաշտոնյաներին, չէին հեռանում Քոչարյանցից ու հետևում էին նրա յուրաքանչյուր շարժմանն ու խոսքին։ Երբ Քոչարյանցին ուղեկցող ակադեմիկոս Վ. Զախարովն ավարտեց մեծ գիտնականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ելույթը, իջեցվեց հուշարձանի պաստառն ու խոսքը տրվեց հոբելյարին: Նա հանեց թիկնոցը, ինչ-որ մեկը թիկնոցի փոխարեն անձրևանոց պահեց ելույթ ունեցողի գլխին, հրապարակում հիացական բացականչությունների հզոր ալիք անցավ. Քոչարյանցի կուրծքը զարդարված էր բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Ներկաներն իրենց հայրենակցի, ինչպես իրենք էին մտերմաբար արտահայտվում՝ Քոչոյ Գրիգորի տղայի մասին հականե-հանվանե գիտեին, բայց որ նա այդքան պարգևներ ուներ ու կանգնում էր Հայաստանի իշխանավորների՝ Կարեն Դեմիրճյանի, Ֆադեյ Սարգսյանի ու մյուսների կողքին՝ որպես հավասարը հավասարի, չգիտեին։ Նրանք չգիտեին նաև, որ իրենց համեստ ու տաղանդաշատ համաքաղաքացին գեներալ-լեյտենանտ է, դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ ակադեմիաների պատվավոր անդամ, Խորհրդային Միությունում ատոմային և ջրածնային ռումբերի ստեղծման առաջամարտիկներից մեկը։
Հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ քյավառցիների հայտնի հյուրասիրության բոլոր մանրամասներն ընդգրկող բազմազան խորտիկներով, խմիչքներով հարուստ սեղաններին հոբելյարն ու նրան ուղեկցողները, պետական պաշտոնյաները չմոտեցան, չէր թույլատրվում, Քոչարյանցը չկարողացավ նաև զրուցել հարազատների, ընկերների հետ, որոնք նրանից կարոտն առնելու, նրա հետ երկու խոսք փոխանակելու համար հերթի էին կանգնել… ԽՍՀՄ ամենակարող ու ամենահաս ԿԳԲ-ն զգոն էր ու աչալուրջ… Հանդիսավոր մասից հետո, առանց առատ սեղանից օգտվելու, մեքենաների շարասյունն ուղևորվեց Երևան։
Կենդանության օրոք հայրենիքում հուշարձանի տեղադրման պատվին Սամվել Քոչարյանցն արժանացել էր ԽՍՀՄ-ում գործող այն օրենքի համաձայն, ըստ որի՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի կոչման արժանացածների կիսանդրին պետք է տեղադրվեր նրա հայրենիքում։ 1984 թ. Սամվել Քոչարյանցն արժանացավ բարձրագույն այդ կոչմանը։
…Հերոս դառնալու ճանապարհը Սամվել Քոչարյանցի համար սկսվեց 1930 թվականին, երբ նորբայազետցի Գրիգոր Քոչարյանցի վեց զավակներից Սամվելը մեկնեց Մոսկվա և ընդունվեց Էներգետիկ ինստիտուտ։ Գերազանց սովորելուն զուգընթաց ուշիմ ու աշխատասեր պատանին իրեն պահելու, հոգսաշատ ընտանիքին ինչ-որ կերպ սատար լինելու համար աշխատում էր էլեկտրաչափիչ լաբորատորիայում, ղեկավարում հատուկ սարքերի ստեղծումը։ 1937թ., ավարտելով ինստիտուտը, ընդունվեց ասպիրանտուրա, դասախոսություններ էր կարդում տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում։ Հայրենական պատերազմն սկսվելուց երկու օր անց նա դարձավ գիտությունների թեկնածու՝ շարունակելով դասախոսական աշխատանքը։ 1945 թ. Քոչարյանցը հատուկ հանձնարարությամբ կարճ ժամանակ աշխատեց Գերմանիայում։
1947թ. Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի դոցենտ, «Մագնիսական չափումներ» դասագրքի հեղինակ Քոչարյանցը հրաման ստացավ մեկնելու ԿԲ-11 գաղտնագիրը կրող օբյեկտ, որ հետո «Արզամաս-16» էր կոչվելու։ Այստեղ հայազգի գիտնականին վստահվեց խմբի ղեկավարի պաշտոնը։ Առաջ գնալով ասենք, որ գերգաղտնի այդպիսի օբյեկտներում այն տարիներին ռուսներից բացի, ուրիշ ազգերի մուտքն անգամ խստիվ արգելված էր։ Խումբն զբաղվում էր ատոմային ռումբի գործարկմանն անհրաժեշտ ենթակառուցվածքների մշակմամբ ու կատարելագործմամբ։ ԽՍՀՄ ատոմային առաջին ռումբի՝ ՌԴՍ-1-ի ինքնաշխատ կրակայրիչի ստեղծման համար 1949թ. Քոչարյանցն արժանացավ Ստալինյան մրցանակի ու պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Դրանք 40-ամյա հայ գիտնականի առաջին պարգևներն էին։
1953թ. օգոստոսին հաջողությամբ փորձարկվեց Խորհրդային ջրածնային առաջին ռումբը։ Սամվել Քոչարյանցն ու խմբի 3 անդամներ դարձան Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիրներ, պարգևատրվեցին Լենինի 2-րդ շքանշանով։
1959թ. ստեղծվեց էլեկտրաֆիզիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի թիվ 2 կոնստրուկտորական բյուրոն, որի ղեկավար նշանակվեց Սամվել Քոչարյանցը՝ դառնալով ԽՍՀՄ պաշտպանական տեխնիկայի ստեղծման առաջատար գլխավոր կոնստրուկտորներից մեկը։ Հայրենիքին, խորհրդային գիտությանն ու տեխնիկային մատուցած անգնահատելի ծառայությունների, նոր տեխնոլոգիաների մշակման ու փորձարկման, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված մեծաթիվ գյուտերի հայտնագործման ու ներդրման, կոնստրուկտորական բյուրոն հմտորեն ղեկավարելու ու արդյունավետ աշխատանքի համար 1962 թվականին Սամվել Քոչարյանցն արժանացավ երկրի բարձրագույն՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։
Գործընկերները պատմում են, որ Քոչարյանցն աչքի էր ընկնում զարմանալի հիշողությամբ, խորը և բազմակողմանի գիտելիքներով, հեռատեսությամբ ու դեպքերի, իրադարձությունների ընթացքն ու վախճանը կանխատեսելու ունակությամբ։ Բոլոր կնճռոտ հարցերը քննելիս ու վերլուծելիս, որպես կանոն, ամենաճշմարիտը Քոչարյանցի թեզերն ու ապացույցներն էին։ Լինելով խստապահանջ ու պարտաճանաչ ղեկավար, նա միևնույն ժամանակ լավ ընկեր ու հոգատար մարդ էր, հիշում էր բոլոր աշխատակիցների ծննդյան օրերը, անպայման յուրաքանչյուրին սրտամոտ նվերներ էր ընտրում ու ընծայում, բոլոր դժվարին կացություններից դուրս գալու ելքեր էր փնտրում ու անպայման գտնում։
Պատահական չէ, որ Քոչարյանցն ստեղծեց իր դպրոցը՝ միևնույն ժամանակ ընդլայնելով իր ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյի գործառույթներն ու առաջ քաշելով առավել չափով աչքի ընկած գիտաշխատողներին։ Ծնվեցին աերոբալիստիկ, մեխանիկայի ու միկրոմեխանիկայի, օպտիկայի ու օպտիկամանրաթելերի բաժանմունքները։ ԿԲ-2-ի բազայի վրա ծնվեց նաև ԿԲ-3-ը։ Սամվել Քոչարյանցի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ ստեղծվեց ԿԲ-2-ի Գորկու մասնաճյուղը։ 1966-ից մինչև 1976 թթ. մասնաճյուղը գործեց Քոչարյանցի գլխավորությամբ։ Այս մասնաճյուղի այսօրվա ղեկավարը ևս Քոչարյանցի նախկին աշակերտն է։
1960-70-ականների սառը պատերազմի ծավալներն ու ռազմական մրցավազքը պահանջում էին ստրատեգիական նշանակության հրթիռների, այսպես կոչված՝ «արագընթաց» մարտական բլոկներ, որոնց մշակումն ու կյանքի կոչելը դրվեց Քոչարյանցի ղեկավարած կոնստրուկտորական բյուրոյի վրա։ Շատ չանցած՝ երկրի ռազմական գերատեսչությունն ստացավ պահանջված հրթիռները։ Այդ աշխատանքները լավագույնս իրագործելու համար 1984 թ. Սամվել Քոչարյանցին երկրորդ անգամ շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Սամվել Քոչարյանցի անունը ռուսական գիտական շրջանակներում դնում են այնպիսի խոշոր գիտնականների կողքին, ինչպիսիք են Սերգեյ Կորոլյովն ու Անդրեյ Սախարովը, Հովհաննես Մետաքսյանն (Կիրիլ Շչոլկին) ու Արտեմ Ալիխանովը, Մստիսլավ Կելդիշն ու Իգոր Կուրչատովը…
Անցել է արդեն 70 տարի, աշխարհում շատ բան է փոխվել։ Բայց այն տարիներին կոփված երկրի միջուկային զրահն այսօր էլ աշխարհում խաղաղության ու անվտանգության պատվարն է, որի ստեղծման կենտրոնական դեմքերից է մեր հայրենակից Սամվել Գրիգորի Քոչարյանցը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի երկու աստղից բացի, Քոչարյանցի կուրծքը զարդարում էին նաև Լենինի 6 շքանշանները, Ստալինյան, Լենինյան ու Պետական մրցանակների դափնեկրի մեդալները, ուրիշ շքանշաններ ու մեդալներ։ Սակայն նրա ամենամեծ հուշարձանն ու պարգևը նրա ստեղծած կոնստրուկտորական բյուրոն է, դպրոցն ու աշակերտները, որոնք միշտ վառ են պահում իրենց ավագ ընկերոջ հիշատակը։ Նրանց շարքերում քիչ չեն նաև հայերը։
Ցավոք, Հայաստանում այսօր քչերը գիտեն Սամվել Քոչարյանցի մասին։ Եթե այդ չիմացությունը խորհրդային տարիներին արդարացված էր, քանզի տաբու էր դրված այսպիսի գիտնականների վրա, ապա այսօր դա աններելի է։…
Հիշենք մեր մեծերին։ Դա նրանց պետք չէ այլևս, բայց, ինչպես ասում էր ռուս մեծ բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին՝ ապրողներին շատ է հարկավոր…
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմական վերլուծաբան-փորձագետ
Խորագիր՝ #20 (1291) 29.05.2019 - 4.06.2019, Ռազմական