ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ, ԱՄՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Օրերս պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքը «գրավել» էր փոքրիկների բանակը՝ իրենց անհաղթ «զենքով»՝ զրնգուն ծիծաղով ու մանկան պարզությամբ եւ անկեղծությամբ:
Ամենաբարի տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախարարությունում կազմակերպվել էր ուրախ տոնական միջոցառում՝ զինծառայողների, ազատամարտիկների, հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս քաջորդիների զավակների եւ թոռնիկների համար:
Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարության տարածքում հանդիսավոր արարողությամբ բացվեց քանդակագործ, ժողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանի «Ընտանիք» հուշակոթողը: Հուշակոթողը բացեցին 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկը՝ Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոսի) թոռնիկը՝ Հովհաննեսն ու քանդակի հեղինակը: Հուշակոթողն օծեց ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Հայ Առաքելական եկեղեցին 2019թ. հայտարարել է Ընտանիքի տարի. ընտանիքը հայերիս համար նվիրական նշանակություն ունի, այն դարեր շարունակ եղել է մեր ազգային արժեքների, ավանդույթների պահպանման միջավայր, ու այս քանդակն էլ համեստ մի տուրք էր մեր զինվորների, սպաների ընտանիքներին, որտեղ ծնվել, հայրենաշունչ եւ հայրենատեր ոգով դաստիարակվել են հերոս քաջորդիները: Ամուր ընտանիքն ու ամուր բանակն են ամուր պետության հենքը:
♦♦♦
Նախարարությունում ամենուր տոնական տրամադրությունն էր թեւածում, մաղթանքներն անսպառ էին՝ թող խաղաղություն լինի, խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները:
Երեխաների շուրթերից եմ ուզում լսել՝ ի՞նչ է խաղաղությունը իրենց պատկերացմամբ:
Իրար լրացնելով՝ ինձ «լուսավորում» են.
Դավիթ Կուլիջանյան. «Երբ կռիվ չկա, երբ բոլորն իրար հետ համերաշխ ապրում են»:
Մարգարիտա Պողոսյան. «Երբ կյանքն առանց դժվարության է, ու ամեն ինչ լուսավոր է»: Նարե Սարգսյանն էլ լրացնում է՝ երբ ուրախ-զվարթ ապրում ենք Հայաստանում, հենց դա է խաղաղությունը:
-Իսկ դուք գիտեք՝ ո՞վ է պաշտպանում խաղաղությունը, մեզ բոլորիս,- հաջորդ հարցս եմ ուղղում երեխաներին:
-Պապաները,- 6 տարեկան Հրանտ Խաչատրյանն է:
-Իմ հոպարը,- 3 տարեկան Գոռն է, որ իր թոթով լեզվով շարունակում է. «Մեծանամ, աշխարհի ամենաուժեղ զինվորն եմ լինելու, որ պաշտպանեմ պապայիս, մամայիս ու բոլոր պուճուր բալիկներին: Տեսե՛ք, մուսկուլ ունեմ…»:
-Իմ պապիկը Արցախյան պատերազմին է մասնակցել ու ինձ շատ է պատմել պատերազմից, իրենք կռվել են, որ մեր հայրենիքը խաղաղ լինի, որ մենք խաղաղ հողի վրա մեծանանք,-ասում է Ավետիք Պետրոսյանը:
-Աշխարհի բոլոր երեխաները թող միայն ու միայն խաղաղ, պարզ ու անամպ երկնքի տակ վայելեն իրենց մանկությունը,- բարեմաղթում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:-Պատերազմն անմարդկային երեւույթ է, այն միայն հակամարտող կողմերի կռիվ չէ, այն նաեւ անհայր մեծացած, որբացած երեխաներ են, մանկության քաղցրությունը չապրած երեխեք… Թող ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի:
♦♦♦
Տոնական տրամադրությունը նախարարությունում դեռ շարունակվում էր՝ երեխաները երգում էին, պարում, կավիճով նկարում: Նկարներում փոքրիկներն ամենաշատը պատկերել էին կապույտ երկինք, վառ դեղին արեւ եւ այդ ամենը պահող-պահպանող զինվորներին…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Բանակ և հասարակություն