Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ



ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸՎերջերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի նոր գիրքը՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921թթ.)»: Գրքում արծարծված կարեւոր խնդիրների ու շեշտադրումների, Թուրքիայում այժմ ընթացող քաղաքական գործընթացների հետ դրանց աղերսների եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների մասին է անվանի գիտնականի հետ մեր զրույցը:

 

-Պարոն Սաֆրաստյան, նախ՝ խոսենք Ձեր հեղինակած նոր մենագրության մասին՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ (1919-1921թթ.)»: Գրքի վերնագիրն ինքնին խոսուն է: Ներկայացրեք, խնդրեմ, աշխատության մեջ արտացոլված կարևոր փաստերը, և թե ինչով են դրանք կարևոր Հայ Դատի հետապնդման արդի գործընթացների համայնապատկերում:

-Ասեմ, որ այս գիրքը մաս է կազմելու ավելի մեծ աշխատության. որոշել եմ գրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի ամբողջ կենսագրությունը՝ մինչև կյանքի վերջին օրերը: Այս մենագրությունը, կարծում եմ, կնպաստի Աթաթուրքի՝ Թուրքիայի պետության, գիտական շրջանակների կողմից խեղաթյուրված, ֆետիշացված կերպարի իրական, ավելի խորը և բազմակողմանի ըմբռնմանը: Անչափ ծածկամիտ, շատ զգուշավոր, նենգամիտ. նա շատ քիչ է արտահայտել իր իրական պատկերացումները և վերաբերմունքը հայ ժողովրդի, հայկական հարցի, Ցեղասպանության վերաբերյալ: 1915թ. նա Արևմտյան Հայաստանում չի եղել. սա փաստ է, սակայն 1916 թվականին նա մոտ մեկ տարով այնտեղ էր` որպես զորամիավորման՝ բրիգադի հրամանատար: Եվ որոշակի փաստեր կան, որոնք վկայում են հայ ազգաբնակչության մնացորդների վերջնական բնաջնջման գործում նրա անմիջական մասնակցության մասին: Սկզբնաղբյուրների մանրամասն քննության արդյունքում՝ գրքում ներկայացված են Աթաթուրքի որդեգրած քաղաքականության իրական նպատակները, այն գաղափարական հենքն ու դրդապատճառները, նաև գործունեության այն դրվագները, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանի նկատմամբ նրա իրականացրած ագրեսիվ քաղաքականությանը:

-Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել:

-Աշխատությունը հիմնված է մի շարք կարևոր փաստաթղթերի մանրազնին ուսումնասիրության վրա՝ Մուսթաֆա Քեմալի հեղինակած կամ նրա ստորագրությունը կրող փաստաթղթերի, այդ թվում՝ գաղտնի և հույժ գաղտնի, Ազգային ժողովի նիստերում նրա ելույթների, այդ թվում՝ նաև գաղտնի, նրա հրապարակային ելույթների ու հարցազրույցների վրա: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում գրքում զետեղված՝ թուրքական բանակի գլխավոր շտաբի կողմից հրատարակվող «Ռազմական պատմության փաստաթղթեր» խորագիրը կրող պարբերականի 1950թ. լույս տեսած հատորները, որոնցից մեկը նվիրված է հենց Հայաստանի դեմ պայքարին: Գրքում ընդգրկված են նաև զինադադարի և քեմալական շարժման տարիներին Կոստանդնուպոլսում գործող բրիտանացի հետախույզ Ջոն Բենեթի հուշերը: Անգլիական աղբյուրները փաստում են, որ Ստամբուլ գալով՝ Քեմալն առաջինը հանդիպել էր Անգլիայի հետախուզության ներկայացուցիչների հետ. իր ծառայություններն էր առաջարկել: Կարևոր տվյալներ կան նաև 1918թ. վերջերից մինչև 1919թ. մայիս ընդգրկող ժամանակաշրջանի վերաբերյալ, երբ Մուսթաֆա Քեմալը, լինելով կայսրության մայրաքաղաքում, տարբեր դավադրություններ ու խարդավանքներ կազմակերպելով, փորձում էր իրականացնել իշխանության հասնելու վաղեմի երազանքը: Նա կայսրության արևելյան վիլայեթներում նշանակում ստացավ երիտթուրքական «Թեշքիլաթ-ը Մահսուսե»-ի (Հատուկ կազմակերպության) կողմից, որը Հայոց ցեղասպանության ընթացքում ներգրավված էր խաղաղ ազգաբնակչության զանգվածային կոտորածների գործում, և մյուս երիտթուրքական կազմակերպության՝ «Քարաքոլի» օգնությամբ պետք է հող նախապատրաստեր Էնվերի վերադարձի համար, սակայն ամեն ինչ իր իշխանության գալու համար նախապատրաստեց: Մենագրությունում զետեղված են նաև հատվածներ Աթաթուրքի նոթատետրային, օրագրային հուշագրություններից: Հետաքրքիր է, որ 1916թ. դրանց մեջ նա նշում է, որ ճանապարհներին անընդհատ անտուն, թշվառ մարդկանց է տեսնում, բայց միաժամանակ պնդում է, որ նրանք թուրք էին, որոնց հայ «բանդիտներն» էին այդ վիճակին հասցրել: Այսինքն՝ դեռ այդ ժամանակվանից նա հիմքեր է գծել հետագա կեղծարարությունների համար: Եվ նույնիսկ ավելին՝ հետագայում իր պաշտոնական ելույթներում Մուսթաֆա Քեմալը հայտարարել է, թե հայերը ապստամբել են, և իրենք ստիպված են եղել նրանց տեղահանել: Սա նաև ներկայիս պաշտոնական Անկարայի գաղափարական տեսակետն է, որի հիմքը, ինչպես նշեցի, հենց Մուսթաֆա Քեմալն է դրել:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ-Անհերքելի ապացույցներ կան, որ Հայոց ցեղասպանությունը երիտթուրքերի կողմից պետականորեն ծրագրված ու հետևողականորեն իրագործված ոճրագործություն էր: Եվ երիտթուրքերից շատերը հայտնվեցին Աթաթուրքի կողքին:

-Երբ անգլիացիները Ստամբուլը գրավեցին, 1919-1922թթ. նրանց ճնշման տակ մի քանի երիտթուրքի նկատմամբ դատաստան իրագործվեց. նրանց կախաղան բարձրացրին: Հետագայում, սակայն, Աթաթուրքի հրամանով նրանք ազգի հերոսներ հռչակվեցին: Նա արգելեց նաև Պոլսում անգլիացիների ճնշման տակ ստեղծված դատարանների գործունեությունը: Իշխանության գալուց անմիջապես հետո Մուսթաֆա Քեմալը երիտթուրքերին, հատկապես՝ «Թեշքիլաթ-ը Մահսուսե» երիտթուրքական կազմակերպության մարդասպաններին իր շուրջը համախմբեց և պաշտոններ տվեց: Նրանք դարձան նոր հիմնադրված պետության` Թուրքիայի Հանրապետության հիմքը: Այսինքն` այդ պետությունը ի սկզբանե հիմնված է մարդասպանների և հանցագործների խմբի վրա: Մուսթաֆա Քեմալը ոչ միայն անդամակցել է երիտթուրքական կուսակցությանը և սերտորեն համագործակցել գաղտնի «Թեշքիլաթ-ը Մահսուսե» և «Քարաքոլ» երիտթուրքական կազմակերպությունների հետ, այլև լիովին կիսել է նրանց հայատյաց քաղաքականության մոտեցումներն ու գործելակերպը: Ամբողջ ճշմարտությունը սա է:

-Ձեր սեղանին տեսնում եմ մի գիրք, որը հենց այսօր եմ ձեռք բերել, դեռ չեմ հասցրել ծանոթանալ՝ Սարգիս Մկրտչյանի հեղինակած՝ «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում»: Հետաքրքիր ու կարևոր թեմա է, որի մասին, հույս ունեմ, հետագայում կզրուցենք նաև հեղինակի հետ: Հետաքրքիր կլինի Ձեր դիտարկումներին ծանոթանալ ներկայիս պանթյուրքիստական դրսևորումների, հոսանքների վերաբերյալ: Ինչպիսի՞ ընդգրկում ու տարածում ունեն, որքանո՞վ է լուրջ  նրանց գործունեությունը, և ի՞նչ սպառնալիքներ է այն պարունակում:

-Պանթյուրքիզմի թեման շատ ընդարձակ է, և դրա դրսևորումները վտանգավոր են ինչպես մեզ, այնպես և ողջ աշխարհի համար: Թուրքական աշխարհաքաղաքական միտքը այժմ զգալի չափով հանդես է գալիս հենց պանթյուրքիզմի ձևով: Պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարները կոչված են թյուրքալեզու և ուգրոֆիննական ժողովուրդներին միավորելու մեկ միասնական պետության՝ Թուրանի ստեղծման գաղափարի շուրջ: Հին ժամանակներում պարսիկներն իրենց պետությունն անվանել են Իրան, իսկ վայրի ցեղերով բնակեցված Իրանի հարևան տարածքները՝ Թուրան: Այս երկուսը մշտապես հակամարտության մեջ են եղել: Այս իմաստով պանթյուրքիստական ու պանթուրանական հոսանքները սպառնալիք են նաև Իրանի համար: Հետաքրքիրն այն է, որ պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առաջացել է ոչ թե Թուրքիայում, այլ Եվրոպայում՝ 19-րդ դարի 50-ական թվականներին: 19-րդ դարի 30-ական թվականներին, մասնավորապես՝ գերմանացի լեզվաբաններն սկսեցին ուսումնասիրել հնդեվրոպական լեզուները և առանձնացվեցին լեզվաընտանիքները, արդյունքում նաև` թյուրքական լեզվաընտանիքը, ուգրոֆիննականը, որը թուրքականին մոտ է: 1848-1849թթ. տեղի ունեցավ հունգարացիների ապստամբությունը ավստրիական կայսրության դեմ, ու նրանք ցավոտ պարտություն կրեցին: Այդ պարտությունից խիստ բարդույթավորված՝ նրանց մտավորականությունն սկսեց առաջ քաշել Մեծ Թուրանի գաղափարը: Հունգարերենը, որ փաստացի ուգրոֆիննական լեզու է, հիմք հանդիսացավ, որ հաղթանակած Ավստրիային ուղերձ հղեն՝ մենք էլ մեծ Թուրանի մասն ենք կազմում: Ես տեղեկություններ, փաստեր եմ հայթայթել, որ դեռևս սոցիալիստական Հունգարիայում, 1970-ական թվականներին, «Թուրան» անվանումով գիտական ամսագիր էր լույս տեսնում: Սա համոզմունքի մակարդակում է, որ, եթե ուգրոֆիննական ու թյուրքական լեզուները իրար մոտիկ են, ուրեմն նրանք սերում են մեկ ընդհանուր տարածքից` Թուրանից:

-Իսկ Եվրոպայում պանթյուրքիստական հոսանքների գործունեությունն ինչո՞վ է առանձնանում մեր օրերում:

-Եվրոպայի շատ երկրներում հիմա թուրքական մեծ համայնքներ կան՝ Անգլիայում, Ֆրանսիայում և հատկապես Գերմանիայում` շուրջ 2 մլն. մարդ: Եվ, անշուշտ, դրանցում գործում են «Գորշ գայլերի» կազմակերպությունները: «Գորշ գայլը» թուրքերի էթնիկական խորհրդանիշն է: Եվ «Գորշ գայլերի» կազմակերպությունները հենց պանթյուրքիստական կազմակերպություններ են: Դրանք այսօր գործում են և՛ Թուրքիայում, և՛ Եվրոպայում: Դրանք կառավարվում են հենց Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից և, ըստ էության, ահաբեկիչներ են: Այսինքն` դրանց գործունեությունն այսօր մեծ վտանգ է նաև Եվրոպայի համար: Եվ զգալով այս վտանգը՝ դիցուք Ավստրիայում նրանց գործունեությունը խստորեն արգելեցին:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ-Ձեր մենագրությունում արծարծված հարցերը, բերված փաստերը կարևոր են նաև Հայաստանի նկատմամբ ժամանակակից Թուրքիայի քաղաքականությունն ավելի խորն ըմբռնելու տեսանկյունից: Թուրքիայում ինչպիսի՞ խմորումներ կան այսօր:

-Սրանից մի քանի տարի առաջ պարզ դարձավ, որ Թուրքիայի գլխավոր շտաբն սկսել է նաև հայերենը ուսումնասիրել: Այսինքն` Հայաստանը միանշանակ դիտարկվում է որպես հակառակորդ: Կառավարող իսլամիստները դաշինք կազմեցին պանթյուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, և պանթյուրքիզմը ներկայումս պետականորեն դիտարկվում է որպես գաղափարական հիմք: Էրդողանն այժմ այն սկսում է որոշ չափով կիրառել իր քաղաքականության մեջ: Երկու տարի առաջ հրավեր ստացա մասնակցելու մի մեծ գիտաժողովի, որ Էրդողանի հովանու ներքո էր անցկացվում: Գիտաժողովում պետք է քննարկվեր հետևյալ հարցը. ինչպե՞ս անել, որ թուրքերենը դառնա միջազգային լեզու: Այս հարցի բարձրացումը հիմնավորում էին նրանով, որ աշխարհում այժմ տարբեր թյուրքալեզու ժողովուրդներ կան, թուրքերենը հսկայական տարածքային ընդգրկում ունի: Իհարկե, չգնացի: Ահա անգամ այսպիսի նկրտումներ կան:

-Ինչպե՞ս կարելի է հասկանալ Էրդողանի սադրիչ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Նա փաստորեն արդարացրեց երիտթուրքերի կառավարության գործողությունները: Հիշեցնենք՝ Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ուղղված նամակում Թուրքիայի նախագահը ցավակցություն էր հայտնել 1915 թ. Օսմանյան կայսրությունում զոհված հայերի ժառանգներին։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել էր, որ հայերից շատերն իբրև թե զոհվել են «այն անկարգությունների պատճառով, որոնք կազմակերպել էին հայկական հրոսակախմբերն ու զինված խմբավորումները»։ Եվ նա «ամենաողջամիտ որոշումը» որակեց «նման պայմաններում» հայ ազգաբնակչության տեղահանությունը:

-Էրդողանի այս աստիճան ագրեսիվ պահվածքը մի նպատակ ունի` մնալ իշխանության գլուխ նաև 2023 թվականից հետո, երբ կնշվի Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակը։ Թուրքիայում այժմ համատարած վախի մթնոլորտ է տիրում: Այն բանից հետո, երբ ճնշվեց 2016թ. հեղաշրջումը, սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Հարյուր հազարից ավելի մարդ այժմ բանտում է: Վախի մթնոլորտն աննախադեպ է: Արգելվեց Պոլսի հավաքը ապրիլի 24-ի կապակցությամբ: Էրդողանը հույս ունի, որ 2023թ.-ին կհայտարարի Նոր Թուրքիա, և ինքն էլ կդառնա Թուրքիայի նոր հանրապետության հիմնադիրը՝ երկրորդը Աթաթուրքից հետո և կսկսի Ազգային Ուխտի քարտեզը իրականություն դարձնել: Նա հույս ունի, որ, օրինակ՝ Մոսուլը, Բաթումը, Թրակիան լիովին և այլն, որ դուրս են Թուրքիայի ներկա սահմաններից, կկարողանա միավորել: Եվ հենց այդ առումով պանթյուրքիզմը իրեն այս պահին ավելի քան երբևէ պետք է, ու նա երկրում բռնաճնշումը ավելացնում է, որպեսզի իր իշխանությանը ոչինչ չխանգարի:

 

Շարունակելի

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1292) 5.06.2019 - 11.06.2019, Տարածաշրջան


06/06/2019