ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԵՂԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Իրանական «arannews.ir» կայքը գրում է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պատմությունը կեղծելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է մեկ ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել իրանցի պատմական գործիչ Բաբեք Խորրամդինի արձանը Բաքվում տեղադրելու վերաբերյալ:
Ադրբեջանի լրատվամիջոցներն իրենց կեղծ քարոզչությամբ աղավաղում են Իրանի պատմությանն առնչվող դեպքերն ու իրադարձությունները և իրանցի զորավար Բաբեք Խորրամդինին ներկայացնում են որպես հակաիրանական գործիչ և ադրբեջանցի փառապանծ զորավար: Ադրբեջանում կեղծ դասագրքեր և ատլասներ են հրատարակվում, որտեղ ժխտվում է Իրանի հնագույն քաղաքակրթության գոյությունը, փոխարենը` որպես Սեֆյանների արքայատոհմի բնօրրան է ներկայացվում Ադրբեջանը»:
Վերջերս պաշտոնական Բաքվի կեղծարարությանն էր անդրադարձել նաև իրանական «javaonline.ir» կայքը` գրելով. «Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը: Այդ քաղաքականությունն իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների դասագրքերից հանվել է Արան անունը` փոխարինվելով Ադրբեջան անունով»:
Իրանական մեկ այլ` «gafgaz.ir» կայքը նույն թեմայով գրել է. «Պաշտոնական Բաքուն իրանական տարածքներն «ադրբեջանական» դարձնելուց հետո, այժմ աղավաղում է պատմական իրողությունները: Իրանցի մեծանուն գրողներ, ինչպիսիք են Խաքանին, Նիզամի Գյանջևին, Մոուլավին, ներկայացվում են որպես ադրբեջանցի գրողներ» (panorama.am, 13.09.2011):
Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ռազմաքաղաքական