ՆԻՆՁՅԱՆԵՐ` ԳԻՇԵՐՎԱ ԴԵՎԵՐ, ՍՏՎԵՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ
«ՍԱՌԸ ԳԻՇԵՐՎԱ ՄԵՋ ԴԱՇՏԻ ԽՐՏՎԻԼԱԿՆ ԻՐ ՑՆՑՈՏԻՆԵՐՆ ԻՆՁ ԿՏԱ»…
Այժմ բոլորին է հայտնի լրտեսների, գործակալների, մարդասպանների, ահաբեկիչների գործունեությունը: Այդ անազնիվ ու անմարդկային գործի պրոֆեսիոնալները որոշ ռազմավարություն, մարտավարություն և զենք փոխառել են անորսալի նինձյաներից, որոնք ապրել են միջնադարյան Ճապոնիայում և զբաղվել նինձյուցու մարտարվեստով: Նինձյաները եղել են բոլոր ժամանակների երևի թե ամենավարժված, ամենահմուտ և անգութ գաղտնի գործակալները: Սակայն նրանց հիմնական կոչումը ոչ թե սպանությունն էր, այլ լրտեսությունը և դիվերսիան:
«Նինձյա» կամ «սինոբի» բառացի նշանակում է «նա, ով թաքնվում է», հետախույզ, լրտես, վարձու մարդասպան: Նինձյա կարող էին դառնալ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք (վերջիններին կոչում էին կունոիտի): Հաճախ նինձյաների շարքերն էին մտնում իրենց տիրոջը կորցրած սամուրայները: Նինձյուցուի ամենահզոր դպրոցներն էին Կոգա-րյուն և Իգա-րյուն: Նինձյան թանկարժեք ապրանք էր: Նրան վարձում էին կարևոր փաստաթղթեր գողանալու, դիվերսիա կատարելու կամ բարձրաստիճան պաշտոնյաների սպանելու համար:
Լեգենդների համաձայն` նինձյաները անվեհեր, շատ լավ վարժված մարդիկ էին, ովքեր մանկությունից զբաղվում էին նինձյուցու արվեստով: Նինձյան պետք է կարողանար հարկավոր տեղեկություն ձեռք բերել և կարողանար այն տեղ հասցնել, ցանկացած առարկան որպես զենք օգտագործել, պաշտպանվել ցանկացած զենքից (այդ թվում նաև դատարկ ձեռքերով), անսպասելի հայտնվել և աննկատելի հեռանալ: Նինձյան կարող էր ժամերով մնալ ջրի տակ` ծղոտի միջով շնչելով, ժայռ մագլցել, պատի ու առաստաղի վրայով շարժվել, կողմնորոշվել տեղանքում, ուներ լավ լսողություն, տեսողական հիշողություն, նուրբ հոտառություն, մթության մեջ լավ տեսնում էր, կռվում էր ինքնամոռաց խիզախությամբ, իսկ եթե հարկավոր էր` կարող էր կտտանքների տակ լռել և արժանապատվորեն մեռնել: Չնայած նինձյաները վաճառում էին իրենց աշխատանքը նրան, ով ավելի շատ կվարձատրեր, սակայն նրանք ենթարկվում էին պատվի չգրված վարքականոնի և հաճախ մահվան էին գնում հանուն գաղափարի:
Նինձյաները շատ լավ բժիշկներ էին, նաև` հենց իրենց համար: Նրանք կարող էին թուլացնել ցավը և բուժել միջատների խայթոցները, թունավոր բույսերից թունավորումը, մշակել վերքերը: Նինձյաները կարողանում էին նաև վարպետորեն անդամահատել վերջույթները` գերի չընկնելու կամ վարակված վերքի տխուր հետևանքներից խուսափելու համար: Իսկ եթե նինձյան գերի էր ընկնում (չնայած դա շատ հազվադեպ էր պատահում), ապա նրա նկատմամբ կիրառված խոշտանգումները սադիզմի գերադրական աստիճանի էին հասնում: Նրա կաշին հանում էին, վերքերին աղ էին լցնում, մարմանդ կրակի վրա խորովում, կտրում էին ոտքի մատները, հետո` վերջույթները, «մրջյուններով կտտանքի» էին ենթարկում: Իսկ ով մինչև վերջ էր լռում, նրան երկարատև և տանջալից մահվան էին դատապարտում: Օրինակ, հետևելով չինացիներին, զոհին դարձնում էին «մարդ-խոզ»` կտրում էին ձեռքերն ու ոտքերը, կանգնեցնում արյունահոսությունը, հանում աչքերը, ծակում ականջների թմբկաթաղանթները, կտրում լեզուն և այդ վիճակում բաց էին թողնում:
Այս սևազգեստ ռազմիկներին անվանում էին անտեսանելի մարդիկ, գիշերվա դևեր, ստվերի մարտիկներ, քանի որ նրանք կարողանում էին աննկատ մնալ, թշնամուն շրջանցել առանց մարտի բռնվելու: Իսկ եթե ստիպված էին լինում մարտի բռնվել, ապա այն լինում էր շատ կարճ ու կոշտ, ընդ որում` թշնամուն հազվադեպ էին սպանում, հիմնականում վերջույթներն էին խեղում: Սարսափի մեջ պահելով սամուրայներին և իշխաններին` նինձյաները երբեք գյուղացիների վրա չէին հարձակվում, քանի որ վերջինները միշտ նրանց օգնություն էին ցուցաբերում: Բացի ճապոնական մշակույթ և լրտեսության արվեստ ուսումնասիրելուց, նինձյաները տիրապետում էին նաև աշխարհիկ արվեստների, ինչը նրանց օգնում էր ամբոխից չզանազանվել:
Նինձյաները նաև թույներ օգտագործելու հմուտ վարպետներ էին: Ամենաուժեղները դոդոշի, արջի, սարդի, օձի լյարդից կամ այլ օրգաններից ստացված թույներն էին: Ճիշտ քանակությամբ թեյի, սակեի (բրնձի գինի) կամ կերակուրի մեջ ավելացված թույները կատարում էին իրենց մահացու գործը արագ և անձայն: Հովհարները ներծծում էին հոտավետ, բայց թունավոր հեղուկով, և հովհար օգտագործող անձը շնչում էր թունավոր գոլորշիները: Սակայն թույն էր օգտագործվում նաև նինձյաների դեմ: Թունավորված ջուրը և ուտելիքները դնում էին այնպիսի տեղում, որ նինձյաները դրանք գտնեն: Այս կերպ ֆեոդալները փորձում էին բռնել նինձյաներին: Սա է պատճառը, որ վերջիններս շատ լավ տիրապետում էին նաև հակաթույն պատրաստելու արվեստին:
Ստվերի մարտիկների զինանոցում կար երեք տիպի զենք. ձեռնամարտի միջոցներ, նետողական գործիքներ (որոնց թվում էին սուր ծայրերով մետաղական աստղիկները) և քիմիական նյութեր, ներառյալ պայթուցիկները: Ի տարբերություն սամուրայների, որոնք կրում էին երկու թուր, նինձյաներն ունեին մեկ մեծ թուր, որը կապվում էր մեջքին: Սակայն այդ թուրը համապիտանի կոմբինացված զենք էր: Նրա պատյանը թրից երկար էր և ծայրին անցք ուներ, որը թույլ էր տալիս այն օգտագործել և՛ որպես շնչառական խողովակ` ջրում թաքնվելիս, և՛ որպես թունավորված փոքր նետեր արձակելու փող: Բացի այդ, պատյանում պահվում էին զանազան օգտակար մանրուքներ:
Նինձյաները նաև մարդկային հոգեբանության գիտակ էին: Եթե որևէ բարձրաստիճան զինվորականի անհնարին էր լինում հաղթել, ապա գործի էին դրվում կին-նինձյաների ձիրքերը, որոնք, բացի նինձյուցուին տիրապետելուց, տաղանդավոր պարուհիներ էին: Նրանց հանձնարարությունն էր` այնպես հրապուրել այդ անձին, որ նա հրավիրեր գեղեցկուհուն իր ննջարան: Իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր:
Նինձյաները պատմության բեմահարթակում են հայտնվում 10-րդ դարում, նրանց ծաղկումը 1460-1600-ականներն են` պատերազմող գավառների և Ճապոնիայի միավորման ժամանակաշրջանում, սակայն դրանից հետո, երբ դադարեցին ֆեոդալական պատերազմներն, ու երկրում խաղաղություն հաստատվեց, նինձյաները քաղաքական ասպարեզից կորում են` պահանջարկի բացակայության պատճառով:
Սակայն ժամանակ առ ժամանակ դեռ որոշ տեղեկություններ են լսվում նինձյաների մասին: Ասում են, որ Ճապոնիայի Այամա գավառում բնակվում է նինձյաների մի հնագույն ընտանիք` Սավամուրաները: Այս ընտանիքում մինչև հիմա պահպանվում է ամերիկացի կոմանդոր Փերրիի ձեռքով գրված մի փաստաթուղթ, որն ունի բավականին հետաքրքիր պատմություն:
1853թ. հուլիսի 8-ին ամերիկյան նավախումբը Փերրիի գլխավորությամբ մոտենում է Ճապոնական Էդո կղզիներին: Փերրին սյոգունին (ռազմիկ-իշխանին) ԱՄՆ նախագահից նամակ է փոխանցում, որում առաջարկվում էր բանակցություններ սկսել Ճապոնիան օտարերկրյա տերությունների առջև «բացելու» շուրջ (ճապոնական իշխանությունները 200 տարի ոչ մի օտարերկրյա նավի թույլ չէին տալիս մոտենալ կղզիներին): Միաժամանակ, էսկադրայի թնդանոթները սկսում են կրակել, ինչը մեծ իրարանցում է առաջացնում Էդոյում: Սյոգունը որոշում է դիմել նինձյաների օգնությանը` «անդրծովյան դևերի» իրական նպատակները պարզելու նպատակով, և Էդո է ժամանում անվանի Սավամուրա ընտանիքի «անտեսանելին»: Նա թափանցում է Փերրիի նավը և այն ոտքից գլուխ ուսումնասիրում:
Նինձյան վերադառնում է ամերիկացի նավաստիներից գողացված մեծ ավարով, որում կային մոմ, լուցկի, օճառի կտոր և անհասկանալի նշաններով մի թուղթ: Այս բոլոր իրերը քննությունից հետո անհետանում են, սակայն թղթի կտորը խնամքով պահվում է Սավամուրա ընտանիքում, քանի որ կարծում են, թե դա կա՛մ հրաման է, կա՛մ էլ գաղտնի ցուցում: 1960-ական թվականներին Սավամուրաների ընտանիք է գալիս նինձյուցուի պատմության խոշորագույն մասնագետ Օկուսե Հեյսիտիրոն` այդ հանելուկային փաստաթուղթը տեսնելու համար: Երբ նա թուղթը ձեռքն է վերցնում, սկսում է քահ-քահ ծիծաղել: Տեքստը սկսվում էր հետևյալ բառերով. «Ֆրանսուհիները լավն են անկողնում, գերմանուհիները` խոհանոցում» և այլն: Սրանք նավաստիական երգի տողեր էին, որտեղ քննարկվում էին ողջ աշխարհի կանանց արժանիքները: Միգուցե նինձյան առաջնակարգ մասնագետ էր, սակայն անգլերեն չգիտեր:
Երկար ժամանակ համարվում էր, որ սա նինձյաների ծառայությունն օգտագործելու վերջին դեպքն է: Սակայն որոշ ժամանակ անց մեկ այլ դեպք է գրանցվում, որը պատմության մեջ հայտնի է «Իսե տաճարի թռուցիկների դեպք» անվանումով:
Մի անգամ Էդոյում ճապոնական գլխավոր աստվածուհի Ամատերասու Օմիկամիի խոշորագույն տաճարի` Իսեձինգուի թռուցիկներն են թափվում, որոնց վրա գրված էր. «Բակուֆուն (իշխանը) օտարերկրացիներին թույլ է տալիս մտնել Ճապոնիա` դրանով պղծելով աստվածների երկրի հողը: Իսե տաճարի աստվածուհին շատ է բարկացած և իր հմայիլներն է սփռում Էդոյի վրա: Երկնքի կամքն է` վտարել բարբարոսներին»: Աստվածավախ բնակիչների շրջանում սա մեծ աղմուկ է առաջացնում:
Իսկ իրականում սա երկու ճարպիկ նինձյաների ձեռքի գործն էր: Մի երեկո, երբ թայֆունը մոլեգնում էր, նրանք բարձրանում են Այսեկի սարը և նրա կատարից նետում նախապես պատրաստված հազարավոր թռուցիկներ: Ողջ գիշեր մոլեգնող քամին դրանք ցրում է այդ տարածքով մեկ, և հաջորդ օրը բնակիչները դրանք գտնում էին ամենուր` դաշտում, տների տանիքներին, ծառերին, թփերի մեջ: Այս գործը հսկայական հաջողություն է բերում: Դրա արդյունքը զանգվածային անկարգություններն էին և հակաիշխանական ելույթները: Այսպիսով, նինձյուցուի ուղղություններից մեկը` երկնքի շարժի և երկրի շարժի ուսումնասիրումը, նորից ապացուցեց իր արդյունավետությունը:
Նինձյաների մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր («Ամերիկյան նինձյա», «Սպիտակ ուրվականը», «Նինձյայի 9 մահերը», «Նինձյայի ոսկյա արձանիկը», «Նինձյայի վրեժը», «Կոբրան նինձյայի դեմ»), մուլտֆիլմեր («Նինձյա-կրիաները»), ինչպես նաև մշակված են համակարգչային խաղեր:
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից