Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆ



Ին՞չ կազմություն ունի մյուռոնը:

Մյուռոնը քրիստոնեական բոլոր եկեղեցիներում օծման համար սրբազան բուրավետ յուղ է, որ կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռքով պատրաստվում է ձիթապտղի յուղից, որին խառնվում է բալասան և 40 տեսակի հոտավետ ծաղիկներ, փայտեր ու բույսեր:

Որտեղի՞ց է սկիզբ առնում մյուռոնը կամ մեռոնը:

1669 թվականի հայկական մագաղաթյա «Պատմություն մեռոնօրհնության մասին» ձեռագրում, իհարկե նաև Աստվածաշնչի (Ելք 30:22-30) ու Ավետարանի մի շարք գլուխներում Մեռոնի խորհուրդն իր լավագույն արտահայտությունն է գտել: «Մովսես մարգարեն Սինա լեռան վրա Աստծուց անուշահոտ ծաղիկներ ստանալով` պատրաստեց դրանցից մեռոն, որով հետագայում օծում էին մարգարեներին ու թագավորներին: Երբ իսրայելացիները հաստատվեցին Ավետյաց երկրում, մեռոնը պահում էին Երուսաղեմի տաճարում: Տաճարի կործանումից հետո Եղիսաբեթը` Զաքարիա քահանայի կինը, մեռոնը տանում և պահում է լեռան վրա գտնվող մի ժայռի ճեղքում: Զաքարիայի և Եղիսաբեթի որդի Հովհաննեսն այս մեռոնով օծում էր ժողովրդին»:

Երբ Հերովդես թագավորի հրամանով գլխատում են Հովհաննես Մկրտչին, մեռոնը վերցնում է մի մեղավոր կին` Մարիամ Մագթաղենացին, որով Զատկի տոնից 6 օր առաջ Հիսուսի ոտքերն է օծում, այնուհետև` սրբում իր մազերով:

Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում հայկական մյուռոնը:

Քրիստոսի աշակերտները մեկնում են Ավետարանը քարոզելու, և մեռոնն իր հետ է վերցնում Թադեոս առաքյալը` Հայոց առաջին լուսավորիչը, որի միջոցով բուժվում է Աբգար թագավորի որդին: Թադեոս առաքյալը մեռոնը մի ծառի վրա թողնելով` գնում է Սանատրուկ թագավորի մոտ: Տեսիլքով մեռոնի տեղն իմանում է Հայոց երկրորդ լուսավորիչը` Գրիգորը: Տրդատ թագավորի աջակցությամբ այդ վայրում` Եղրդուտում, նա կառուցել է տալիս Հովհաննես Կարապետի (Մկրտչի) անունով եկեղեցի: Այդտեղ էլ գտնվում է անսպառ մեռոնը և Եղրդուտի միաբանությունը: Հենց այստեղից էլ սկիզբ է առնում հայկական մյուռոնը:

Ի՞նչ խորհուրդ ունի մյուռոնը:

Մյուռոնի խորախորհուրդ էությունը Հիսուսի փրկչական առաքելության վրա է խարսխված, ինչը հասու և տեսանելի է միայն հոգևոր իմացությամբ` հավատի աչքերով: Ըստ Նարեկացու` ինչպես սուրբ ավազանում մարմնի լվացումով հավատում ենք, որ մեր անձը սրբություն ստացավ, այդպես էլ հույսով լիալրված` յուղի օծմամբ գտնում ենք, որ աներկբայությամբ Սուրբ Հոգու զորությունն ենք ստանում ամբողջապես:

Մյուռոնօրհնության ծեսը կատարվում է 5-7 տարին մեկ, կաթողիկոսի օրհնությամբ: Ամեն անգամ նոր մյուռոնի մեջ հին մյուռոնն է խառնվում: Եվ յուրաքանչյուր նոր մյուռոնի մեջ մի մասնիկ, մի ճառագայթ կա Ս.Գրիգոր Ա Լուսավորչի օրհնած առաջին մյուռոնից: Ս.Գրիգոր Լուսավորչի ձեռքով օրհնված և Սուրբ Էջմիածնից դարեր շարունակ բխող մեռոնը հայ սրբությունների շարքում ամենանվիրականն է, միշտ գերադաս ու առանձնահատուկ պատվի արժանացած: Եվ նոր մեռոնը Մայր տաճարի Ավագ սեղանի վրա 40 օր հսկման կարգով մնալուց հետո հնի հետ, կանոնի համաձայն` հատուկ ծիսակարգով Վեհափառ Հայրապետը խառնում է Կենաց Փայտով, Աստվածամուխ Սուրբ Գեղարդով և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով և կատարում Մյուռոնօրհնություն:

Այս սուրբ յուղը կոչվում է լույս կամ սրբալույս, քանզի սրբող և լուսավորող է Աստծո նման, որովհետև Քրիստոս Ինքը սուրբ է և լույս. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ.8:12):

Մյուռոնը շնորհներ է տալիս մարդուն: Մյուռոնը Հիսուս Քրիստոսն է, ըստ այն խոսքի, թե. «Քո անունը թափված յուղ է»: Մյուռոնը Սուրբ Հոգու զորությամբ իրեն հավասարը չունի: Մյուռոնով են օծվում ու սրբվում: Ինչպես խավարը` լույսից, ցավը` առողջությունից, գիշերը` ցերեկից և մահը` կյանքից, այնպես էլ այս սրբությունների սրբությունից չարի բոլոր զորությունները մերժվում են, խափանվում, իսպառ ոչնչանում:

Մյուռոնը հավիտենական կյանքի խորհրդանիշն է:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Հոգևոր-մշակութային


04/10/2011