Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԸ՝ ԱՓԻ ՄԵՋ



Գեւորգ Դավթյանը զոհվեց 1994-ի ապրիլի 25-ին, Թալիշի բարձունքին։ Գեւորգի մահվանից անցել է 18 տարի։ Ալինան դժվարություններով զոհել, մեծացրել է իրենց երեք երեխաներին՝ Քրիստինեին, Գայանեին, Սերյոժային։ Չորս թոռնիկներից մեկը կրում է պապի անունը։ Տարիներն անցնում են, իսկ Ալինան չի դադարում նամակներ գրել ամուսնուն։ Գրում է չափածո ու արձակ, կիսում է իր խոհերը, մտորումները, դժվարին պահերին հարցումներ է անում, եւ ամուսինը հուշում է, օգնում, որ գտնի այդ հարցերի պատասխանները։ Պատասխանները գտնում է երազում կամ արթմնի։ Վերջերս լույս տեսավ նրա ստեղծագործությունների ժողովածուն:

Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Օֆելյա Պետրոսյանը, շնորհավորելով հեղինակին, ասաց.

-Այս գրքում հունցվում է հույսը, լույսը, հավատը եւ դառնում է սեր։ Հունցողը՝ հեղինակը, աննկատ է, չի երեւում եւ, այդ ամենը շատ է բնական։ Այդպես էին ապրում մեր նախնիները, մեր տատերը։ Գիրքն ընթերցելիս հիշեցի տատիս։ Պապս ապրել էր ընդամենը 39 տարի։ Տատս, ով ավելի երիտասարդ է եղել, պապիս մեծադիր լուսանկարը կախել էր իր անկողնու կողքին եւ մինչ իր կյանքի վերջ խորհուրդ-խրատ-որոշումներ էր կայացնում՝ դիմելով մեծադիր լուսանկարից իրեն նայող ամուսնուն։ Երբ ինչ-որ հարցով (իսկ նահապետական ընտանիքներում այդպես էր կարգը) դիմում էինք տատին, նա պատասխանը տալիս էր քիչ ուշացումով.

-Սպասեք, գնամ, տեսնեմ ձեր պապ ի՞նչ կասի,- ասում ու ներս էր մտնում, զրուցում պապի մեծադիր նկարի հետ։ Հետո դուրս էր գալիս, ու միշտ պատասխանն սկսվում էր այսպիսի բառերով.

-Ձեր պապ Պարսամ ասաց…

Մինչ իր կյանքի ավարտը, այն, ինչ որոշում էր տատս, պետք է վավերացներ պապը, իր ամուսինը, ով այնքան երիտասարդ հեռացել էր կյանքից։ Սակայն զարմանալի անբացատրելի մի իրողություն կար, կամ գուցե ես էի այդպես ընկալում` տատիս ապրած տարիների հետ իմ աչքին երիտասարդ պապս երեւում էր որպես պատկառելի տարիք ունեցող մի այր։ Ես պապիս հայացքում վեհանձնություն, արժանապատվություն էի կարդում, երբ միշտ տատս իր ամեն մի որոշում կայացնելուց առաջ արտաբերում էր այս խոսքերը.

-Ձեր պապ Պարսամն ասաց, կամ Պարսամն ասաց…

Այսպես հավատավոր, ամուր էին պահում հայ տղամարդկանց թիկունքը հայ մայրերը։ Նրանք այրիներ չէին, չեն։ Նրանք հայոց մայրեր են։ Ամեն մի հայուհի, մի պտղունց, մի բաժին այդ հույս-համբերությունից, լույս-առաքինությունից, հավատ-վեհանձնությունից պիտի կրի իր հոգում, որովհետեւ դրանք միախառնվում-հունցվում դառնում են Սեր։ Այսպես է ծնվում Սերը, բաժանվում աշխարհին, մերձավորին, սիրած էակին, պարզապես մարդ արարածին… Հայոց մայրերն իրենց սերն ափի մեջ առած` լույս են տարածում հայոց աշխարհում…

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Հոգևոր-մշակութային


04/10/2011