ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՐ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՄԱՐՏԸ…
Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից, ինչպես երկրամասի բոլոր բնակավայրերում, այնպես էլ Մարտակերտի շրջանում ծավալված խաղաղ ընդվզումներն աստիճանաբար իրենց տեղը զիջեցին համաժողովրդական զինված պայքարին: Մինչև 1991թ. վերջերը շրջանի գրեթե բոլոր գյուղերում ստեղծվել և արդեն գործում էին շուրջ հիսուն ինքնապաշտպանական ջոկատներ:
Հետագայում՝ 1991թ. դեկտեմբերի 26-ին միավորվելով, 12 գյուղերի կամավորական ջոկատները կազմեցին առաջին ինքնապաշտպանական մեծ զինվորական կամավորական կանոնավոր ստորաբաժանում՝ Խաչենի գումարտակը:
Գումարտակի հիմնադիր հրամանատարը ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Կարեն Արամայիսի Առաքելյանը՝ «Կուդրին» էր:
Կարեն Առաքելյանը ծնվել է 1964թ. հունիսի 2-ին Ստեփանակերտում: 1971-81թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Գերմանիայում: Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել և պարգևատրվել է: Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք և աշխատանքի անցել կոնդեսատորների գործարանում: 1987թ.-ից, երբ դեռ նոր էր սկսվում ակնարկվել ԼՂՀ-ի անկախության գաղափարախոսությունը, նա իր ընկերների հետ ծածուկ կազմակերպում էր ժողովներ և ստորագրահավաքներ:
1990թ. ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից ձերբակալվում է և տեղափոխվում Աղդամի մեկուսարան: Ազատ արձակվելուց հետո Կարեն Առաքելյանը կրկին լծվում է ազգանվեր գործի և կազմակերպում կամավորական պաշտպանական պահակություններ Ստեփանակերտ քաղաքում, հարակից շրջաններում և գյուղերում, սակայն կրկին ձերբակալվում է և տեղափոխվում Շուշիի բանտ:
Այս ամենը չընկճեցին Կարենին, ընդհակառակը՝ նա ավելի կոփվեց ընդհատակում: Անքուն գիշերներ էր անցկացնում, ինքնաշեն զենքեր էր պատրաստում… Օմօնականների ծայրահեղ վայրագությունները օր օրի սաստկանում էին: Ազատվելով Շուշիի բանտից՝ Կարենը ձեռնամուխ եղավ հակաօմօնական ջոկատի ստեղծմանը: Մասնակցել է մեծ ու փոքր շատ մարտերի, մարտեր, որ նրա համար դարձել են փորձառության մեծ դպրոց…
1991թիվ… Մեր դարավոր թշնամին, կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ, իր ճանապարհին թողնելով մոխիր ու ավեր, ամբողջ ճակատով առաջ էր շարժվում: Ժամանակն էր ինչպես հարկն է պատժել թշնամուն, հասկացնել, որ Արցախի սահմանները գծում է հայ զինվորը…
Ու եղան Կիչանի,Ղազանչիի, Սրխավենդի, Մարտակերտի հերոսամարտերը. Կարենն իր տղաներով ապացուցեց, որ անկոտրում է արցախցու հայրենաշունչ ոգին: Նա իր քաջարի տղաներով դարձավ Խաչենի հովտի անդուլ պահապանը: Սկզբում շտաբի պետ էր, այնուհետև՝ վաշտի հրամանատար, իսկ 1992թ. նշանակվեց Խաչենի գումարտակի հրամանատար: Կարգապահություն, միասնություն, մարտական ոգի. ահա այդ գումարտակի առանձնահատկությունները, որոնց շնորհիվ նրա զինվորները բազմիցս նայել են մահվան աչքերին ու հաղթել: Գումարտակի առջև ծառացած գրեթե բոլոր մարտական խնդիրները գումարտակը լուծել է լիարժեք: Խաչենի գումարտակի պաշտպանական գիծը ձգվում էր տասնյակ կիլոմետրերով՝ Վանք գյուղի վերևից մինչև Ղազանչիի և Խաչեն գետի ուղղությամբ:
1992թ. գարնան վերջին ԼՂՀ-ում առաջացավ շատ ծանր ռազմական իրավիճակ: 1992թ. հունիսին ադրբեջանական զորքերը Խաչենի ձորի ուղղությամբ սկսում են լայնածավալ գրոհներ: Ունենալով զրահատեխնիկայի և մարդկային ռեսուրսների տասնյակ անգամ առավելություն՝ ծանր և երկարատև կռիվներից հետո նրանց հաջողվում է գրավել Կիչան գյուղը: Այդ կռվի ընթացքում Կարենը անձամբ ոչնչացնում է երեք ադրբեջանական տանկ` T-72: Կիչանը թողնելուց հետո Կարենի հրամանատարությամբ գումարտակը պաշտպանություն է կազմակերպում, օգնության հասած հայկական ջոկատները անցնում են հակահարձակման: Թեժ մարտերի ընթացքում մեր մարտիկները ոչնչացնում են թշնամու տասնյակ զրահամեքենաներ, հարյուրավոր ազերիների և նրանց ետ շպրտում մեր սահմաններից: Այդ փառահեղ հաղթանակը ավելի բարձրացրեց հայ ազատամարտիկի մարտական ոգին: Հաջորդ ամիսների ընթացքում ազերիները ամեն օր հարձակվում էին Ղազանչիի ուղղությամբ: Այդ կատաղի հարձակումները հաճախ վերածվում էին ձեռնամարտի: Սակայն թշնամուն ոչ մի կերպ չէր հաջողվում հասնել նպատակին: 1992թ. սեպտեմբերի 1-ին թշնամու քանակական մեծ առավելություն ունեցող զորքերը կրկին հարձակվում են Ղազանչի գյուղի ուղղությամբ: Կարենին զեկուցում են, որ թշնամուն հաջողվել է մխրճվել հայկական դիրքեր և առաջ անցնել: Պահը օրհասական էր: Սակայն Կարենի քաջերը, ոգևորված հրամանատարի անձնական օրինակով, կասեցնում են թշնամու առաջխաղացումը: Մարտի ժամանակ Կարենը վիրավորվում է, բայց չի թողնում ռազմադաշտը և շարունակում է ղեկավարել մարտը: Տղաները ուշքի են գալիս միայն այն ժամանակ, երբ նկատում են, որ նա արնաքամ է լինում: Հրամանատարին տեղափոխում են հոսպիտալ, սակայն սեպտեմբերի 3-ին մահն իր սև թաթն է դնում նրա երիտասարդ հոգու վրա:
Այսպես ընդհատվեց ևս մի քաջակորով հայի կյանք, որն աշխարհ էր եկել հերոսանալու և սերունդների կողմից հավերժ հիշվելու…
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊՆ ««Մայր Հայաստան» ՌՊԹ»
ավագ գիտաշխատող-ֆոնդապահ, մայոր
Խորագիր՝ #22 (1293) 12.06.2019 - 18.06.2019, Ճակատագրեր