Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ



ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸՎերջերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արեւելագետ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի նոր գիրքը՝ «Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1921թթ.»: Ձեզ ենք ներկայացնում գրքում արծարծված կարեւոր խնդիրների ու շեշտադրումների, Թուրքիայում այժմ ընթացող քաղաքական գործընթացների հետ դրանց աղերսների եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների մասին անվանի գիտնականի հետ զրույցի շարունակությունը:

 

Սկիզբը`  նախորդ համարում

 

Փաստորեն, Թուրքիայի ղեկավարությունը աստիճանաբար սկսում է «վերակենդանացնել» պանթյուրքիզմի գաղափարախոսությունը:

-Մի փոքր պատմական ակնարկ: 1910-ական թթ. երիտթուրքերի ղեկավարներից Զիյա Գյոքալփը պանթյուրքիզմի գաղափարախոսն էր: Նա և իր թիմը ամբողջ երկրով մեկ ստեղծեցին պանթյուրքիստական կազմակերպություններ ու պանթյուրքիզմը դարձրին պետական գաղափարախոսություն: Երբ Թուրքիան մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, հիմնականում այս գաղափարներն իրականացնելու նպատակ ուներ: Պետք է հասնեին Ադրբեջան, որին միանալուց հետո միանային թյուրքալեզու բոլոր տարածքներին: Ծրագրվում էր նաև Իրանական Ադրբեջանի՝ Ատրպատականի գրավումը: Երբ Մուսթաֆա Քեմալն եկավ իշխանության, նա պանթյուրքիստական գաղափարախոսությունը վտանգավոր անվանեց. ասաց, որ պատերազմում դրա պատճառով կորցրին Օսմանյան կայսրությունը: Բայց և չվերացրեց դրա հետևորդ կազմակերպությունները: Դրանք շարունակեցին իրենց գործունեությունը: Ու երբ 1941-1943թթ. գերմանացիները մինչև Ստալինգրադ էին հասել, թուրքերն իրենց ամբողջ բանակը կենտրոնացրին սահմանի վրա և սպասում էին գերմանացիների` Ստալինգրադում վերջնական հաղթանակին, որպեսզի մտնեն Անդրկովկաս: Մատի շարժումով պանթյուրքիստները նորից ակտիվացան: Ամսագրեր, գրքեր, հոդվածներ, գեղարվեստական գործեր, հարցազրույցներ. պանթյուրքիզմը ծաղկում էր այդ ընթացքում: Իսկ երբ զգացին, որ Գերմանիան պարտվում է, 1944թ. բոլոր պանթյուրքիստներին բռնեցին, դատավարություն արեցին, մի քանի տարով բանտ նստեցրին: Հետագայում էլի բաց թողեցին: Նրանց մեջ էր նաև Ալփարսլան Թյուրքեշը, որը հետագայում դարձավ «Ազգայնական շարժում» պանթյուրքիստական կուսակցության հիմնադիրը: Ցուցադրական պատժի ակցիա. սա շատ բնորոշ թուրքական խաղ է:

Ի՞նչ է անում այժմ Թուրքիան թյուրքալեզու երկրներին միավորելու իր ծրագրերի իրագործման ուղղությամբ:

-Պանթյուրքիզմը հատկապես ուժեղացավ 1991 թ. հետո, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց: Սակայն Ռուսաստանին իր լծակներով հաջողվեց կասեցնել այդ գործընթացը, քանի որ առաջին հերթին այս խմորումները Ռուսաստանի համար են մեծ վտանգ ներկայացնում. Ռուսաստանում մի շարք թյուրքալեզու ժողովուրդներ կան: Բացի այդ, օրինակ՝ Ղազախստանի պես ծաղկուն, հարուստ երկրին ձեռնտու չէ, որ Թուրքիան թյուրքալեզու երկրների շրջանում առաջնորդի հավակնություններ ունենա: Նույնն էլ Ուզբեկստանի պարագայում է: Ադրբեջանի հետ այս տեսանկյունից փոխհարաբերությունները նույնպես միանշանակ չես անվանի: Այնպես որ, որոշակի խնդիրներ կան այս դաշտում հենց թյուրքալեզու պետությունների միջև, բայց ամեն դեպքում պանթյուրքիզմը մեծ վտանգ է:

Ադրբեջանի հետ Թուրքիայի ռազմաքաղաքական հարաբերությունների վերաբերյալ ի՞նչ կասեք:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ-Իհարկե, հնարավորինս լուրջ ռազմաքաղաքական համագործակցություն ունեն: Սակայն այստեղ մի նրբություն կա: Ըստ 2010թ. Ադրբեջանի ու Թուրքիայի միջև պայմանագրի ձևակերպման՝ Թուրքիան անհրաժեշտության դեպքում ոչ թե պարտավոր է Ադրբեջանին օգնության գալ, այլ կարող է գալ՝ ելնելով իրադրությունից: Օրինակ՝ Ռուսաստանի հետ մեր ռազմական պայմանագրում ասվում է, որ մեզնից մեկը եթե ներգրավվում է զինված պայքարի մեջ, մյուսը պետք է օգնության գա: Իսկ Թուրքիայի դեպքում՝ ինքն է որոշում՝ բարենպա՞ստ են դրա համար պայմանները, թե՞ ոչ: Թուրքերն այս առումով շատ զգուշավոր են, քանի որ չեն ուզում ռուսական կողմի հետ բախման մեջ մտնել: Թուրքիան իր պատմության մեջ ռուսների հետ ունեցել է տասնյակից ավելի պատերազմներ, որոնցից միայն մեկում է հաղթել, այն էլ՝ Անգլիայի և Ֆրանսիայի օգնությամբ: Իհարկե, ռազմական համագործակցությունը այս երկու «եղբայրական» երկրների միջև բավականին լայն է: Դաշնակից են, անշուշտ, սակայն նրբություններն առկա են: Տնտեսական առումով էլ որոշակի խնդիրներ կան: Օրինակ՝ ադրբեջանական գազի խնդիրը: Թուրքերը Էրզրումում գնում են ադրբեջանական գազը և վաճառում Եվրոպային: Ադրբեջանը երբեմն գազի գինը բարձրացնում է, որին ի պատասխան թուրքերը բողոքում են: Նմանօրինակ շահերի բախման մի շարք խնդիրներ ունեն այս երկրները:

Մայիս ամսին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում Ադրբեջանում անցկացվեց «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք» անվանված համատեղ զորավարժությունը: Հունիսին Նախիջևանում կայանալու է «Անսասան եղբայրություն» զորավարժությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք սրանց նպատակները:

-Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի նպատակն է հնարավորինս ուժեղացնել ազդեցությունը Հարավային Կովկասում: Դրան հասնելու համար փորձում է  մեկուսացնել Հայաստանը և բացի Ադրբեջանից, իր ազդեցությունը ուժեղացնել նաև Վրաստանի վրա: Այդ նպատակներին են ծառայում Թուրքիայի ջանքերը՝ այս երեք պետությունների միջև հարաբերությունների սերտացման միջոցով ստեղծել նրանցից կազմված տնտեսական և ռազմաքաղաքական առանցք: Վերջերս Նախիջևանում հաճախակի դարձած թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակը, իմ կարծիքով, հող նախապատրաստելն է այստեղ հետագայում թուրքական ռազմաբազա ստեղծելու համար, ինչը կարևոր հանգրվան կլինի վերոհիշյալ ծրագրի իրականացման ուղղությամբ:

Մայիսի 27-ին Իրաքի հյուսիսում՝ Հաքուրքում, Թուրքիայի ձեռնարկած «Թաթ» ցամաքային եւ օդային գործողությունների մասին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, թե իբր դրանք հակաահաբեկչական նպատակ են հետապնդում: Ըստ Ձեզ՝ ո՞րն  է իրական նպատակը: 

-Իրականում դրանք երկու հիմնական նպատակ են հետապնդում՝  խոչընդոտել Քրդական աշխատավորական կուսակցության ամրապնդմանը և իրականություն դարձնել 1920 թվականին Պատգամավորների պալատի կողմից Կոստանդնուպոլսում ընդունված թուրքական «Ազգային ուխտը»: Համաձայն այս փաստաթղթի՝ Թուրքիայի կազմի մեջ պետք է մտնեն Իրաքի հյուսիսը՝ ներառյալ Մոսուլը և Սիրիայի հյուսիսը՝ ներառյալ Հալեպը: Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն այս կերպ փորձում է քայլ առ քայլ ընդլայնել իր սահմանները՝  հասցնելով մինչև «Ազգային ուխտում» նշվածը:

Վերադառնանք» Թուրքիա: Ինչպե՞ս կմեկնաբանեք մայիսի 11-ին Արթուր անունով 13-ամյա հայ պատանուն հրապարակայնորեն իսլամացնելու աղմկահարույց դեպքը: Իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն հաղորդել էր, որ ստացել է պատանու մոր համաձայնությունը, ինչը հերքեց վերջինս՝ դիմելով Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին ու տեղեկացնելով, որ հաղորդավարը ստում է, և որ համաձայնություն չի եղել:

-Սա, իհարկե, խայտառակություն էր Թուրքիայի համար և այդ երկրում տիրող այսօրվա իրավիճակի արտահայտությունն է: Եվ, կարծում եմ, չի կարելի բացառել նման երևույթների կրկնությունը՝ հաշվի առնելով հատկապես, որ այսօր իշխանության գլխին է իսլամամետ կառավարությունը:

Ինչ վերաբերում է Հայ Դատի խնդրի շուրջ մեր ունեցած անհերքելի փաստերին և դրանց կիրառելիության խնդրին, ի՞նչ քայլեր է արել հայկական կողմը, և ի՞նչ պետք է անի Հայաստանն այսօր:

-Իհարկե, ցեղասպանության ճանաչումն այսօր կարևոր պայքարի ձև է, բայց մենք պետք է թևակոխենք է՛լ ավելի լուրջ փուլ և հետապնդենք հատուցման խնդիրը: Սա նախ և առաջ բխում է այն տրամաբանությունից, որ մարդկության դեմ հանցագործություն` ցեղասպանություն իրագործողը պետք է անպատճառ պատժվի: Իսկ պատիժն ինչպե՞ս կարող է իրականանալ, երբ հանցագործներն այժմ ֆիզիկապես չկան: Պատիժը պետք է կրի պետությունը և պետությունն էլ պետք է փոխհատուցի: Հատուցման տարբեր ձևեր կան: Հայաստանը պետք է շարունակի խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ու միաժամանակ շեշտը պետք է դրվի Օսմանյան կայսրության հասցրած ֆինանսատնտեսական, բարոյական, քաղաքական և տարածքային կորուստները փոխհատուցելու վրա: Սա մի կողմից կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա, մյուս կողմից` կլուծի պատմական արդարությունը վերականգնելու խնդիրը:

Ինչպե՞ս է դա իրագործվելու:

-Առաջինը բարոյական փոխհատուցումն է: Սկզբում պարզապես պետք է խոստովանեն իրենց մեղքը, ընդունեն և ներողություն խնդրեն, ինչպես քաղաքակիրթ երկրներն են անում: Երկրորդը` քաղաքական. պատասխանատվության պիտի ենթարկվեն: Երրորդը տնտեսական և ֆինանսական փոխհատուցումն է: 2500-ից ավելի եկեղեցիներ, տարբեր շինություններ, դպրոցներ և այլն…: Այդ ամենը մեր ժողովրդի ստեղծածն էր: Բացի այդ, անհատներին պետք է փոխհատուցում տրվի: Բայց կա նաև փոխհատուցման չորրորդ հարթությունը: Պետք է վերականգնվի այն վիճակը, որ եղել է մինչև ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը պետք է իրավունք ստանա Արևմտյան Հայաստանում վերաբնակեցվելու:

Իսկ ի՞նչ է պետք դրա համար:

-Դրա նախադեպը Վրաստանի ու Թուրքիայի սահմանին բնակվող թուրք մեսխեթցիների խնդրի լուծման օրինակն է: Նրանց Ստալինի ժամանակ տեղահան էին արել և ուղարկել Կենտրոնական Ասիա: Եվրոպայի Խորհուրդը որոշում ընդունեց, և Վրաստանը նրանց համար ապահովեց բոլոր պայմանները, որ նրանք վերադառնան իրենց տները: Ըստ իս, նույնը պետք է արվի տեղահանված հայերի խնդրի վերաբերյալ:

Թուրքական կողմը, իհարկե, ամեն կերպ խոչընդոտել ու խոչընդոտելու է այս խնդիրների իրագործմանը:

-Դրա վառ օրինակներից է 2001 թ. ստեղծված պետական հանձնաժողովը, որ անվանվել է` «Այսպես կոչված հայկական ցեղասպանության դեմ պայքարի միջոցները ուսումնասիրող հանձնաժողով»: Դրա մեջ մտնում են հետախուզության ղեկավարները, համալսարանների ռեկտորներ, ուժային և արդարադատության նախարարներ, գիտնականներ, ամենատարբեր ոլորտների մասնագետներ: Խորհրդի նիստերը անցկացվում են Ազգային անվտանգության խորհրդի շենքում: Դրանց վերաբերյալ մամուլում շատ քիչ տեղեկություն է լինում: Հրապարակված սուղ տվյալները հավաքելով՝ ես հոդվածով անդրադարձել եմ այդ խնդրին: Խորհրդում քննարկված հարցերից մեկն, օրինակ, վերաբերել է հետևյալին՝ եթե հայերը դիմեն Հաագայի միջազգային դատարան, իրենք ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն: Քննարկման արդյունքում որոշվել էր, որ իրենք պետք է նախահարձակ լինեն և մեղադրեն հայերին զրպարտության մեջ: Ի դեպ, խորհրդի աշխատանքներին, իհարկե, համապատասխան կլորիկ գումարների դիմաց, ներգրավվում են այս ոլորտի աշխարհի լավագույն մասնագետները:

Մեր առավելությո՞ւնը այս պայքարում:

-Մեր գլխավոր առավելությունը միշտ էլ եղել և մնում է այն, որ ճշմարտությունը՝ իր անհերքելի փաստերով ու փաստարկներով մե՛ր ձեռքում է:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1293) 12.06.2019 - 18.06.2019, Ազգային բանակ, Ռազմաքաղաքական


13/06/2019