Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆՀունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:

Հանդիպման ընթացքում Ռ.Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի՝ ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝ քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ:

Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին:

Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:

Խորագիր՝ Նորություններ


17/06/2019