ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Բանակը ոչ միայն ռազմական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու, այլ նաև ունեցած տաղանդն ու շնորհքը պահպանելու, զարգացնելու և դրանով իսկ՝ զինվորական առօրյան ավելի հագեցած ու աշխույժ դարձնելու հնարավորություն է: Մշակութային նախասիրություններ ունեցող զինվորները զորամասերում նաև սիրելի գործով զբաղվելու հնարավորություն ունեն: Իսկ հրամանատարներն, ըստ ամենայնի, աջակցում ու խրախուսում են նրանց:
Տիգրանը, կամ, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում են նրան դիմում՝ շարքային Դավթյանը, ծառայում է զորամասի նվագախմբում: Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողը հպարտություն է զգում, երբ տեսնում է, թե ինչ ազդեցություն են ունենում նվագախմբի երաժշտական կատարումները զինակից ընկերների վրա: «Մարտական հերթափոխի ճանապարհելիս մեր ծառայակից ընկերներին միշտ նվագով ենք ուղեկցում ու տեսնում ենք, թե ինչպես են ոգևորվում. ժպիտով, բարձր տրամադրությամբ են մարտական դիրքեր ուղևորվում»: Երկամյա ծառայության կեսը բոլորած զինվորն ասում է. «Միայն այստեղ ես իրապես ընկալում բանակի դերն ու նշանակությունը: Միայն սահմանին ես ըմբռնում քո ու մարտական ընկերներիդ դերը հայրենի եզերքի պաշտպանության գործում: Երբ կանգնում ես սահմանին, նայում ես այս սարերին, զգում ես, որ այս ամենը քոնն է, հասկանում ես, թե պապերդ ինչի համար են կռվել, ինչի համար են իրենց կյանքը զոհաբերել»։
Զորամասի մեկ այլ անկյունում՝ ծառերի տակ, հանդարտ, բայց վստահ վրձնահարվածներով կտավին կենդանություն է հաղորդում Դավիթ Անտոնյանը: «Ստեղծագործելիս բոլորովին այլ աշխարհում ես հայտնվում. բոլորովին այլ զգացողություններ ես ունենում, հանդարտություն ես զգում»,- ասում է զինվորը:
Զինծառայությունն ու նկարչությունը համատեղող Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սանը հպարտությամբ է պատմում՝ դեռ կես տարի էլ չի անցել, որ կրում է համազգեստը և արդեն տիրապետում է զինվորական գործի նրբություններին, պատրաստ է պաշտպանելու հայրենիքն ու հարազատներին: «Դեռ չորս ու կես ամիս առաջ չէի տիրապետում զենքին, իսկ այսօր վստահորեն կարող եմ ասել. անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի կարող եմ, ինչպես հարկն է, գործածել զենքը»:
Շարքային Մհեր Մաթևոսյանը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, մինչև զորակոչային տարիքը սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում: Մհերի համոզմամբ՝ ծառայությունը կարևոր շրջափուլ է յուրաքանչյուր տղայի կյանքում: «Երկամյա այս ժամանակահատվածում է, որ ձևավորվում ու կայանում ես որպես լիարժեք տղամարդ»: Մհերի համար միակ, այն էլ՝ ժամանակավոր դժվարությունը հարազատ միջավայրի, ընկերների և ծնողների կարոտն է: Պաշտպանության նախարարի՝ ժամկետային զինծառայողներին բջջային հեռախոսներ գործածելու իրավունք ընձեռող հրամանից հետո, սակայն, հաշված օրերի ընթացքում այդ խնդիրն էլ լուծվեց:
Մյուս զինվորը՝ Իվանեն, բացում է տուփն ու խնամքով ձեռքն առնում իր համար անչափ թանկ գործիքը: Նա իր մշտական ուղեկցից չի բաժանվում նաև այստեղ։ Մարզումներից ազատ ժամանակ նվագում է զորանոցում՝ իրեն և ընկերներին կտրելով առօրյա հոգսերից։ «Երբ առաջին անգամ ձեռքդ ես վերցնում գործիքը, և ինչ-որ բան փոխվում է ներսումդ, առհավետ կապվում ես դրան: Ես ջութակին այդպես կապվեցի, ու այն դարձավ իմ կյանքի մշտական ուղեկիցը: Այլընտրանք չունեի՝ պետք է հետս վերցնեի»:
Մարտական ծառայության, զենք կրելու և կիրառելու նրբությունները յուրացնող զինվորի կարծիքով՝ անհիմն է այն կարծիքը, թե ծառայության ընթացքում զինվորը զրկված է իր մասնագիտության մեջ կատարելագործվելու հնարավորությունից: Ամեն ինչ կախված է ցանկությունից և նպատակասլացությունից: Ռուսաստանոմ ծնված Իվանեն սովորում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում: Երկքաղաքացի զինվորն ընտրության հնարավորություն ուներ՝ մեկ տարի ծառայելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, կամ՝ երկու տարի հայկական բանակում: Առանց երկար մտորումների ընտրեց երկրորդ տարբերակը: «Պարտքի խնդիր չէր,- բացատրում է երիտասարդը։ Պարզապես, գիտակցում ես, որ եթե սահմանը չպաշտպանես, քո տունն են մտնելու: Ինչ վերաբերում է մշակույթին՝ առանց դրա ազգն անդեմ է։ Միևնույն ժամանակ, արարելու համար պայմաններ են պետք. երկիրը պետք է պաշտպանված լինի մարտունակ բանակով»:
Իվանեի հետ համակարծիք են մյուս տղաները, որոնք ընդգծում են՝ բանակում յուրաքանչյուրը՝ զինվոր թե սպա, մեկ ընդհանուր շղթայի օղակներն են՝ մի մեծ ընտանիք: Ըստ այդմ էլ՝ շղթան կուռ է ճիշտ այնքանով, որքանով ամուր է դրա ամենաթույլ օղակը: «Ցանկացած երկրի կարևորագույն հենասյուներից են կրոնը, պատմությունն ու մշակույթը,- ասում է Տիգրանը։- Եվ մենք, գալով զորամաս, զենքին տիրապետելով, սահման պահելով, պահում ու պաշտպանում ենք նախ և առաջ մեր այս արժեքները»:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #23 (1294) 19.06.2019 - 25.06.2019, Ազգային բանակ