ՔՈՒՆԳ ՖՈՒԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, hունիսի 7-9-ը Երևանում առաջին անգամ անցկացվեց քունգ ֆուի աշխարհի գավաթի մրցաշարը, որին մասնակցելու համար 17 երկրից Հայաստան էր ժամանել շուրջ 300 մարզիկ: Այս առիթով Հայաստանում էին արևելյան մարտարվեստի միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` Շանհայից ժամանած արևելյան մենամարտերի անվանի վարպետ, մրցումների տեխնիկական եւ մրցավարական հանձնաժողովի ղեկավար Ֆու Մինվեյը, միջազգային կարգի դատավոր Լի Շի Քինը, չինական ավանդական ըմբշամարտի եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Ժան-Լյուկ Լեսիերը, Ռուսաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ, քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Կամիլ Ռաբադանովը, «Հայ սև գոտիների» միության նախագահ Կարո Քեբաբջյանը և այլք: Մրցաշարն անցկացվեց քունգ ֆուի 5 ոճերով:
«Քունգ ֆուի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հենց մեր երկրին վստահեցին քունգ ֆուի աշխարհի գավաթի մրցաշարի կազմակերպումը: Սա շատ կարևոր ու պարտավորեցնող է մեր երկրի համար»,- իր խոսքում նշեց Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:
Ռուսաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Կամիլ Ռաբադանովն իր հերթին ասաց. «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիան հանձն առավ անցկացնելու այս մրցաշարը. սա վկայում է նաև, որ Չինաստանում շատ լուրջ են վերաբերվում ձեր երկրին»:
«Քունգ ֆուն ծնվել է Չինաստանում, սակայն այն պատկանում է ամբողջ աշխարհին,- նկատեց մրցավարական հանձնաժողովի ղեկավար, վարպետ Ֆու Մինվեյը,-այն ոչ միայն նպաստում է սպորտի, այլև մշակույթի զարգացմանը: Քունգ ֆուն մեծապես նպաստել է չինական հասարակության մշակութային զարգացմանը, և հույս ունեմ, որ կարևոր ներդրում կունենա նաև Հայաստանի մշակութային կյանքում, հատկապես, որ Հայաստանում այն մեծ ապագա ունի»: Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ վարպետը նկատեց. «Դուք գեղեցիկ երկիր ունեք, մաքուր օդ, համեղ ջուր և հրաշալի մարդիկ. ավելի լավ ի՞նչ կարող է լինել: Ես շատ ուրախ եմ, որ Չինաստանը կարևոր նշանակություն է տալիս մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»: Չինաստանցի ներկայացուցիչները նաև նշեցին, որ մեծ ծրագրեր կան առջևում, որոնցից մեկն էլ արևելյան մշակույթի կենտրոնի հիմնադրումն է Երևանում:
Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, «Հայ սև գոտիների» ակադեմիայի
(ABBA) հիմնադիր նախագահ, Արցախի ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանը նույնպես վստահ է` աշխարհի գավաթի մրցաշարի անցկացումը Երևանում նպաստում է հայ-չինական հարաբերությունների զարգացմանը: «Սա կարևոր իրադարձություն է մեր երկրի համար և կարևոր քայլ՝ Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման տեսանկյունից»: Ի դեպ, լիբանանահայ Կարո Քեբաբջյանը առաջինն է, որ սկսեց զբաղվել Հայաստանում չինական մարտարվեստների ուսուցմամբ և դպրոցների հիմնադրմամբ: Այժմ նրա հիմնած կազմակերպությունը` «Հայ սև գոտիների» միությունը, ավելի քան 50000 սան ունի ամբողջ աշխարհում, այդ թվում` նաև Արցախում:
«Հայ զինվորի» հետ զրույցի ընթացքում պարոն Քեբաբջյանը հիշեց 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո` մայիսին տեղի ունեցած միջադեպը, երբ քունգ ֆուի Արցախի հավաքականի 5 մարզիկները, Լվովում կայացած Եվրոպայի առաջնությունում իրենց փայլուն դրսևորելով, շարժել էին ադրբեջանցի մարզիկների նախանձը, և վերջիններս մահակներով հարձակվել էին մեր մարզիկների վրա և, իհարկե, արժանի հակահարված ստացել: Միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել ու դուրս էր մնացել մրցապայքարից, իսկ Արցախի հավաքականը հայրենիք էր վերադարձել 4 ոսկե և մեկ արծաթե մեդալով: «Ի դեպ, մեր արծաթե մեդալակիրը` Դավիթ Պետրոսյանը, ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում ադրբեջանական 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է: «Երկուսն էլ մեր սաներն են,- հպարտությամբ ասաց մարտարվեստների վարպետը: -«Առողջ մարմին, արթուն միտք և ազնիվ հոգի»` սա է մեր բանաձևը: Սա է, որ փոխանցում ենք մեր մարզիկներին ու պատգամում լինել օձի պես խորամանկ և աղավնու պես բարի»:
«Ի՞նչ նշանակություն ունի մարտարվեստը նախազորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական և կամային որակների ձևավորման գործում» հարցիս Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը պատասխանեց. «Մարտարվեստի դերը հոգեպես ամուր և ֆիզիկապես առողջ սերնդի դաստիարակության գործում անգնահատելի է: Դե, իսկ այսպիսի պատրաստություն ստացած երիտասարդները, համալրելով բանակի շարքերը, իրենց լավագույնս են դրսևորում նաև զինվորական գործում: Նրանք առավել դիմացկուն ու ճկուն են լինում թե՛ մարմնով և թե՛ մտքով: Ավելի արագ են կողմնորոշվում բոլոր այն իրավիճակներում, երբ որոշումներ կայացնելու և գործելու արագություն է պահանջվում»:
Սասուն Հախվերդյանը քունգ ֆուի աշխարհի առաջնության գավաթի հայաստանյան այս մրցաշարի արդյունքներով «Քունգ Ֆու Ֆայթինգ» մրցաոճում պատվավոր երկրորդ տեղը գրավեց: Հիմա էլ պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Սասունը վեց ամիս առաջ է զորացրվել. տանկիստ է եղել: «Մարտարվեստով զբաղվելը շատ ավելի արդյունավետ է դարձնում զինծառայությունը,- վստահեցնում է չեմպիոնը,- ի դեպ, ծառայության ընթացքում զորամիավորման մասշտաբով բազկամարտում 1-ին տեղն եմ գրավել: Իհարկե, ֆիզիկապես ավելի կոփված ես լինում, հեշտությամբ ես յուրացնում զինվորական գործը: Հոգեբանորեն նույնպես ավելի վստահ ես զգում քեզ. գիտես, որ կարող ես պաշտպանել ընտանիքդ, հայրենիքդ, զինակից ընկերներիդ, ինքդ քեզ: Մեր զինակից ընկերներից շատերը Արցախում, ապրիլյան պատերազմի օրերին կարողացել են ձեռնամարտի բռնվելով, հետ մղել ադրբեջանցի փորձառու հատուկջոկատայիններին…»:
Սասունի զինծառայող եղբայրը, ստանալով հերթական արձակուրդը, անմիջապես շտապել էր ներկա լինելու աշխարհի առաջնությանը, դիտելու Սասունի մենամարտը, ոգևորելու նրան: Մինչև զինծառայությունը ինքն էլ է զբաղվել ըմբշամարտով, այնուհետև` ընդհանուր մենամարտով: Նա վստահ է՝ «Որևէ մարտարվեստի տիրապետելը միանշանակ օգնում է զինվորական գործում: Զինծառայությունս ավարտելուց հետո որոշել եմ` կյանքս կապելու եմ պրոֆեսիոնալ սպորտի հետ. շարունակելու եմ ընդհանուր մենամարտով զբաղվել»: Իրենց զորամասում կայացած բազկամարտի մրցումներում էլ նա է առաջին տեղը զբաղեցրել:
Աշխարհի գավաթի եռօրյա մրցաշարն անցավ լարված մրցապայքարի մթնոլորտում: Առաջնության շրջանակում տեղի ունեցան նաև տիտղոսական մարտեր՝ աշխարհի չեմպիոնի գոտու նվաճման համար: Եզրափակիչ մարտում հանդիպեցին Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի, Աշխարհի քունգ ֆուի չեմպիոն «Միքս ֆայթ 40» միջազգային մրցաշարի չեմպիոն Հենրիկ Ազատյանը և Չինաստանի հավաքականի առաջատար, աշխարհի քունգ ֆուի չեմպիոն միջազգային մրցաշարի չեմպիոն «Կունլուն ֆայթ» միջազգային մրցաշարի չեմպիոն Ժենկ Յոնկեն: Կոշտ և գեղեցիկ մենամարտի արդյունքում միավորների առավելությամբ աշխարհի չեմպիոնի գոտուն արժանացավ հայազգի մարզիկը՝ Հենրիկ Ազատյանը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1294) 19.06.2019 - 25.06.2019, Բանակ և հասարակություն