Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»



Հայ-թուրքական սահմանին սադրանքներ միշտ էլ հնարավոր են: Վերջինը եղավ 2010թ. հոկտեմբերի 10-ին. թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարները հայտարարեցին, թե իբր անցել են Հայաստանի սահմանը և լուսանկարվել Հայաստանի տարածքում: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ գնդապետ Անդրեյ Գուզեևը հերքեց այդ տեղեկությունը` հայտարարելով, որ սահմանի հատման ոչ մի դեպք չի արձանագրվել: Սահմանապահ վարչությունը ներկայացրեց լուսանկարներ, որոնք թուրքական մամուլում տարածված լուսանկարների հետ համադրելիս ակնհայտ է դառնում, որ թուրք քաղաքական գործիչները ստում են: Նրանք անհաջող փորձ արեցին ցույց տալու, թե իբր հայ-թուրքական սահմանը վատ է հսկվում, և ցանկացած ոք կարող է անպատիժ խախտել այն:
Իրականությունը ճիշտ հակառակն է: Դրանում կարելի է համոզվել` այցելելով Հայաստանում ռուսական սահմանապահ ջոկատ, լինելով սահմանապահ ուղեկալներում, ծանոթանալով սահմանապահների ծառայությանը, տրամադրություններին, սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչը և արեց «Հայ զինվորի» լրագրողական խումբը Արտաշատի սահմանապահ ջոկատում, որի հրամանատարը գնդապետ Վիլսուր Զյանչուրինն է:

Ռուս սահմանապահների ծառայության իրավական հիմքը

Ռուսաստանի սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության սահմանը պահպանում են իրավական երկու կարեւոր փաստաթղթի հիման վրա: Առաջինը 1992թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագիրն է, որով որոշվում է Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակը: Մյուսը 1994թ. մարտի 15-ի համաձայնագիրն է, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ստացել ծառայելու ՌԴ սահմանապահ զորքերում: Բացի այս երկու փաստաթղթերից, կան նաեւ իրավական այլ ակտեր, որոնք կարգավորում են ռուսական սահմանապահ զորքերի համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը ՀՀ պաշտպանության նախարարության, տրանսպորտի եւ կապի նախարարության, բնապահպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, փրկարար ծառայության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Մասնավորապես, Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի վրա լիովին տարածվում են «Պետական սահմանի մասին» եւ «Սահմանապահ ծառայության մասին» ՀՀ օրենքները: 2001թ. նոյեմբերի 20-ին ընդունված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` «Պետական սահմանի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների հետ` ՀՀ միջազգային պայմանագրերի համապատասխան»:
Նույնպես 2001թ. նոյեմբերի 20-ին ընդունված «Սահմանապահ ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի խնդիրները: 1-ին հոդվածի համաձայն` «ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել ՀՀ պաշտպանության իրականացմանը»: Իսկ ըստ 8-րդ հոդվածի` Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերը պարտավոր են հետ մղել զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել սահմանում ծագող զինված եւ այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձեւերը:

Սահմանապահի ծառայություն. Հայաստանի առանձնահատկությունը

Սահմանապահի ծառայությունն ինքնին առանձնահատուկ է: Այդ ծառայության համար մարդիկ ընտրվում են ըստ գերատեսչական փաստաթղթերում սահմանված չափանիշների: Հայաստանում ծառայելու համար սահմանապահներին ներկայացվում են նաեւ հատուկ պահանջներ: Առաջինը գերազանց առողջություն եւ ֆիզիկական գերազանց տվյալներ ունենալն է. Հայաստանը լեռնային երկիր է: Երկրորդը կրթական բարձր մակարդակն է. թերեւս սա կապված է քաղաքացիական բնակչության հետ շփվելու անհրաժեշտությամբ: Երրորդը հոգեբանական բարձր պատրաստվածությունն է. հայ-թուրքական սահմանին ցանկացած պահի հնարավոր են սադրանքներ, այդ թվում` զենքի կիրառմամբ, որոնք, բացառված չէ, կարող են ունենալ քաղաքական հետեւանքներ: Ուստի այստեղ սահմանապահն ունի նաեւ «քաղաքական պատասխանատվություն»: Բացի դրանից, հայ-թուրքական սահմանի այս հատվածում շատ են «մեռյալ գոտիները», այսինքն՝ այնպիսիք, որոնք հնարավոր չէ վերահսկել ռադիոտեխնիկական եւ սովորական դիտարկման միջոցով, ինչը մասնագիտական լրացուցիչ հմտություն է պահանջում:
Ահա այս չափանիշներին համապատասխան` ՌԴ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ավարտածներից ընտրվում են սպաներ` Հայաստանում ծառայելու համար: Արտաշատի սահմանապահ ջոկատի մասնագետ-սպաների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան (կան ենթասպաներ): Իսկ շարքայինից մինչեւ ավագի կոչում ունեցողների ճնշող մեծամասնությունը Հայաստանի քաղաքացի է: Նկատենք, որ Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի համալրման այս սկզբունքը արդարացված է ինչպես տնտեսական, այնպես էլ մարտական պատրաստության արդյունավետության տեսանկյունից. Ռուսաստանի քաղաքացի շարքայինների տեղափոխումը ծախսատար է եւ խանգարում է մարտական պատրաստության ծրագրի կատարմանը:
Ռուսական սահմանապահ ջոկատում պայմանագրային հիմունքով ծառայել ցանկացող ՀՀ քաղաքացիները շատ են: Նրանցից ընտրվում են բանակում ծառայած, հրաձիգի, կապավորի, դիպուկահարի եւ զինվորական այլ մասնագիտություններ ունեցողներ, որոնք սահմանապահ ջոկատի ուսումնական կենտրոնում մասնակցում են երկամսյա հավաքների, տիրապետում սահմանապահի մասնագիտության առանձնահատկություններին, ջոկի հրամանատարի, դիպուկահարի, գնդացրորդի եւ այլ մասնագիտությունների: Իսկ գործի նրբությունները յուրացվում են տարիների ընթացքում` ուղեկալում ծառայելիս: Ուսուցման այս համակարգը կիրառվում է 2009 թվականից եւ լավ արդյունք է տալիս. հավաքների մասնակիցները, որպես կանոն, հաղթում են սահմանապահների մասնագիտական մրցույթներում, որոնք կազմակերպում է հրամանատարությունը:
Փոխգնդապետ Առաքելյանի խոսքով, սահմանապահի մասնագիտության մեջ ամենակարեւորը սահմանի խախտման հայտանիշները հայտնաբերելն է: Բացի դրանից, սահմանապահի մասնագիտությունը կապված է ռազմական խորամանկություն կիրառելու հետ. նա պետք է կարողանա մոլորեցնել հակառակորդին` հնարավոր սահմանախախտին:
Սահմանապահի մասնագիտական մյուս կարեւոր հատկանիշը զգոնությունն է: Զինծառայողների զգոնությունը զարգացնելու նպատակով սահմանապահ ջոկատի հրամանատարությունն իրականացնում է ուղեկալների հանկարծակի ստուգումներ եւ պետական սահմանի հնարավոր խախտման նմանակում: Իհարկե, սահմանը հսկելու ժամանակակից տեխնիկական միջոցները գալիս են լրացնելու սահմանապահի անհատական որակները: Արդիական է նաեւ սահմանապահ շների գործածումը: Արտաշատի սահմանապահ ջոկատը տարեկան 2-3 շուն է գնում, նաեւ` բուծում: Մի շունը ծառայում է մոտ 12 տարի: Սահմանապահ վերակարգի անդամներից մեկն անպայման շուն վարժեցնող է:

Որոշ դժվարություններ

Կան նաեւ խնդիրներ, որոնք որոշ չափով դժվարացնում են մարտական պատրաստության գործընթացի կազմակերպումը: Դրանցից մեկը ուսումնամեթոդական բազայի մաշվածությունն է: Ճիշտ է, այն բավարար է պայմանագրայինների ուսուցման խնդիրը լուծելու համար, բայց վաղուց չի թարմացվել: Այսօր կան եւ Ռուսաստանում արդեն կիրառվում են ժամանակակից վարժասարքեր եւ տեխնիկական միջոցներ, որոնց շնորհիվ սահմանապահների մասնագիտական, ֆիզիկական, բժշկական պատրաստականությունն ավելի արագ եւ որակով է կազմակերպվում: Դրանք Հայաստան բերելը նաեւ փոխադրամիջոցի հետ կապված դժվարություն ունի:
Մյուսը ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրայինների` ռուսաց լեզվին տիրապետելու խնդիրն է: Լեզվի վատ իմացությունը դժվարացնում է մասնագիտական գրականությունից, կանոնագրքերից օգտվելը: Հայ զինծառայողների 70%-ը ծառայության ընթացքում ուսումնասիրում է ռուսաց լեզու, ինչը, սակայն, բավարար չէ: Փոխգնդապետ Առաքելյանի կարծիքով, եթե սահմանապահ ջոկատը նույնիսկ համալրվեր ժամանակակից տեխնիկայով, ապա, միեւնույն է, դրա օգտագործման արդյունավետությունը չէր կարող բարձր լինել` լեզվական արգելքի պատճառով (ցանկացած տեխնիկա ունի օգտագործման հրահանգներ, որոնք ուսումնասիրելու համար պետք է տիրապետել ռուսաց լեզվի համապատասխան մասնագիտական բառապաշարին):
Այսուհանդերձ, փոխգնդապետ Եվգենի Սուգիբինի խոսքով, սահմանապահ ջոկատի ուժերն ու միջոցները լիովին բավարար են առաջադրված խնդիրները լուծելու համար: Դրա վկայությունն է նաեւ այն, որ Արտաշատի սահմանապահ ջոկատը ՀՀ-ում ՌԴ սահմանապահ ջոկատների թվում առաջինն է սահմանի խախտում թույլ չտալու, կարգապահության եւ արտակարգ պատահարների բացառման ցուցանիշներով:
Ի դեպ, սահմանապահ ջոկատում կարգապահության վերաբերյալ տեղեկություններ մեզ չտրամադրեցին: Այդուհանդերձ, որոշ անուղղակի փաստեր վկայում են, որ կարգապահությունը բարձր է: Այսպես, սահմանապահ ջոկատի տարածք մտնելիս մեզ ուղեկցելու համար նշանակված երիտասարդ կապիտանը` Եվգենի Մոիսեեւը, լրագրողական խմբի բոլոր անդամների վկայականների տվյալները համեմատեց հայտի մեջ նախապես ներկայացված տվյալների հետ եւ հետո միայն թույլ տվեց ներս մտնել: Ներսում ստուգեցին ավտոմեքենայի բեռնախցիկը եւ հետո միայն թույլ տվեցին կայանել: Տարածքը մաքուր էր, զինծառայողների հանդերձանքը` խնամված, կոկիկ: Լրագրողներիս թույլ չտվեցին մտնել շարահրապարակ. ջոկատի հրամանատարի հրամանով՝ շարահրապարակում կարելի է տեղաշարժվել միայն շարային քայլով կամ վազքով: Երեկոյան, երբ արդեն հրաժեշտ էինք տվել հրամանատարությանը եւ պետք է դուրս գայինք զորամասի տարածքից, հսկիչ-անցագրային կետի հերթապահը թույլ չտվեց, մինչեւ հրաման չստացավ: Կարգն է այդպիսին:

Ավանդապահ մարդիկ

Հետաքրքիր է՝ ռուս սահմանապահները բարեխիղճ ծառայելու ի՞նչ դրդապատճառ ունեն. չէ՞ որ նրանց թերացումն ուղղակիորեն չի ազդելու Ռուսաստանի անվտանգության վրա: Այլ կերպ ասած` ո՞րն է ռուսների հայրենասիրության ակունքը` հայ-թուրքական սահմանը պահպանելիս: Պարզվեց` հարցն ունի առնվազն երեք պատասխան:
Առաջինը ռուսների եւ հայերի «ընդհանուր անցյալ» ունենալն է: «Այս սահմանը երեկ չի գծվել»,- մեզ հետ զրուցելիս ասաց փոխգնդապետ Սայկինը: Եվ իսկապես` պետական սահմանն իր մեջ խտացնում է ցանկացած երկրի եւ ժողովրդի պատմությունը եւ այդ իմաստով հավանաբար «ամենապահպանողական» խորհրդանիշն է, իսկ սահմանապահները` պետության ամենաավանդապահ մարդիկ: Դրանում կարելի է համոզվել` լինելով սահմանապահ ջոկատի ընդարձակ ու բարձր մակարդակով կահավորված թանգարանում, որտեղ կարելի է ծանոթանալ ջոկատի պատմությանը` սկսած խորհրդային սահմանապահ զորքերի կազմավորումից մինչեւ մեր օրերը: Եվ Լենինի ու Ձերժինսկու արձանները զորամասի տարածքում ոչ այնքան կոմունիստական գաղափարախոսության «կենսունակության» արտահայտություն են, որքան սեփական պատմությունից չհրաժարվելու պատրաստակամություն, ինչպիսին էլ այն լինի:
Երկրորդը հայերին օգնելու ցանկությունն է: «Անձամբ ինձ համար այստեղ ծառայելը նաեւ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերել է»,- ասում է փոխգնդապետ Սայկինը, որ արդեն 11 տարի ծառայում է Արտաշատում: Իհարկե, երկարատեւ ծառայությունը նաեւ հոգեբանական ազդեցություն է թողնում. համագործակցությունն ու փոխօգնությունը նույնացնում են տեղի բնակչության եւ սահմանապահների շահերը, մտերմացնում: Հատկանշական է, որ Ռուսաստանի քաղաքացի գնդապետ Ումիտաձեն սահմանից այն կողմ եղած տարածքների մասին մեզ հետ խոսելիս ասաց` «մեր տարածքները»: Հետո խոստովանեց, որ իր ընտանիքի անդամներն էլ Հայաստան-Սլովակիա եւ Հայաստան-Անդորա ֆուտբոլային խաղերի ժամանակ փափագում էին, որ «հաղթեն մերոնք», այսինքն` Հայաստանի հավաքականը: Անկասկած, սպաներից շատերն են այսպես մտածում:
Վերջապես, երրորդը սեփական ընտանիքների բարեկեցությունն ապահովելն է: Սահմանապահ ջոկատի սպաները լիովին սոցիալապես ապահովված են: Նրանք ստանում են (մեր չափանիշներով) շատ բարձր աշխատավարձ: Սպաների 83%-ի կանայք աշխատում են հենց սահմանապահ ջոկատում եւ ուղեկալներում եւ նույնպես ստանում են մեր չափանիշներով բարձր աշխատավարձ: Սպաները 100%-ով ապահովված են զորամասին մոտ գտնվող բնակարաններով, որոնք լավ կահավորված են, ունեն կենտրոնացված ջեռուցում, տաք եւ սառը ջրի մատակարարումը մշտական է: Սպաների երեխաների համար ջոկատի տարածքում կա դպրոց եւ մանկապարտեզ: Դպրոցում ուսուցումը կատարվում է Ռուսաստանում հաստատված ուսումնական ծրագրերով, իսկ 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը մեր հանրապետությունում լավագույններից է: Պարենային եւ իրային բավարարման հետ կապված խնդիրներ չկան: Տարեկան մեկ անգամ պետությունը փոխհատուցում է սպաների եւ նրանց ընտանիքների անդամների տրանսպորտային ծախսերը, եթե նրանք ուզում են արձակուրդն անցկացնել հայրենիքում: Սպաների եւ նրանց ընտանիքների անդամների բուժսպասարկումը կատարվում է անվճար ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ԶՈՒ բուժհաստատություններում:
Ջոկատում ծառայելը սոցիալական առումով հրապուրիչ է նաեւ ՀՀ քաղաքացիների համար: Թոշակի անցնելիս նրանց կենսաթոշակը հաշվվում է այն դրույքաչափերով, որոնք ընդունված են ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում: Առնվազն երեք տարի ծառայածները կարող են ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, եթե բավարարում են դրա համար ներկայացվող պահանջները:
Սահմանապահների սոցիալական ապահովվածության բարձր մակարդակն անմիջականորեն նպաստում է նրանց ծառայության որակի բարձրացմանը, հետեւաբար նաեւ` սահմանի ամրությանը:

«Այստեղ հիշում են ռուս զինվորի սխրանքը»

Վերջին տարիներին սահմանի խախտումներն ու սահմանային միջադեպերը այն հատվածում, որը պահպանում է Արտաշատի ջոկատը, էապես նվազել են 1990-ականների եւ 2000-ականների սկզբի համեմատ: 2005-2010թթ. սահմանապահները բռնել են 13 սահմանախախտի, պետական սահմանի ռեժիմի 20 եւ սահմանային ռեժիմի 21 խախտողի: Բոլոր բռնվածները հանձնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Պետական սահմանի ռեժիմ ասվածը եւ սահմանային ռեժիմը տարբեր հասկացություններ են: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` պետական սահմանի ռեժիմն ընդգրկում է պետական սահմանի խնամքի, սահմանի հատման, պետական սահմանով անձանց, ավտոմեքենաների, բեռների ու կենդանիների բացթողման, պետական սահմանում տնտեսական գործունեություն ծավալելու կանոններն ու սահմանակից պետությունների հետ սահմանային միջադեպերի լուծման կարգը:
Նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` սահմանային ռեժիմը կարգավորում է ՀՀ քաղաքացիների եւ այլ անձանց հարաբերությունները, որոնք կապված են սահմանային գոտի մուտքի, այնտեղ ժամանակավորապես բնակվելու, տեղափոխվելու, տնտեսական եւ այլ գործունեություն իրականացնելու հետ: Սահմանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչեւ 5 կիլոմետր լայնությամբ: Սա չպետք է շփոթել սահմանային շերտի հետ. վերջինս սահմանային գոտու մի մասն է, որը հարում է սահմանին` մինչեւ 1 կիլոմետր լայնությամբ (հոդված 21):
Սահմանային գոտում մշտապես չբնակվող անձը այնտեղ 3 օրից ավելի կարող է գտնվել միայն ՀՀ ոստիկանության թույլտվությամբ, իսկ սահմանային շերտ մուտքի թույլտվություն տալիս է սահմանապահ զորքերի հրամանատարությունը` ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ մարմինների համաձայնությամբ (հոդված 22):
Ասվածից պարզ է, որ սահմանային գոտին ու շերտը հատվում են տարեկան հազարավոր անգամներ: Անցյալ տարի սահմանապահները ՀՀ քաղաքացիներին տվել են 15 հազար անցագիր` սահմանային շերտ մուտք գործելու համար: Պարզ է նաեւ, որ պետական սահմանի անմիջական հարեւանությամբ այդքան մարդու մուտքն ու ելքը վերահսկել անհնար է` առանց սահմանամերձ բնակչության գործուն աջակցության: Ռուսաստանի սահմանապահները հրաշալի հարաբերությունների մեջ են տեղական ինքնակառավարման մարմինների եւ տեղի բնակիչների հետ, որոնցից կազմվում են սահմանապահներին աջակցող խմբեր, որոնց անդամները տեղեկություն են հաղորդում սահմանային գոտի եւ սահմանային շերտ մուտք գործող անծանոթ անձանց մասին: Անցյալ տարի բնակիչների տրամադրած տեղեկության շնորհիվ կանխվել է սահմանի խախտումը, ինչի համար բնակիչները պարգեւատրվել են: Պատահական չէ, որ սահմանապահների մեջ տարածված է հետեւյալ խոսքը. «Պետական սահմանը պահպանում է ամբողջ ժողովուրդը»:
Սահմանապահներին Արտաշատում սիրում են: Ջոկատի հրամանատարությունը միջոցառումներ է կազմակերպում արտաշատցի երեխաների համար, նրանց տանում հրաձգության: Ուշադրություն ու հոգածություն է ցուցաբերվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ, պարբերաբար նվերներ են բաժանվում: Այս տարվա հունիսի 25-ին լրացավ Արտաշատի սահմանապահ ջոկատի կազմավորման 55-ամյակը, որի առթիվ ջոկատի հրամանատարությունը թողարկեց հուշամեդալ եւ պարգեւատրեց բազմաթիվ արտաշատցիների, որոնք մասնակցեցին ջոկատի հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Նրանցից մեկը` վարորդ Լեւոնը, հուշամեդալն ամրացրել է իր ավտոմեքենայի հայելուն` ի ցույց բոլոր ուղեւորների: Լեւոնը հուշամեդալի է արժանացել սահմանապահներին մշտապես օգնելու համար. օրվա ցանկացած ժամի՝ ցերեկ թե գիշեր, պատրաստ է իր ավտոմեքենայով սահմանապահներին հասցնել ուղեկալ:
Զորամասի հրամանատար գնդապետ Վ.Զյանչուրինն ասում է. «Ինձ համար շատ հաճելի է, որ ռուս սահմանապահ Ալեքսեյ Կորյակովի հուշարձանը միշտ իդեալական վիճակում է: Նշանակում է` այստեղ հիշում են ռուս զինվորին ու նրա սխրանքը»:

«Այստեղ երբեք չես ձանձրանա»

Այո՛, անցյալը մոռանալ չի կարելի:
1993 թվականից սկսվեցին Թուրքիայի սադրիչ գործողությունները Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի նկատմամբ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի ԶՈՒ ցուցադրական զորավարժություն անցկացրեց Արտաշատի սահմանապահ ջոկատի պահպանած ամբողջ սահմանահատվածի դիմաց: Զորավարժությանը մասնակցում էին 40 տանկ, 40 ՀՄՄ, հրետանային 2 դիվիզիոն` 12 հրանոթով, զենիթային 2 կայանք, 2 ուղղաթիռ, ավելի քան 50 ավտոմեքենա, 500 զինծառայող: Սահմանապահ ջոկատի անձնակազմը մեկուկես ամիս շարունակ սահմանը պահպանում էր հենակետերից: Մի գիշեր թուրքական «Ներքին Ջութլուկ» դիրքից հրաձգային զենքով եւ խոշոր տրամաչափի գնդացիրներով 40 րոպե շարունակ ուժգին գնդակոծվեց 8-րդ սահմանապահ ուղեկալը: Այդ օրվանից սկսվեցին սահմանապահ ուղեկալների եւ վերակարգերի գնդակոծումները:
1995թ. հունիսի 13-ին թուրքերը սովորականի նման սկսում են կրակել սահմանապահ վերակարգի ուղղությամբ: Ուղեկալի պետ մայոր Ս.Կորսունովը «Մարտի՛» հրամանով ոտքի է հանում ուղեկալի անձնակազմը, իսկ ինքը բարձրանում է դիտարկման կետ` իրավիճակը գնահատելու: Թուրքերը, տեսնելով սպային, նշանառու կրակ են բացում ու ծանր վիրավորում նրան: Կորսունովը շարունակում է ղեկավարել անձնակազմի գործողությունները` թույլ չտալով, որ ռուս սահմանապահները ներքաշվեն սահմանային ընդհարման մեջ: Ցուցաբերած արիության համար մայոր Կորսունովը ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվում է «Արիության համար» մեդալով եւ անվանական զենքով:
1996թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը (խորհրդանշական է) թուրքերի «Թազաքեյ» հենակետից մեկ ժամ շարունակ բոլոր զինատեսակներից, այդ թվում` տանկի հրանոթներից, գնդակոծվում է ռուսական սահմանապահ ուղեկալը: Վերջինիս անձնակազմը «Մարտի՛» հրամանով զբաղեցնում է պաշտպանական բնագիծը, հանդես է բերում զսպվածություն` պատասխան կրակ չբացելով եւ սահմանային միջադեպը զինված հակամարտության վերաճելու առիթ չտալով: Ուղեկալի պետ ավագ լեյտենանտ Ա.Պշենիչնիխը պարգեւատրվում է «Պետական սահմանը պաշտպանելիս աչքի ընկնելու համար» մեդալով:
1990-ականների վերջին թուրքերը կրակ էին բացում՝ ռուս նորակոչիկ զինվորներին վախեցնելու համար:
Թուրքիայի իրական դեմքը սա է. այդ երկրի ղեկավարությունը պատրաստ էր օգտվել ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած իրավիճակից, երբ Ռուսաստանը կորցնում էր իր հզորությունը, իսկ Հայաստանը պատերազմի մեջ էր:
Բարեբախտաբար, վերջին տարիներին նման դեպքեր չեն եղել: Ամենայն հավանականությամբ, դա բացատրվում է ինչպես տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ, այնպես էլ Հայաստանի հզորացումով, ինչը ամենեւին էլ չի նշանակում, թե սահմանապահները թուլացնում են զգոնությունը: «Մենք երբեք չգիտենք, թե հաջորդ պահին ինչ կպատահի»,- ասում է փոխգնդապետ Առաքելյանը եւ ավելացնում. «Այստեղ երբեք չես ձանձրանա»:
Իսկապես, չէ՞ որ սահմանի մյուս կողմում Թուրքիան է:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #42 (857) 27.10.2010 – 3.11.2010, Ազգային բանակ


15/12/2010