ՄԻԽԱՅԻԼ ՏԱԼ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ ԷՐ»
Խորհրդածում է Տիգրան Պետրոսյանը
Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը:
Շախմատում հանճարը առաջ է անցնում իր ժամանակից, բայց չէ՞ որ դա կարելի է տեսնել միայն հետո, հետ նայելիս: Այս տեսակետից հանճարներ կարելի է համարել ամենևին էլ ոչ շատերին. Մոֆի, Ստեյնից… միգուցե Տալ:
Ուժեղ շախմատիստը գիտի խաղի բոլոր կանոններն ու օրենքները: Տաղանդավոր շախմատիստը գիտի այն ամենը, ինչը գիտի ուժեղ շախմատիստը, բայց առանձնանում է նաև բացառությունը կանոնից: Իսկ խոշոր շախմատային տաղանդները, անվանենք նրանց շախմատային հանճարներ, այդ բացառությունը աստիճանաբար վերածում են նոր օրենքների: Եվ այսպես՝ մինչև անվերջություն, որովհետև շախմատն անսպառ է:
Շախմատը ազդում է մարդու զարգացման վրա, ազդում է որոշ չափով նրա ապրելակերպի վրա…
Շախմատում շատ, չափից ավելի շատ բան կախված է ոչ միայն խաղալու հմտությունից, այլև՝ բնավորությունից:
Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ:
Իհարկե, ինձ հաճելի կլիներ կենդանության օրոք տեսնել իմ մասին գիրք: Բայց այն չկա, և ես չեմ տխրում: Եթե շախմատում կարողացել եմ ինչ-որ բան ստեղծել, ապա դա անհնարին է ջնջել: Կգա ժամանակը, կգտնվեն շախմատային տեսաբաններ, պատմաբաններ, հետազոտողներ, որոնք կդասդասեն և կորոշեն իմ տեղը շախմատում:
Բայց, եթե ենթադրեի, որ մահիցս հիսուն տարի հետո իմ շախմատային ստեղծագործությունը ոչ մեկին չի հետաքրքրելու, ես ինձ շատ վիրավորված կզգայի:
Խորհրդածում են Տիգրան Պետրոսյանի մասին
Տիգրան Պետրոսյանը մի ամբողջ դարաշրջան է շախմատի պատմության մեջ… Պետրոսյանի հետ շատ եմ շփվել, և դա ինձ շատ է օգնել: Պետրոսյանի հարուստ փորձը, խաղատախտակի մոտ և դրանից դուրս իրադարձությունների նրա ճիշտ գնահատականները, հետագայում ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ ու դժվարին պայքարում:
Գարի Կասպարով
♦♦♦
Պետրոսյանն ուներ ֆանտաստիկ խաղաոճ: Նրան բացարձակապես անհնարին է նմանվել: Պետրոսյանի մենամարտերով շախմատում կարելի է ամեն ինչ սովորել: …Նա ուներ Կապաբլանկայի տեխնիկան և Շլեխտերի վտանգի զգացողությունը: Պետրոսյանը միանգամայն ֆենոմենալ շախմատային ձիրք ուներ: …Ինձ համար Պետրոսյանը կատարելություն էր:
Միխայիլ Տալ
♦♦♦
Պետրոսյանն ունի յուրօրինակ շախմատային տաղանդ… Շախմատային աշխարհը երբեք չի մոռանա Պետրոսյանի և՛ հաղթանակները, և՛ նրա ինքնատիպ խաղերը:
Միխայիլ Բոտվիննիկ
♦♦♦
Պետրոսյանի՝ այդ փայլուն և ինքնատիպ շախմատիստի վիթխարի շախմատային ժառանգությունը մեզ հետ կլինի մինչև այն ժամանակները, քանի դեռ գոյություն կունենա մեր արվեստը:
Վասիլի Սմիսլով
♦♦♦
…Պետրոսյանը մեր ժամանակի ամենատաղանդավոր շախմատիստն է…
Բորիս Սպասկի
♦♦♦
Ինձ ապշեցնում է այն, որ հասնելով գերազանց դիրքի, Պետրոսյանը մշտապես գտնում է մանևրներ, որոնք ուժեղացնում են այդ դիրքը:
Պետրոսյանը կարողանում է տեսնել և վերացնել վտանգը՝ այն ծագելուց քսան քայլ առաջ:
Ռոբերտ Ֆիշեր
♦♦♦
Տիգրան Պետրոսյանը մեծ շախմատիստ էր: Նա մի դարաշրջան էր շախմատում…
Նոնա Գափրինդաշվիլի
Խորագիր՝ #24 (1295) 26.06.2019 - 2.07.2019, Մարզաշխարհ