ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋ
Բրիտանական The Daily Telegraph թերթը հրապարակել է մի փաստաթուղթ, որը լրատվամիջոցը ներկայացնում է որպես ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գաղտնի հրաման Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող անձանց դեմ պայքարելու համար հատուկ ջոկատներ ստեղծելու վերաբերյալ:
Փաստաթղթում մասնավորապես խոսվում է ահաբեկչության, նաև ՌԴ քաղաքացիների, պետական կառուցվածքի և կառավարության դեմ առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնելու և Ռուսաստան վերադարձնելու մասին: Հատուկ հրահանգի դեպքում ջոկատների գործակալներին թույլատրվում է ոչնչացնել նշանակետերը այլ պետությունների տարածքում:
Հրամանը թվագրված է 2003թ. մարտի 19-ով: Այն ստորագրել է այդ շրջանում ԱԴԾ-ի հակահետախուզության ծառայության պետ Միխաիլ Նեչաևը: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման միայն 2006թ. է ընդունել համապատասխան օրինագիծ, որով նախագահին թույլատրվում է երկրի տարածքից դուրս կիրառել զինված ուժերն ու հատուկ ծառայությունները միջազգային ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու համար:
Փաստորեն, լրատվամիջոցը ռուսներին մեղադրել է մինչև համապատասխան որոշումն ընդունելը օտար պետությունների տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Թերթը որևէ կերպ չի ապացուցում փաստաթղթի հավաստիությունը, փոխարենը այն կապում է Լոնդոնում 2006թ. ԱԴԾ-ի նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հետ: Բրիտանական կողմը Լիտվինենկոյի մահվան դեպքը որակում է որպես սպանություն և արդեն մի քանի տարի հետաքննություն է անցկացնում մեղավորներին գտնելու նպատակով:
«Գաղտնի» փաստաթղթի հրապարակումից մեկ օր առաջ անգլիական The Sunday Times թերթը հարցազրույց է տպագրել Մեծ Բրիտանիայի նախկին գլխավոր դատախազ Քեն Մաքդոնալդի հետ: Մաքդոնալդը առաջին անգամ բացեիբաց մեղադրել է Ռուսաստանին Լիտվինենկոյի մահվան մեջ:
ՌԴ ԱԴԾ նախկին ղեկավար (1996-1998թթ.) Նիկոլայ Կովալյովը անգլիական թերթի հրապարակումը որպես կեղծիք է որակել` նշելով, որ այդպիսի հրաման սկզբունքորեն չէր կարող հայտնվել: Այն հակասում էր օրենքին, իսկ ստորագրողը ենթակա էր քրեական պատասխանատվության:
Կովալյովի կարծիքով բրիտանական թերթում հրապարակման հետ կարող են կապ ունենալ արևմտյան պետությունների հատուկ ծառայությունները: