Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ



ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան մտահոգված է Իսրայելի շարունակական մեկուսացմամբ և երկրի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները տարածաշրջանի նախկին գործընկերների հետ:
Նրա կարծիքով աճող մեկուսացումը առավել ևս անցանկալի է, եթե հաշվի առնենք վերջին շրջանում արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները և կանխատեսվող դեմոկրատական բարեփոխումները:

Պանետտան ընդգծել է, որ ռազմական գերակայությունը չի կարող փոխհատուցել դիվանագիտական ոլորտի թուլությունը, այդ պատճառով էլ Իսրայելը պետք է վերականգնի բարեկամական հարաբերությունները Եգիպտոսի, Թուրքիայի և մյուս պետությունների հետ` հենվելով ԱՄՆ համակողմանի աջակցության վրա:
Այս հայտարարությունը Պենտագոնի ղեկավարն արել է Մերձավոր Արևելք ուղևորության ճանապարհին: Նա կհանդիպի Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների հետ, այնուհետև կմեկնի Եգիպտոս:

Հատկապես վերջին շրջանում Իսրայելի հարաբերությունները լարվել են գրեթե բոլոր հարևանների հետ: Ավանդաբար թշնամաբար տրամադրված պետություններից բացի, ինչպիսին Իրանն է, խնդիրներ են ծագել Թուրքիայի և Եգիպտոսի հետ:
Գազայի հատված ուղևորվող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Թուրքիայի հետ կապերը գործնականում սառեցվել են, իսկ Եգիպտոսի հետ վիճարկվում է Սինայի թերակղզու պատկանելիության հարցը:

ՄԱԿ-ում միակողմանի անկախություն է պահանջում Պաղեստինի ինքնավարությունը: Թեև Իսրայելը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել անկախություն տրամադրելու վերաբերյալ, Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում է նստել բանակցությունների սեղանի շուրջ, միակողմանի քայլեր է ձեռնարկում, մինչև Իսրայելը կդադարեցնի շինարարությունը Հորդանան գետի արևկտյան ափին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


04/10/2011