ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Գլաձորի համալսարան
Գլաձորի համալսարանը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմ` մարզի Վերնաշեն գյուղի մոտ): Որպես համալսարան՝ ձեռագրերում հիշատակվում է 1291թ.: Հիմնադրվել է Թանադե վանքում` Խաղբակյան Պռոշ իշխանի (1223-84թթ.) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ:
Գլաձորի համալսարանի հիմնարկումն սկսվել է Սուրբ Ստեփանոս տաճարի կառուցմամբ (1273-79թթ.), որը հիշատակվում է նաև Աղբերց վանք, Գլիձոր կամ Գայլիձոր անուններով: Գործել է մինչև 1340-ական թվականները: Նրա բազմամյա ղեկավարը (մինչև 1331թ.) եղել է Եսայի Նշեցին, ապա՝ ուսուցչապետ Տիրատուրը: Գլաձորի համալսարանն իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական կամ արվեստից գիտությունների համալսարանի: Այստեղ դասավանդել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, աստղաբաշխություն-տոմարագիտություն, երկրաչափություն:
Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Հայաստանի և Կիլիկիայի շատ վայրերից: Հայկական ուսումնամշակութային կենտրոնների համար Գլաձորի համալսարանը պատրաստել է 350 ուսուցիչ-վարդապետներ: Ուսումնառության տևողությունը եղել է 7-8 տարի (չհաշված «քահանայական կրթության» երեք տարին, որ պետք էր համալսարան ընդունվելու համար): Շրջանավարտներն ստանում էին «Վարդապետական հրաման» կամ «Վարդապետական գավազան», որը նրանց տալիս էր «Դասասաց» լինելու իրավունք: Աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր արարողությամբ, հայցող թեկնածուները հանդես էին գալիս ավարտաճառերով:
Գլաձորի համալսարանը քաղաքական-դավանաբանական պայքար է ծավալել ընդդեմ ունիթորության, որը նպատակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել Կաթոլիկ եկեղեցուն, պապական գերիշխանություն հաստատել Հայաստանում և Կիլիկիայում:
Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները, ինչպես նաև Սյունիքի եկեղեցական իշխանությունը:
Գնդեվանք
Գնդեվանքը գտնվում է Արփա գետի ձախ ափի ձորալանջին՝ Գնդեվազ գյուղից ներքև: X դ.-ում այն հիմնադրել է Սյունյաց Սոփիա իշխանուհին՝ որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936թթ.-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշեն եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներ: Սոփիա իշխանուհին վանքի շինարարության ավարտը նշել է մեծահանդես տոնախմբությամբ և եկեղեցու արևմտյան պատին թողել արձանագրություն. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ՝ դրեցի վրան»:
999թ. վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն: 1008թ. վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:
1604թ. պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691թ. վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:
Գնդեվանքի բակում կան X-XVIդդ. խաչքարեր և օրորոցաձև տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է, նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:
Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը:
Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին (Սուրբ Սարգիս) եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Բազիլիկ եկեղեցի է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան և մի փոքրիկ զանգակատուն, եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ:
Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի երկու փայտաշեն դռներ` եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում: Եկեղեցին ներսից զարդարված է հինգ մեծ ու փոքր սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Հիսուսի մկրտության, խաչելության դրվագները, Հիսուսը մանուկներին օրհնելիս և Սուրբ Աստվածածնի պատկերները: Խորանի հետևի պատը ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով. հրեշտակներ, խաչեր, զարդանախշեր և այլն: Եկեղեցու բակում` արևմտյան դռան աջ և ձախ կողմերում, տեղադրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը նվիրված են հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, իսկ մյուսը՝ Սուրբ Վարդանանց նահատակներին: Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերի մեջ տեղադրված են խաչքարեր:
Եկեղեցու կառուցման մասին հստակ տեղեկություններ չեն պահպանվել, միայն եկեղեցու արևմտյան դռան վրայի արձանագրությունից կարող ենք ասել, որ վերակառուցվել է 1878թ., իսկ թե երբ է կառուցվել, հայտնի չէ. «Ես այս Սուրբ Սարգիս եկեղեցիս վերակառուցեցի…Գրիգոր Մելիք, 1878»: Այս արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ եկեղեցու անունը Սուրբ Սարգիս է եղել, որը ժամանակի ընթացքում վերանվանվել է Սուրբ Աստվածածին:
Եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն ունեցող խոնարհված մեկ ուրիշ եկեղեցու տեղում: Ավանդության համաձայն` Վարդանանց պատերազմից հետո հայոց զորքի մի մասը Արփայի հովտով նահանջում է դեպի Վայոց ձոր, այնտեղից Արցախ անցնելու համար: Պարսկական զորքն սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Սրկղոնք (հետագայում՝ Խոտորալեզ, ներկայիս՝ Եղեգնաձոր) բնակավայր և ամրանում մեծ ու կոփածո քարերով կառուցված բերդում: Մեծաթիվ պարսկական զորքը շրջապատում է բերդը: Սկսվում է նոր մի ճակատամարտ, փաստորեն, Ավարայրի շարունակությունը: Չկարողանալով հաղթել, հայերը ճեղքում են պարսիկների շրջապատումը և շարժվում դեպի Վայոց ձորի լեռները՝ Եղեգյաց ձոր-Անգեղաձոր-Արտաբույնք-Ցախաց քար ուղղությամբ:
461թ. կաթողիկոս է ընտրվում Գյուտ Արահեզացին, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր, դասընկերը Հովսեփ Վայոցձորեցու: Գյուտ կաթողիկոսը պատվիրում է, որ ամենուրեք պատվով պահվի Վարդանանց նահատակների հիշատակը՝ սերունդներին Վարդանանց ոգով դաստիարակելու համար: Վարդանանց նահատակները հայտարարվում են Հայ Եկեղեցու սրբեր: Ահա Գյուտ կաթողիկոսի այս նախաձեռնության շնորհիվ է, որ Վայոց ձորում տեղի ունեցած ճակատամարտի վայրում, բերդին կից, կառուցվում է Վարդանանց գեղակերտ եկեղեցին՝ սրբատաշ ու երկգմբեթ, երկու կողմերից գավիթներ ու սրահներ, սյունազարդ վերնատնով հրաշակերտ մի կառույց: Միայն այն վկայությունը, որ եկեղեցին օծում են Գյուտ կաթողիկոսն ու Սյունյաց Անանիա եպիսկոպոսը և ութ օր «բազմամբոխ ժողովրդով» տոնախմբություններ են կատարում, կազմակերպում նահատակների ոսկորների հուղարկավորությունը եկեղեցու և բերդի տարածքում, վկայում է կատարվող իրադարձության համազգային նշանակությունը: Ցավոք, հայտնի չէ, թե երբ է խոնարհվել այս եկեղեցին, որի տեղում էլ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Սուրբ Աստվածածին եկեղեցին Վայոց ձորի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է:
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա
Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Հոգևոր-մշակութային