Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ



ՏՂԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԸ-Ես Հարութ Մաքսիմի Ավետիսյանն եմ՝ Քյավառի Սարուխան գյուղից, եկել եմ Ձեզ ներկայացնելու իմ ամեհի տոհմածառը,- ասում է տղամարդը՝ ձեռքի տռուզ թղթապանակը դնելով սեղանին: Ու մինչ ես ուսումնասիրում եմ փոքր ու մեծ թղթերի առատությունը մի կերպ ամփոփած թղթապանակը, տղամարդը, որ կլիներ 50-55 տարեկան, ոտքի է կանգնում, հանդիսավոր բացում է թղթապանակը, վերցնում Ա-3 ձեւաչափի թուղթն ու հաղթական փռում սեղանին: Վրան ծառ է նկարված, ավելի ճիշտ՝ տոհմածառ: «Ամեհի»: Ու սկսում է պատմել:

-1928-ին պապիս պապը՝ Սարգիս Գալուստը, Բայազետի Սուրբ Օհան գյուղից գալիս եւ մի խումբ համերկրացիների հետ հիմնում է Քյավառի Սարուխան գյուղը: Նա կարպետի ֆաբրիկայի սեփականատեր էր Բայազետում: Սարգիս Գալուստը ունենում է երեք որդի՝ Խաչատուրը, Գրիգորը, Մանուկը…

Ասածը խնամքով ցույց է տալիս տոհմածառի վրա ու շարունակում.

– Ես Գրիգորի ճյուղից եմ, մեզ կոչում են Գոքոյի ճյուղ:

Ես լսում եմ համակ ուշադրությամբ, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն ինձ՝ զինվորական լրագրողիս հետ ֆաբրիկատոր Սարգիս Գալուստն ու Գոքոյի ճյուղը: Ուստի՝ գերագույն նրբանկատությամբ ու սիրալիր հարցնում եմ.

-Սարգիս Գալուստը կամ Գոքոյի ճյուղերը ինչ-որ կապ ունե՞ն բանակի հետ:

Տղամարդը նայում է դեմքի այնպիսի արտահայտությամբ, որը ներկայացնելու համար առնվազն Ա-4 ձեւաչափի երկու թուղթ է պետք: Հետո ընդգծված արժանապատվությամբ ասում է.

-Ես մասնակցել եմ Արցախյան պատերազմին, հորեղբորս որդիները՝ նույնպես, հորեղբայրներիցս Գերասիմը Հայրենական պատերազմի հերոս էր. նրա անհավանական խիզախության մասին թերթերը գրում էին դեռեւս իր կենդանության ժամանակ, մյուս հորեղբայրս՝ Հայկարամը, քաջի մահով ընկավ Երկրորդ աշխարհամարտում: Փողոցը, որտեղ ապրում եմ, պապիս՝ Ավետիս Գոքոյանի անունն է կրում: Նա Սարուխանի հենասյուներից մեկն էր: Ճրագով ման գաս, մեր գերդաստանում մի անպատիվ տղամարդ չես գտնի: Մեր գերդաստանի տղամարդիկ գիտեն, թե ինչ է ազգանվան պատիվը ու պատասխանատու են մեր ապուպապի՝ Սարգիս Գալուստի շառավիղներից յուրաքանչյուրի պատվի համար: Մենք գիտենք կիսել յուրայինի փառքն ու պատասխանատվություն կրել նրա սխալի համար: Մեր գերդաստանի մարդիկ ամուր բիլակ ունեն, բարձր հասակ, ուսումնասեր են ու աշխատող: Մենք ջրբաշխ ենք, սիրում ենք այդ գործը, փոխանցում ենք սերնդեսերունդ: Սարգիս Գալուստի ժառանգները պատիվը վեր են դասում կյանքից:

…Հանկարծ ես ընկճվում եմ: Զգում եմ, թե ոնց եմ փոքրանում այս հսկա տոհմածառին նայելիս, որը տիրականորեն փռվել է իմ առջեւ, եւ որի յուրաքանչյուր անդամի մասին տեղեկություններ կան Սարուխան գյուղից եկած ազատամարտիկ Գոքոյենց Հարութի թղթապանակում: Փորձում եմ հիշել իմ գերդաստանի տղամարդկանց, բայց հազիվ եմ մտաբերում պապիս հոր անունը: Ես, իրոք, չեմ կարող թաքցնել ակնածանքս ու քիչ է մնում ոտքի կանգնեմ Սարգիս Գալուստի տոհմածառի առաջ:

-Եկել եմ հորեղբորս՝ Գերասիմի մասին պատմելու,- ասում է տղամարդը,- նա մեր գերդաստանի ամենամեծ հպարտությունն է:

 

ԼԵԳԵՆԴԸ

Նրան Գլդան Գերասիմ էին ասում: Հավանաբար 30-ականներին սարուխանցիները գիտեին գլդան բառի ճշգրիտ իմաստը, բայց այսօր ամեն մեկը թարգմանում է յուրովի, մեկն ասում է հսկա, մյուսը՝ թիկնեղ, երրորդի կարծիքով՝ գլդան նշանակում է բիլակով: Գլդան Գերասիմը գյուղի ամենաուժեղ տղամարդն էր: Գյուլաշի մրցույթում նրա հետ միայն եղբայրը՝ Հայկարամը կարող էր չափվել, որը իր պես բարձրահասակ էր ու ջլապինդ: Ասում են՝ մի անգամ եզներից մեկը խրվել է ցեխի մեջ ու մնացել: Հայկարամը հիվանդ եզանը հանել է ցեխից ու մյուս՝ առողջ եզան հետ քաշել բեռնված սայլը: Առհասարակ, Զարուհի մայրիկի բոլոր յոթ որդիներն էլ «ջանավար» տղերք էին, բայց Գերասիմն ու Հայկարամը ուրի՜շ էին…

Երկուսն էլ պատերազմ գնացին կամավոր: Երկուսի անհետ կորչելու լուրը միասին եկավ գյուղ: Փոստատարը արցունքն աչքերին ասաց. «Ես էս լուրը Զարուհի մայրիկին հաղորդողը չեմ: Խեղճ կինն ինչ դժվարությամբ է առանց ամուսնու մեծացրել ութ երեխաներին: Երբ Ավետիս հորեղբայրը մահացավ, նրա կրտսեր որդին՝ Մաքսիմը, երկու տարեկան էր: Տանը լիքը մատղաշ էրեխեք… Ի՜նչ տանջանքով էր խեղճ Զարուհի մայրիկը հացի փող աշխատում… մի սուրու ոչխար էր կթում մենակ…»:

Հետո մարդիկ խելք խելքի տվեցին ու որոշեցին, որ միայն Գերասիմի լուրը հայտնեն Զարուհի մայրիկին: Իսկ Հայկարա՜մը… Թող իմանա ողջ է: Պատերազմից հետո, շատ հետո, երբ Գերասիմին կորցնելու ցավը մի քիչ կբթանա, գուցե ինչ-որ մեկը սիրտ կանի մորը հայտնել նաև մյուս որդու զոհվելու մասին:

Գերասիմի մահը ողբացին ամբողջ գերդաստանով, ամբողջ գյուղով… Մի օր էլ Գերասիմը դուռը բացեց ու մտավ ներս: Կռիվը դեռ չէր ավարտվել: Զարուհի մայրիկի սիրտն ուրախությունից ո՞նց չճաքեց: Սկզբից Գերասիմը եկավ, հետո՝ իր լեգենդը: Եկավ «Բոգդան Խմելնիցկու» շքանշանը կրծքին, գլուխը բարձր, զորավարի պես, ինքն իրենով հպարտ: Փառավո՜ր եկավ պարտիզանական ջոկատի հրամանատարը…

-Ճակատամարտի ժամանակ, երբ զոհվածներին հավաքել են, որ թաղեն, մեկը կենդանության նշաններ է ցույց տվել: Գերասիմը: Բախտ է ունեցել, որ գերմանացին չի սպանել, առաջին բժշկական օգնությունն է ցույց տվել ու տարել է համակենտրոնացման ճամբար:

Չէ, այս պատմությունը Գերասիմը չի պատմել, Գերասիմը իր սխրանքները պատմելու աստիճան չէր ցածրանա: Այս պատմությունը գյուղի բերանն է գցել նրա ընկերը, որի հետ միասին փախել են համակենտրոնացման ճամբարից: Ուրեմն՝ Գերասիմը ցերեկները գերմանացիների համար փորել է, հետո բահը թաքցրել է ծոցում, իսկ գիշերները ընկերոջ հետ փախուստի ընդհատակյա ճանապարհ է բացել: Փորել-փորել են, մինչև հասել են մի ահռելի քարի: Հողի մեջ խրված քարը հո չէ՞ին ծակելու: Ու էդ անելանելի պահին Գերասիմը հիշել է Պառվի վանքը: Ասել է՝ Պառվի վանքը կօգնի: Չոքել, աղոթել է սրտի խորքից ու …. հավաքվածների աչքի առաջ ահռելի քարը «կամավոր» գլորվել է՝ բացելով փախուստի ճանապարհը: Հետո երկու հայ գերիները մտել են գերմանացիների շտաբ, սպանել հերթապահներին, խլել զենքերն ու երկու գերմանացի սպայի գերի վերցնելով՝ փախել:

…Էս սխրանքից հետո Գերասիմին նշանակում են 70 հոգանոց պարտիզանական ջոկատի հրամանատար:

-Եթե պատմեմ, թե ինչ քաջագործություններ է անում Գերասիմն իր ջոկատով, ինչ վտանգավոր հանձնարարություններ է կատարում, թշնամու քանի հույժ կարեւոր զինանոց, գնացք ու այլ շինություններ է պայթեցնում, մի հոդվածը չի հերիքի,- ասում է Գոքոյենց Հարութը:

Գերասիմ Գոքոյանին ու դիվիզիայի հրամանատարին ԽՍՀՄ հերոսի կոչում են տալիս: «Դիվիզիայի հրամանատարին՝ ինչո՞ւ,- զարմանում է Գերասիմը,- հերոսի կոչում պիտի ստանա իմ ջոկատի զինվորը, որը բազում քաջագործություններն է արել…»:

Գերասիմին չեն լսում, նրա զինվորին հերոսի կոչում չեն տալիս, ու Գերասիմը վերադարձնում է իր հերոսի կոչումը եւ նամակ է գրում Ստալինին՝ պատմելով անարդարության մասին: Հերոսի կոչումը վերադարձնում է, հերոսությունները շարունակում:

Հերթական վտանգավոր գործողության ժամանակ Գերասիմը ծանր վիրավորվում է: Հոսպիտալում երկար ժամանակ բուժվելուց հետո խորհրդային բարձրաստիճան զինվորականները Գերասիմին տուն են ճանապարհում՝ «Բոգդան Խմելնիցկու» շքանշանը փակցնելով նրա կրծքին…

-Էդպիսի հերոսը ի՞նչ գործ էր անում գյուղում, ո՞նց էր հարմարվում խաղաղությանը -հարցնում եմ Հարութին (մի նկարիչ լիներ՝ նկարեր նրա դեմքն ու նկարի անունը դներ՝ հպարտություն):

-Ի՞նչ պիտի աներ,- զարմանում է,- ջրբաշխ էր: Ջուր էր բաժանում գյուղացիներին: Մեկը սիրտ կաներ նրա հա-ին չէ ասե՞ր: Քայլող հեղինակություն էր:

Հարութը մատը սահեցնում է իր տոհմածառի վրայով:

-Իմ գերդաստանում լիքը դյուցազուններ կան: Տոհմածառ չի, տղամարդկային արժանապատվության քարտեզ է: Զարուհի տատիս եղբայրը հայտնի հեղափոխական Սուրեն Մակարյանն է, մեր գյուղի դպրոցը արդեն մեկ դար նրա անունն է կրում, իսկ Գոքոյենց Մելքոնը…

Հարութը պատմում է ոգեւորված, ես նախանձով նայում եմ ահռելի ընկուզենի հիշեցնող տոհմածառի անհաշիվ ճյուղերին:

-Ես, իմ զարմիկները գրեթե ոչինչ չգիտենք մեր տոհմածառի մասին: Նույնիսկ չգիտենք՝ պապիս հայրը քանի եղբայր է ունեցել,- ասում եմ ափսոսանքով:

-Բա դուք ինչո՞վ եք դաստիարակում ձեր գերդաստանի երեխաներին,- զարմացած հարցնում է Գոքոյենց Հարութը՝ տղամարդկային արժանապատվության քարտեզը զգուշորեն ծալելով:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Բանակ և հասարակություն


04/07/2019