ԵՐԿՆՔԻ ԱՆՎԵՀԵՐ ԲԱԶԵՆ
Մարդ մնալու համար ազնվությունն է կարևոր,
Օդաչու դառնալու համար՝ թռիչքը ճախրանքի վերածելը,
Իսկ հայ լինելու համար պատասխանատվություն ունենալը՝
Հայրենիքը վեր է ու վեհ ծնողքիս նման,
Այն Հայի միակ հանգրվանն է…
Ահա Մի-8 ուղղաթիռի հրամանատար օդաչու, օդաչու ազատամարտիկ Հրայր Կիրակոսյանի կյանքի նշանաբանը, ապրելու բանաձեւը, որին հավատարիմ մնաց մինչև իր կարճատեւ կյանքի վերջին ակնթարթը։
Մեկ անգամ տրվող կյանքը թանկ գին ունի: Ընտրյալների համար այն ավելին՝ հայրենիք արժե: Հայրենյաց պաշտպանների՝ հերոսների մասին թերևս կարելի է երկար խոսել, կարելի է նաև լռել… սակայն ինչ էլ որ անենք, միևնույն է, նրանց արարքը վեր ու վեհ է մեր ցանկացած քայլից։ Հիշողությունն այն միակ արդարացումն է, որ կամրջվել է նրանց ու մեր միջև, որ հնարավորություն է տալիս նրանց տեսակով չափելու աշխարհն ու մեզ։ Պատմական ու քաղաքական վայրիվերումների հորձանուտում այս անհատները քաջ գիտակցելով իրենց արարքի կարևորությունը` միշտ զերծ են մնացել ամենից։
Իսկ աշխարհը ժամանակի մեջ ու ժամանակի հետ փոփոխվել ու փոփոխվում է՝ հաստատուն թողնելով նրանց մեծ լինելը, նրանց յուրօրինակ տարբերությունը մյուսներից։ Որքան դաժան է ժամանակը, նույնքան էլ ազնիվ է, որովհետև ժամանակի ու տարիների հեռավորությունը բարձրացնում է նրանց ու սրբագրում անուններ, որ սերունդների շուրթերից հավերժ հնչելու են։
…Ինչպիսի կամք ու արիություն պետք է ունենալ՝ դիմակայելու մայրական աղերսանքին ու մանկան թոթովանքին, ետևում թողնելով ապահով, հանգիստ աշխատանքը ռուսական ավիացիայում, վերջապես, ինչը կարող էր է՛լ ավելի կարևոր լինել։ Հրայրի ու իր նմանների պարագայում իհարկե միայն հայրենյաց կանչը։ Արցախ աշխարհի կանչով շատերի նման նա էլ վերադարձավ հայրենի եզերք:
Իսկ Արցախը հող չէր սոսկ, այլ պատմական հայրենիք, ու ինչ սիրտ պիտի ունենար այն հայը, որ չմիանար իր նախնիների՝ հայրենի բնօրրանն օտարի լծից ազատել ցանկացող մի ողջ ժողովրդի արդար պայքարին:
♦♦♦
Օդաչուի կյանքում ամեն թռիչք որոշիչ է, իսկ երբ երկինքը ռազմադաշտ է, ամեն թռիչք արդեն իսկ բախտորոշ է, ճակատագրական:
Քաղաքացիական ուղղաթիռով ռազմական գործողություններին մասնակցող օդաչուն միայն կարող է պատկերացնել պատասխանատվության չափը, հնարավորությունների սղությունը։ Սա առանձնակի հմտություն է պահանջում ու անհնարինը հնարավոր դարձնելու մեծագույն կարողություն:
Օդաչու դառնալու մանկական երազանքն այլևս կյանքի էր կոչված, և Ռուսաստանի Դաշնության Սալիխարդ քաղաքում իր հմտությամբ բազմիցս աչքի ընկած օդաչուն հոժարակամ հայտնվեց Արցախյան պատերազմի կիզակետում։ 1990-92 թվականները ծանր փորձության տարիներ էին, սակայն անհնարինը, անկարելին հնարավոր դարձնելու իր մեծագույն վարպետությամբ Հրայրը դիմակայեց դրանց:
«Սկսած 1990 թվականից մինչև 1992 թվականը` ՄԻ-8 ուղղաթիռի օդաչու-հրամանատար Հրայր Մեսրոպի Կիրակոսյանն ակտիվորեն մասնակցել է և՛ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանությանը։ Աչքի է ընկել այդ շրջանների կամավորական ազատամարտիկ-ջոկատներին վառելանյութ, զենք-զինամթերք, սննդամթերք, դեղորայք և բազում այլ կարգի օգնություն իրականացնելիս, մյուս կողմից էլ` ցույց է տվել խիստ արդյունավետ աջակցություն վիրավորներին ու զոհված ազատամարտիկներին տեղափոխելիս։
Հրամանատարության տված յուրաքանչյուր հանձնարարություն կատարել է անձնազոհ պատրաստակամությամբ՝ մշտապես դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ և օրինակելի խիզախություն:
1990թ.-ից մինչեւ 1992թ. ընկած ժամանակահատվածում ընդհանուր թռիչքաժամը քաղաքացիական ուղղաթիռներով միայն Լեռնային Ղարաբաղ, Շահումյանի եւ Գետաշենի շրջաններ կազմել է 850 ժամ…»:
Սրանք լոկ չոր փաստեր ու թվեր են՝ վերցված օդաչու ազատամարտիկի մարտական ուղուց:
Ստեփանակերտ, Շուշի, Շահումյան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Հոռաթաղ, Մոխրաթաղ, Քարվաճառ, Գորիս, Մեղրի, Ղափան, Վարդենիս… Վերը թվարկված թռիչքները օդաչուական հատուկ գրքույկում իր իսկ ձեռքով գրանցվածներից մի քանիսն են ընդամենը։ Օդաչուական գրքույկում չի նշվում, որ այդ բոլոր թռիչքներն իրագործվել են թշնամու չմարող կրակատարափի տակ, կյանքի եւ մահվան սահմանագծին…
…1992թ.-ի սեպտեմբերի 29-ի թռիչքն անհամեմատ վտանգավոր էր: Շահումյանը պաշտպանող ազատամարտիկներին շտապ զենք ու զինամթերք հասցնելու անհրաժեշտությունից բացի, այդ թռիչքը ռազմավարական լուրջ նշանակություն ուներ:
Թռիչքից առաջ Հրայրն ասես կանխազգացել էր, որ պահը ճակատագրական է, մեքենայի բանալին հանձնել էր օդաչու ընկերներից մեկին. «Թշնամու կրակահերթերը չեն դադարում, մենք հազիվ թե վերադառնանք, մեքենայիս բանալին կտաս ծնողներիս»:
Անհնարինը հնարավոր դարձնելու կարողությունը նրա ռազմական թռիչքների իմաստն էր դարձել։ Սակայն այդ թռիչքները ճախրանքի վերածելու նրա մեծ կարողությունն ավաղ ընդհատվեց։
Այդ օրը օդաչու-հրամանատար Հրայր Կիրակոսյանի հետ Արցախի երկնքում անմահացան անձնակազմի անդամներ` Էդիկ Խաչիկյանը, Գառնիկ Դանիելյանը, Ստեփանակերտի օդակայանի պետ Մաքսիմ Բաղամյանը, ազատամարտիկներ` Ժորա Սարգսյանը, Մայիս Առուստամյանը, Ֆուրման Գյորգյանը և Ռուսլան Հովհաննիսյանը:
Կարևորագույն թռիչքը կայացավ, ռազմական առաջադրանքը գերազանց կատարվեց, սակայն… Եռաբլուր պանթեոնը դարձավ նրա և իր զինակից ընկերների վերջին հանգրվանը։ Այդպես էր ցանկացել ու մի առիթով ասել ծնողներին, թե մի բան պատահի իրեն, չբաժանեն մարտական ընկերներից։ Հերոսներն այսպիսին են, նրանք միշտ համոզված են` ինչ են անում և ինչու են անում։ Հենց սրանում է նրանց մարդ առեղծված լինելու գաղտնիքը։ Կարևորագույն թռիչքը կայացավ, ռազմական առաջադրանքը գերազանց կատարվեց, սակայն…
…Անմահությունը խոսել գիտի, երբ հայրենիքը վեր է ու վեհ ծնողքի նման…
ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Խորագիր՝ #25 (1296) 3.07.2019 - 9.07.2019, Ճակատագրեր